Ճամբարի խարույկ

  • Երիտասարդ կանայք ճամբարի խարույկի մոտ խորովում են մարշմելոները

Նպատակը

Սովորեք, թե ինչպես անվտանգ կերպով խարույկ վառել և հանգցնել այն։

Նկարագրություն

Ծրագրեք միջոցառում, որի ժամանակ կսովորեք, թե ինչպես անվտանգ կերպով խարույկ վառել և հանգցնել այն ամբողջությամբ։ Նախքան սկսկելը կապ հաստատեք ձեր տեղի հրշեջ ծառայության հետ և տեղեկացեք խարույկ վառելու կանոնակարգերին և կանոններին այն տարածքի համար, որտեղ պատրաստվում եք խարույկ վառել։ Հրշեջ ծառայություններից ոմանք հոժար կլինեն իրենց ներկայացուցիչների օգնությամբ ուսուցանել ձեզ հրդեհի անվտանգության կանոնները։ Կարող եք նաև ծրագրել ավելի երկար միջոցառում, ինչպես օրինակ գիշերակաց ճամբար, որտեղ կարող եք կիրառել ձեր սովորած հմտությունները։ Այդ միջոցառումները ծրագրելիս հետևյալ ցուցակը կարող է օգտակար լինել ձեզ։

  • Հավաքել վառելափայտ։ Սովորեք խարույկի համար անհրաժեշտ տարբեր տեսակի վառելափայտերի մասին, ինչպես օրինակ՝ աբեթ, ցախ և գերաններ։ Օգտագործեք միայն չոր փայտ։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես աշխատել ածուխով, եթե ցանկանում եք ածուխի խարույկ վառել։ Վառելափայտը հավաքեք այն տեղանքի մոտ, որտեղ ցանկանում եք խարույկ վառել։ Համոզվեք, որ տարածքում չկան ծառի ճյուղեր և թույլտվություն հարցրեք տեղական վարչակազմից բացօթյա խարույկ վառելուց առաջ։
  • Խարույկի տեսակները: Խարույկ վառեք խարույկի համար նախատեսված օղակում կամ փոսում, որը հնարավոր է արդեն առկա է տարածքում։ Դուք պետք է խարույկ վառեք միայն այն տարածքում, որտեղ թույլատրված է փայտից խարույկ վառել։ Սովորեք տարբեր տեսակի խարույկների մասին և վարժվեք դրանք ստանալու մեջ։ Օրինակ, կոնաձև խարույկները բարձր բոց են ունենում և օգնում են ուտելիքը եփել ռեֆլեկտորային վառարաններում։ Խաչաձև խարույկները վառում են երկար և ստեղծում են ածուխների մեծ պաշար, որը կարող է օգտակար լինել թավայով կերակուր պատրաստելու համար։ Աստղաձև խարույկները ստեղծում են ցածր և դանդաղ կրակ, որը կարելի է օգտագործել շամփուրի վրա կերակուր պատրաստելու համար։
  • Պահպանել կրակը։ Ձեր ճամբարի խարույկը պահեք վերահսկելի չափսերի մեջ։ Երբեք մի թողեք խարույկն առանց հսկողության և երբեք մի հավաքեք փայտը կանաչ ծառերից կամ թփուտներից։
  • Անջրանցիկ լուցկի։ Սովորեք, թե ինչպես ձեր լուցկին դարձնել անջրանցիկ՝ օգտագործելով բլեկնախեժ, եղունգների լաք կամ մեղրամոմ։ Պատրաստեք կամ գտեք անջրանցիկ մի տարա՝ դրանք այնտեղ պահելու համար։
  • Առանց լուցկու խարույկ վառեք։ Սովորեք, թե ինչպես խարույկ վառել կայծքարե հրահանի, խոշորացույցի կամ շաղափելու միջոցով։
  • Հանգցնել խարույկը։ Սովորեք հանգցնել ճամբարի խարույկը հողի, ավազի կամ ջրի միջոցով։ Ջրով ողողեք մոխիրը և խառնեք այն՝ համոզվելով, որ այն խոնավ ու պաղ է։ Եթե դիպչելիս դեռևս շատ տաք է, ապա այն չպետք է թողնել առանց հսկողության։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես մաքրել ձեր խարույկի փոսը, որպեսզի ճամբարից հետո հետք չթողնեք։ Սովորեք, թե ինչպես օգտվել կրակմարիչներից և ծանոթացեք հրդեհի անվտանգության այլ միջոցների հետ։ Կարող եք հրավիրել հրշեջ ծառայության աշխատակցին, որպեսզի նա ուսուցանի, թե ինչպես գործել պատահական կամ վտանգավոր հրդեհների դեպքում։

Ավելացնել ծրագրին