Գրադարան
21-րդ դարում ԵԿՀ ուսուցիչների հնարավորություններն ու պարտականությունները


21-րդ դարում ԵԿՀ ուսուցիչների հնարավորություններն ու պարտականությունները

Երեկո Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետ

ԵԿՀ կրոնական մանկավարժներին ուղված ելույթ • փետրվարի 26, 2016 • Սոլթ Լեյք, Թաբերնաքլ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր։ Շնորհակալություն եմ հայտնում Եկեղեցու երիտասարդների կյանքն օրհնելու ձեր բացառիկ ջանքերի համար:

Վերջերս վերանայեցի Ուսումնասիրելով և նաև հավատքով. սեմինարիաների և կրոնի ինստիտուտների հարյուր տարին վերնագրով նոր գիրքը։ Դա մի ուշագրավ պատմություն է։ Թերթելով այն, ես նկատեցի այն դերը, որը Եկեղեցու կրթության կազմավորման և տարածման հարցում ունեցել էին իմ նախապապ՝ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը և իմ պապ՝ Մելվին Ջ. Բալլարդը։

Ձեզ հետ ունեցած իմ անձնական կապի շնորհիվ այսօր ես ծառայում եմ այն նույն տեղում, որտեղ նրանք են մի ժամանակ ծառայել։ 1985 թվականից ի վեր ես 14 տարի պատիվ եմ ունեցել ծառայելու Կրթական խորհրդում, որից 7 տարի ծառայել եմ Գործադիր հանձնախմբում, իսկ դրանից 4 տարիները՝ որպես Նախագահ։

Խորհրդում գտնվելու տարիների ընթացքում իմ երախտագիտությունը մեծապես աճեց Եկեղեցու Կրթական Համակարգի հանդեպ։ Այս երեկո ես խոսում եմ այս Եկեղեցու բոլոր ծնողների, տատիկ-պապիկների և նույնիսկ՝ նախապապերի ու նախատատերի անունից, հայտնելով շնորհակալություն ուսուցիչներին, կառավարիչներին ու նրանց ընտանիքներին իրենց հավատարիմ ծառայության համար։ Զարմանալի է, թե ինչ է ԵԿՀ-ն ձեռք բերել այս վերջին հարյուր տարիների ընթացքում։ Սակայն ես ավելի շատ հետաքրքրված եմ առաջիկա 100 տարիներով և նրանով, թե ինչպես դուք կարող եք օգնել ձեր ուսանողներին դիմակայել 21-րդ դարի անընդմեջ փոփոխվող մարտահրավերներին։

Բարձրագույն Իշխանավորների ուսուցման ժողովին Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանեց «պահել վարդապետությունը մաքուր, իսկ Եկեղեցին ճիշտ ուղու վրա»։ Նա ասաց․ «Մեր զգուշությունը շատ չէ։ Մենք պետք է հետևենք, որ [ուղուց] դուրս չգանք։ Երբ ջանում ենք լինել ինքնատիպ, նոր և տարբեր, մենք չպետք է ուսուցանենք այնպիսի բաներ, որոնք ամբողջովին ներդաշնակության մեջ չեն լինի Հիսուս Քրիստոսի Վերականգնված Եկեղեցու հիմնական վարդապետությունների հետ։ … Մենք ավելի լավ է շատ զգոն լինենք։ … Մենք պետք է աշտարակի պահապանները լինենք»։1

Մինչ Եկեղեցու կրթությունը առաջ է շարժվում 21-րդ դարում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի այն փոփոխությունների մասին, որոնք դուք պետք է կատարեք՝ ուսուցման եղանակների, մեթոդների ու նյութերի մեջ, որպեսզի անսասան հավատք կառուցեք մեր թանկագին երիտասարդների կյանքում։

Անցել են այն օրերը, երբ ուսանողն անկեղծ հարց էր հղում, իսկ ուսուցիչը պատասխանում էր․ «Մի անհանգստացիր այդ մասին»։ Անցել են այն օրերը, երբ ուսանողն անկեղծ մտահոգություն էր հայտնում, իսկ ուսուցիչը որպես պատասխան բերում էր իր վկայությունը՝ խնդրից խուսափելու համար։ Անցել են այն օրերը, երբ ուսանողները պաշտպանված են այն մարդկանցից, ովքեր հարձակվում էին Եկեղեցու վրա։ Բարեբախտաբար Տերը ժամանակին այս հավիտենական խորհուրդն է տվել ձեզ՝ ուսուցիչներիդ․ «Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո՛, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»։2

Հատկապես, այդ խոսքերն արդի են այսօր, որովհետև ձեր ուսանողներից ոչ բոլորն ունեն անհրաժեշտ հավատքը, որպեսզի դիմակայեն սպասվող մարտահրավերներին և որովհետև նրանցից շատերն արդեն համացանցի միջոցով ենթարկվել են աճող աշխարհի քայքայիչ ուժերին, որը թշնամին է հավատքի, ընտանիքի և ավետարանի չափանիշների։ Համացանցն իր հասանելիությունն է ընդլայնում աշխարհով մեկ, գրեթե յուրաքանչյուր տուն և ձեր ուսանողների ձեռքերի ու մտքերի մեջ։

Կարող եք օգնել ուսանողներին՝ ուսուցանելով նրանց, թե ինչպես կարելի է սովորելիս համատեղել ուսումնասիրությունը և հավատքը։ Ուսուցանեք նրանց՝ դասարանում ցուցադրելով այդ հմտությունը և մեթոդը։

Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է․

«Կցանկանայինք հիշեցնել ձեզ, որ սովորելու համար չկա ավելի հեշտ ճանապարհ, քան հավատքով գիտելիքի ձեռքբերումը։ Այն պահանջում է մեծ ջանքեր և հավատքի շարունակական ձգտում։ …

Կարճ ասած, հավատքով սովորելը ծույլ մարդու [կամ կնոջ] գործ չէ։ Ըստ էության ինչ-որ մեկն ասել է, որ այդպիսի գործընթացի համար պահանջվում է հոգու ամբողջական ենթարկումը, մարդու նվիրական մտքերի ու զգացմունքների շաղկապումն Աստծո հետ և ճիշտ կապի ձևավորում։ Ապա միայն այդ ժամանակ գալիս է «հավատքով գիտելիքը»։3

Հավատքով ստացված գիտելիքը կառաջացնի մաքուր վկայություն, իսկ մաքուր վկայությունը կյանքը փոխելու զորություն ունի, ինչպես ներկայացված է այս երեք կարճ պատմությունների մեջ։

Առաջին պատմություն։ Ֆիբի Քարտերը 1830-ականներին հեռացավ Մեյնի իր տնից, որպեսզի միանար Սրբերին Օհայո նահանգում։ Նա հիշում է․ «Ընկերներս հիանում էին իմ բռնած ուղով, ինչպես և ես, բայց մի բան իմ ներսում հրահրեց անել այդ քայլը։ Տնից հեռանալու պատճառով իմ մոր վիշտն ավելին էր, քան կարող էի տանել, և եթե չզգայի Հոգին, ես չէի կարող այդ քայլն անել»։4

Ֆիբին հետևեց մարգարեին և միացավ Սրբերին Օհայո նահանգում, և ի վերջո՝ Յուտայում, որտեղ և նա մահացավ որպես Եկեղեցու հավատարիմ անդամ և հավասարաչափ կրեց Եկեղեցու Նախագահ Վիլֆորդ Ֆուդրոֆի լուծը՝ լինելով նրա կինը։

Հաջորդ պատմությունը Մերիոն Ջ. Ռոմնիի կենսագրությունից է։

Լինելով քոլեջի ուսանող, Մերիոնը որոշեց, որ չի կարող ծառայել միսիայում՝ իր ընտանիքի ֆինանսական դրության պատճառով։ Մի անգամ նա լսեց Երեց Մելվին Ջ. Բալլարդի խոսքերը։ Կենսագրության մեջ ասվում է․ «Այդ ժամանակ [Մերիոնը] չգիտեր, որ իր կյանքի ընթացքը մի կարճ ակնթարթում պետք է ամբողջովին փոխվեր»:

Պատմությունը շարունակում է․ «[Մերիոնի հայրն] ասել էր իր զավակներին …, որ Հոգու ներշնչման ներքո ապրող մարդը տարբերվում է առանց ներշնչման ապրող մարդուց, ինչպես աճող ծառը տարբերվում է մահացած կոճղից։ Առաջին անգամ իր կյանքում Մերիոնը … լիովին հասկացավ, թե ինչի էր [նման] ներշնչման ներքո գտնվելը։ Նրա հոգին լցվեց մի թափանցող, ջերմացնող զգացողությամբ։ Նա … երբեք այդպես չէր ազդվել, ինչպես այդ ժամանակ՝ լսելով ամենավերջին կանչված առաքյալի խոսքերը։ …

«Երիտասարդ Մերիոնը … մեծապես ազդվեց։ Առաքյալի դեմքի պայծառությունն ու նրա վկայության անկեղծությունը միսիա գնալու անդիմադրելի ցանկություն առաջացրեցին նրա մոտ։… Այդ պահին նա գիտեր, որ ապագա կրթություն ստանալու իր ծրագրերը պետք է հետաձգել»։5

Շուտով Մերիոնը Ավստրալիայի ճանապարհին էր, որտեղ նա հավատարմորեն ծառայեց։ Հետագայում նա դարձավ զորեղ Առաքյալ և Առաջին Նախագահության անդամ։

Վերջին պատմությունը պատմել է Նախագահ Բոյդ Կ․ Փաքերը այն մասին, թե ինչպես է մի տարեց ուսուցիչ ազդեցություն գործել Վիլիամ Ի. Բերետի վրա։ Այդ ուսուցիչը, ով մի նորադարձ էր Նորվեգիայից, անգլերեն լեզվին տիրապետում էր ոչ կատարյալ կերպով։ Այնուամենայնիվ, անկախ այդ ուսուցչի սահմանափակումներից Նախագահ Փաքերը հիշում է, որ «Եղբայր Բերետը, ավելի քան մեկ անգամ վկայել է․ «Մենք կարող էինք ջերմացնել մեր ձեռքերը նրա հավատքի կրակով»»։6

Ավելի ուշ Վիլիամը դարձավ սեմինարիաների, ինստիտուտների և Եկեղեցու դպրոցների ղեկավարը։

Ֆիբիի, Մերիոնի և Վիլիամի համար մաքուր վկայության խոսքերը հանդիսացան այն խթանը, որն ընդմիշտ փոխեց նրանց կյանքը։ Նույնը ճշմարիտ է նաև ձեր ուսանողների համար։ Սակայն, հաշվի առնելով այսօրվա աշխարհի իրականությունը, մաքուր վկայությունը միշտ չէ, որ կարող է բավարար լինել։ Ֆիբին, Մերիոնը և Վիլիամը մաքուր ու անարատ էին և զերծ պոռնոգրաֆիայից և աշխարհիկ բաներից, երբ ուսուցանվում էին ոգեշնչված միսիոներների, ուսուցիչների ու ղեկավարների կողմից։ Հոգին հեշտությամբ էր թափանցում նրանց փափուկ ու մաքուր սրտերը։

Այսօր, պատմությունը բոլորովին այլ է, քանի որ ձեր ուսանողներից ոմանք նախքան ձեր դասերին հաճախելը վարակվել են պոռնոգրաֆիայով և աշխարհիկ բաներով։

Մեկ սերունդ առաջ էր, երբ մեր երիտասարդները՝ մեր պատմության, վարդապետության և սովորությունների մասին կարող էին տեղեկություններ ստանալ միայն Եկեղեցու կողմից տպագրված նյութերից։ Շատ քիչ ուսանողներ էին շփվում այլընտրանքային մեկնաբանություն ունեցող նյութերի հետ։ Մեր երիտասարդներից շատերն ապրում էին պաշտպանված կյանքով։

Այդ ժամանակ մեր ուսումնական ծրագիրը, թեև բարի նպատակ էր հետապնդում, մեր ուսանողներին չէր պատրաստում այսօրվան՝ այն օրվան, երբ ուսանողները համացանցի միջոցով մեկ ակնթարթում կարող են ստանալ Եկեղեցու մասին առկա բոլոր տեղեկատվությունը՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից։ Այսօր այն, ինչ նրանք տեսնում են իրենց բջջային սարքավորումներում, ամենայն հավանականությամբ, հավատք նվաստացնող է, քան հավատքին նպաստող։ Մեր երիտասարդներից շատերն ավելի շատ ծանոթ են Google-ին, քան ծանոթ են ավետարանին, ավելի շատ հակված են համացանցին, քան ոգեշնչմանը, և ավելի շատ ներգրավված են Facebook-ում, քան հավատքի մեջ։

Այդ մարտահրավերների լույսի ներքո Կրթական խորհուրդը վերջերս սեմինարիայում հաստատեց մի նախաձեռնություն, որը կոչվում է Վարդապետական սերտում։ Հիմնվելով նրա վրա, ինչ արվել էր Սուրբ գրությունների սերտման հարցում, այս նոր նախաձեռնությունը կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և ամրապնդման վրա, ինչպես նաև կամրապնդի նրանց ավետարանով ապրելու և այն իրենց կյանքում կիրառելու աճող ունակությամբ։ Կիրառելով սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը, նրանք կսովորեն, թե ինչպես գործել Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի ձեռք բերեն հոգևոր գիտելիք և Նրա ավետարանի մասին հասկացողություն։ Եվ նրանք հնարավորություն կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունն ու ավետարանի սկզբունքներն այն հարցերի և մարտահրավերների դեպքում, որոնք նրանք լսում են ամեն օր՝ իրենց հասակակիցներից ու սոցիալական մեդիայում։

Այս նախաձեռնությունը ոգեշնչմամբ և ժամանակին է արվում։ Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա։ Սակայն, Վարդապետական սերտման և ԵԿՀ ուսումնական մյուս ծրագրերի հաջողությունը մեծ չափով կախված է ձեզանից։

Այս դժվարին մարտահրավերների ժամանակ, որո՞նք են ձեր հնարավորություններն ու պարտականությունները՝ որպես 21-րդ դարի ԵԿՀ-ի ուսուցիչներ։ Ակնհայտ է, որ դուք պետք է սիրեք Տիրոջը, Նրա Եկեղեցին և ձեր ուսանողներին։ Դուք նաև հաճախակի պետք է բերեք ձեր անկեղծ վկայությունը։ Բացի այդ, մեր պատմության ընթացքում ավելի քան երբևէ ձեր ուսանողները պետք է սովորեն վարդապետական ու պատմական համատեքստն ու բովանդակությունը՝ ուսումնասիրելով, հավատքով և մաքուր վկայությամբ, որպեսզի ավետարանի հանդեպ նրանց դարձը լինի ամուր, տևական և Հիսուս Քրիստոսի հանդեպ կյանքի տևողություն ունեցող նվիրվածությամբ։ Ամուր և տևական դարձը նշանակում է, որ նրանք «կմնան նավակի մեջ և կմնան բռնված» իրենց ողջ կյանքի ընթացքում։7

Որպեսզի դուք հասկանաք սուրբ գրությունների և մեր պատմության վարդապետական և պատմական համատեքստն ու բովանդակությունը, անհրաժեշտ կլինի ուսումնասիրել «լավագույն գրքերը», ինչպես ասել է Տերը։ «Լավագույն գրքերն» իրենց մեջ ներառում են սուրբ գրությունները, ժամանակակից մարգարեների ու առաքյալների ուսմունքները և ՎՕՍ լավագույն համալսարանական ուսումնառությունները։ Երբ ձգտեք ջանասիրաբար ուսում փնտրել՝ ուսումնասիրելով և հավատքով, դուք կկարողանաք օգնել ուսանողներին սովորել այնպիսի հմտություններ և ձեռք բերել այնպիսի վերաբերմունք, որոնք անհրաժեշտ կլինեն տարանջատելու համար հավաստի և կրթող տեղեկատվությունը ոչ լիարժեք ճշմարտություններից և վարդապետության, պատմության ու սովորույթների սխալ մեկնաբանություններից, որոնք կցածրացնեն նրանց։

Ուսուցանեք նրանց այն դժվարությունները, որոնց նրանք հանդիպում են, երբ ապավինում են համացանցին, որպեսզի գտնեն հավերժական կարևորություն ունեցող հարցերի պատասխանները։ Հիշեցրեք նրանց, որ Հակոբոսը չէր ասել․ «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Google-ից»։8

Խոհեմ մարդիկ չեն ապավինում համացանցին, որպեսզի ստուգեն և բուժեն հուզական, մտավոր և ֆիզիկական առողջության խնդիրները, հատկապես կյանքին սպառնացող խնդիրները։ Դրա փոխարեն նրանք փնտրում են առողջապահության ոլորտի մասնագետների, ովքեր վերապատրաստված և արտոնագրված են ճանաչված բժշկական և պետական հաստատությունների կողմից։ Նույնիսկ այդ ժամանակ խելամիտ մարդիկ երկրորդ հնարավորություն են փնտրում։

Եթե դա հուզական, մտավոր և ֆիզիկական առողջության խնդիրների լուծման ամենաբանական ճանապարհն է, ապա դա ավելի կիրառելի է, երբ հավերժական կյանքն է վտանգված։ Եթե ինչ-որ բան սպառնում է մեր հոգևոր կյանքին, մեր ամենաթանկ ընտանեկան հարաբերություններին և արքայության մեջ մեր անդամությանը, ապա մենք պետք է գտնենք խորամիտ ու հավատարիմ Եկեղեցու ղեկավարների՝ մեզ օգնելու համար։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք պետք է դիմենք համապատասխան ուսումնական վերապատրաստում անցած, փորձառու մարդկանց օգնությանը։

Դա այն է, ինչ ես անում եմ, որպեսզի գտնեմ իմ հարցերի պատասխանները, որոնք ես ինքնուրույն չէի կարող գտնել։ Ես օգնություն եմ փնտրում Տասներկուսի Քվորումի իմ եղբայրներից և մյուսներից, ովքեր փորձառու են Եկեղեցու պատմության և վարդապետության ոլորտներում։

Ձեր ուսանողների ընտանիքներից հետո դուք պետք է լինեք առաջին մարդը, ով հեղինակավոր աղբյուրներից թեմաներ կներկայացնի, որոնք, հնարավոր է, լինեն քիչ ճանաչված կամ հակասական, որպեսզի ձեր ուսանողները համեմատեն իրենց լսած կամ կարդացած նյութերը ձեր ուսուցանածի հետ։

Դուք տեղյակ եք, որ մեր թանկագին միսիոներները, նախքան իրենց միսիա գնալն, անցնում են բժշկական պատվաստումներ, որպեսզի պաշտպանված լինեն այն հիվանդությունների դեմ, որոնք կարող են վնասել կամ, նույնիսկ, սպանել նրանց։ Նույն ձևով, խնդրում եմ, նախքան աշխարհիկ կյանք ուղարկելը պատվաստեք ձեր ուսանողներին և տվեք բարեխիղճ, խորամիտ ու ճշգրիտ մեկնաբանություններ՝ ավետարանի վարդապետությունների, սուրբ գրությունների, մեր պատմության և այն թեմաների վերաբերյալ, որոնք, երբեմն, սխալ են մեկնաբանվում։

Թվարկելով մի քանի այդպիսի թեմաներ, որոնք քիչ ճանաչված կամ հակասական են, ես կնշեմ բազմամուսնությունը, տեսանող քարերը, Առաջին Տեսիլքի տարբեր պատմությունները, Մորմոնի Գրքի կամ Աբրահամի գրքի թարգմանության գործընթացը, գենդերային խնդիրները, և Երկնային մայրը։

Մեր երիտասարդներին պատվաստելու ջանքերը հաճախ կընկնեն ձեր՝ ԵԿՀ ուսուցիչների ուսերին։ Այդ մտքերի մասին խորհելով, ժամանակ գտեք և մտածեք ձեր հնարավորությունների ու ձեր պարտականությունների մասին։

Եկեղեցու ղեկավարներն այսօր լիովին գիտակցում են տեղեկատվության այդ անսահմանափակ արտահոսքի մասին, իսկ մենք անհավանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի Վերականգնման ուսուցման մասին ճիշտ համատեքստ ու հասկացողություն տրամադրվի։ Դրա վառ ապացույցն է հանդիսանում LDS.org կայքում տեղադրված 11 Ավետարանական թեմաների հոդվածները, որոնք հավասարակշռված ու հավաստի մեկնաբանություն են տրամադրում հակասական և Եկեղեցուն առնչվող անհայտ ծագման նյութերի վերաբերյալ։

Կարևոր է, որ դուք քաջատեղյակ լինեք այդ հոդվածներին։ Եթե հարցեր ունեք դրանց վերաբերյալ, կարող եք հարցնել այն մարդկանց, ովքեր կարդացել և հասկացել են դրանք։ Այլ խոսքերով ասած, «ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով», երբ սերտեք այդ հոդվածների բովանդակությունը։

Պետք է նաև ծանոթանաք Ջոզեֆ Սմիթի Փաստաթղթերի կայքին և LDS.org կայքի Եկեղեցու պատմության բաժնին և ՎՕՍ հավատարիմ գիտնականների այլ նյութերին։

Վարդապետության և պատմության խոհուն ուսումնասիրության միջոցով ավետարանի թափանցիկության և հոգևոր պատվաստման ջանքերը՝ զուգորդված զորեղ վկայության հետ, մեզ հասանելի լավագույն հակաթույնն է, որով մենք կարող ենք օգնել ուսանողներին խուսափել և/կամ առնչվել այն հարցերի, կասկածների կամ հավատը ցածրացնող նյութերի հետ, որոնց նրանք կարող են բախվել այս տեղեկատվության դարում։

Երբ դուք՝ ուսուցիչներդ, գործադրեք ձեր լավագույն ջանքերը, որպեսզի ավելի լավ հասկանաք մեր պատմությունը, վարդապետությունը և սովորույթները, ավելի լավ, քան դուք տիրապետում եք այսօր, դուք պատրաստ կլինեք ձեր ուսանողներին տալ մտածված, ճշգրիտ և ոգեշնչված հարցեր։

Որպեսզի իմանաք, թե ինչ հարցեր ունեն ձեր ուսանողները, ուշադիր լսեք նրանց։

Մեր ավագ դուստրը, երբ հինգ տարեկան էր, մի անգամ բարձրացավ և նստեց իմ գիրկը, երբ լրագիր էի կարդում։ Նա ինձ մի բան էր ասում, որը շատ կարևոր էր իրա համար, իսկ ես ուշադրություն չէի դարձնում նրան։ Ապա, նա իր փոքրիկ ձեռքերով ներքև քաշեց լրագիրը, դեմքս առավ ափերի մեջ ու ուղիղ աչքերիս նայելով ասաց․ «Հայրիկ, դու ինձ չես լսում»։ Նա ճիշտ էր, իսկ ես սխալ էի, քանի որ չէի լսում նրան։ Բոլոր լավ ուսուցիչները պետք է լինեն լավ ունկնդիրներ։

Բացի ձեր ուսանողներին լսելուց, դասարանում կամ առանձին խրախուսեք նրանց ձեզ հարցեր հղել ցանկացած թեմայով։

Ձեր ուսանողների ամենակարևոր հարցերից մեկը կլինի «Ինչո՞ւ» հարցը։

Երբ ձեզ տալիս են «Ինչո՞ւ» հարցը՝ հասկանալու անկեղծ ցանկության ձգտումով, ապա այդ հարցը շատ լավն է։ Դա այն հարցն է, որը միսիոներները ցանկանում են լսել իրենց ունկնդիրներից։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Ինչո՞ւ են վատ բաներ պատահում լավ մարդկանց հետ։ Ինչո՞ւ պետք է աղոթենք։ Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին։ Հաճախ ինչո՞ւ բառի շնորհիվ են գալիս ոգեշնչումն ու հայտնությունը։ Մեր Երկնային Հոր փրկության ծրագրի իմացությունը կօգնի պատասխանել «ինչո՞ւ» հարցերի մեծամասնությանը։ Մեկ կամ երկու րոպեից ես այդ մասին ավելին կխոսեմ։

Ահա և մի վերջին ակնարկ հարցերին պատասխանելու վերաբերյալ։ Կարևոր է ուսուցանել ձեր ուսանողներին, որ թեև ավետարանը տալիս է շատ, եթե ոչ բոլոր, կյանքում հուզող կարևոր հարցերի պատասխանները, որոշ հարցերի պատասխանները չեն ստացվի մահկանացու կյանքում, քանի դեռ ճշգրիտ պատասխանելու համար մենք տեղեկատվության պակաս ունենք։ Ինչպես սովորում ենք Հակոբից․ «Ահա, մեծ և զարմանալի են Տիրոջ գործերը։ Որքա՜ն անքննելի են նրա խորհուրդների խորքերը. և անհնարին է, որ մարդ իմանա նրա բոլոր ուղիները։ Եվ ոչ մի մարդ չգիտի նրա ուղիների մասին, մինչև այն հայտնի չդարձվի նրան»։9

Ծանոթ եղեք զգուշացման խոսքին․ Խնդրում եմ հասկացեք, որ հնարավոր է ձեր ուսանողներից շատերի նման դուք հավատաք, որ դուք սուրբ գրությունների, վարդապետությունների և պատմության գիտակ եք։ Վերջերս անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «որքան ավելի շատ են մարդիկ մտածում, որ ծանոթ են թեմային, այնքան ավելի շատ են պնդում, որ հասկանում են իրենց իմացածից ավելին, նույնիսկ այն աստիճան, որ շինծու տեղեկությունները և կեղծ փաստերը վերագրում են իրենց գիտելիքին»։10

«Ավելին պնդելու» այս գայթակղությունը պետք է չկիրառվի ձեր՝ ԵԿՀ ուսուցիչների կողմից։ Լիովին նորմալ է ասել․ «Ես չգիտեմ»։ Սակայն, դա ասելուց հետո ձեր պարտականությունն է գտնել լավագույն պատասխանը ձեր ուսանողների խորամիտ հարցերի համար։11

Երբ ուսուցանում եք ձեր ուսանողներին և պատասխանում եք նրանց հարցերին, թույլ տվեք զգուշացնել ձեզ, որպեսզի չկիսվեք հավատքը մեծացնելու նպատակով հորինված չհիմնավորված պատմություններով կամ մեր անցյալի վարդապետությունների ու սովորույթների հնացած ընկալումներով ու բացատրություններով։ Խելամիտ կլինի մշտապես սովորություն դարձնել և ուսումնասիրել ապրող մարգարեների ու առաքյալների խոսքերը, mormonnewsroom.org և LDS.org կայքերի միջոցով տեղեկացված լինել Եկեղեցու ընթացիկ խնդիրներին, քաղաքականությանը և հայտարարություններին և օգտագործել ճանաչված, խորամիտ ու բարեխիղճ ՎՕՍ գիտնականների գործերը և չուսուցանել բաներ, որոնք ճշմարիտ չեն, հնացած կամ խճճված են։

«Ավելին պնդելու» ուսումնասիրության հեղինակները նշել են, որ «ավելին պնդելու միտումը, հատկապես ինքնաներշնչված գիտակների մոտ, իրականում կարող է հիասթափեցնել անհատներին կրթվել հենց այն ոլորտներում, որտեղ նրանք համարում են իրենց բանիմաց»։

ԲՅՀ-ի ուսումնական գծով փոխնախագահն ասել է․ «Լինելով գիտակ որևէ առարկայի գծով, անձը կարող է ոգևորվել, հատկապես, երբ ուսանողներն ու գործընկերներն ամեն բառին ուշադրություն են դարձնում։ Սակայն, առանց ուսումը շարունակելու խորը նվիրվածության, մենք կդառնանք «ավելին պնդելու» զոհը, իսկ «ամենագետներին» ոչ-ոք չի սիրում»։12

Կրկնում եմ Նախագահ Հինքլիի զգուշացումը. «Մեր զգուշությունը շատ չէ։ Մենք պետք է հետևենք, որ [ուղուց] դուրս չգանք»։13

Բացի նրանից, որ պետք է ձեր ողջ կյանքում սովորեք, դուք պետք է այնպես գործեք ձեր կյանքում, որ Սուրբ Հոգին աշխատի ձեզ հետ։ Այդպիսի գործերի թվում են անկեղծ ամենօրյա աղոթքները, նվիրվածությամբ ծոմ պահելը, սուրբ գրությունների և ապրող մարգարեների խոսքերի կանոնավոր ուսումնասիրությունը և դրանց շուրջ խորհրդածումը, կիրակին բաղձանք դարձնելը, խոնարհությամբ ու մշտապես Փրկիչին հիշելով հաղորդությունը ճաշակելը, հաճախակի և հնարավորության դեպքում տաճարում երկրպագություն անելը, և, ի վերջո, մոտիկ ու հեռու ապրող աղքատներին, կարիքավորներին ու միայնակներին հասնելը։

Իմ սիրելի գործընկեր ուսուցիչներ, որպեսզի ձեր հնարավորություններն ու պարտականությունները պատշաճ կերպով կատարեք, դուք պետք է ապրեք այն ուսմունքներով, որոնք քարոզում եք։

Մի վախեցեք խորհուրդ և ուղղում հայցել այն մարդկանցից, ում դուք վստահում եք՝ լինի դա ձեր ամուսինը, քահանայություն կրողը, թե՝ ղեկավարը։ Հարցրեք, թե որտեղ եք թերացել լավ աշակերտ լինելու ճանապարհին։ Դա հատկապես կարևոր է մեր լրիվ դրույքով աշխատող աշխատակիցների համար, ովքեր վճարվում են Եկեղեցու տասանորդի սրբազան ֆոնդերից։ Դուք պետք է խուսափեք այն ամենից, ինչը վանում է Հոգին։

Ի հավելումն ասածին, թույլ տվեք առաջարկել, որ մի օր դուք անձնական հարցազրույց անցկացնեք ինքներդ ձեզ հետ և վերանայեք 2 Նեփի 26․29–32, Ալմա 5․14–30, և Վարդապետություն և Ուխտեր 121.33–46 հատվածները։ Դրանք կօգնեն բացահայտել այն գայթակղության տեսակները, որոնց մենք բոլորս էլ կարող ենք հանդիպել։ Եթե ձեր կյանքում որևէ փոփոխության կարիք լինի, ապա վճռականություն դրսևորեք և լուծեք այն։

Խուսափեք ձեզ հետ աշխատողների շարժառիթները հարցականի տակ դնելու գայթակղությունից։ Դրա փոխարեն խորապես զննեք ձեր սիրտը և փնտրեք ձեր ցանկություններն ու շարժառիթները։ Միայն դրանից հետո Փրկիչը կարող է փոխել ձեր սիրտը և ձեր անձնական ցանկություններն ու շարժառիթները հարմարեցնել Իր ցանկություններին ու շարժառիթներին։

Աճող սերունդը պետք է ճանաչի, հասկանա, ընդունի ու իր մասնակցությունն ունենա Աստծո փրկության ծրագրին։ Հասկանալով ծրագիրը նրանք կստանան աստվածային ներըմբռնում, որի շնորհիվ նրանք կհամարեն իրենց Աստծո որդիներն ու դուստրերը, ինչը կարող է հեռանկար բացել նրանց համար, որպեսզի հասկանան Եկեղեցու գրեթե բոլոր վարդապետությունները, սովորույթները և քաղաքականությունը։

Որպես այսօրվա ԵԿՀ ուսուցիչներ, դուք պետք է ընդունեք այդ հնարավորությունն ու պարտականությունը՝ ուսուցանելու 21-րդ դարի երիտասարդներին փրկության ծրագրի ճշգրիտ սկզբունքները, այդ թվում՝ Աստծո կողմից հաստատված ամուսնության վարդապետությունը և ընտանիքի դերը, ինչպես սահմանված է ընտանիքի վերաբերյալ հայտարարության մեջ։14

Հավերժական ամուսնության վարդապետությունն Աստծո երջանկության ծրագրի կարևոր մասն է կազմում։ Այն իր մեջ ընդգրկում է սելեստիալ արքայությունում Երկնային Հոր հավերժական ընտանիքի մաս կազմող տաճարում կնքված մեր ընտանիքները։ Քանի որ խոսքն ուղղակիորեն վերաբերում է Իր անմիջական ընտանիքին ու Իր հարազատ հոգևոր զավակներին, Ծննդոց գրքում մեզ ասվել է, որ «արու և էգ ստեղծեց նրանց» և Նա պատվիրեց Հայր Ադամին ու Մայր Եվային «աճեցեք և շատացեք և լցրեք Երկիրը»։15

Ինչպես արդեն ասվեց, երջանկության ծրագիրը սկսվում և ավարտվում է ընտանիքով։ Իսկապես, ընտանիքի սկիզբը նախաերկրային աշխարհում էր դրվել, որտեղ մենք ապրել ենք որպես մեր երկնային ծնողների ընտանիքի անդամներ։ Եվ վերջում ընտանեկան պարտավորություններն ու սիրող հարաբերությունները ոչ միայն կշարունակեն գոյություն ունենալ, այլ նաև կզարգանան ծնունդ տալու գործընթացի շնորհիվ։16

Այդ ամենն իրար կապող առանցքը, որի վրա հիմնված է Աստծո ծրագիրը և մեր հավերժական ճակատագիրը և որից կախված են բոլոր բաները, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Նրա քավիչ զոհաբերությունը ամեն բան հնարավոր է դարձնում, այդ թվում՝ սիրող, հոգատար և հավերժական ամուսնությունը և ընտանիքը, և դրանցով չի սահմանափակվում։

Տերը մեզ ուսուցանում է, որ միայնակ ոչ մի մարդ, անկախ իր արդար լինելուց, չի կարող ձեռք բերել այն ամենն, ինչ մեր Երկնային Հայրը տալիս է Իր զավակներին։ Միայնակ մարդը հավասարության կեսն է, ով չի կարող ապրել սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում։17

Ձեր ուսանողները պետք է հասկանան, որ մահկանացու կյանքի նպատակն ավելի շատ Աստծուն նմանվելու մեջ է՝ ֆիզիկական մարմիններ ձեռք բերելու, ազատ կամքը կիրառելու և այն դերը լրացնելու միջոցով, որը նախկինում միայն պատկանում էր երկնային ծնողներին՝ ամուսնու, կնոջ և ծնողի դերը։

Մարգարեները վստահեցրել են բոլոր նրանց, ովքեր արժանի են և ապավինում են Հիսուս Քրիստոսին, սակայն չեն կարողացել կնքվել զուգընկերոջ հետ կամ չեն կարողացել երեխաներ ունենալ այս կյանքում, կունենան այդ հնարավորությունը գալիք աշխարհում։

Ուսուցանեք երիտասարդներին, որ Տիրոջ Եկեղեցում տեղ կա, որպեսզի բոլորը երկրպագեն, ծառայեն և աճեն միասին որպես եղբայրներ և քույրեր ավետարանում։ Հիշեցրեք նրանց, որ Լեքին ուսուցանեց, որ Աստծո նպատակը և հույսը Իր բոլոր զավակների համար կարելի է ամփոփել հետևյալում․ «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»։18

Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ընդունենք ամուսնության մասին Նրա սահմանումը և հնազանդվենք «աճեցեք ու շատացեք» Նրա առաջին պատվիրանին, որպեսզի ոչ միայն իրականացնենք Նրա ծրագիրը, այլ նաև գտնենք այն ուրախությունը, որն, ըստ Նրա ծրագրի, պետք է տրվեր Նրա որդիներին ու դուստրերին։

Ոչ միայն Եկեղեցու անդամներն են ընդունում այդ սկզբունքները։ New York Times ամսագրի թղթակից Դեյվիդ Բրուկսը նկատել է․ «Մարդիկ ավելի լավը չեն դառնում, երբ նրանց տրվում է առավելագույն անձնական ազատություն՝ անելու այն, ինչ նրանք ուզում են։ Նրանք ավելի լավն են դառնում, երբ ընկղմվում են այնպիսի պարտավորությունների մեջ, որոնք վեր են անձնական ընտրություններից՝ պարտավորություն ընտանիքի, Աստծո, աշխատանքի և երկրի հանդեպ»։19

Որպես Եկեղեցու մանկավարժներ օգնեք ձեր երիտասարդներին ավելի հստակ պատկերացում կազմել Աստծո երջանկության ծրագրի մասին, որով Նրա զավակներն իսկապես երջանիկ են դառնում։ Օգնեք նրանց ճանաչել, հասկանալ, ընդունել, պաշտպանել այդ ծրագիրը և իրենց մասնակցությունն ունենալ դրանում։ Բարձրագույն Իշխանավոր լինելու իմ 40 տարվա փորձից ելնելով ես մտահոգված եմ այն մեծ թվով մեր Եկեղեցու անդամների համար, երիտասարդ, թե՝ ծեր, որոնք պարզապես չեն հասկանում իրենց հավերժական ու աստվածային ճակատագրի ծրագիրը:

Այսպիսով, իմ գործընկեր ուսուցիչներ, մենք պետք է փնտրենք ու արժեվորենք այդ հնարավորությունները, որպեսզի հոգևոր և վարդապետական տեսանկյունից բացատրենք, թե ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Աստծո երջանկության մեծ ծրագիրը կպատասխանի «ինչու» հարցերի մեծամասնությանը, որոնք, հնարավոր է, հղեն մեզ։ Արտահայտելով նախաերկրային կյանքի մասին մեր համոզմունքը, որտեղ մենք ապրել ենք որպես Երկնային Հոր և Երկնային Մոր հոգևոր զավակներ, մենք կկարողանանք բացատրել այս երկրի ստեղծման նպատակը։ Մահկանացու կյանքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ կարող ենք ինքներս հիմնել ընտանիքի այդ նույն օրինակը՝ միայն այս անգամ լինելով ծնողներ, այլ ոչ թե երեխաներ։ Գնահատեք մեր հավերժական երջանկության համար Երկնային Հոր ծրագրի վարդապետության և նպատակի վերաբերյալ ձեր առաջնային հասկացողությունը։ Եվ շարունակեք ուսուցանել այն։

Այսպիսով, ավարտելով և ամփոփելով, կարող ենք ասել. Այս երեկո Երեց Կիմ Բ․ Քլարկի մեկնաբանություններից սովորեցինք, որ դուք Աստծո կողմից ուղարկված ուսուցիչներ եք՝ լցված հավատքով, հույսով, խոնարհությամբ և սիրով։20

Դրույթները, որոնցով ձեզ հետ կիսվեցինք, հետևյալն են՝

  • Ուսուցանեք ուսանողներին համատեղել ուսումնասիրությամբ ու հավատքով ուսումը՝ մաքուր վկայության հետ։ Ուսուցանեք նրանց մնալ նավի վրա և կառչել դրանից։

  • Ուսուցանեք ուսանողներին վերահսկել իրենց բջջային սարքավորումները և ավելի շատ կենտրոնանալ Սուրբ Հոգու հետ կապի մեջ, ոչ թե՝ համացանցում լինելու վրա։

  • Ուսանողներին պատվաստեք փրկության ծրագրի ճշմարտությունները, որոնք գտնվում են Հիսուս Քրիստոսի ավետարանում։

  • Տիրապետեք Ավետարանական թեմաների հոդվածների բովանդակությանը:

  • Հիշեք, որ «Ինչո՞ւ» հարցը կարող է լավ հարց լինել, որը հանգեցնում է ավետարանի ըմբռնմանը։

  • Մի «պնդեք ավելին» և մի խուսափեք ասել «Ես չգիտեմ»։

  • Շարունակեք սովորել ողջ կյանքի ընթացքում։

  • Խորհուրդ և ուղղում խնդրեք այն մարդկանցից, ում դուք վստահում եք։

  • Երբեմն, կարող եք անցկացնել անձնական հարցազրույց, որպեսզի վերանայեք ձեր հոգևոր պատրաստվածությունը, ջանասիրությունը և արդյունավետությունը։

  • Ուսուցանեք, որ երջանկության ծրագիրը սկսվում և ավարտվում է ընտանիքով։ Փրկության ծրագիրը մշտապես պահեք ձեր մտքում։

  • Ուսուցանեք, որ ամուսնությունն ու ընտանիքը պարգևում են երկարատև ուրախություն։

  • Մի մոռացեք համատեղել ուսումնասիրությամբ և հավատքով ուսումը՝ մաքուր վկայության հետ, որն առաջ է բերում ճշմարիտ և երկարատև դարձ։

  • Ամեն բանից առավել Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ ամուր հավատքը շատ կարևոր է մեր հոգևոր ուժի ու աճի համար։

Այժմ, իմ սիրելի գործընկեր ուսուցիչներ, թող Աստված օրհնի ձեզանից յուրաքանչյուրին։ Որքան էլ ձեր բեռը ծանր լինի, թող որ այն թեթև դառնա։ Թող որ ուրախություն ու խաղաղություն ունենաք այն մտքից, որ ձեր ուսմունքների շնորհիվ փոխել եք որևէ մեկի կյանքը, բարձրացրել եք Երկնային Հոր զավակներից մեկին, որպեսզի արդյունքում նա կրկին ընդունվի Նրա ներկայության մեջ։ Ես վկայում եմ, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը, ինչպես որ վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Ավետարանի լրիվությունը մեր ձեռքերում է։ Մենք պետք է այն հասցնենք դեպի մեր մտքերն ու սրտերը և զորությամբ ուսուցանենք այն։ Թող որ Աստված մեզանից յուրաքանչյուրին օրհնի այդ գործում, որն իմ խոնարհ աղոթքն ու օրհնությունն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։