Իսրայելի հույսը
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն․ Բառեր չեմ գտնում սեմինարիայի այդ երգչախմբին մեր երախտագիտությունը հայտնելու համար։ Դուք այնքան լավ կատարեցիք դա։ Շնորհակալություն: Շատ շնորհակալություն: Երբ նայում եմ այս Համաժողովի կենտրոնին, որը լեցուն է գեղեցիկ Վերջին Օրերի Սրբերով, ես զգում եմ, որ վերջապես ունեցա այն մեծ ընտանիքը, որի մասին երազում էի։ Այս երեկո ներկա են 22,000 երիտասարդներ և դեռ շատ հազարավոր մարդիկ մեզ են միացել հեռարձակման միջոցով։
Քույր Նելսոնը և ես իսկապես շատ ուրախ ենք այս երեկո լինելու ձեզ հետ։ Մեզ դուր է գալիս գտնվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդների, ուսուցիչների ու ծնողների միջավայրում։
Կցանկանայինք լսել բոլորիդ կարծիքներն այն մասին, թե ինչպես եք պատրաստվել մեր համաշխարհային հավաքին, ինչպես եք ամեն օր կարդացել Մորմոնի Գիրքը և աղոթել, որպեսզի կարողանաք լսել, թե ի՞նչ է Տերը ցանկանում ուսուցանել ձեզ:
Կրկին անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սեմինարիայի երգչախմբին, ով այդպիսի զգացմունքային կատարեց մեր բացիչ օրհներգը։ «Փառք Քեզ Տեր Մարգարեի համար» օրհներգի խոսքերը մեր սրտերը դարձրեցին դեպի Մարգարե Ջոզեֆ Սմիթը։ Որքա՜ն պարտական ենք մենք նրան։ Նա իրոք այս վերջին տնտեսության մարգարեն է։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Նա ձեր տարիքակիցն էր, երբ ոգեշնչվեց Հակոբոս առաքյալի խոսքերից․ «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»։1
Այդ խոսքերը ստիպեցին երիտասարդ Ջոզեֆին գնալ մոտակա ծառերի պուրակ, որտեղ նա իր սիրտը դուրս թափեց Աստծուն:
Երկինքները բացվեցին: Ջոզեֆը տեսավ Հորը և Որդուն և իմացավ, թե որտեղ փնտրի իր հարցերի պատասխանները։
Այժմ, ես խնդրում եմ, որ բոլորդ վարվեք դեռահաս Ջոզեֆի նման։ Աղոթքի միջոցով ձեր հարցերն ուղղեք անմիջապես Երկնային Հորը։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրեք, որ Նա առաջնորդի ձեզ։ Դուք ինքներդ կարող եք իմանալ, հենց այս ձեր տարիքում, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն։ Եվ դրանից բացի, ուրիշ ոչինչ չի կարող այդքան փոխել ձեր կյանքը։
Ես խոստանում եմ ձեզ, ոչ թե ձեր կողքին նստածին, այլ՝ ձեզ, որ աշխարհի որ մասում էլ գտնվեք, ձեր դարձի որ փուլում էլ գտնվեք, նույնիսկ, եթե այս պահին կենտրոնացած չեք ուղու վրա, ես խոստանում եմ, որ եթե դուք անկեղծորեն և հաստատակամորեն կատարեք այն հոգևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է Սուրբ Հոգու հուշումները լսելու այդ վճռական և հոգևոր հմտությունը ձեռք բերելու համար, դուք կունենաք ողջ ուղղորդումը, որն անհրաժեշտ կլինի ձեր կյանքում։ Դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները Տիրոջ ուրույն ձևով և Նրա ուրույն ժամանակին։ Եվ չմոռանաք ձեր ծնողների ու Եկեղեցու ղեկավարների խորհուրդները։ Նրանք նույնպես հայտնություն են ստանում ձեզ համար։
Երբ դուք իմանում եք, որ ձեր կյանքը ղեկավարվում է Աստծո կողմից, անկախ մարտահրավերներից և հիասթափություններից, որոնք կարող են գալ և կգան, դուք կզգաք ուրախություն և խաղաղություն:
Այժմ, մենք կցանկանայինք ձեզ հետ խոսել Երկրի վրայի մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի, և մեծագույն աշխատանքի մասին։ Եվ ցանկանում ենք հրավիրել, որ դուք կազմեք դրա մասը։
Ես խնդրել եմ Քույր Վենդի Նելսոնին որոշ ենթատեքստ տրամադրել այդ կարևոր ուղերձի համար։ Խնդրեմ, քույր Նելսոն։
Քույր Վենդի Վ․ Նելսոն ․ Սիրելի եղբայրներ և քույրեր, ում մենք սիրում և հավատում ենք, կցանկանայի պատմել ձեզ, թե ամուսինս և ես ինչ ենք տեսել մի օր, երբ ամենագնաց մեքենայով շրջում էինք Յուտայի բլուրներով։
Աշնանային գեղեցիկ օր էր։ Մեզ դուր էր գալիս ծառերի միջավայրը, որոնք ոսկեգույն և հոյակապ էին, բարձրահասակ և ուղիղ էին, և որոնք հասնում էին երկինք։
Ապա, մենք շրջադարձ կատարեցինք և ես տեսա մի ծառ, որը հիշեցրեց իմ մասին և թե ինչպես եմ ես հաճախ ինձ զգում։
Ձեզ ծանո՞թ է այդ զգացումը։ Նայում եք ձեր շուրջը և տեսնում, որ բոլորը բարձրահասակ և ուղիղ են ու այսպես ասած, հասնում են երկինք։
Նրանք ամեն ինչ ունեն։ Նրանք հագնում են գեղեցիկ հագուստներ, թվում է, խոսքերը միշտ տեղին են օգտագործում, խնդիրներ չունեն, կատարյալ հնազանդ են, և կարծես, երբեք չեն սխալվել իրենց կյանքում:
Դե, իսկ հետո դուք եք և ես եմ։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ժամանակն է դադարել համեմատվել ուրիշների հետ։ Ժամանակն է մի կողմ դնել մեր և ուրիշների այդ սխալ տեսակետները։ Ճշմարտությունն այն է, որ մենք այդքան էլ անհավատալիորեն թերի չենք, ինչպես կարծում ենք, և մյուսներն այդքան էլ կատարյալ չեն, ինչպես կարող է թվալ, բացառությամբ, իհարկե, մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսից:
Միակ բանը, որն իսկապես կարևոր է, այն է, որ դուք և ես ճշգրտորեն կատարենք մեր պարտավորությունը, նույնիսկ, մեր Երկնային Հոր հետ նախաերկրային կյանքում ուխտած պարտավորությունը, որ կկատարենք այստեղ՝ Երկրի վրա։
Այսպիսով, թույլ տվեք հարցնել․ Ինչի՞ համար եք դուք ծնվել։
Շատ կցանկանայի, որ դուք կարողանայիք 10 րոպեանոց տեսանյութ դիտել YouTube-ում ձեր նախաերկրային կյանքի մասին։
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ եթե դուք կարողանայիք հինգ րոպե նայել երկնքին, ապա ավելի շատ կիմանայիք թեմայի մասին, քան եթե ուսումնասիրեիք այն ձեր ողջ կյանքի ընթացքում:2 Պարզապես պատկերացրեք, եթե կարողանայիք 10 րոպե նայել ձեր նախաերկրային կյանքին:
Իհարկե, մենք գիտակցում ենք, որ Տերը իմաստուն կերպով վարագույրով ծածկել է այդ հիշողությունները: Սակայն, մի պահ պատկերացրեք ներկայիս ձեր կյանքը, եթե թույլ տային 10 րոպե դիտել ձեր նախաերկրային կյանքը։
Ես համոզված եմ, որ եթե դուք տեսնեիք, որ ապրում եք ձեր Երկնային ծնողների և Հիսուս Քրիստոսի հետ, եթե կարողանայիք տեսնել նախաերկրային կյանքի ձեր գործերը և ձեր ստանձնած պարտավորությունները, նույնիսկ ուրիշների հետ կապած ձեր պարտավորությունները, այդ թվում՝ ձեր մենթորների և ուսուցիչների հետ, եթե տեսնեիք ձեզ խիզախաբար արձագանքելիս ճշմարտության դեմ հարձակումներին և արիաբար պաշտպանելիս Հիսուս Քրիստոսին, ես հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կունենար ավելի մեծ ուժ, ավելի մեծ պարտավորություն և հավերժական հեռանկար, որը կօգներ ձեզ հաղթահարելու ձեր ցանկացած և բոլոր շփոթությունները, կասկածները, մաքառումները և խնդիրները։ Բոլորը։
Ես հավատում եմ, որ եթե դուք հիշեիք, թե ում պետք է օգնեիք այստեղ երկրի վրա, կամ ինչ վհատեցնող փորձությունների միջով էիք պատրաստ անցնելու, որ որքան էլ ծանր իրավիճակում գտնվեք ներկայումս կամ ապագայում, դուք կասեիք․ «Օ՜հ, այժմ ես հիշում եմ։ Այժմ, ես հասկանում եմ։ Այս դժվարին իրավիճակը հասկանալի է ինձ։ Տիրոջ օգնությամբ ես կարող եմ դա անել»։
Այժմ, ձեզ հրավիրում եմ մտածել մեկ այլ հարցի շուրջ։ Ուզում եմ պատկերացնենք, որ մեզանից յուրաքանչյուրը երկիր է եկել, «Ի՞նչ պետք է անել Երկրի վրա» վերնագրով մեր հոգիներին կցված ցուցակով։
Եկեք խոսենք, թե ինչ կարող է լինել այդ ցուցակում։ Եկենք խոսենք այն հինգ սկզբունքների մասին, որոնք ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի անկասկած պետք է գրված լինեն ցուցակում։
Առաջինը, դուք եկել եք ստանալու մահկանացու մարմին։ Իսկ դա իմ ընկերներ, շատ մեծ բան է։
Երկրորդը, դուք եկել եք փորձվելու։
Ի դեպ, դուք նկատել եք, որ սովորաբար փորձվելիս մենք սովորում ենք վերահսկել մեր մարմինների ախորժակը և կրքերը, որոնք երբեմն կարող են դուրս գալ վերահսկողությունից: Եթե ներկայումս մաքառում եք ցանկացած կախվածության կամ չապաշխարած մեծ մեղքի մնացորդային ազդեցությունների հետ, ես կոչ եմ անում ձեզ բեռնաթափվել և այսօր զրուցել ձեր եպիսկոպոսի հետ։ Նա կրում է քահանայության բանալիները, որոնք կարող են օգնել ձեզ։
Երրորդ գործողությունը, որ պետք է անեք Երկրի վրա գտնվելիս՝ Հիսուս Քրիստոսին հետևելն ու Նրան պաշտպանելն է, ինչպես դուք արեցիք նախաերկրային կյանքում։
Չորրորդը, ամեն օր ապաշխարեք և ամեն շաբաթ ճաշակեք հաղորդությունը։ Երբ դուք այդպես վարվեք, դուք հոգևորապես կբժշկվեք, կամրապնդվեք և կմեծարվեք, և ի վերջո, կսրբագործվեք և կբարձրացվեք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Այժմ, ձեր ցուցակի հինգերորդ կետը․ գտեք և իրագործեք ձեր առաքելությունը։ Իմ սիրելի ընկերներ, նախաերկրային կյանքում ձեզ և ինձ տրվել է հրաշալի առաքելություններ, որոնք մենք պետք է կատարեինք այս երկրի վրա։
Մենք հնարավորություն ունենք իրագործելու մեր մահկանացու առաքելությունը, բայց մենք պարտավոր չենք դա անել։ Ոչ-ոք չի ստիպի մեզ։ Մենք ազատ ենք ընտրելու, թե ինչպես ծախսենք մեր ժամանակը, եռանդը, մեր տաղանդներն ու միջոցները։ Ի դեպ, այն ինչ մենք ընտրում ենք, իրականում, մեր փորձվելու մասն է կազմում։
Ընտրությունը ձերն է ու իմն է։ Կնախընտրե՞նք անել այն ամենը, ինչ պահանջվում է այդ հրաշալի առաքելություններն իրագործելու համար, որի համար ուղարկվել ենք երկիր։
Մինչ մտածում եք այդ հարցի շուրջ, եկեք փոխենք թեման և խոսենք, թե ինչո՞ւ եք դուք գտնվում երկրի վրա այս հատուկ ժամանակ, որը երկրի պատմության մեջ եզակի ժամանակ է։
Ինչո՞ւ եք դուք այս պահին այստեղ՝ երկրի վրա:
Ինչո՞ւ չեք ծնվել 1880 ականներին, կամ 30 տարի առաջ։
Թույլ տվեք պատմել ձեզ մի փորձառության մասին, որը ինձ սովորեցրեց այն պատմական օրերի մասին, որտեղ մենք ապրում ենք:
Մենք հաճախ խոսում ենք, որ ապրում ենք վերջին օրերում։ Ի վերջո, մենք Վերջին օրերի սրբեր ենք։ Բայց, գուցե, այդ օրերն ավելի «վերջին» են, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել:
Այդ ճշմարտությունն ինձ համար իրականություն դարձավ այն փորձառության շնորհիվ, որը ես ունեցա 24 ժամվա ընթացքում, որը տեղի ունեցավ 2013 թվականի հունիսի 15-ին։ Ամուսինս և ես գտնվում էինք Մոսկվայում, Ռուսաստանում։
Մինչդեռ Նախագահ Նելսոնը հանդիպում էր քահանայության ղեկավարների հետ, ես պատիվ ունեցա հանդիպելու շուրջ հարյուր քույրերի հետ: Ես սիրում եմ Ռուսաստանի մեր քույրերին։ Նրանք տպավորիչ են։
Երբ ելույթ ունենալու համար մոտեցա բեմին, ես զգացի, որ ասում եմ մի բան, որը նախկինում երբեք չէի ասի։ Ես ասացի կանանց․ «Ես կցանկանայի ծանոթանալ ձեզ հետ ըստ ձեր ազգատոհմի։ Խնդրում եմ, ոտքի կանգնել որպես Իսրայելի ցեղ, որը խորհրդանշում է ձեր հայրապետական օրհնության մեջ նշված ազգատոհմը»:
«Բենիամի՞ն»։ Մի քանի կանայք կանգնեցին:
«Դա՞ն»։ Մի քանիսն էլ կանգնեցին։
«Ռուբե՞ն»։ Մի քանիսն էլ կանգնեցին։
«Նեփթաղի՞մ»։ Ավելի շատ կանայք կանգնեցին։
Երբ Իսրայելի տասներկու ցեղերի անունները հայտարարվեց, Ասերից մինչև Զաբուղուն, և կանայք կանգնեցին, մենք բոլորս զարմացանք այդ տեսարանով, մեր զգացմունքներով և մեր սովորածով։
Ձեր կարծիքով, այդ շաբաթ Մոսկվայում հավաքված 100-ից քիչ կանանց շարքում Իսրայելի ցեղերից քանի՞սն էին ներկայացված։
Տասնմեկ։ Իսրայելի տասներկու ցեղերից տասնմեկը ներկայացված էին այդ մեկ սենյակում։ Միակ բացակա ցեղը Ղևիի ցեղն էր։ Ես ապշել էի: Դա ինձ համար հոգևոր զարգացման պահ էր։
Այդ հավաքներից անմիջապես հետո ամուսինս և ես անմիջապես մեկնեցինք Երևան։ Ինքնաթիռից դուրս գալուց հետո առաջին մարդիկ, որոնց մենք հանդիպեցինք, միսիայի նախագահն ու նրա կինն էր։ Ինչ-որ կերպ նա լսել էր Մոսկվայի այս դեպքի մասին և մեծ ուրախությամբ ասաց. «Ես Ղևիի ցեղից եմ»:
Պարզապես պատկերացրեք մեր սարսուռը, երբ ամուսինս ու ես հաջորդ օրը հանդիպեցինք միսիոներներին, որոնց մեջ էր Ղևիի ցեղից մի երեց, ով պարզվեց Գիլբերտ, Արիզոնայից էր:
Երբ փոքր ժամանակ հաճախում էի Կանադայի Ալբերտա նահանգի Ռեյմոնդի Երեխաների միությունը, ես սովորեցի, որ վերջին օրերին, Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ, Իսրայելի տասներկու ցեղերը կհավաքվեն։ Այդ ճշմարտությունը ցնցող էր ինձ համար և միևնույն ժամանակ բավականին անհասկանալի։ Այսպիսով, պատկերացրեք այն զգացումը, որը ես ապրեցի՝ հանդիպելով Իսրայելի տասներկու ցեղերին ընդամենը 24 ժամվա ընթացքում։
Այդ օրվանից հետո ես հասկացա, որ հավանաբար, չպետք է խնդրեի այդ քույրերին բացահայտել իրենց ազգատոհմը, քանի որ հայրապետական օրհնությունները սուրբ են և դրանց մեջ հայտարարված ազգատոհմը անձնական է: Այնուամենայնիվ, ես շատ շնորհակալ եմ այն արտոնության համար, որ ես անհատապես տեսա Իսրայելը հավաքվելու պտուղները: Այդ փորձառության հիշողությունը երբեք չի խամրել իմ սրտում կամ մտքում։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իսկապես, սրանք վերջին օրերն են։ Աշխարհի պատմության մեջ երբեք այսպիսի ժամանակ չի եղել։ Երբե՛ք։ Նախաերկրային կյանքում դուք և ես պարտավորվել ենք մեծ աշխատանք կատարել այստեղ՝ Երկրի վրա։ Եվ Տիրոջ օգնությամբ մենք կկատարենք դա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։
Նախագահ Նելսոն․ Շնորհակալություն, Վենդի: Ես սիրում եմ քեզ: Արդյո՞ք նա հրաշալի չէ:
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, սրանք իսկապես վերջին օրերն են և Տերն արագացնում է Իսրայելը հավաքելու Իր աշխատանքը։ Այդ հավաքն ամենակարևոր գործն է, որն այսօր տեղի է ունենում Երկրի վրա։ Ոչինչ չի կարելի համեմատել այդ գործի մեծության, կարևորության և վսեմության հետ։ Եվ եթե դուք որոշեք, եթե դուք ցանկանաք, դուք կարող եք կազմել դրա մասը։։ Դուք կարող եք դառնալ մի մեծ ու փառահեղ գործի կարևոր մասը։
Երբ խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես հաստատում ենք այս հիմնական ճշմարտությունը․ վարագույրի երկու կողմերում գտնվող Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրն արժանի է լսելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը։ Նրանք են որոշում, թե արդյո՞ք ցանկանում են ավելին իմանալ։
Այն մարդիկ, որոնց ծագումն Իսրայելի տարբեր ցեղերից է, նրանք են, ում սրտերը հավանաբար կդառնան Տերը։ Նա ասել է․ «Իմ ոչխարները իմ ձայնին կլսեն և ես ճանաչում եմ նրանց և նրանք իմ ետևից են գալիս»։3 Նրանք, ովքեր Իսրայելի տնից են, ավելի հեշտ կընդունեն Տեր Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչ և կցանկանան հավաքվել Նրա հոտի մեջ։ Նրանք կցանկանան դառնալ Նրա Եկեղեցու անդամները, ուխտեր կապել Նրա և Երկնային Հոր հետ և ստանալ իրենց կարևոր արարողությունները։
Տերն ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ այժմ, նկատի ունի վերջին օրերը, տասնմեկերորդ ժամն է և վերջին անգամն է, որ Նա մշակներ կկանչի Իր այգին և դա այն նպատակով, որ հավաքի ընտրյալներին երկրի չորս կողմերից։4
12-18 տարեկան բոլոր մարդկանց այս երեկո ուղղված իմ ուղերձը հետևյալն է․ Արդյո՞ք կցանկանայիք կարևոր մասը կազմել երկրի վրայի մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի, և մեծագույն աշխատանքի։
Արդյո՞ք կցանկանայիք օգնել, որպեսզի այս թանկագին վերջին օրերում հավաքեինք Իսրայելը։ Արդյո՞ք դուք, ընտրյալներդ, կցանկանայիք օգնել գտնելու ընտրյալներին, ովքեր չեն լսել վերականգնված ավետարանի ուղերձը։ Արդյո՞ք կցանկանայիք լինել այն «արագընթաց սուրհանդակների» թվում, որոնց մասին Եսայիա մարգարեն խոսել է։5
Այժմ, Իսրայելի հավաքմանը մասնակցելիս ձեզանից կպահանջվի որոշ զոհաբերություն։ Միգուցե, դրա համար ձեր կյանքում որոշ փոփոխություններ պահանջվի կատարել։ Այն անշուշտ կպահանջի ձեր ժամանակն ու եռանդը և Աստծուց տված ձեր տաղանդները: Դուք հետաքրքրվա՞ծ եք։
Պարզապես մտածեք այդ ամենի հուզումնալից պահի և հրատապության մասին. Ադամին հաջորդող բոլոր մարգարեները տեսել են մեր օրերը։ Եվ բոլոր մարգարեները խոսել են մեր օրերի մասին, երբ Իսրայելը կհավաքվի և Երկիրը կպատրաստվի Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Մտածեք այդ մասին: Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանց մեջ մենք ենք այն մարդիկ, ովքեր պետք է մասնակցեն այս վերջին ու մեծ հավաքման իրադարձությանը։ Որքա՜ն ոգևորիչ է դա։
Մեր Երկնային Հայրն այս վերջին փուլի համար պահպանել է Իր ամենաազնվաբարո հոգիներին, հավանաբար, ես կարող եմ ասել՝ Իր լավագույն թիմին։ Այդ ազնվաբարո հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները՝ դուք եք։
Ես վկայում եմ, որ հավաքումը հիմա է և այն իրական է։ Այն տարի, երբ ես ծնվեցի, Եկեղեցու անդամների ընդհանուր թիվը 600,000 պակաս էր և անդամներ չկային Հարավային Ամերիկայում։ Այսօր, աշխարհում կան 16 միլիոնից ավել անդամներ, որից 3 միլիոնը Հարավային Ամերիկայի անդամներն են։
Թույլ տվեք պատմել 1979 թվականին տեղի ունեցած մի դեպքի մասին։ Այդ ժամանակ ես ծառայում էի Կիրակնօրյա Դպրոցի գերագույն Նախագահ։. Ինձ հրավիրեցին մասնակցել Եկեղեցու ղեկավարների մի ժողովի, որտեղ Եկեղեցու Նախագահ՝ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն էր ելույթ ունենում։ Նա մեզ պատվիրեց աղոթել, որպեսզի ազգերի դռները բացվեն և Հիսուս Քրիստոսի ավետարանը կարողանան հասցնել Երկրի վրայի բոլոր մարդկանց։ Նա մասնավորապես նշեց Չինաստանը և խնդրեց, որ մենք աղոթենք Չինաստանի ժողովրդի համար: Նա նաև ասաց․ «Մենք պետք է ծառայենք Չինաստանի ժողովրդին։ Մենք պետք է սովորենք նրանց լեզուն։ Մենք պետք է աղոթենք նրանց համար և օգնենք նրանց»։
Ես վերադարձա տուն կնոջս, Դանցելի, մոտ (ով ավելի քան 13 տարի առաջ մահացել է) և ասացի նրան․ «Այդ ժողովի ժամանակ Նախագահ Քիմբալը խնդրեց մեզ չինարեն սովորել։ Իսկ ես չեմ լսել, որ նա ասի «Բոլորդ, բացի Եղբայր Նելսոնից»։ Այսպիսով, կցանկանայի՞ր ինձ հետ միասին սովորել մանդարին չինարեն լեզուն»։ Իհարկե, նա համաձայնվեց և մենք վարձեցինք մանդարին լեզվի ուսուցիչ։
Նախագահ Քիմբալի կոչից վեց շաբաթ անց ես ներկա էի թորակալ վիրաբուժության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը։ Այն անցկացվում էր Բոստոնում, Մասաչուսեթսում: Այդ առավոտ ես հյուրանոցի իմ սենյակում աղոթեցի Չինաստանի ժողովրդի մասի, ինչպես խնդրել էր Նախագահ Քիմբալը: Ես գնացի օրվա առաջին հանդիպմանը և նստեցի այնտեղ, որտեղ միշտ նստում էի այդ մասնագիտական հանդիպումների ժամանակ՝ սենյակի առաջին շարքում: Սակայն, ժողովը սկսելուց հետո ես գնալով անհարմար էի զգում աթոռին նստած։ Երբ լույսերն անջատեցին սլայդների ցուցադրության համար, ես դանդաղ փոխեցի աթոռս ու լուռ տեղափոխվեցի սենյակի հետին շարքերը՝ մի շարք, որտեղ սովորաբար երբեք չէի նստի։ Երբ լույսերը միացրեցին, ես պարզեցի, որ նստել էի չինացի մի բժիշկի կողքին։ Նա ներկայացավ որպես Պրոֆեսոր Վու Յին-Կայ (Պեկին, Չինաստան)։
Նրա հետ հաճելի զրույցից հետո ես հրավիրեցի նրան այցելել Սոլթ Լեյք Սիթի և դասախոսություն կարդալ Յուտայի բժշկական համալսարանում: Նա ուրախությամբ ընդունեց և բացառապես լավ կարդաց դասախոսությունը: Ապա նա վերադարձավ Չինաստան:
Այդ դեպքից շատ չանցած, նա ինձ հրավիրեց Չինաստանի Սինան քաղաքի Շանդոնգ բժշկական համալսարանում աշխատել որպես վիրաբուժության այցելու պրոֆեսոր: Դա հանգեցրեց հետագա հրավերների, որտեղ ես ծառայեցի Չինաստանի ևս երկու համալսարաններում որպես վիրաբուժության այցելու պրոֆեսոր:
Մասնագիտական այդ հրաշալի փորձառությունները, նախքան իմ տասներկուսի քվորում կանչվելը, իրենց գագաթնակետին հասան, երբ չինացի վիրաբույժները խնդրեցին ինձ բաց սրտի վիրահատություն իրականացնել և փրկել իրենց ամենահայտնի օպերային աստղի կյանքը: Ես կատարեցի այդ վիրահատությունը և բարեբախտաբար վիրահատությունը հաջող անցավ։ Ի դեպ, դա իմ մասնագիտական կյանքի վերջին վիրահատությունն էր։
Արդեն գրեթե 40 տարի է ես աղոթում եմ Չինաստանի ժողովրդի համար: Ես ուրախանում եմ Չինաստանի բժշկական գործընկերների և այլ սիրելի ընկերների հետ ունեցած իմ ընկերությամբ։ Այժմ, ինձ համար մեծ ուրախություն է, որ պաշտոնապես նշանակվել եմ «Չինաստանի հին բարեկամ» կոչմանը։
Իմ վկայությունն է, որ երբ մենք կատարում ենք ինչ էլ որ Աստծո մարգարեն խնդրի մեզանից, ճանապարհը կհարթվի և կյանքերը կփոխվեն։
Այժմ, հույսով եմ, որ հարցնում եք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ կարող եմ որպես դեռահաս անել, որպեսզի օգնեմ հավաքել Իսրայելը»։ Դե, Քույր Նելսոնը և ես այդ նույն հարցը և ուրիշ մի քանի հարց ևս տվել ենք 12-18 տարեկան երիտասարդների խմբին, որոնցից շատերն այս երեկո ներկա են։
Մենք սկզբում հարցրեցինք․ «Ի՞նչ է Իսրայելի հավաքումը։ Եվ, ի՞նչ է այն նշանակում քեզ համար։ Նրանց պատասխանները տարբեր էին, բայց մեծամասնությունը նշեց, որ նրանք այնքան էլ համոզված չեն, թե ինչ է դա նշանակում: Այս երեկո, մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ Իսրայելի հավաքումն, ի վերջո, նշանակում է՝ առաջարկել Հիսուս Քրիստոսի ավետարանը վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո այն զավակներին, ովքեր Աստծո հետ չեն կապել կարևոր ուխտերը և ոչ էլ ստացել են իրենց հիմնական արարողությունները:
Մեր Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ արժանի է կատարելու Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրությունը, Նրա ավետարանն ընդունելու և ստանալու հնարավորությունը դրա բոլոր օրհնություններով հանդերձ․ այո՛, բոլոր այն օրհնությունները, որոնք Աստված խոստացել է Աբրահամի, Իսահակի և Հակոբի տոհմին, ով ինչպես գիտեք, նաև հայտնի է Իսրայել անվամբ։
Իմ սիրելի արտասովոր երիտասարդություն, դուք ուղարկվել եք Երկիր այս ճշգրիտ ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական ժամանակ, որպեսզի օգնեք Իսրայելի հավաքմանը։ Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր է, քան դա։ Ոչինչ ավելի մեծ հետևանք չունի, քան դա։ Բացարձակապես ոչինչ։
Այս հավաքը պետք է ամեն ինչ նշանակի ձեզ համար։ Սա է այն առաքելությունը, որի համար ուղարկվել եք երկիր։
Այսպիսով, ձեզ հարց եմ տալիս «Արդյո՞ք պատրաստ եք ընդգրկվելու Իսրայելը հավաքելու Տիրոջ երիտասարդների գումարտակի մեջ»։ Խնդրում եմ, մտածեք այդ մասին։ Հարկավոր չէ հիմա պատասխանել։
Եկեք վերադառնանք այլ հարցերին, որոնք Քույր Նելսոնն ու ես տվեցինք մեր երիտասարդ ընկերներին։ Մենք հարցրեցինք․ «Եթե մարգարեն հրավիրեր Եկեղեցու բոլոր 12-18 տարեկան մարդկանց ընդգրկվելու Իսրայելը հավաքելու ջանքերին, ինչպե՞ս կվարվեիք դուք»։
Երիտասարդներն արձագանքեցին ոգեշնչող մեկնաբանություններով, ինչպիսիք են՝ «Եթե մարգարեն խնդրեր մեզ ընդգրկվել և մասնակցել Իսրայելը հավաքելու գործին, ես անպայման կմասնակցեի դրան»։ Մեկ ուրիշն ասաց․ «Ես կթողնեի բոլոր իմ գործերը և կօգնեի»։ Մեկ ուրիշը՝ «Ես կգնայի և կանեի ինչ էլ որ նա ինձ խնդրեր, քանի որ մարգարեն քարոզիչ է Աստծո կողմից»։
Նրանց պատասխանները ներառում էին նաև. «Ես կցանկանայի անել ընտանեկան պատմության ավելի շատ աշխատանք: Ես ավելի բաց կլինեի և մեծ ջանքեր կգործադրեի ավետարանի մասին ուրիշների հետ խոսելու համար: Ես Քրիստոսանման հատկանիշներով ապրելու լավ օրինակ ցույց կտայի։ Մահացածների համար ավելի շատ մկրտություններ կկատարեի, կփոխեի կյանքիս և ընտրություններիս տեսակետները, կգնայի այնտեղ, որտեղ նա կցանկանար, կսովորեի նոր լեզու, կհանդիպեի նոր մարդկանց, կտրամադրեի Մորմոնի Գրքի իմ օրինակն այն մարդկանց, ովքեր երբեք չեն կարդացել այն։ Եվ ես կլինեի ամենաբարի անձնավորությունը»։
Մենք նաև հարցրեցինք այդ երիտասարդությանը, թե ինչ են պատրաստ զոհաբերել, որպեսզի կարողանան օգնել և հավաքել Իսրայելը: Կրկին, երիտասարդները ցնցեցին մեզ։ Նրանք պատասխանեցին․ «Ես ավելի քիչ կմասնակցեմ սպորտի, որպեսզի օգնեմ ճշմարտության կարիք ունեցող մարդուն։ Ես կզոհաբերեմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը և դրա փոխարեն կհրավիրեմ նրանց տաճար։ Ես, անկասկած, ավելի քիչ ժամանակ կտրամադրեմ հեռախոսիս։ Ես կզոհաբերեմ հեռուստացույց դիտելը։ [Նույնիսկ] պատրաստ եմ զոհաբերել կիրակնօրյա կեսօրվա քունը։
Մենք հարցրեցինք․ «Եթե ցանկանում եք միանալ և օգնել Իսրայելի հավաքմանը, ի՞նչ կսկսեիք կամ կդադարեիք անել։ Նրանք հետևյալ պատասխանները տվեցին. «Ես ավելի ու ավելի շատ ու նպատակաուղղված կուսումնասիրեմ սուրբ գրությունները, որպեսզի կարողանամ պատասխանել մարդկանց հարցերին։ Սոցիալական մեդիայում ավելի քիչ ժամանակ կանցկացնեմ ու ավելի շատ կընդգրկվեմ անդամ միսիոներական աշխատանքի պարզ գործողություններին, որոնց թվում են ամենօրյա ծառայությունները։ Ես ավելի քիչ ժամանակ կանցկացնեմ հեռախոսով զբաղվելու համար, իսկ երբ հեռախոսով եմ զբաղված, ապա սուրբ գրությունների հատվածներ և այլ հոգևոր ուղերձներ կտեղադրեմ սոցիալական մեդիայում: Ես կուսումնասիրեմ գերագույն համաժողովների ելույթները, քանի որ նրանք անչափ կարևոր են։ Ես առողջ սնունդ կօգտագործեմ, որպեսզի առողջ լինեմ։ Ես կդադարեմ մտածել միայն իմ մասին»։ Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր պատասխանների ու հարցերի համար։
Մտածեք այս մասին իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, հենց հիմա ես պատրաստվում եմ այն օրվան, երբ ինձանից կպահանջվի հաշվետվություն տալ Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Նախագահ Բրիգամ Յանգին և ուրիշներին և, ի վերջո Տիրոջը՝ այսօր Երկրի վրա Աստծո մարգարեն լինելու իմ կառավարման վերաբերյալ։ Ես չեմ ուզում, որ ինձ հարցնեն․ «Եղբայր Նելսոն, ինչո՞ւ չէիր երիտասարդներին ավելի հստակ բացատրում Իսրայելի հավաքման գործում իրենց դերի մասին։ Ինչո՞ւ չէիք ավելի համարձակորեն ընդգրկում նրանց այդ գործում։
Այսպիսով, ես հրավիրում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 12-18 տարեկան բոլոր երիտասարդ կանանց և բոլոր երիտասարդ տղամարդկանց ընդգրկվել Իսրայելը հավաքելու Տիրոջ երիտասարդների գումարտակ։
Ի՞նչը կօգնի ձեզ։ Երբ շարունակեք ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը, դուք կսովորեք հավաքման վարդապետությունը,6 ճշմարտություններ՝ Հիսուս Քրիստոսի, Նրա քավության և Նրա ավետարանի լրիվության վերաբերյալ։ Մորմոնի Գիրքը կարևոր է Իսրայելի հավաքի համար։7 Ի դեպ, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա։
Եվ հիմա ես հրավիրում եմ ձեզ պատրաստ լինել անելու ևս հինգ բան, հինգ բան, որը կփոխի ձեզ և կօգնի փոխել աշխարհը:
Նախ, զերծ մնացեք սոցիալական մեդիայի անընդհատ կախվածությունից, որպեսզի դրա աշխարհիկ ազդեցությունը ձեզ վրա նվազ լինի:
Թույլ տվեք պատմել ձեզ տարիքակից երիտասարդի մասին, իմ սիրելի ընկերոջ թոռան մասին: Նա հայտնի է իր ընկերների շրջապատում և առաջնորդ է իր ավագ դպրոցում։ Վերջերս նրա ծնողները նյութեր գտան նրա հեռախոսի մեջ, որոնք պատշաճ չէին Հիսուս Քրիստոսի հետևորդի համար: Նրանք պնդեցին, որ որոշ ժամանակ նա զերծ մնա սոցիալական մեդիայից։ Նրանք փոխեցին նրա սմարթֆոնը հասարակ հեռախոսով և նա խուճապի մատնվեց։ Ինչպե՞ս նա կապ կհաստատեր իր ընկերների հետ։
Սկզբում, նա զայրացած էր իր ծնողների վրա, բայց ընդամենը մի քանի օր անց նա շնորհակալություն հայտնեց նրանց իր սմարթֆոնը վերցնելու համար: Նա ասաց. «Ես երկար ժամանակ է առաջին անգամ ազատ եմ զգում»: Այժմ, նա իր հասարակ բջջային հեռախոսով զանգահարում է նրանց ու կապ հաստատում այդ կերպ։ Այժմ, նա տեքստային հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն խոսում է նրանց հետ։
Այս երիտասարդի կյանքում ի՞նչ այլ փոփոխություններ տեղի ունեցան: Նա ասում է, որ հիմա դուր է գալիս ազատ լինել այն կեղծ կյանքից, որը ստեղծում է սոցիալական մեդիան: Նա ակտիվորեն ապրում է կյանքով, ոչ թե ամբողջ ժամանակ գլուխը հեռախոսի վրա կախած է։ Վիդեո խաղերի փոխարեն նա մասնակցում է բացօթյա հանգստյան միջոցառումներին։ Իր տանը նա ավելի դրական է ու օգտակար։ Նա ծառայելու հնարավորություններ է փնտրում։ Նա ավելի ուշադիր է լսում եկեղեցում, ունի ավելի պայծառ դեմք, ավելի երջանիկ է և ակտիվորեն պատրաստվում է իր միսիային: Այդ ամեն նրա շնորհիվ, որ դադար տվեց սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունից։
Այսպիսով, իմ այսօրվա առաջին հրավերը սոցիալական մեդիայի մշտական կախվածությունից ազատվելն է՝ սոցիալական մեդիայի յոթօրյա ծոմ պահելու միջոցով: Ես գիտակցում եմ, որ սոցիալական մեդիայում կան դրական կողմեր: Բայց, եթե դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք սոցիալական մեդիայի թարմացվող բովանդակությանը, քան Հոգու հուշումներին, ապա դուք հոգևոր վտանգի առաջ եք կանգնեցնում ձեզ, ինչպես նաև՝ անընդհատ մենակ մնալու և ընկճախտի ռիսկի առաջ: Դուք և ես ճանաչում ենք երիտասարդների, որոնք սոցիալական մեդիայի ազդեցության տակ ասել և արել են այնպիսի քայլեր, որոնք նրանք երբեք չէին անի կամ ասի անձամբ: Մյուսներին հոգեպես ճնշելը օրինակներից մեկն է։
Սոցիալական մեդիայի մեկ այլ թերությունն այն է, որ այն ստեղծում է կեղծ իրականություն։ Յուրաքանչյուրը ներկայացնում է իր ամենազվարճալի, արկածային և հետաքրքիր նկարները, որոնք ստեղծում են սխալ տպավորություն, որ բոլորը, բացի ձեզանից, ունեն զվարճալի, արկածային և հետաքրքիր կյանք: Տարբեր սոցիալական մեդիաների ձեր թարմացվող բովանդակության մեծ մասը աղավաղված է, եթե ոչ՝ կեղծ։ Այսպիսով, յոթօրյա դադար տվեք կեղծիքից։
Ընտրեք իրար հաջորդող յոթ օր և իրագործեք դա։ Տեսեք, թե արդյո՞ք այդ յոթ օրերի ընթացքում կնկատեք որևէ տարբերություն, թե ինչպես եք դուք զգում և ինչ եք մտածում և, նույնիսկ, թե ինչպես եք դուք մտածում։ Յոթ օր հետո, ուշադրություն դարձրեք, արդյո՞ք կան որոշ բաներ, որոնք կցանկանաք դադարեցնել և որոշ բաներ, որոնք դուք այդ ժամանակ կցանկանաք սկսել:
Սոցիալական մեդիայի այդ ծոմը կարող է պահվել միայն ձեր և Տիրոջ միջև։ Դա կլինի ձեր նշանը Նրան, որ դուք պատրաստ եք հեռանալ աշխարհից`Իր երիտասարդների գումարտակի մեջ ընդգրկվելու համար:
Իմ երկրորդ հրավերն այն է, որ երեք շաբաթ անընդմեջ Տիրոջ համար շաբաթական զոհաբերություն կատարեք, որպեսզի Նա իմանա, որ ամենից առավել ցանկանում եք Նրա երիտասարդների գումարտակի մասը կազմել։ Երեք շաբաթվա ընթացքում հրաժարվեք ձեր նախընտրած որևէ զբաղմունքից և օգտագործեք այդ ժամանակն Իսրայելը հավաքելու գործում:
Ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ Դա այդքան պարզ է։
Երբ աղոթեք ժամանակի այդ զոհաբերության վերաբերյալ, դուք կուղղորդվեք և կիմանաք, թե ինչ կարող եք զոհաբերել այդ շաբաթը և փոխարենը ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք հավաքելու Իսրայելը։ Օրինակ, մի երիտասարդ գոլֆ խաղացող կարող է հրաժարվել գոլֆի հերթական փուլից և այդ ժամանակն անցկացնել տաճարի մկրտարանում:
Իմ երրորդ հրավերն այն է, որ դուք կյանքի լիարժեք գնահատում կատարեք Տիրոջ և, հավանաբար, ձեր ծնողների և ձեր եպիսկոպոսի հետ, որպեսզի համոզվեք, որ ամուր կանգնած եք ուխտյալ ուղու վրա։ Եթե դու շեղվել ես, կամ եթե կան որոշ բաներ, որոնք անհրաժեշտ է մոռանալ, որպեսզի ձեր միտքն ու սիրտն ավելի մաքուր լինեն, այսօր դա փոխելու կատարյալ ժամանակն է:
Եթե վստահ չեք, թե ինչպես ապաշխարել, խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ձեր ծնողների կամ երկուսի հետ։ Նրանք կօգնեն ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը: Նրանք կօգնեն ձեզ զգալ այն ուրախությունը, որը ճշմարիտ ապաշխարությունը միշտ բերում է։
Խնդրում եմ, մեկ րոպե անգամ դուրս չմնաք ուխտյալ ուղուց։ Խնդրում եմ, ճշմարիտ ապաշխարության շնորհիվ հենց հիմա հետ եկեք։ Տիրոջ երիտասարդների գումարտակում դուք մեզ հիմա եք անհրաժեշտ։ Առանց ձեզ այն կտարբերվի։
Իմ չորրորդ հրավերն այն է, որ դուք ամեն օր աղոթեք, որ Աստծո բոլոր զավակները կարողանան ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները: Դուք և ես ապրում ենք, որպեսզի տեսնենք շարունակելու ենք տեսնել, թե ինչպես է Իսրայելը մեծ ուժով հավաքվում: Եվ դուք կարող եք այդ հավաքի հետևում գտնվող ուժի մի մասը լինել։
Իմ հինգերորդ հրավերն այն է, որ դուք առանձնանաք և տարբերվեք աշխարհից։ Դուք և ես գիտենք, որ դու պետք է լույս լինեք աշխարհին: Հետևաբար, Տիրոջն անհրաժեշտ է, որ դուք նմանվեք, գործեք և հագնվեք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտի նման։ Այո, դուք ապրում եք աշխարհում, բայց աշխարհից շատ տարբերվող չափանիշներ ունեք, որպեսզի խուսափեք աշխարհի բծերից:
Սուրբ Հոգին ունենալով ձեզ զուգընկեր, դուք կարող եք տեսնել հենց այն հռչակավոր մշակույթի միջով, որը համակել է մեր հասարակությանը: Դուք կարող եք ավելի խելացի լինել, քան նախորդ սերունդները երբևէ եղել են։ Իսկ եթե ձեզ երբեմն անվանել են «տարօրինակ», պատիվ համարեք այդ տարբերանշանը և երջանիկ եղեք, որ ձեր լույսը պայծառ փայլում է այս մշտախավար աշխարհում:
Չափանիշ սահմանեք մնացած աշխարհին։ Ընդունեք, որ տարբեր եք։ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պետք է լինի ձեր չափանիշը։ Դա այն չափանիշն է, որը Տերն ակնկալում է, որ Իր բոլոր երիտասարդները կպահեն։ Այժմ, լինելով Նրա խոնարհ ծառան, ես խնդրում եմ ձեզ կրկին ուսումնասիրել այդ գրքույկը։ Աղոթքով կարդացեք այդ գրքույկն այնպես, կարծես առաջին անգամ եք կարդում։ Նշումներ արեք այնտեղ։ Զրուցեք դրա մասին։ Քննարկեք չափանիշները ձեր ընկերների հետ: Որոշեք, թե ինչպես կարող եք ապրել ըստ այդ չափանիշների, իսկ ավելի ստույգ, ըստ ձեր չափանիշների։
Դուք ունեք այդ գրքույկի ձեր օրինակը։ Այսպիսով, այս երեկո հանդիպումից հետո, եթե ցանկանում եք ընդգրկվել, խնդրում եմ վերցնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեկական օրինակ և դա տալ որևէ ընկերոջ, ով չգիտի չափանիշները կամ չի կիրառել այդ չափանիշները։
Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ով այդ գրքույկի կարիքն ունի։ Դուք կառաջնորդվեք։ Եվ դա ոգևորիչ կլինի:
Այժմ, թույլ տվեք ավարտել և վերանայել իմ հինգ հրավերները, որպեսզի ընդգրկվեք Տիրոջ երիտասարդների գումարտակը և օգնեք հավաքել Իսրայելը։
-
Սոցիալական մեդիայի յոթօրյա ծոմ պահեք։
-
Երեք շաբաթ շարունակ կատարեք ժամանակի շաբաթական զոհաբերություն Տիրոջ համար։
-
Մնացեք ուխտյալ ուղու վրա։ Եթե դուրս եք մնացել, ապաշխարեք և հետ եկեք ուղու վրա։
-
Ամեն օր աղոթեք, որ Աստծո բոլոր զավակները կարողանան ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները:
-
Առանձնացեք։ Տարբերվեք։ Լույս եղեք։ Ընկերոջը նվիրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեկ օրինակ։
Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, դուք լավագույններից մեկն եք, որ Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ։ Դուք կարող եք լինել ավելի խելացի և իմաստուն, և ունենաք ավելի մեծ ազդեցություն աշխարհի վրա, քան նախորդ սերունդները:
Ավարտելուց առաջ հրավիրում եմ ողջ աշխարհի երիտասարդներին ձեզ հետ միասին ոտքի կանգնել և զգալ այն ոգևորությունը, որը բխում է «Սիոնի բանակում» Տիրոջ երիտասարդների գումարտակի անդամ լինելուց և երգել մեր փակման օրհներգը, «Իսրայելի հույսը», քանի որ այդ օրհներգը միանգամայն ձեր մասին է։
Իմ հոգու խորքից ես վկայում եմ, որ սա Ամենակարող Աստծո գործն է: Նա ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է, որը վերականգնվել է իրագործելու համար իր աստվածային ճակատագիրը, այդ թվում՝ Իսրայելի խոստացված հավաքումը։
Դուք եք Իսրայելի հույսը, «խոստացված օրվա զավակները»։8 Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: