Համաշխարհային հոգևոր հավաքներ
Մենք ենք մեր երջանկության ճարտարապետները


Մենք ենք մեր երջանկության ճարտարապետները

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր ես մեծ պատիվ եմ զգում ձեզ դիմելու այս հնարավորության համար: Ես խոր հիացմունք եմ զգում Եկեղեցու երիտասարդ չափահասների հանդեպ, և ուրախանում եմ, որ կարող եմ որոշ ժամանակ անցկացնել ձեզ հետ այս երեկո:

Մի քանի հազար երիտասարդներ եք հավաքվել այս սքանչելի Թաբերնաքլ: Անգամ ավելին ես կարող եմ տեսնել հազարներով հավաքված ժողովատներում ողջ աշխարհով մեկ: Բայց ես գիտեմ, որ դուք ուշադիր եք և պատրաստ սովորելու: Չնայած մեզ բաժանող տարածությանը, ես գիտեմ, որ Սուրբ Հոգին կարող է ներկա լինել, որտեղ էլ որ մենք լինենք: Ավելին, քան արբանյակային հեռարձակումը, Սուրբ Հոգու ներկայությունն է, որ յուրահատուկ կապ է ստեղծում մեր բոլորի միջև: Ես աղոթում եմ, որ Նա լինի մեզ հետ, որ Նա ուսուցանի, ուղղորդի և ոգեշնչի մեզ այս երեկո:

Կյանքը լի է անակնկալներով

Մենք հրաշալի սենյակում ենք, պատմական հուշահամալիրում, որը Սոլթ Լեյք Սիթին հիմնած պիոներների հավատքի և աշխատանքի ապաստանն է եղել: Ես մտել եմ այս Թաբերնաքլ առաջին անգամ, երբ 16 տարեկան էի: Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներ իմ առաջին ճանապարհորդության ժամանակ էր: Հայրս առաջարկեց, որ ես ուղեկցեի իրենց Կալիֆոռնիա իր ուղևորության ժամանակ: Լինելով Ֆրանսիայի հարավում մեծացած պատանի, այդ հրավերը լսելով ես ուրախությունից վեր ցատկեցի: Վերջապես, ես տեսնելու էի Ամերիկան: Իմ ուրախությունն էլ ավելի մեծացավ, երբ իմացա, ըստ մեր ծրագրի շաբաթ և կիրակի օրերը անցկացնելու էինք Սոլթ Լեյք Սիթիում՝ գերագույն համաժողովին մասնակցելու համար:

Ես հիշում եմ, ինչպես ժամանեցինք Յուտա վարձած Ֆորդ Մուստանգով: Երկար ժամեր անցկացրեցինք ճանապարհին` անցնելով ձնե հողմերի, անծայրածիր անապատների, հրաշագեղ նարնջագույն ժայռերի և հիասքանչ սարերի միջով: Տեղանքը ինձ համար մարմնավորում էր Ամերիկյան արևմուտքը, ես աչքերս լայն բացած էի պահում, հույս ունենալով տեսնել ճանապարհին կովբոյների կամ հնդկացիների:

Հաջորդ օրը, մի ընկերոջ օգնությամբ, մենք հայտնվեցինք այս Թաբերնաքլում՝ առաջին շարքում, համաժողովի նիստերին ներկա լինելու համար: Ես շատ տպավորված էի: Ժողովների ընթացքում ես փորձում էի կառչել մի քանի անգլերեն բառերից, որոնք կարողանում էի հասկանալ: Ես դեռ հիշում եմ Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի ելույթը, ոչ թե բառերը, այլ այն խորը ազդեցությունը, որ այն գործեց ինձ պես երիտասարդ տղայի սրտի վրա: Ես կարծես երազում լինեի, սքանչելի արկածի մեջ:

Այդ ժամանակ կարո՞ղ էի ես անգամ պատկերացնել, որ կգար այս երեկոն: Կարո՞ղ էի պատկերացնել, որ ելույթ կունենամ նույն Թաբերնաքլում այսպիսի բազմության առաջ: Բացարձակապես, երբեք:

Կյանքը շատ անակնկալներ ունի, այդպե՞ս չէ: Անգամ հինգ տարի առաջ ես չէի պատկերացնի դա: Այդ ժամանակ ես ընտանիքով ապրում էի Փարիզում, և մեր կյանքը կարծես ամբողջովին ծրագրած էր: Մեր հինգ երեխաները ծնվել են նույն հիվանդանոցում՝ մեր տան կողքին: Մենք չէինք կարող պատկերացնել մեր կյանքը այլ կերպ, այլ վայրում և ոչ թե Փարիզի մերձակա խաղաղ համայնքում, շրջապատված մեր երեխաներով և շուտով սպասվող թոռներով: Ապա մի երեկո Նախագահ Մոնսոնը զանգահարեց մեր տուն և մեր կյանքը գլխիվայր շուռ եկավ:

Այդ ժամանակից ի վեր ես և իմ ընտանիքը բացահայտել ենք Յուտայում ապրելու ուրախությունները՝ Եկեղեցու պատմական վայրերը, սարեր մագլցելը, խորովածները տան բակում՝ արևմուտին, ամեն տեսակի համբուրգերները (ամենալավերը և ամենավատերը), Կուգուարի… կամ Յուտեսի ֆուտբոլային խաղերը: Եվ, երբեք չես իմանա, որ վաղը ճանապարհին հանդիպած կովբոյը, կարող եմ ես լինել:

Ապագան քարտեզավորված չէ

Որպես Նախագահող Եպիսկոպոսության անդամ իմ հանձնարարությունը հետաքրքիր և ոգեշնչող է: Ինչևէ, այս փորձառությունը շատ է տարբերվում պատանի հասակում իմ ունեցած ծրագրերից: Երբ երեխա էի, ուզում էի երկրաբան դառնալ: Տատիկս իր վրա էր վերցրել հետևելու պարտականությունը, որ ես լավ կրթություն ստանայի: Նա տվեց ինձ որպես Թութ Արքա հայտնի երիտասարդ փարավոնի մասին մի գիրք, որից սկսվեց հին քաղաքակրթությունների հանդեպ իմ սերը: Շաբաթ-կիրակի օրերը ես անց էի կացնում, նկարելով հնադարյան ճակատամարտերի պատկերները, իսկ իմ սենյակի պատերը ծածկված էին այդ նկարներով: Ես երազում էի մի օր գնալ Եգիպտոս և մասնակցել եգիպտական հնադարյան տաճարների և փարավոնների դամբարանների պեղումներին:

Տասնամյակներ անց, ես դեռևս երկրաբան չեմ, և, հավանաբար, երբեք չեմ լինի: Ես երբեք չեմ եղել Եգիպտոսում, և Բարձրագույն Իշխանություն դառնալուց առաջ իմ վերջին աշխատանքը սննդի բաշխման հետ էր կապված, որը բավականին տարբերվում էր մանկության իմ ծրագրերից:

Ընդհանուր առմամբ, երիտասարդությունը անձնական նպատակներ դնելու կատարյալ ժամանակ է: Որպես երիտասարդ չափահասներ դուք պետք է երազանքներ ունենաք ձեր ապագայի վերաբերյալ, յուրաքանչյուրդ: Մի գուցե դա սպորտային նվաճման, արվեստի մեծ գործի ստեղծման, դիպլոմ ստանալու կամ մասնագիտությամբ աշխատանք ձեռք բերելու հույս է, որին դուք ձգտում եք աշխատանքի և հաստատակամության միջոցով: Մի գուցե, անգամ ձեր մտքում տեսնում եք ձեր ապագա ամուսնու կամ կնոջ պատկերը, նրա արտաքին տեսքը, բնավորության գծերը, մազերի կամ աչքերի գույնը, և սքանչելի երեխաներին, որոնք կօրհնեն ձեր ընտանիքը:

Քանի՞սը ձեր ցանկություններից կիրականանան: Կյանքը լի է անորոշություններով: Անակնկալները անսպասելիորեն կհայտնվեն կյանքի ձեր ճանապարհին: Ո՞վ գիտի, ինչ կպատահի վաղը, որտեղ դուք կլինեք մի քանի տարի անց և ինչ դուք անելիս կլինեք: Կյանքը նման է հետաքրքրաշարժ վեպի, որի ընթացքը շատ դժվար է կանխատեսել:

Կլինեն վճռորոշ պահեր ձեզ համար, որոնք կարող են փոխել ձեր կյանքի ընթացքը մեկ ակնթարթում: Այդ պահերը կարող են լինել, ոչ պակաս, ոչ ավել, միայն մեկ հայացք կամ զրույց, չծրագրած միջոցառում: Վալերին և ես մինչ այժմ հիշում ենք այն պահը, երբ սիրահարվեցինք: Դա Փարիզում երիտասարդ չափահասների ծխի երգչախմբի պարապմունքի ժամանակ էր: Դա լիովին անսպասելի էր: Մենք ճանաչում էինք իրար մանկությունից, բայց երբեք ռոմանտիկ զգացմունքներ միմյանց հանդեպ չէինք ունեցել: Այդ երեկո ես դաշնակահարն էի, իսկ նա երգում էր խմբի կազմում: Մեր հայացքները հանդիպեցին և ինչ-որ բան կատարվեց: Մեկ վայրկյան ողջ հավերժության համար:

Կլինեն նոր հնարավորություններ, որոնք կմատուցվեն ձեր կյանքում, ինչպես Նախագահ Մոնսոնի վերջերս կատարված հայտարարությունը միսիոներական ծառայության տարիքի վերաբերյալ: Մարգարեի այս հայտարարությունից հետո, մի գուցե, այս պահին Եկեղեցու հազարավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք փոփոխում են իրենց ծրագրերը, որպեսզի գնան միսիայի:1

Երբեմն, մեր կյանքի ընթացքը փոխվում է անսպասելի դժվարությունների կամ հուսահատությունների պատճառով: Ես իմ փորձից գիտեմ, որ մենք միայն մասամբ ենք վերահսկում մեր կյանքի պայմանները:

Մարդկանց մեծ մասը չի սիրում անհայտությունը: Կյանքի անորոշությունը ոմանց համար առաջացնում է վստահության պակաս, վախ ապագայի հանդեպ, որը տարբեր ձևերով է արտահայտվում: Ոմանք չեն համարձակվում պարտավորություն վերցնել՝ վախի կամ անհաջողության հանդիպելու պատճառով, անգամ, երբ լավ հնարավորություններ են ի հայտ գալիս: Օրինակ, նրանք կարող են հետաձգել ամուսնությունը, կրթությունը, ընտանիք ստեղծելը կամ մասնագիտության մեջ կայանալը, նախընտրելով թողնել ամեն ինչ, ինչպես կա, կամ մնալ ծնողների տան հարմարավետ միջավայրում:

Մեկ փիլիսոփայություն, որը սահմանափակում է մեզ, ցուցադրված է այս սկզբունքով. «Կերեք, խմեք և զվարճացեք, քանզի վաղը մենք մեռնելու ենք» (2 Նեփի 28.7): Այս արտահայտությունը նշանակում է, որ քանի որ մենք չգիտենք, ինչ է պատահելու վաղը, և որ բոլորս, ի վերջո, մահանալու ենք, մենք պետք է թույլ տանք մեզ ամեն-ինչ ներկա պահին: Այդ փիլիսոփայությունը խրախուսում է անհապաղ հաճույքներին տրվելը, անկախ դրանց ապագա հետևանքներից:

Հետևեք երջանկության ուղով

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր իմ ուղերձն է ձեզ, որ բացի վախի, կասկածի և ինքնաբավարարման ճանապարհից կա այլ ճանապարհ, որը կյանքում բերում է խաղաղություն, վստահություն և հանգստություն: Դուք չեք կարող վերահսկել ձեր կյանքի բոլոր իրավիճակները: Եվ լավ, և դժվար բաներ կարող են պատահել, որոնք դուք երբեք չեք ակնկալել: Բայց ես հայտարարում եմ, որ դուք վերահսկում եք ձեր անձնական երջանկությունը: Դուք դրա ճարտարապետներն եք:

Ես դեռ հիշում եմ այս իմաստուն խոսքերը, որ հնչեցրեց Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը վերջին գերագույն համաժողովին:

«Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի շատ ենք ետ նայում և գիտակցում, որ արտաքին հանգամանքներն իրականում նշանակություն չունեն կամ չեն որոշում մեր երջանկությունը:

«… Մենք ենք որոշում մեր երջանկությունը»:2

Ոչ, ձեր երջանկությունը, իրականում, ձեր կյանքի հանգամանքների արդյունքը չէ: Ավելի շուտ, դա ձեր հոգևոր տեսիլքի և սկզբունքների արդյունքն է, որոնց վրա դուք հիմնում եք ձեր կյանքը: Այդ սկզբունքները ձեզ երջանկություն կբերեն, անկախ անսպասելի դժվարություններից և անակնկալներից, որոնք դուք, անշուշտ, կհանդիպեք այստեղ երկրի վրա ձեր ճանապարհորդության ընթացքում:

Այս երեկո ես առաջարկում եմ կրկին դիտարկել այդ էապես կարևոր սկզբունքները:

1. Ճանաչեք ձեր անձնական արժեքը:

Առաջին սկզբունքն է. Ճանաչեք ձեր անձնական արժեքը:

Այս ամառ ընտանիքս և ես մի քանի հանգստյան օր ենք անցկացրել հարավային Ֆրանսիայի հիասքանչ վայրում` Պրովանսում: Մի երեկո, արևամուտից անմիջապես հետո, երբ խավարը պարուրեց շրջակա բնությունը, ես որոշեցի պարգևել ինձ հանդարտության մի պահ, հարմարվելով լայն բազկաթոռին մաքուր օդին: Շուրջն այնքան մութ էր, որ ես դժվարանում էի տարբերել շուրջս որևէ բան: Աչքերս սկսեցին զննել երկինքը. Սկզբում այն անանցանելի սև էր. Հանկարծ մի լույս հայտնվեց երկնքում, կայծի նման, ապա երկու, հետո երեք: Աստիճանաբար աչքերս ընտելացան խավարին, և ես գիտակցեցի, որ հիանում էի անհամար աստղերով: Այն, ինչ ինձ համար սև երկինք էր, վերածվեց Հարդագողի ճանապարհին:

Ես մտածեցի. «Սա փոքր ինչ նման է մեր անձնական հարաբերություններին Աստծո հետ: Քանի՞ մարդ է համարում, որ Նա շատ հեռու է կամ գոյություն չունի: Այդ մարդկանց համար կյանքը շատ խավար և սև է: Նրանք ժամանակ չեն գտնում կամ ջանք գործադրում՝ զննելու երկինքը և տեսնելու, որ Նա այնտեղ է, այդքան մեզ մոտ»:

Միտքս շարունակում էր թափառել: Ես խորհում էի իմ աչքերի առաջ բացված տիեզերքի անսահմանության և իմ անձնական ֆիզիկական անկարևորության մասին, և ես հարց տվեցի ինձ. «Ո՞վ եմ ես այս մեծության և հրաշագեղության առաջ»: Միտքս եկավ մի սուրբ գրություն: Դա շատ գեղեցիկ հատված է, Դավթի սաղմոսներից մեկը, որի պոեզիան միշտ ոգեշնչել է ինձ:

«Երբոր տեսնում եմ երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

Ինչ է մարդը, որ դու հիշում ես նորան, և մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8.3–4):

Անմիջապես հետևում է այս սփոփիչ արտահայտությունը.

«Եվ մի քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատվով պսակեցիր նորան» (Սաղմոս 8.5):

Սա Արարման պարադոքսն ու հրաշքն է: Տիեզերքը անծայր ու անսահման է, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրս ունի իր ուրույն արժեքը՝ փառավոր և անսահման մեր Արարչի աչքերում: Իմ ֆիզիկական ներկայությունը չնչին է, սակայն իմ անձնական արժեքը անգնահատելի կարևորություն ունի իմ Երկնային Հոր համար:

Նախագահ Ուխդորֆը հայտարարել է.

«Որտեղ էլ որ լինեք, ինչպիսին էլ լինեն ձեր պայմանները, դուք մոռացված չեք: Անկախ նրանից, թե որքան խավար կարող են թվալ ձեր օրերը, անկախ նրանից, թե որքան աննշան կարող եք ձեզ զգալ, անկախ նրանից, թե որքան ստվերված ձեզ կարող եք համարել, ձեր Երկնային Հայրը չի մոռացել ձեզ: Հիրավի Նա սիրում է ձեզ անսահման սիրով:

…Դուք ճանաչված եք և հիշվում եք տիեզերքում ամենավեհափառ, ամենազորավոր և ամենափառավոր էակի կողմից: Դուք սիրված եք անսահման տիեզերքի և հավիտենական ժամանակի Թագավորի կողմից»:3

Երբ գիտես, որ Աստված ճանաչում և սիրում է քեզ անձնապես, նման է լույսի, որը լուսավորում է մեր կյանքը և իմաստ հաղորդում դրան: Ես հիշում եմ մի երիտասարդ կնոջ, որն եկավ հանդիպելու ինձ Հռոմում իմ անցկացրած հոգևոր երեկոյից հետո: Նրա ձայնը հուզված էր, նա պատմեց ինձ իր քրոջ մասին, որը դժվարությունների և հուզումների միջով էր անցնում: Ապա նա տվեց ինձ այս հարցը. «Ինչպե՞ս ես կարող եմ օգնել նրան իմանալ, որ իր Երկնային Հայրը սիրում է իրեն»:

Արդյո՞ք դա չէ հիմնական հարցը: Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, որ Աստված սիրում է մեզ: Հաճախ մեր անձնական արժեքի զգացումը, որը մենք ունենք, հիմնվում է այն սիրո և հետաքրքրության վրա, որը մենք ստանում ենք նրանցից, ովքեր մեր շուրջն են: Սակայն այդ սիրո մեջ ինչ-որ բան պակասում է: Մարդկանց սերը հաճախ անկատար, ոչ լիարժեք կամ եսասեր է:

Սակայն Աստծո սերը կատարյալ է, լիարժեք և անեսասեր: Ով էլ որ ես լինեմ, անկախ նրանից, ընկերներ ունեմ, թե ոչ, հանրաճանաչ եմ, թե՝ ոչ, անգամ, եթե մերժվում կամ հալածվում եմ ուրիշների կողմից, ես բացարձակապես վստահ եմ, որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ: Նա գիտի իմ կարիքը, Նա հասկանում է իմ խնդիրները, Նա անհամբերությամբ սպասում է, որ օրհնի ինձ: Եվ Նրա սիրո մեծագույն դրսևորումն այն է, որ Նա «այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվավ» (Հովհաննես 3.16): Նա չհեռացրեց Փրկչի դառը բաժակը և, անշուշտ, ցավերի մեջ էր նույնպես, տեսնելով, թե ինչպես է Իր Որդին տառապում Գեթսեմանի այգում և խաչի վրա: Քրիստոսը քավեց բոլոր մարդկանց մեղքերը, և այդ մեծ Քավության մի մասը ինձ համար էր նախատեսված և պահվել էր այսօրվա համար: Այս անսահման պարգևը, որ կիսել են Հայրը և Նրա Որդին, հաստատում է իմ հոգուն, որ ես անձնական արժեք ունեմ Նրանց համար:

Իմ եղբայրներ և քույրեր, պատկերացրեք, թե ինչ նշանակություն կունենա ձեզ համար այն փաստը, որ դուք տեսնեք ձեզ այնպես, ինչպես ձեզ տեսնում է Աստված: Ի՞նչ կլինի, եթե դուք վերաբերվեք ձեզ նույն գթությամբ, սիրով և վստահությամբ, որ ունի Աստված: Պատկերացրեք, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ձեր կյանքի վրա, երբ դուք հասկանաք ձեր հավերժական ներուժը, ինչպես Աստված է հասկանում դա: Եթե նայեք ձեզ Նրա աչքերով, ի՞նչ ազդեցություն դա կունենա ձեր կյանքի վրա:

Ես վկայում եմ, որ Նա գոյություն ունի: Գտեք Նրան: Փնտրեք և ուսումնասիրեք: Ես խոստանում եմ ձեզ, որ Աստված կուղարկի ձեզ Իր գոյության և ձեր հանդեպ Իր սիրո ակնհայտ նշաններ: Դա կարող է լինել աղոթքի պատասխանը, Սուրբ Հոգու հանգստացնող կամ սփոփող մեղմ ազդեցությունը, հանկարծակի ներշնչում կամ թարմ ուժ, որը, դուք գիտեք, որ ձեզանից չէ, դա կարող է լինել ընտանիքի որևէ անդամ, ընկեր կամ քահանայության ղեկավար, ով հայտնվում է ճիշտ վայրում ճիշտ ժամանակին՝ ձեր կյանքը օրհնելու համար: Եթե դուք փնտրեք Նրան, այսպես կամ այնպես Նա ձեզ իմաց կտա, որ գոյություն ունի:

2. Դարձեք նա, ով կաք:

Այժմ, երջանկության երկրորդ սկզբունքը. Դարձեք նա, ով կաք:

«Դարձեք նա, ով կաք» այս արտահայտությունը պատկանում է Փինդարին՝ հույն բանաստեղծներից առավել հռչակավորին:4 Այն հնչում է պարադոքսի նման: Ինչպե՞ս ես կարող եմ դառնալ այն, ով արդեն կամ:

Թույլ տվեք լուսաբանել այս սկզբունքը մի պատմության միջոցով: Վերջերս դիտեցի մի ֆիլմ, որը կոչվում է Գիտակից տարիք: Այդ ֆիլմը պատմում է Մարգրիթ անունով բարգավաճող մի բանկի կառավարչի մասին, ով տենդագին կյանք է վարում, լի ուղևորություններով և համաժողովներով երկրի չորս ծայրերում: Թեև նա ամուսնացած է, նա երեխա ունենալու ժամանակ չունի:

Այն օրը, երբ նա դառնում է 40 տարեկան, նա ստանում է մի խորհրդավոր նամակ, որում կարդում է. «Սիրելի ես, այսօր ես յոթ տարեկան եմ և գրում եմ քեզ այս նամակը օգնելու համար հիշել այն խոստումները, որ ես տվել եմ գիտակից տարիքում, նաև, որ հիշես, թե ով էի ես ուզում դառնալ»: Հանկարծակի Մարգրիթը հասկանում է, որ նամակի հեղինակը հենց ինքն է՝ յոթ տարեկանում: Հաջորդ մի քանի էջերում փոքրիկ աղջիկը մանրամասն նկարագրում է իր կյանքի նպատակները:

Մարգրիթը հասկանում է, որ այն անձը, որը նա դարձել է, ոչնչով նման չէ նրան, ով նա ցանկանում էր դառնալ, երբ փոքր աղջիկ էր: Երբ նա որոշում է վերագտնել այն անձնավորությանը, որը պատկերացնում էր մանուկ հասակում, նրա խնամքով ծրագրած և կազմակերպված կյանքը տակնուվրա է լինում: Նա հաշտվում է իր ընտանիքի հետ և որոշում է իր կյանքի մնացած մասը նվիրել կարիքավոր մարդկանց ծառայելուն:5

Իմ սիրելի ընկերներ, եթե դուք այժմ ստանայիք նամակ ձեր անցյալից, ի՞նչ գրված կլիներ այնտեղ: Ի՞նչ գրված կլիներ նամակում, որը դուք գրած կլինեիք ինքներդ ձեզ ձեր մկրտության օրը, երբ ութ տարեկան էինք: Ես կգնամ անգամ էլ ավելի հետ: Եթե հնարավոր լիներ նամակ ստանալ ձեր նախաերկրային կյանքից, ի՞նչ գրված կլիներ: Ի՞նչ ազդեցություն կունենար ձեզ վրա նման նամակը մոռացված, սակայն իրական աշխարհից,, եթե ստանայիք այն այսօր:

Այդ նամակում, մի գուցե, ասվեր. «Սիրելի ես, ես գրում եմքեզ, որ դու հիշես, թե ով եմ ես ուզում դառնալ: Ես ուրախությունից գոչել եմ՝ իմանալով երկիր գալու հնարավորության մասին: Ես գիտեմ, որ կյանքը երկրի վրա կարևորագույն անցում է, որը թույլ կտա ինձ աճել, հասնելով իմ ողջ ներուժին, և ապրել իմ Երկնային Հոր հետ: Ես հուսով եմ, դու կհիշես, որ իմ մեծագույն ցանկությունն է լինել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտը: Ես սատարում եմ Նրա ծրագրին, և երբ երկրի վրա լինեմ, ուզում եմ օգնել Նրան փրկության Նրա աշխատանքում: Խնդրում եմ, հիշեիր նաև, որ ես ուզում եմ լինել մի ընտանիքի մեջ, որը միասին կլինի ողջ հավերժություն»:

Այս վերջին միտքը ինձ հիշեցնում է մի շատ սքանչելի երգի մասին, որը գտնվում է Եկեղեցու օրհներգերի ֆրանսիական գրքում, որը գոյություն չունի որևէ այլ երկրի հիմների գրքում: Այն վերնագրված է՝ «Souviens-toi» (Սուվյեն թուա), ինչը նշանակում է «Հիշիր», իսկ երաժշտությունը Էնթոնին Դվորժակի Նոր աշխարհի սիմֆոնիայից է: Դա ծնողի կողմից նորածին երեխային ուղղված երգ է:

Թույլ տվեք կարդալ ձեզ համար երրորդ տունը.

«Հիշիր, փոքրիկս՝ ժամանակների լուսաբացին

Մենք ընկերներ էինք, որ խաղում էինք քամու փեշին:

Ապա, մի օր, Տիրոջ կյանքի

Մեծ ծրագիրը ընդունեցինք ուրախ սրտով:

Այդ երեկո, իմ բալիկ, խոստացանք մենք,

Որ հավատքի, սիրո շնորհիվ, մի օր կմիավորվենք»:6

«Հիշիր, փոքրիկս»: Կյանքի մեծագույն արկածներից մեկն այն է, որ գտնենք, թե ով ենք մենք իրականում, որտեղից ենք եկել, ապա ապրենք մեր ինքնությանը և մեր գոյության նպատակին համահունչ:

Բրիգամ Յանգն ասել է. «Մեծագույն դասը, որը դուք կարող եք սովորել, դա ճանաչելն է ինքներդ ձեզ… Դա իմանալու համար դուք պետք է գաք այստեղ … Ոչ մի էակ չի կարող լիովին ճանաչել ինքն իրեն, առանց քիչ թե շատ իմանալու Աստծո բաները, ոչ էլ որևէ մեկը կարող է ճանաչել կամ հասկանալ Աստծո բաները, առանց ճանաչելու ինքն իրեն. նա պետք է ճանաչի ինքն իրեն, այլապես երբեք չի ճանաչի Աստծուն»:7

Վերջերս, դուստրերս նշեցին, որ այդ սկզբունքի հիանալի այլաբանությունը երևում է Առյուծ Արքան ֆիլմում: Ձեր սերունդը մեծացել է այդ ֆիլմի հնչյունների և պատկերների ներքո: Դուք, հավանաբար, հիշում եք այն դրվագը, երբ Սիմբային այցելում է նրա հայրը՝ Մուֆասան, հանգուցյալ թագավորը: Հոր մահից հետո Սիմբան փախչել էր թագավորությունից, որովհետև մեղավոր էր իրեն զգում իր հոր մահվան համար: Նա ուզում էր փախչել թագաժառանգի իր պատասխանատվությունից:

Նրա հայրը հայտնվում է իրեն և նախազգուշացնում. «Դու մոռացել ես, թե ով ես, և, այդպիսով, մոռացել ես ինձ: Նայիր հոգուդ մեջ, Սիմբա: Դու ավելին ես, քան դարձել ես: Դու պետք է զբաղեցնես կյանքի շրջանում քո տեղը»: Ապա այդ հրավերը կրկնվեց մի քանի անգամ. «Հիշիր, թե ով ես դու: … Հիշիր, թե ով ես դու»:

Սիմբան, որ ամբողջովին ցնցված էր այդ փորձառությամբ, որոշում է ընդունել իր ճակատագիրը: Նա խոստովանում է իր ընկերոջը՝ շաման կապիկին. «Կարծես, քամիները փոխվում են»:

Կապիկը պատասխանում է. «Փոփոխությունը լավ է»:

Իսկ Սիմբան ասում է. «Սակայն հեշտ չէ: Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Բայց ետ գնալ նշանակում է հանդիպել անցյալին: Ես փախչում էի դրանից այդքան երկար ժամանակ»:

«Ո՞ւր ես գնում», - հարցնում է նրան կապիկը:

«Ես վերադառնում եմ», - բացականչում է Սիմբան:8

Մենք բոլորս կարող ենք զբաղեցնել կամ ետ վերադարձնել մեր տեղը կյանքի շրջանում: Դարձեք նա, ով դուք իրականում կաք: Ձեր երջանկությունը և կյանքում հավասարակշռություն գտնելու ունակությունը ի հայտ կգան, երբ դուք գտնեք, ճանաչեք և ընդունեք ձեր իսկական ինքնությունը որպես մեր Երկնային Հոր զավակ, ապա ապրեք այդ գիտելիքին համապատասխան:

3. Ապավինեք Աստծո խոստումներին:

Այժմ ես ձեզ հետ կիսվում եմ երջանկության երրորդ սկզբունքով. Ապավինեք Աստծո խոստումներին:

Ես սիրում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի այս խրախուսող խոսքերը. «Ապագան նույնքան պայծառ է, որքան ձեր հավատքը»:9 Կյանքում մեր հաջողությունը և երջանկությունը մեծամասամբ կախված են այն հավատքից և վստահությունից, որ մենք ունենք դեպի Տերը առ այն, որ Նա կղեկավարի և կուղեկցի մեզ՝ մեր ճակատագրին հասնելու համար:

Ես նկատել եմ, որ տղամարդիկ և կանայք, ովքեր կյանքում նշանակալից նվաճումներ են ունենում, հաճախ մեծ վստահություն են ունենում իրենց ապագայի հանդեպ դեռ պատանի տարիքից: Դրա օրինակն է Ուինսթոն Չերչիլը՝ բրիտանացի նշանավոր պետական այրերից մեկը: Պատանի հասակում նա անսասան վստահություն է ունեցել իր ապագայի նկատմամբ: Երբ 23 տարեկանում ծառայում էր հեծելազորի գնդում Հնդկաստանում, նա գրեց իր մորը. «Ես հավատում եմ իմ աստղին, որ ես ինչ-որ բան պետք է անեմ աշխարհում»:10 Ինչպիսի մարգարեական միտք: Նա, իրականում, կանխատեսել էր, որ պետք է դառնար կարևոր կերպար իր երկրի պատմության մեջ, և դարձավ այն մարդը, ով տարավ Մեծ Բրիտանիան դեպի հաղթանակ Երկրորդ Աշխարհամարտում:

Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու երիտասարդ անդամներից յուրաքանչյուրիդ համար կա շատ ավելին, քան մի առաջնորդող աստղ երկնքում: Տերը հսկում է ձեզ և խոստումներ է տվել ձեզ:

Մաղաքիայի գրքից մի սուրբ գրություն ավետարանի Վերականգնման սիրտն է հանդիսանում և մեջբերվել է Մորոնի հրեշտակի կողմից պատանի Ջոզեֆ Սմիթին կատարած նրա յուրաքանչյուր այցի ժամանակ: Մեջբերելով Եղիա մարգարեից, հրեշտակն ասել է. «Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տրված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.39):

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, ի շնորհիվ Վերականգնմանը, դուք խոստումի զավակներ եք: Որպես ժառանգություն դուք կստանաք ձեր հայրերից տրված խոստումները: Տիրոջից եկող այդ խոստումները դարձնում են ձեզ արքայական սերնդի մասը:

Ձեզանից շատերը, ում ես դիմում եմ, ունեն ազնվաբարո պիոներներ իրենց նախնիների շարքերում՝ մեծ հոգիներ, ովքեր օգնել են հիմնել վերականգնված Եկեղեցին իրենց քաջությամբ և զոհաբերությամբ: Քաջարի Սրբերի սերունդներ են նախորդել ձեզ: Մյուսները, որ լսում են ինձ այսօր, պիոներներ են իրենց սեփական ընտանիքներում և երկրներում: Դուք առաջին օղակն եք հավերժական դարձող շղթայում: Ինչպիսին էլ որ լինի ձեր պատմությունը կամ ժառանգությունը, որպես Եկեղեցու անդամներ դուք կապված եք հոգևոր ընտանիքի հետ: Ձեր հոգևոր տոհմաբանությունը դարձնում է յուրաքանչյուրիդ հայրերի հետնորդներ, ինչպես կանխատեսվել է մարգարեների կողմից, և նրանց տրված Աստծո խոստումների ժառանգորդներ:

Վերընթերցեք ձեր հայրապետական օրհնությունը: Այդ օրհնության մեջ Տերը հաստատում է, որ դուք կապված եք Իսրայելի տասներկու ցեղերից մեկին, և այդ պատճառով, ձեր հավատքի միջոցով, դուք դառնում եք Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացված ահռելի օրհնությունների ժառանգորդները: Աստված խոստացել է Աբրահամին, որ «բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն [Նրա] անունով, և կհամարվեն [Նրա] սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր» (Աբրահամ 2.10):Ձեր հայրապետական օրհնությունը կարդալիս, ուշադրություն դարձրեք այն խոստումներին, որոնք Տերը տվել է ձեզ անձնապես: Խորհեք դրանցից յուրաքանչյուրի մասին: Ի՞նչ են դրանք նշանակում ձեզ համար:

Այդ խոստումները շոշափելի են, և եթե մենք անենք մեր մասը, Աստված կանի Իր մասը: Ես իսկապես, սիրում եմ Ալմայի այս խոսքերը, ասված այն օրը, երբ նա հանձնեց սուրբ գրառումները իր որդի Հելամանին.

«Հիշիր, հիշիր, որդիս, Հելաման, …

…Եթե դու պահպանես Աստծո պատվիրանները և վարվես այս բաների հետ, որոնք սրբազան են, համաձայն նրա, ինչ Տերը կպատվիրի քեզ, … ահա, ոչ մի զորություն երկրի կամ դժոխքի չի կարող վերցնել դրանք քեզանից, քանզի Աստված զորավոր է բոլոր իր խոսքերն իրագործելիս:

Քանզի նա կկատարի բոլոր իր խոստումները, որոնք նա կտա քեզ, քանզի նա կատարել է իր խոստումները, որոնք նա տվել էր մեր հայրերին» (Ալմա 37.13, 16–17):

Աստծո խոստումների իրականացումը միշտ կապված է դրանց առնչվող օրենքներին հնազանդվելու հետ: Տերն ասել է. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք» (ՎևՈւ 82.10):

Մյուս կողմից, այդ խոստումները չեն երաշխավորում, որ այն ամենը, ինչ կպատահի մեր կյանքում, կհամապատասխանի ձեր սպասումներին և ցանկություններին: Ավելի ճիշտ, Աստծո խոստումները երաշխավորում են, որ այն, ինչ կպատահի մեզ հետ, կլինի համապատասխան Նրա կամքին: Երբեմն առաջ կգան անսպասելի փորձություններ, որոնք մենք պետք է հաղթահարենք, երբեմն խոստացված օրհնությունները երկար իրենց սպասել կտան: Բայց կգա ժամանակը, երբ մենք կիմանանք, որ այդ փորձությունները և այդ ուշացումները մեր օգտի և մեր հավերժական առաջընթացի համար էին: Կարո՞ղ ենք մենք ավելին խնդրել:

Կյանքում մեր մեծագույն ցանկությունը կարող է լինել մեր կամքը Տիրոջ կամքին համապատասխանեցնելը, մեր կյանքում Նրա օրացույցը ընդունելը: Նա գիտի ամեն-ինչ սկզբից ի վեր, ունի հեռանկար, որը մենք չունենք, և սիրում է մեզ անսահման սիրով:

Թույլ տվեք ներկայացնել այս սկզբունքը անձնական փորձի միջոցով: Երբ ես երիտասարդ էի, որոշեցի պատրաստվել ընդունելության քննություններին Ֆրանսիայի լավագույն բիզնես դպրոցի համար: Այդ պատրաստվելը, որը տևեց մեկ տարի, շատ դժվար էր և ամենօրյա անհատական աշխատանք էր պահանջում: Տարվա սկզբին ես որոշեցի, որ անկախ աշխատանքի ծանրությունից, ես երբեք թույլ չեմ տա, որ պարապմունքներս խանգարեն կիրակինօրյա ժողովներին կամ շաբաթը մեկ անգամ ինստիտուտի դասին մասնակցելուն: Ես անգամ համաձայնվեցի ծառայել որպես գործավար երիտասարդ չափահասների իմ ծխում, որը պահանջում է շաբաթական մի քանի ժամ աշխատանք: Ես վստահ էի, որ Տերը կընդունի իմ հավատարմությունը և կօգնի հասնել իմ նպատակներին:

Տարեվերջին, երբ մոտեցավ քննաշրջանը, ես զգում էի, որ արել եմ այն ամենը, ինչ կարող էի: Ես էլ ավելի եռանդուն դարձա իմ աղոթքներում և ծոմ պահելիս: Երբ ես ժամանեցի ամենահեղինակավոր դպրոցի քննություններին, լիարժեք վստահություն ունեի, որ Տերը կպատասխաներ իմ ցանկություններին: Դժբախտաբար, իրադարձությունները բոլորովին այնպես չդասավորվեցին, ինչպես ես հույս ունեի: Բանավոր քննությունն այն առարկայից, որից ես ուժեղ էի, անսպասելի տապալում դարձավ. ես ստացա այնպիսի գնահատական, որը թույլ չէր տալիս ինձ ընդունվել այդքան ցանկալի դպրոցը: Ես միանգամայն ցնցված էի: Ինչպե՞ս կարող էր Տերը լքել ինձ, երբ ես պահել էի իմ հավատարմությունը:

Երբ ես ներկայացա իմ ցուցակում երկրորդ տեղում գտնվող դպրոցի բանավոր քննություններին, ես լի էի կասկածներով և անորոշությամբ: Այդ դպրոցում ամենամեծ կշիռ ունեցող քննությունը 45-րոպեանոց հարցազրույցն էր հանձնաժողովի հետ, որի նախագահը դպրոցի տնօրենն էր: Հարցազրույցի սկիզբը նորմալ էր … մինչև որ ինձ ուղղեցին աննշան թվացող մի հարց. «Մենք գիտենք, որ դուք շատ եք պարապել այս քննությանը պատրաստվելու համար: Սակայն մեզ հետաքրքիր է, թե ինչով եք զբաղվում պարապելուց բացի»: Սիրտս փոքր ինչ խփեց: Մեկ տարի ես միայն երկու գործով էի զբաղված՝ սովորելով և Եկեղեցի գնալով: Ես գիտեի, որ դա ճշմարտության պահն էր: Ինչևէ, ես վախենում էի, որ հանձնաժողովը բացասական կմեկնաբաներ Եկեղեցուն իմ անդամակցելու իրողությունը: Սակայն, մեկ վայրկյանում, ես որոշում կայացրեցի, որ հավատարիմ կմնամ իմ սկզբունքներին:

Ես ասացի. «Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»: Ապա, մոտ 15 րոպե ես նկարագրում էի իմ գործունեությունը Եկեղեցում՝ կիրակնօրյա ժողովները, ինստիտուտի դասերը, ծխի գործավարի իմ պարտականությունները:

Երբ ավարտեցի, դպրոցի տնօրենն ասաց. «Գիտեք, ես ուրախ եմ, որ ասացիք դա: Երբ ես երիտասարդ էի, սովորում էի Միացյալ Նահանգներում: Իմ լավագույն ընկերներից մեկը մորմոն էր: Նա հրաշալի երիտասարդ էր, մարդկային մեծ արժեքների տեր մարդ: Ես գտնում եմ, որ մորմոնները շատ լավ մարդիկ են»:

Ինչպիսի թեթևացում: Այդ օրը ես ստացա հնարավոր լավագույն թվանշանները, որոնք թույլ տվեցին ինձ ընդունվել այդ դպրոց պատվավոր կոչումով:

Ես շնորհակալություն հայտնեցի Տիրոջը Իր բարության համար: Ինչևէ, այդ ժամանակ ես չէի կարողանում հաշտվել ամենամեծ համբավ ունեցող դպրոցը չընդունվելու համար: Երկար ժամանակ ես իմ մեջ էի պահում անհաջողության և, անգամ, անարդարության զգացումը: Մի քանի տարի պահանջվեց մինչև ես հասկացա, թե ինչ հրաշալի օրհնություն էր իմ երազանքների դպրոց ընդունվելու անհաջողությունը: Երկրորդ դպրոցում ես հանդիպեցի կարևորագույն մարդկանց: Նրանց հետ իմ ծանոթությունը մեծ օգուտ բերեց իմ ողջ կարիերայի ընթացքում, և դեռ այսօր կարևոր տեղ է զբաղեցնում իմ և իմ ընտանիքի կյանքում: Այժմ ես գիտեմ, որ անգամ իմ այդ երիտասարդ տարիքում Տերը առաջնորդում էր իմ քայլերը, կանխավ իմանալով, թե ինչ միսիա էր Նա խնդրելու, որ ես կատարեի իմ հետագա կյանքում:

Իմ եղբայրներ և քուրեր, նրանից հետո, երբ դուք արել եք այն ամենը, ինչ ձեր ուժերի սահմաններում է, եթե ամեն-ինչ չի ընթանում այնպես, ինչպես դուք հույս ունեիք կամ ակնկալում էիք, պատրաստ եղեք ընդունելու ձեր Երկնային Հոր կամքը: Մենք գիտենք, որ Նա չի դնի մեր ուսերին մի բան, որը, ի վերջո, մեր բարիքի համար չէ: Լսեք այս հանգստացնող ձայնը, որը շշնջում է մեր ականջին. «Ամեն մարմին իմ ձեռքում է. հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» (ՎևՈւ 101.16):

Վերջերս ես դիտեցի մի շատ հուզիչ ֆիլմ, որը պատմում էր Վիլլի և Մարտին ձեռնասայլակների ընկերությունների պատմությունը: 1856թ. մայիսին երկու հաջորդական խմբեր, կազմված ավելի քան հազար Սրբերից, հեռացան Անգլիայից, որ գաղթեին Յուտա: Երբ վեց ամիս անց նրանք ժամանեցին Սոլթ Լեյքի Հովիտ դժվարագույն ճանապարհորդության ավարտին, ավելի քան 200 հոգի պակասում էին: Մեծ մասը հիվանդությունից, սովից կամ հյուծվածությունից մահացել էին ճանապարհին, որը տանում էր դեպի «Սիոն» կոչվող վայրը:

Պիոներներից մեկը, որի մասին պատմում էր ֆիլմը, խորապես տպավորեց ինձ: Նա հեղեղում էր ընկերությունը իր լավ հումորով և եռանդով: Սակայն, նա այդքան էլ նման չէր սովորական պիոներներին: Փոքրամարմին և ծանր հաշմանդամ լինելով, նա ինքն իրենով հրաշք էր: Ես իմացա, որ այդ քաջարի պիոները Ռոբերտ Փիերսն էր Չելտենհեմից, Անգլիա:

Նրա ուղեկիցներից մեկը նրան նկարագրում էր որպես «ամենավատ հաշմանդամը, որին ես տեսել էի որպես ճամփորդող: Նրա ոտքերը կաթվածահար էին, իսկ մարմինը սաստիկ դեֆորմացված, բայց նա ուժեղ էր իր հավատքի մեջ: Նա կարողանում էր զարմանալիորեն արագ շարժվել հենակների օգնությամբ»:11

Մի օր Ռոբերտ Փիերսը սխալ ուղով գնաց և կորցրեց տեսադաշտից խմբին: Մի քանի տղամարդ գնացին նրան որոնելու և, ի վերջո, գտան նրան շատ անհարմար իրավիճակում: Ես մեջբերում եմ նրանց խոսքերը.

«Սարսափով մենք տեսանք մի մեծ ծառի շուրջը երկու խոշոր գայլերի, որ պտտվում էին կողքին, և կես տասնյակ արծիվներ, որ սավառնում էին ծառի վերևում, սպասելով, որ նա դադարեր իր աղաղակները և հենակներով շարժումները, որ հարձակվեին և հոշոտեին նրան՝ ծառի արմատների տակ գերի ընկած դիրքում: …

Մենք հասանք ճիշտ ժամանակին, փրկելով նրան իր անխուսափելի ճակատագրից, հանելով և տեղավորելով նրան սայլակի վրա այնպիսի դիրքում, որ գնայինք հետ՝ ճամբար»:

Իսկ այժմ մի քանի խոսք Ռոբերտի կոփված բնավորության մասին. «Որքան էր խեղճը աղաչում մեզ, որ թույլ տայինք իրեն քայլել, ասելով, որ ճանապարհորդությունը սկսելուց խոստացել էր, որ քայելով կանցներ դեպի Սոլթ Լեյք Սիթի ամեն մի մետրը»:

Ապա, պատմության տխուր մասը. «Սակայն մենք փրկեցինք նրան միայն մի քանի օր ավել ճանապարհորդելու համար, քանի որ վեցերորդ օրվա վերջում այս աշխարհի նրա հոգսերը ավարտվեցին և նրան թաղեցինք Էլխորն գետի ափին»:12

Քույր Ջոլին Էլփինը, ով գրել է Ռոբերտ Փիերսի մասին պատմությունը, ասել է նրա մասին. «Իսկապես ուշագրավ է, որ Ռոբերտ Փիերսը ճանապարհորդեց 600 մղոն իր հենակների վրա, մինչև որ հանձնվեց ճանապարհի դժվարություններից: Նրա սրտի ցանկությունն էր՝ միավորվել Սրբերին Սիոնում և բեռ չլինել իր ուղեկիցներից որևէ մեկի համար:… Ռոբերտը չէր ցանկանում ընդունել օգնություն կամ հատուկ բուժում»:13

Եղբայրներ և քույրեր, ես ինձ հետևյալ հարցն եմ տալիս՝ Ինչո՞ւ Աստված, որը հրաշքով փրկեց մեծ հավատքի տեր այդ մարդուն գայլերից և արծիվներից, թույլ տվեց, որ միայն մի քանի օր անց նա մահանար ճանապարհի եզրին:

Նրա մահը խոր հանգստության մարմավորում էր: Ֆիլմում, մահից առաջ, նա ասում է.

«Միսիոներները ինձ ասել են, որ ես կարևոր եմ և մի օր կլինեմ հիանալի վիճակում: …

Ես միշտ ամուր մարմին եմ ցանկացել: Այժմ ես կունենամ այն: Երբ հասնեք Սիոն, մտածեք իմ մասին»:14

Հարգանքով դեպի Ռոբերտ Փիերսի խոսքերը, ես մտածում եմ Եբրայեցիներին հղված Պողոսի նամակի խոսքերի մասին.

«Սորանք ամենը մեռան հավատքի մեջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց և ուրախանում. և բարևում էին և դավանում, թե օտարականներ և պանդուխտներ էին երկրումը:

…Այնպիսի բաներ խոսողները հայտնի ցույց են տալիս, որ մի հայրենիք են որոնում: …

Բայց հիմա ավելի ազնիվին են ցանկանում, այսինքն երկնավորին» (Եբրայեցիս 11.13–14, 16):

Վերջում Ռոբերտ Փիերսը հասկացավ, որ իր վերջնակետը երկնային արքայությունն էր, ոչ թե Սոլթ Լեյքի Հովիտը:

Ինչպեսև մեր բոլորի համար է: Տիրոջ խոստումները հավաստիացնում են մեզ, թե որն է մեր վերջնակետը: Յուրաքանչյուրիս ճանապարհի ծրագիրը տարբեր կլինի ըստ Աստծո կանխագիտությանը: Մեր պայմանները կարող են փոխվել, անսպասելի իրադարձություններ կարող են ի հայտ գալ, սակայն մեզ տրված Աստծո խոստումները ապահովված են մեր հավատարմության միջոցով:

Քույր Էն Ս. Փինգրին հրաշալիորեն նախանշել է, թե ինչ է նշանակում հավատք ունենալ առ Տիրոջ խոստումները: Նա սկսել է Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի խոսքերով.

«Հավատքն իր լիարժեք և մաքուր ձևով պահանջում է անսասան վստահեցում և … բացարձակ վստահություն, որ [Աստված] կլսի մեր աղերսները և կպատասխանի մեր խնդրանքներին Իր ուրույն ժամանակին: Հավատալով դրան, մենք նույնպես կարող ենք «մնալ հաստատուն հավատքում» այսօր և վաղը»:

Ապա նա շարունակում է.

«Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք ապրում կամ ինչպիսին են մեր անձնական պայմանները: Ամեն օր արդարակյաց մեր կյանքը կարող է արտացոլել առ Հիսուս Քրիստոս հավատքը, որը անցնում է մահկանացու ցավերից, հուսահատություններից և չիրականացված խոստումներից վեր: Փառավոր բան է՝ ունենալ հավատք, որը թույլ է տալիս մեզ նայել առաջ՝ այն օրվան, երբ այն ամենն, ինչ խոստացվել է Սրբերին, կտրվի»:15

Իմ եղբայրներ և քույրեր, այսօր իմ կյանքի հանգամանքները, ակնհայտորեն, տարբերվում են նրանցից, ինչ ես ծրագրել էի ինձ համար, երբ ձեր տարիքում էի: Ինչևէ, ես չեմ կարծում, որ երբևիցե ավելի երջանիկ եմ եղել: Եթե 20 տարեկանում մեկը ինձ տար մինչ այս օրը իմ կյանքի հաշվետվությունը, կարծում եմ, առանց տատանվելու կստորագրեի դրա տակ:

Ձեր ապագան ձեր հավատքի նման պայծառ է

Ես ուզում եմ խոսել Վալերիի և իմ անունից: Որքան շատ եմ ես խորհում մեր կյանքի ուղու մասին, այդքան ավելի շատ եմ ես համոզվում, որ կարևորը այն էր, որ մեր պատանեկության տարիքում մենք կիսում ենք հավերժական կյանքի ընդհանուր տեսլականը: Մենք ցանկանում էինք սկսել հավերժական ընտանիք: Մենք գիտեինք, թե ինչու էինք գտնվում երկրի վրա, և թե որոնք էին մեր հավերժական նկատակները: Մենք գիտեինք, որ Աստված սիրում էր մեզ, և մենք մեծ արժեք ունեինք Նրա աչքերում: Մենք միանգամայն վստահ էինք, որ Նա կպատասխաներ մեր աղոթքներին Իր եղանակով և այն ժամանակ, որը բարի համարեր: Ես չգիտեմ, թե արդյոք մենք պատրաստ էինք ընդունելու Նրա կամքը բոլոր բաներում, որովհետև դա մի բան էր, որ մենք պետք է սովորեինք: Բայց մենք ցանկանում էինք անել այն, ինչ կարող էինք, որպեսզի հետևեինք Նրան և նվիրեինք մեզ Նրան:

Ես վկայում եմ, Նախագահ Մոնսոնի հետ միասին, որ «ձեր ապագան նույնքան պայծառ է, որքան ձեր հավատքը»: Ձեր երջանկությունը ավելի շատ կախված է այն սկզբունքներից, որոնց դուք ընտրում եք հետևել, քան ձեր կյանքի արտաքին հանգամանքներից: Հավատարիմ եղեք այդ սկզբունքներին: Աստված ճանաչում և սիրում է ձեզ: Եթե դուք ներդաշնակության մեջ ապրեք Նրա հավերժական ծրագրի հետ և հավատաք Նրա խոստումներին, ձեր ապագան կփայլի:

Դուք երազանքներ և նպատակներ ունեք: Դա լավ է: Աշխատեք ձեր ողջ սրտով դրանց հասնելու համար: Ապա, թույլ տվեք, որ Տերը անի մնացածը: Նա կտանի ձեզ այնտեղ, ուր դուք ինքներդ չեք կարող ձեզ տանել: Նա կդարձնի ձեզ այնպիսին, ինչպիսին ինքներդ չեք կարող ձեզ դարձնել:

Բոլոր ժամանակներում ընդունեք Նրա կամքը: Պատրաստ եղեք գնալու և անելու այն, ինչ Նա կխնդրի: Դարձեք այն տղամարդիկ և կանայք, որոնց Նա դաստիարակում է, որ դառնան:

Ես աղոթում եմ, որ դուք զգաք մեր Երկնային Հոր սերը ձեր կյանքում, որ իմանաք, ինչպես վստահել ինքներդ ձեզ, ինչպես Նա է ձեզ վստահում: Ես աղոթում եմ, որ դուք միշտ հավատարիմ մնաք, բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում: Ես արտահայտում եմ ձեր հանդեպ իմ սերը և հիացմունքը և իմ խոր հարգանքը այն օրինակի և ուժի հանդեպ, որը դուք հանդիսանում եք ողջ աշխարհում:

Ես վկայում եմ, որ այս կյանքը հրաշալի պահ է հավերժության մեջ: Մենք այստեղ ենք փառավոր նպատակով՝ պատրաստվելով հանդիպել Աստծուն: Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա Քավությունը անսահման սիրո պարգև է, որը բացում է հավերժական երջանկության դռները: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին գոյություն ունի երկրի վրա իր կատարյալ ձևով, որի գլուխն է Աստծո մարգարեն: Անչափ մեծ ուրախություն և պատիվ է այս Եկեղեցուն պատկանելը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Թոմաս Ս. Մոնսոն «Բարի գալուստ համաժողով», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 4–5:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ափսոսանքների և վճիռների մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 23:

  3. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անմոռուկ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 122–23:

  4. See Pindar (ca. 522–443 B.C.), Pyth. 2.72.

  5. L‘âge de raison or With Love … from the Age of Reason, directed by Yann Samuell (France, 2010; USA, 2011), motion picture.

  6. “Souviens-toi,” Cantiques (1993), no. 179.

  7. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 269.

  8. The Lion King, directed by Rob Minkoff and Roger Allers (1994; Walt Disney Studios Home Entertainment, 2011), DVD.

  9. Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախ եղեք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 92:

  10. Winston Churchill, quoted in John Charmley, Churchill: The End of Glory, A Political Biography (1993), 20.

  11. John William Southwell, quoted in Jolene S. Allphin, Tell My Story, Too, 8th ed. (2012), 287.

  12. Southwell, in Tell My Story, Too, 287.

  13. Allphin, Tell My Story, Too, 288.

  14. 17 Miracles, directed by T. C. Christensen (2011; EXCEL Entertainment and Remember Films, 2011), DVD.

  15. Anne C. Pingree, “Seeing the Promises Afar Off,” Ensign or Liahona, Nov. 2003, 14–15.

© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: English approval: 5/12. Translation approval: 5/12. We Are the Architects of Our Own Happiness-ի թարգմանությունը: Armenian PD50039056 201