Վերականգնման հռչակագիրը
հաջորդ

Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը

Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այս հայտարարությունը ընթերցել է 190-րդ ամենամյա գերագույն համաժողովի իր ելույթի ժամանակ՝ 5 ապրիլի 2020 թ-ին, Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա):

Մենք հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին աշխարհի յուրաքանչյուր երկրում: Հայր Աստված մեզ տվել է Իր Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսի աստվածային ծնունդը, անզուգական կյանքը և անսահման քավող զոհաբերությունը: Հոր զորությամբ Հիսուսը կրկին հարություն առավ և հաղթեց մահին: Նա մեր Փրկիչն է, մեր Օրինակն ու մեր Քավիչը:

Երկու հարյուր տարի առաջ՝ 1820 թվականի գարնանային մի գեղեցիկ առավոտ, երիտասարդ Ջոզեֆ Սմիթը, ցանկանալով իմանալ, թե որ եկեղեցուն միանա, գնաց աղոթելու իր տան մոտ գտնվող անտառում, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ծայրամասում: Նա հարցեր ուներ իր հոգու փրկության վերաբերյալ և հավատում էր, որ Աստված կուղղորդի իրեն:

Խոնարհությամբ հայտարարում ենք, որ, ի պատասխան նրա աղոթքի, Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆին և հանդիսավոր բացեցին «ամեն բաների հաստատվելու ժամանակները» (Գործք Առաքելոց 3․21), ինչպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում: Այդ տեսիլքում նա իմացավ, որ առաջին առաքյալների մահից հետո Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին այլևս Երկրի վրա չէր: Ջոզեֆը պետք է գործիք դառնար այդ եկեղեցու վերադարձի գործում։

Մենք հաստատում ենք, որ Հոր և Որդու ղեկավարության ներքո երկնային սուրհանդակներն իջան՝ Ջոզեֆին հրահանգելու և Հիսուս Քրիստոսի եկեղեցին կրկին վերականգնելու համար: Հարություն առած Հովհաննես Մկրտիչը վերականգնեց մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտելու իշխանությունը։ Առաջին տասներկու առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, վերականգնեցին առաքյալների կոչումները և քահանայության իշխանության բանալիները: Եկան նաև ուրիշներ, այդ թվում՝ Եղիան, ով վերականգնեց ընտանիքները հավիտյան միավորելու իշխանությունը հավերժական հարաբերություններում, որը գերազանցում է մահին:

Մենք նաև վկայում ենք, որ Ջոզեֆ Սմիթին տրվեց Աստծո պարգևն ու զորությունը թարգմանելու հնագույն հիշատակարանը՝ «Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: Այս սուրբ գրքի էջերը պարունակում են Արևմտյան կիսագնդի ժողովրդին մատուցած Հիսուս Քրիստոսի անձնական ծառայության պատմությունը Նրա հարությունից անմիջապես հետո։ Այն ուսուցանում է կյանքի նպատակը և բացատրում է Քրիստոսի վարդապետությունը, որն այդ նպատակի համար կարևոր նշանակություն ունի: Մորմոնի Գիրքը, լինելով Աստվածաշնչի ուղեկից սուրբ գրություն, վկայում է, որ բոլոր մարդիկ սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, որ Նա աստվածային ծրագիր ունի մեր կյանքի համար, և որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, այսօր խոսում է այնպես, ինչպես հին օրերում:

Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, Քրիստոսի Նոր Կտակարանի վերականգնված եկեղեցին է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքար՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքին և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարությանը: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է բոլորիս գալ դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանալ Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերել հարատև ուրախություն:

Արդեն անցել է երկու հարյուր տարի այն պահից, երբ Հայր Աստվաո և Նրա Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսը սկիզբ դրեցին Վերականգնմանը: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ գիտելիք են ստացել այս մարգարեական իրադարձությունների մասին:

Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ խոստացված Վերականգնումը առաջ է ընթանում շարունակական հայտնության միջոցով: Երկիրն այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը» (Եփեսացիս 1․10):

Ակնածանքով և երախտագիտությամբ մենք՝ որպես Նրա առաքյալներ, հրավիրում ենք բոլորին իմանալ, ինչպես մենք գիտենք, որ երկինքները բաց են: Մենք հաստատում ենք, որ Աստված Իր սիրելի որդիների և դուստրերի համար հայտնում է Իր կամքը։ Մենք վկայում ենք, որ նրանք, ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և հավատքով քայլ կանեն, կօրհնվեն և անձնական վկայություն կստանան այդ ուղերձի աստվածային ծագման ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալուստի համար աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին։