Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Կատարյալ նվեր


Կատարյալ նվեր

Մի տարի իր մանկության մի Սուրբ Ծնունդից մոտ երեք օր առաջ ամուսինս` Ռոբը, հայտնաբերեց, որ իր երկու ավագ քույրերը իրենց ննջարանում գաղտնի բացում էին իրենց Սուրբ Ծննդյան նվերները: Նվերները նայելուց հետո նրանք վերափաթեթավորեցին դրանք: Ապա Ռոբի քույրերն ասացին նրան. «Եթե մայրիկին չասես, մենք ցույց կտանք, թե ինչպես անես դա»:

Նա, ի վերջո, տեղի տվեց գայթակղությանը, հատկապես այն պատճառով, որ Սուրբ Ծննդյան ծառի տակ բասկետբոլի գնդակի չափի մի փաթեթ կար, որի վրա գրված էր իր անունը:

Սակայն նվերը տարօրինակ կերպով թեթև էր թվում, երբ նա այն գաղտնի վերև էր տանում՝ դեպի իր ննջարանը: Նա զգուշորեն բացեց, բայց այն դատարկ էր. միայն մի երկտող կար: Երկտողն ասում էր. «Ես գիտեմ, թե դուք ինչ եք անում: Մի փչացրեք ձեր Սուրբ Ծնունդը: Սիրով, մամա»: Նա սովորեց իր դասը, և դա վերջ դրեց Սուրբ Ծննդյան նվերները նայելու մեծ չարաճճիությանը:

Մտորեք ձեր հիշողությունների մասին, գեղեցիկ տեսարանների, հրեշտակային ձայների և անմոռանալի հոտերի մասին, որոնք մեր միտքն են գալիս, երբ մտածում ենք Սուրբ Ծնունդի մասին: Էլ ավելի քնքուշ են այն հիշողությունները, որոնք մենք կրում ենք մեր սրտերում մանկությունից սկսած` Սուրբ Ծննդյան սրբության վերաբերյալ. դա Փրկիչի ծննդյան տոնակատարությունն է: Այդ սրբազան զգացումները չեն լքում մեզ երբեք:

Նկար
Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսի հետ

Մենք զգում ենք դրանք ամեն անգամ, երբ մտածում ենք Բեթլեհեմի այն փոքրիկ մսուրի մասին, որտեղ դարերի ընթացքում տրված այնքան շատ մարգարեություններ մեկտեղվեցին աստղազարդ գիշերային երկնքի տակ, երբ մեր Փրկիչն ու Քավիչը աշխարհ եկավ՝ որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր:

Մենք հաճախ ենք լսում, որ Սուրբ Ծնունդը երեխաների համար է, բայց մի՞թե մենք բոլորս երեխաներ չենք մեր սրտերում: Մի օր մի մայր և նրա ինը տարեկան դուստրը զբաղված էին Սուրբ Ծննդյան գնումներով: Երբ նրանք արագ անցում էին խանութի ոսկերչական բաժնի միջով, դուստրը նկատեց մի հսկայական պաստառ, որը կախված էր ցուցափեղկի վերևում: Կարմիր մեծ տառերով պաստառը հայտարարում էր. «Ընծան, որը երբեք չի դադարում տալ»:

Դուստրը կարդաց ցուցանակը, մի պահ մտածեց դրա շուրջ, ապա ժպտաց: Նա հպարտությամբ ասաց իր մայրիկին. «Մամ, ես գիտեմ, թե որն է այն ընծան, որը երբեք չի դադարում տալ»:

«Օհ, ո՞րն է», հարցրեց նրա մայրը, երբ նրանք արագ առաջ էին շարժվում ամբոխի միջով:

Դուստրը անմեղորեն հայտարարեց. «Դա Հիսուսն է»:

Մայրը սխալմամբ պատասխանեց.«Ոչ, թանկագինս: Դա ադամանդն է»:

Եսայիան հիշեցնում է մեզ. «Եվ մի փոքր երեխա կառաջնորդի նրանց»:1

Օգտագործելով համացանցային որոնման մի միջոց, ես գտա «Ընծան, որը երբեք չի դադարում տալ» արտահայտությամբ հազարավոր գովազդվող առարկաներ: Սակայն որքան էլ մենք փորձենք, ոչ մի նյութական ընծա, որը մենք տալիս ենք, հավերժական չէ:

Ի հակադրություն՝ թույլ տվեք ձեզ հետ կիսվել երկու անհատների վերաբերյալ իմ քնքուշ ամանորյա հիշողություններից մեկով, ովքեր, կարծում եմ, երբեք չդադարեցին տալ: Նրանք իմ ծնողներն էին` Ալդո և Էլեանոր Հարմոնները:

Նկար
Հարմոնների ընտանիքը

Մեր փոքրիկ քաղաքում ձյունառատ ձմեռ էր այդ տարի, բայց դա չխանգարեց հայրիկիս մեր ընտանիքին տանել մի կատարյալ Սուրբ Ծննդյան տոնածառ փնտրելու: Հենց որ տոնածառը տուն բերեցինք և ապահով ամրացրինք հենակետին, թարթող լույսերը, հրեշտակ, զարդարանքները և փայլազարդերը սիրով տեղադրեցինք ճյուղերի վրա: Մեր համեստ տունը պաշտոնապես պատրաստ էր սկսելու Սուրբ Ծնունդը:

Խաղալիքների ուղեցույցները գալիս էին փոստով և ես, իմ քույրերն ու եղբայրները հուզված թերթում էինք էջերը` ցանկանալով Սուրբ Ծննդյան գանձեր: Մեր տունը լցվում էր կոճղապղպեղով թխվածքի և մրգային կարկանդակների բույրով, և դեկտեմբերը դանդաղ առաջ էր շարժվում ըստ սուրբ գալստյան օրացույցի: Մենք անակնկալներ էինք պատրաստում հարևանների դռների շեմերին և փորձում ծառայել այն ընտանքներին, որոնք Սուրբ Ծննդյան ուրախության կարիքն ունեին:

Ամեն գիշեր իմ անկողին մտնելուց հետո մայրս երկար ժամանակ առանձնանում էր իր ննջարանում: Այն ամենը, ինչ կարողանում էի լսել, նրա կարի մեքենայի ձայնն էր: Մեր հագուստների մեծ մասը նա էր կարում, համենայն դեպս այդ մասին ես շատ չէի մտածում:

Բայց Սուրբ ծննդյան տոնի մոտենալու հետ, մայրիկս ամբողջապես ուժասպառ եղավ: Սուրբ Ծնունդի նախորդ օրը նա հիվանդ էր և պառկած էր անկողնում: Երբ բժիշկն ասաց հայրիկիս, որ նա պետք է անկողնում մնա առնվազն մեկ շաբաթ, ես անհանգստացա և նաև շատ հուսահատվեցի: Ինչպե՞ս կարելի էր Սուրբ Ծնունդն անցկացնել առանց մայրիկի: Ինչպե՞ս էր հնարավոր զգալ Սուրբ Ծնունդը: Եվ բացի այդ, ո՞վ էր պատրաստելու Սուրբ Ծննդյան օրվա ճաշը:

Երբ հայրս սիրով խնամում էր մայրիկիս, նա հասկացավ, որ Սուրբ Ծննդյան ճաշի պատրաստումը իր վրա է ընկել: Ես կրկին անհանգստացա: Չնայած նա շատ իմաստուն և տաղանդավոր մարդ էր, ճաշ պատրաստելը մի բան էր, որին նա չէր տիրապետում:

Սուրբ Ծննդյան նախօրյակին ես ծնկներիս վրա աղոթում էի, որ մայրիկս հրաշքով բժշկվեր, և որ այդ Սուրբ Ծննդյան առավոտը լիներ այնպես, ինչպես այն միշտ էր եղել` մեր ընտանիքը Սուրբ Ծննդյան տոնածառի շուրջը հավաքված: Սուրբ Ծննդյան առավոտյան հիասթափությունը պատեց մեզ, երբ մենք գտանք մեր սիրելի մայրիկին դեռ շատ հիվանդ` անկողնում: Երբ մենք բացեցինք մեր նվերները, ես զարմացա՝ տեսնելով, որ իմ հատուկ նվերը ձեռքով պատրաստված տիկնիկի զգեստների հավաքածու էր, որը մայրս կարում էր ինձ համար դեկտեմբերյան այդ ուշ գիշերներին: Ես չէի կարողանում սպասել, ուզում էի վազել նրա մոտ և ամուր գրկել նրան: Որքա՜ն էր նա զոհաբերել ինձ համար:

Սիրելի Հայրիկս փորձեց ամեն հնարավոր ձևով Սուրբ Ծննդյան օրը սովորական դարձնել այդ տարի, այնքան սովորական, որքան հնարավոր էր առանց մայրիկի: Եվ դա նրան հաջողվեց: Ճաշից հետո իմ սիրելի հայրիկը բուխարու կողքի աթոռին նստած քուն մտավ, մինչ ես խաղում էի եղբայրներիս, քույրերիս և նոր հագուստներով տիկնիկիս հետ: Իմ թանկագին մայրիկը ապաքինվեց երկարատև հանգստից հետո, և ամեն ինչ լավ էր: Բայց իմ կյանքում, ծնողներս ընծա էին ինձ համար, ովքեր երբեք չէին դադարում տալ:

Եկեք մի պահ մտածենք այդ արտահայտության մասին: Արդյո՞ք այն ընծան, որը երբեք չի դադարում տալ, կարող է համարվել կատարյալ ընծա: Առաջինը, կատարյալ ընծան ինչ-որ բան է բացահայտում ընծան տվողի մասին: Երկրորդը, այն ինչ-որ բան է արտացոլում այն մարդու կարիքների մասին, ով ստանում է ընծան: Եվ վերջապես, ընծան, եթե այն կատարյալ նվեր է, կպահպանի իր արժեքը ոչ թե ժամանակի ընթացքում, այլ հավերժ:

Մի՞թե մեր սիրելի Փրկիչը, այսինքն աշխարհի Փրկիչը, չի բավարարում այդ երեք պահանջները: Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի ծննդյան, ծառայության և քավիչ զոհաբերության ընծան բացահայտում է ինչ-որ բան Նվիրատուի մասին: Իհարկե։ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:2 Մեր Երկնային Հայրը զոհաբերեց Իր Որդուն մեր` Իր զավակների հանդեպ, մաքուր սիրուց ելնելով:

Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի ընծան ցույց չի տալիս, որ մեր Երկնային Հայրը ճշգրիտ գիտեր, թե ինչ կարիք ունենք մենք: Կրկին, վճռական այո: Մենք ի բնե անկում ապրած ենք և մենք խիստ կարիք ունենք Փրկիչի և Քավիչի: Ինչպես Նեփին է ուսուցանել, Հիսուս Քրիստոսը «չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի, քանզի նա սիրում է աշխարհը»:3

Իսկ ո՞րն է վերջին պահանջը կատարյալ ընծայի համար: Այն պետք է պահի իր արժեքը հավիտյան: Մորմոնի Գիրքը հստակ ուսուցանում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը անսահման է և հավերժական:4

Հիշո՞ւմ եք ոսկյա զարդերի բաժնի ցուցանակը: Այն երիտասարդ աղջիկը ներքուստ գիտեր, թե որն է ճշմարիտ ընծան: Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն իրեն անվանել Աշխարհի լույսը։ Փրկիչն ուսուցանել է․

Նկար
Հիսուս Քրիստոս

«Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»:5

«Ես եմ լույսը, որ փայլում է խավարում»:6

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը կատարյալ ընծան է, այն ընծան, որը երբեք չի դադարում տալ: Թող որ մենք բոլորս պահենք այդ ճշմարտությունը մեր սրտերում այս Սուրբ Ծնունդին և հավիտյան: Նա ապրում է: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: