2016 թվականի հոգևոր հավաքներ
Իմ նպատակը գտնելը


Իմ նպատակը գտնելը

Երեկո Երեց Ռիչարդ  Ջ. Մեյնզի հետ

Երիտասարդ ամուրիների հոգևոր երեկո. 1  մայիսի 2016 - Սոլթ Լեյքի Թաբերնաքլ

Շատ ուրախ եմ այս երեկո ամուսնուս հետ այստեղ լինել և երախտապարտ եմ ձեզ հետ խոսելու հնարավորության համար:

Երբ ամուսինս նախապես ասաց, որ պատրաստվում է խոսել ավետարանի վերականգնման մասին, հատկապես Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքի մասին, մենք խոսեցինք, թե այս թեման ինչպիսի ազդեցություն է ունեցել իմ կյանքում, և թե ինչպես կարող է իմ փորձառությունը դրական ազդեցություն ունենալ ձեր հավատքն ամրացնելու մեջ:

Ես դարձի եմ եկել Եկեղեցում, և ձեզ հետ կուզենայի կիսվել ինձ համար ամենաթանկ փորձառությամբ` իմ դարձի գալու պատմությամբ:

Ես մեծացել եմ մի սիրառատ ընտանիքում, և ունեմ հրաշալի ծնողներ: Մենք այնքան էլ հաճախ չէինք գնում եկեղեցի, բայց որպես Պրեսբիտերեկան Եկեղեցու անդամներ, մենք միշտ գնում էինք Եկեղեցի Սուրբ Ծնունդին ու Զատիկին, և երեբեմն մայրս ինձ տանում էր Կիրակնօրյա դպրոց: Հենց այստեղ էր, որ ես առաջին անգամ ստացա Փրկիչի մասին իմ վկայությունը: Ինձ դուր էր գալիս Հիսուսի մասին պատմություններ լսել: Ես գիտեի, որ Նա մի հատուկ անձնավորություն է:

Լինելով մի փոքրիկ աղջնակ` ես զգում էի իմ անձնական աղոթքներն ասելու անհրաժեշտությունը, երբ պառկում էի քնելու: Ես գիտեի, որ Երկնային Հայրը լսում էր ինձ:

20 տարեկանում ժամադրվում էի ու ապրում էի այն բոլոր հուսախաբություննները, հիասթափություններն ու հուսահատությունները, որ ժամադրությունն է երբեմն բերում: Ձեզանից ոմանք գուցե ունեցել են այս նույն զգացումները, սակայն կա մի տարբերություն: Դուք ունեք Հիսուս Քրիստոսի ավետարանը ձեր կյանքում: Ինչպիսի՜ մեծ օրհնություն է այն: Ավետարանը ձեզ նպատակ և ուժ է տալիս: Այն ձեզ տալիս է հույս: Ես գիտեի, որ իմ կյանքում այդ պահին ինչ որ բան է պակասում: Ես զգում էի, որ իմ կյանքում չունեի իրական նպատակ կամ ուղղություն: Ես սկսեցի գնալ տարբեր եկեղեցիներ` հույս ունենալով, որ կգտնեմ որոշ պատասխաններ: Ես փնտրում էի մի բան, որն իմ կյանքին իմաստ կտար, սակայն չգիտեի որտեղ գտնել այն:

Մի հատկապես դժվարին օր ես որոշեցի աղոթել: Այսպիսով, ծնկի իջա անկողնուս կողքը. մի բան, որ ես սովորաբար չէի անում, և սիրտս բացեցի Երկնային Հոր առջև` խնդրելով Նրանից օգնություն և առաջնորդություն իմ կյանքում: Սկսեցի մի քիչ ավելի լավ զգալ ու այնուհետև շարունակեցի իմ առօրյա գործերը:

Մի քանի օր անց աղոթքս պատասխան ստացավ: Մի վերադարձած միսիոներ եկավ իմ կյանք: Նրա անունը Ռիչարդ Ջոն Մեյնզ էր: Նա ինձ ժամադրության հրավիրեց և արեց այն, ինչ որ անում են վերադարձած լավ միսիոներները: Նա ինձ հարցրեց, թե արդյոք ինչ-որ բան գիտեմ Եկեղեցու մասին և թե երբևէ կարդացել եմ Մորմոնի Գիրքը:

Դրանից հետո շատ շուտով նա ինձ տվեց Մորմոնի Գրքի մեկ օրինակ, որպեսզի կարդամ: Ես սկսեցի կարդալ այն, և մի բան, որն անմիջապես գրավեց ուշադրությունս, դա վերնագրի էջն էր. «Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: Ես պատկերացում չունեի, որ Մորմոնի Գիրքը Հիսուսի մասին էր:

Ես նաև սկսեցի հաճախել միսիոներական դասերին, և իմ կյանքում լույս վառվեց: Երբ միսիոներներն ինձ ուսուցանեցին երիտասարդ Ջոզեֆի մասին, ում հայտնվել էին Աստված` Երկնային Հայրը, և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, ովքեր երկու առանձին էակներ էին, ես զգացի, որ դա այն էր, ինչ ես միշտ զգացել էի ու ինչին հավատում էի, սակայն իմ եկեղեցում այդպես չէր ուսուցանվում: Առաջին տեսիլքն իմ դարձի գալու կարևոր մասն էր: Ես կապ զգացի Ջոզեֆ Սմիթի հետ, քանի որ նա ուներ այն նույն հարցը, որը ես ունեի. ո՞րտեղ գտնեմ ճշմարտությունը: Երկնային Հայրը պատասխանեց նրա անկեղծ աղոթքին, և Նա նաև պատասխանեց իմ աղոթքին: Ես շարունակեցի հաճախել բոլոր դասերին և իմ սրտում գիտեի, որ այն, ինչ ուսուցանվում էի, ճիշտ էր:

Այդ ամռանը վերադարձած միսիոներ Ռիչարդ Ջոհն Մեյնզն ինձ մկրտեց: Մենք շարունակեցինք ժամադրվել և մեկ տարի անց ամուսնացանք Յուտայի Մանթի տաճարում:

Դա իսկապես իմ դարձի գալու սկիզբն էր: Շատերիս համար դարձի գալն ընթացք է: Ամեն օր պետք է սնուցենք ու ամրացնենք մեր վկայությունները` կարդալով սուրբ գրությունները, աղոթելով, եկեղեցի գնալով, տաճար հաճախելով և մարգարեին հետևելով:

Սուրբ գրությունները պետք է մեր կյանքի կարևոր մասը լինեն: Երիտասարդ ժամանակ, երբ դեռ Եկեղեցու անդամ չէի, ինձ խնդրեցին սուրբ գրություններից մի հատված ընտրել ու անգիր սովորել: Ես ընտրեցի Առակաց 3.5–6հատվածները.

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողութեանը մի՛ վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:

Դժվար է ասել, թե քանի անգամ եմ հիշել այս հատվածը, երբ ունեցել եմ Երկնային Հոր օգնության կարիքը: Եթե մենք Տիրոջ վրա դնենք մեր հավատքն ու վստահությունը` գիտակցելով, որ մեր կյանքում տեղի ունեցող ամեն բան չէ, որ հասկանում ենք, և հիշենք շնորհակալություն հայտնել Նրան մեր ունեցած բոլոր օրհնությունների համար, ապա Նա մեզ ցույց կտա ճանապարհը: Դա կարող է տեղի չունենալ մեր ժամատախտակի վրա, սակայան ես գիտեմ, որ Երկնային Հայրը ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար:

Իմ նախընտրած հատվածներից մեկն էլ գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 123.12-ում. «Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, բոլոր աղանդների, խմբակցությունների և դավանանքների մեջ, որոնք կույր են դարձվել, մոլորեցնելու համար դարան մտած մարդկանց ճարպիկ խաբեությամբ, և որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»:

Մեզ` Եկեղեցու անդամներիս համար, այնքան կարևոր է կիսվել ավետարանով ուրիշների հետ: Ինձ նման այնքան շատ մարդիկ կան, ովքեր փնտրում են ճշմարտությունը, սակայն չգիտեն որտեղ գտնել:

Իմ կյանքում կատարած երկու ամենակարևոր որոշումներ են՝ մկրտվելը և տաճարում իմ ամուսնու հետ ամուսնանալը: Այնքան երախտապարտ եմ, որ ունեմ ավետարանն իմ կյանքում: Մենք բոլորս գիտենք, որ երբեմն կյանքը հեշտ չէ: Մենք պարզապես պետք է հիշենք Երեց Ջեֆրի  Ռ. Հոլլանդի խոսքերը: Նա ասել է.

«Երկնքի ու Երկրի Տերը պատրաստ է ձեզ օրհնել: …

Ապավինեք Նրան: Ապավինեք Նրան ամբողջովին: Ապավինեք Նրան հավերժ»:1

Ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում է: Նա մեզ սիրում է: Նա լսում է մեր աղոթքները: Գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Նա մահացավ մեզանից յուրաքանչյուրի համար և մեզ տվեց ապաշխարելու մեծ հնարավորությունը, որը թույլ է տալիս ամեն օր ավելի լավը լինելու համար փոփոխություններ անել մեր կյանքում: Ես գիտեմ, որ մենք ունենք ապրող մարգարե` Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնը, և ես գիտեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Հորն ու Որդուն և տվեց մեզ Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

Ես աղոթում եմ, որ դուք ամեն օր շարունակեք ամրացնել ու սնուցել ձեր վկայությունը` անելով այն բաները, ինչ մեզ ուսուցանել են Փրկիչն ու մեր մարգարեները: Ես աղոթում եմ, որ դուք շարունակեք ապավինել Տիրոջն ու իմանաք, որ Նա ճանաչում է ձեզ ու ցույց կտա ձեր ուղին:

Այս ամենն ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, “Because She Is a Mother,” Ensign, մայիս 1997, 36–37: