Գրադարան
Ուսուցիչներն ուղարկված են Աստծո կողմից


Ուսուցիչներն ուղարկված են Աստծո կողմից

Երեկո Երեց Մ.  Ռասսել Բալլարդի հետ

Ուղերձ ԵԿՀ-ի Կրոնական մանկավարժներին • 2016 թ., փետրվարի  26 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ` ձեզ հետ լինել այս երեկո: Ես հատկապես կուզենայի իմ երախտագիտությունն արտահայտել բոլոր ուսուցիչներին, նրանց կանանց ու ամուսիններին և բոլոր նրանց, ովքեր նրանց աջակցում են ուսուցանելիս: Իմ փեսան առավոտյան սեմինարիայի ուսուցիչ է, և ես գիտեմ, թե ինչ զոհաբերություն ու նվիրում է պահանջվում վաղ առավոտյան սեմինարիայում ուսուցանելու համար, և ես տեսել եմ, թե ուսուցիչներն ինչ ներգործություն ունեն աճող սերնդի վրա, ներառյալ իմ թոռների: Թող Աստված օրհնի ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք:

Անցյալ տարվա օգոստոսին ես խոսել եմ ձեզ հետ այն անհրաժեշտության մասին, որ մենք պիտի ձգտենք հասնել այն մեծ պարտականությունների կատարմանը, որոնք դրված են մեր ուսերին: Մենք ավելի խորն ու հիմնավոր պիտի ուսուցանենք աճող սերնդին, քան ուսուցանել ենք նախկինում: Իսկ դա նշանակում է, որ մենք բոլորս պետք է լինենք ավելի լավ ուսուցիչներ և ուսուցանենք ավելի ջանասիրաբար, քան ուսուցանել ենք նախկինում:

Երբ ես մտածում էի Տիրոջ կողմից տրված այդ պարտականության և այս երեկո դրա վերաբերյալ մի քանի խոսք ասելու հնարավորության մասին, իմ միտքը հուշեց խորհել Հովհաննեսի երրորդ գլխում տրված պատմության մասին, երբ Նիկոդեմոսը գիշերով այցելեց Փրկիչին: Նիկոդեմոսն ասաց. «Ռաբբի, գիտենք, որ դու Աստուածանից վարդապետ ես եկել. Որովհետեւ ոչ ով չէր կարող այդ  հրաշքներն անել , որ դու ես անում, եթէ  Աստուած նորա հետ չլինի»:1

Այդ հաստատումը ոչ միայն հայտարարում է, թե ով է Հիսուսը՝ մի ուսուցիչ Աստծո կողմից ուղարկված, այլ նաև հայտարարում է, թե ինչ են անում ուսուցիչները, ովքեր գալիս են Աստծուց. նրանք գործում են հրաշքներ նրանց կյանքում, ում ուսուցանում են, որովետև Աստված իրենց հետ է:

Ես շատ լավ գիտեմ մի այդպիսի ուսուցչի: Այս երեկո ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել նրա մասին մի պատմությամբ: Այն կոչվում է «Պատմություն մսուրային խմբի ղեկավարի մասին»:

Մի քույր իր ծխում կանչվեց որպես մսուրային խմբի ղեկավար: Նա լավ կրթություն էր ստացել համալսարանում և շատ գաղափարներ ուներ միջոցառումների և ձեռքի աշխատանքի հմտությունների ուսուցման վերաբերյալ, որոնց երեխաները կարող էին մասնակցել: Նա որոշել էր լինել ուսուցչի կատարյալ կերպար:

Շատ շաբաթներ անց այդ քույրը հուսահատության մատնվեց: Մսուրը բեռ էր դարձել նրա համար: Նա սարսափում էր երեխաներին հանդիպելուց: Չնայած նրա ունեցած ծրագրերին՝ երեխաները չարություն էին անում, լաց էին լինում ու անտեսում էին նրան ամեն շաբաթ: Նա շատ ջանքեր գործադրեց, բայց դրանք չաշխատեցին: Ամեն շաբաթ նա տուն էր գալիս արցունքն աչքերին:

Հուսահատ վրդովմունքով նա աղաղակում էր. «Ես արել եմ` ինչ կարողացել եմ: Ուրիշ ի՞նչ կարող եմ անել»:

Մի միտք ծագեց նրա գլխում. «Հարցրու Երկնային Հորն այն մասին, թե դու ինչ պիտի անես»: Սրբելով արցունքները` նա ծնկի իջավ աղոթելու: Նա աղոթեց մսուրային խմբի, իր հույսերի, իր ձախողման և իր հիասթափության մասին: Նա աղոթեց` Տիրոջից խնդրելով օգնություն և առաջնորդություն:

Երկնային Հայրը պատասխանեց նրա աղոթքին: Մի ուժեղ զգացում արթնացավ. «Քո դասի պլանները քո մասին են: Փոխարենը՝ կենտրոնացիր երեխաների վրա. սովորիր ճանաչել և սիրել նրանց»:

Դա լավ խորհուրդ էր ու լավ ուղերձ, բայց դժվար էր դրան ականջալուր լինել: Քույրը գիտեր, որ ինքը պիտի ապաշխարեր: Նրան անհրաժեշտ էր նոր վերաբերմունք և նոր մոտեցումներ կիրառել մսուրի նկատմամբ: Նա աղոթեց և ուսումնասիրեց սուրբ գրությունները ոգեշնչման համար:

Երբ հաջորդ կիրակի ուսուցիչը գնաց մսուրային խմբի դասարան, նա վախի զգացում չուներ: Նա վստահում էր Տիրոջը: Նա դիմավորեց երեխաներին դռան մոտ, ծնկի իջավ` հասնելով նրանց հասակի մակարդակին և ողջունեց նրանց անուններով: Նա զրուցեց նրանց հետ նրանց ընտանիքների, նրանց սիրած ուտելիքի և շատ ուրիշ բաների մասին: Նա ժամանակ հատկացրեց երգելուն և պատմություններ կարդաց նրանց համար: Որոշ երեխաներ լաց էին լինում ևաղմկում, բայց մի ուրիշ զգացում կար մսուրի դասարանում այդ շաբաթ: Եվ երբ այն ավարտվեց, քույրը հոգնած էր, բայց ոչ արցունքոտ աչքերով:

Կամաց-կամաց, երբ քույրը սկսեց ավելի լավ ճանաչել երեխաներին, նրա զգացմունքները երեխաների հանդեպ փոխվեցին: Մսուրային խմբի ղեկավարը անհամբերությամբ էր սպասում կիրակի օրվան: Նա ոգևորված և ուրախ էր, որ կարող էր լինել իր մսուրային խմբի երեխաների հետ: Նա սիրում էր նրանց:

Եվ ... ոգեշնչումը եկավ: Մի շաբաթ նա տեսախցիկը տարավ մսուրի դասարան և նկարեց յուրաքանչյուր երեխայի: Նա պատրաստեց նկարների տախտակ, փակցրեց յուրաքանչյուր երեխայի նկարը տախտակին և ամեն շաբաթ տանում էր այն մսուրի դասարան: Երեխաներին դուր էր գալիս տեսնել իրենց նկարները տախտակի վրա: Նրանք ոչ միայն կարևոր էին զգում. նրանք սիրված էին զգում իրենց:

Որոշ ժամանակ անց մսուրային խմբի ղեկավարն օգտագործեց իր միջոցառումները և ծրագրերը երեխաներին ուսուցանելու համար: Երեխաները սիրեցին դրանք: Ի դեպ, նրանք այնքան շատ էին սիրում մսուրային դասարանը, որ հաղորդության ժողովից հետո անմիջապես վազում էին այնտեղ: Երեխաներին դուր էր գալիս լինել այդ դասարանում: Նրանք սիրում էին մսուրի ղեկավարին, իսկ նա էլ նրանց էր սիրում:

Այս պատմությունից բազմաթիվ սկզբունքներ կարելի է սովորել: Մեծագույն կարևորություն ունեցող սկզբունքը` հավատն է Երկնային Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ուսուցչի հավատն էր, որ նրան ծնկի իջեցրեց աղոթելու, հավատ, որը մղեց նրան ապաշխարության, և հավատ, որն առաջնորդեց նրան առաջ շարժվելու` առանց ճշգրտորեն իմանալու, թե ինքն ինչ պիտի անի: Առաջին սկզբունքը հավատն է:

Երկրորդը՝ հույսն է: Մսուրային դասարանում գտնվելը կարող է դժվար լինել փոքր երեխաների համար: Նրանք իրենց կարող են վախեցած, միայնակ կամ նույնիսկ լքված զգալ: Նրանք կարող են հետաքրքրվել, թե արդյոք ելք կա ստեղծված իրավիճակից: Մսուրային խմբի ղեկավարը ունեցել էր այդ նույն զգացումները, բայց դուրս էր եկել այդ վիճակից և գիտեր, որ հույսը Քրիստոսի մեջ է: Նրա հույսը «աշխույժ» էր, «պայծառ» ու «փայլող», և երեխաները զգում էին դա:

Երրորդ սկզբունքը խոնարհությունն է: Հպարտությունը և մարմնի բազկին վստահելը աշխատանքային արգելքներ էին ուսուցչի համար: Խոնարհությունը, այն է ուսուցանվող լինելը, հպարտության դեմ մեծ հակաթույնն է: Մսուրային խմբի ղեկավարը գործեց Քրիստոսի հանդեպ հավատով, որպեսզի խոնարհվի իր Երկնային Հոր առջև: Նա լուսավորեց և օրհնեց իրեն իմաստությամբ՝ Սուրբ Հոգու զորության միջոցով:

Չորրորդ սկզբունքը սերն է՝ Քրիստոսի մաքուր սերը: Սկզբում երեխաներին սիրելը հեշտ չէր: Բայց մսուրային խմբի ղեկավարը հավատ ուներ Քրիստոսի հանդեպ, և նա խոնարհությամբ առաջ շարժվեց` հույսով դեպի Տերը, որ կսիրի այդ երեխաներին: Աստված օրհնեց նրան Քրիստոսի մաքուր սիրով, և երեխաները զգացին այն: Փաստորեն, մսուրային խմբի ղեկավարը գթության կապեր հաստատեց այդ երեխաների հետ: Այդ կապերը դարձան այն հոգևոր խողովակաշարը, որի միջոցով կարողացան հոսել ուսուցումը, քաջալերանքն ու հույսը:

Եղբայրներ և քույրեր, ես աղոթում եմ, որ Աստծո օրհնությունները մեզ վրա գան, որ բոլորս՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ուսուցանում, կարողանանք գործել հավատքի, հույսի, խոնարհության այս սկզբունքներով և սիրենք ավելի մեծ ջանասիրությամբ, քաջությամբ և համբերությամբ, քան երբևէ սիրել ենք նախկինում: Ես գիտեմ, որ եթե մենք անենք այդ, Քրիստոսի շնորհը կուղեկցի մեզ, և մենք իսկապես կդառնանք ուսուցիչներ, ովքեր եկել են Աստծո կողմից` հրաշքներ գործելու մեր ուսանողների կյանքում: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: