Սուրբ գրություններ
Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1


Ջոզեֆ Սմիթ–Պատմություն

Քաղվածքներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմությունից

History of the Church, հատոր 1, Ա–Ե գլուխներ:

Գլուխ 1

Ջոզեֆ Սմիթը պատմում է իր նախնիների, ընտանիքի անդամների և նրանց վաղ բնակավայրերի մասին – Կրոնի շուրջ անսովոր հուզումներ էին առաջացել արևմտյան Նյու Յորքում – Նա որոշում է իմաստություն փնտրել, ինչպես թելադրում է Հակոբոսը – Հայրը և Որդին հայտնվում են, և Ջոզեֆը կանչվում է իր մարգարեական ծառայությանը: (Հատվածներ 1–20):

1 Բազում զեկուցումների պատճառով, որոնք տարածվում են չարակամ ու նենգ մարդկանց կողմից, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի աԵկեղեցու բբարձրացման ու զարգացման վերաբերյալ, որոնք բոլորն իրենց հեղինակների կողմից նախատեսված են՝ պայքարելու, որպես Եկեղեցի նրա էության և նրա զարգացման դեմ աշխարհում,– ես ստիպված եմ գրել այս պատմությունը, որպեսզի մոլորությունից հանեմ հասարակական կարծիքը և բոլոր ճշմարտություն փնտրողներին տեղեկացնեմ փաստերին, ինչպես որ դրանք տեղի են ունեցել, ինչ վերաբերում է ինձ և Եկեղեցուն, որքան որ ես նման փաստեր ունեմ իմ ձեռքի տակ:

2 Այս պատմության մեջ, ես կներկայացնեմ այս Եկեղեցու հետ կապված մի քանի իրադարձություններ, ճշմարտությամբ և արդարությամբ, ինչպես որ դրանք տեղի են ունեցել, կամ ինչպես դրանք ներկայումս գոյություն ունեն, այժմ [1838թ.] նշված Եկեղեցու ակազմակերպումից անցած լինելով ութ տարի:

3 աԵս ծնվել եմ Վերմոնտ նահանգի Վինձոր գավառի Շերոն շրջանում, մեր Տիրոջ ծննդյան հազար ութ հարյուր և հինգ թվականի դեկտեմբերի քսաներեքերորդ օրը.… Տասը տարեկան էի, կամ մոտ այդքան, երբ հայրս՝ բՋոզեֆ Սմիթ ավագը, թողնելով Վերմոնտ նահանգը, տեղափոխվեց Նյու Յորք նահանգի Օնտարիո (այժմ՝ Վեյն) գավառի Պալմիրա շրջան: Պալմիրա ժամանելուց մոտ չորս տարի անց, հայրս իր ընտանիքով տեղափոխվեց նույն Օնտարիո գավառի Մանչեստր շրջան,–

4 Նրա ընտանիքը բաղկացած լինելով տասնմեկ հոգուց, անվանապես՝ հայրս՝ աՋոզեֆ Սմիթը. բմայրս՝ Լյուսի Սմիթը (որի ազգանունը, նախքան ամուսնանալը, Մակ էր՝ Սողոմոն Մակի դուստրը). եղբայրներս՝ գԱլվինը (որը մահացավ 1823թ. նոյեմբերի 19-ին, քսանվեց տարեկան հասակում), դՀայրումը, ես, եՍեմյուել Հարրիսոնը, Վիլյամը, Դոն Կառլոսը. և քույրերս՝ Սոֆրոնիան, Կատերինը և Լյուսին:

5 Մանչեստր տեղափոխվելու մեր երկրորդ տարին, մեր բնակավայրում կրոնի շուրջ անսովոր հուզումներ սկսվեցին: Այն սկսվեց Մեթոդականներից, բայց շուտով տարածվեց այդ երկրամասի բոլոր աղանդների մեջ: Հիրավի, այն կարծես կլանել էր երկրի ողջ այդ շրջանը, և մարդկանց մեծ բազմություններ միանում էին կրոնական տարբեր խմբակցությունների, որոնք մարդկանց մեջ առաջացնում էին նկատելի իրարանցումներ և բաժանումներ՝ ոմանք բացականչելով. «աԱհա, այստե՜ղ է». իսկ մյուսները՝ «Ահա, այնտե՜ղ է»: Ոմանք պայքարում էին մեթոդական հավատքի համար, ոմանք՝ երիցականների, ոմանք էլ մկրտականների համար:

6 Քանզի, չնայած մեծ սիրուն, որը տածում էին տարբեր հավատքի նորադարձներն իրենց նորադարձության պահին, և չնայած մեծ եռանդին, որը ցուցաբերում էին համապատասխան հոգևորականները, որոնք ջանասեր էին կրոնական զգացումների այդ արտասովոր տեսարանը բարձրացնելիս ու քաջալերելիս, որպեսզի բոլորը դարձի գան, ինչպես նրանց դուր էր գալիս ասել. Թող նրանք միանան, որ աղանդին կկամենան: Այնուամենայնիվ, երբ նորադարձները սկսում էին ցուցակագրվել, ոմանք մի խմբակցությանը, մյուսները՝ մեկ ուրիշին, նկատվում էր, որ քահանաների և նորադարձների լավ թվացող զգացումներն ավելի շուտ ձևական էին, քան իրական. քանզի հետևեց մեծ խառնաշփոթության ու վատ զգացումների մի տեսարան՝ քահանան վիճում էր քահանայի հետ, նորադարձը՝ նորադարձի հետ. այնպես որ, միմյանց հանդեպ բոլոր լավ զգացումները, եթե երբևէ եղել էին, ամբողջովին կորչում էին ավիճաբանությունների և տարաձայնությունների մեջ:

7 Այդ ժամանակ ես տասնհինգ տարեկան էի: Հորս ընտանիքը դարձել էր դեպի Երիցականների հավատքը և նրանցից չորսը միացել էին այդ եկեղեցուն, այդ թվում՝ մայրս՝ Լյուսին. եղբայրներս՝ Հայրումը և Սեմյուել Հարրիսոնը. և քույրս՝ Սոֆրոնիան:

8 Այս մեծ հուզումների ժամանակ, միտքս համակված էր լուրջ մտախոհությամբ ու մեծ անհանգստությամբ. բայց չնայած իմ զգացումները խորն էին ու հաճախ շատ սուր, ես շարունակում էի ինձ հեռու պահել բոլոր այդ խմբակցություններից, չնայած հնարավորություն ունենալու դեպքում հաճախում էի նրանց առանձին ժողովներին: Ժամանակի ընթացքում համակրանքս ուղղվեց դեպի Մեթոդական աղանդը, և ես ինչ-որ չափով ցանկություն զգացի միանալ նրանց. սակայն այնքան մեծ էին տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ մարդկանց ու իրերին անծանոթ այնպիսի մի երիտասարդի համար, ինչպիսին ես էի, անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ և ով է սխալ:

9 Ժամանակ առ ժամանակ միտքս խորապես հուզվում էր, քանի որ աղմուկն ու ժխորը շատ մեծ էր ու անդադար: Երիցականները խիստ վճռական էին Մկրտականների և Մեթոդականների դեմ, և օգտագործում էին տրամաբանության և իմաստակության ողջ զորությունները՝ նրանց սխալներն ապացուցելու համար, կամ, առնավազն, մարդկանց ստիպելու հավատալ, որ նրանք սխալվում են: Մյուս կողմից, Մկրտականներն ու Մեթոդականներն իրենց հերթին հավասարապես նախանձախնդիր էին իրենց սեփական դրույթները հաստատելու և մյուսներինը հերքելու ջանքերում:

10 Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ, ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ի՞նչ անել: Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է աճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ի՞նչպես կարող եմ դա իմանալ:

11 Ճգնելով այդ ծայրագույն դժվար կացության մեջ, որի պատճառը կրոնամոլների այդ խմբավորումների վիճաբանություններն էին, մի օր ես ընթերցում էի Հակոբոսի Թուղթը, որի առաջին գլխի հինգերորդ հատվածում ասվում է. Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում. և կտրվի նրան:

12 Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն, իմանալով, որ եթե կար մեկը, որն իմաստության կարիք ուներ Աստծուց, այդ ե՛ս էի. քանզի, թե ինչպես վարվել, ես չգիտեի և երբեք չէի իմանա, եթե չստանայի ավելի շատ իմաստություն, քան այդ ժամանակ ունեի. քանի որ կրոնական տարբեր աղանդների ուսուցիչները սուրբ գրքի միևնույն հատվածներն այնքան տարբեր էին ահասկանում, որ կոտրում էին բԱստվածաշնչին դիմելով հարցը լուծելու ողջ վստահությունը:

13 Ի վերջո, ես այն եզրակացության հանգեցի, որ կա՛մ պետք է մնամ խավարի ու անորոշության մեջ, կա՛մ պետք է հետևեմ Հակոբոսի թելադրանքին, այսինքն՝ խնդրեմ Աստծուն: Վերջիվերջո, ես որոշեցի «ախնդրել Աստծուց», եզրակացնելով, որ եթե նա իմաստություն է տալիս նրանց, ովքեր իմաստության կարիք ունեն, և տալիս է առատությամբ ու չի նախատում, ապա ես կարող եմ խիզախել:

14 Այդպես, Աստծուն խնդրելու իմ այդ որոշման համաձայն, ես առանձնացա անտառում, որ փորձեմ: Հազար ութ հարյուր և քսան թվականի վաղ գարնան մի գեղեցիկ ու պարզ օրվա առավոտ էր: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես նման փորձ էի անում, քանզի, իմ բոլոր անհանգստություններով հանդերձ, ես երբեք դեռ չէի փորձել բարձրաձայն աաղոթել:

15 Երբ առանձնացել էի այն վայրում, որտեղ նախապես որոշել էի գնալ, նայելով շուրջս և հավաստիանալով, որ մենակ եմ, ես ծնկի իջա և սկսեցի սրտիս ցանկությունները հայտնել Աստծուն: Հազիվ էի սկսել, երբ, անմիջապես, ինձ հափշտակեց մի ինչ-որ ուժ, որն ամբողջովին հաղթահարեց ինձ, և այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել: Թանձր մի խավար պատեց ինձ և մի պահ թվաց, թե մատնվել էի հանկարծահաս կործանման:

16 Սակայն, լարելով ողջ ուժերս՝ ականչելու առ Աստված, որ ազատեր ինձ այն թշնամու զորությունից, որը հափշտակել էր ինձ, և հենց այն պահին, երբ պատրաստ էի հուսահատության մեջ ընկղմվել և ինձ կործանման հանձնել,– ոչ թե երևակայական կործանման, այլ անտեսանելի աշխարհի իրական էակի զորության, որն այնպիսի զարմանալի ուժ ուներ, ինչպիսին նախկինում երբեք չէի զգացել ոչ մի էակի մեջ,– հենց այդ մեծ տագնապի պահին, իմ գլխավերևում ես տեսա բարևի պայծառությունը գերազանցող լույսի մի գսյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

17 Լույսի հայտնվելուն պես, ես ինձ ազատված գտա այդ թշնամու կապանքներից: Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես ատեսա բերկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու գփառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ դՍիրելի եՈրդին: Լսի՛ր Նրան:

18 Տիրոջը ադիմելու իմ նպատակն էր՝ իմանալ, թե բոլոր աղանդներից որն էր ճշմարիտը, որպեսզի իմանայի, թե որին միանամ: Ուստի, ինքնատիրապետումս վերականգնվելուն պես, այնպես որ կարող էի խոսել, ես հարցրեցի Անձնավորություններին, որոնք կանգնած էին ինձանից վեր՝ լույսի մեջ, թե եղած աղանդներից որն էր ճշմարիտ (քանզի այդ ժամանակ իմ մտքով երբեք չէր անցել, որ բոլորը սխալ են), և թե որին պետք է ես միանայի:

19 Ինձ պատասխանեցին, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանայի, քանի որ դրանք բոլորն էլ ասխալ էին. և Անձնավորությունը, որը դիմեց ինձ, ասաց, որ նրանց բոլոր դրույթները գարշելի էին իր աչքում. որ բոլոր այդ դավանողներն ապականված էին, որ «նրանք դեպի ինձ են բհակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց գսրտերը հեռու են ինձանից, նրանք վարդապետություններ են ուսուցանում, որոնք մարդկանց դպատվիրաններն են, և նրանք ունեն աստվածայնության եկերպարանք, բայց ուրանում են նրա զորությունը»:

20 Նա կրկին արգելեց ինձ միանալ դրանցից որևէ մեկին. և էլի շատ բաներ ասաց ինձ, որոնք այս պահին չեմ կարող գրել: Կրկին ուշքի գալով՝ ես ինձ գտա մեջքի վրա պառկած, հայացքս երկնքին հառած: Երբ լույսը հեռացավ, ես ուժասպառ էի եղել. բայց շուտով ինչ-որ չափով վերականգնվելով՝ ես գնացի տուն: Եվ երբ հակվել էի բուխարուն, մայրս հարցրեց, թե ինչ է պատահել: Ես պատասխանեցի. «Ոչինչ, ամեն ինչ լավ է.– Ես լավ եմ»: Այնուհետև, ես ասացի մորս. «Ինձ հայտնի է դարձել, որ երիցականությունը ճշմարիտ չէ»: Կարծես թե ահակառակորդը տեղյակ էր, իմ կյանքի դեռ վաղ շրջանում, որ ինձ վիճակվել էր դառնալու իր թագավորության խանգարողն ու ցնցողը. այլապես, ինչո՞ւ պետք է խավարի ուժերը միավորվեին իմ դեմ: Ինչի՞ համար էր այդ բընդդիմությունն ու հետապնդումը, որը բարձրացավ իմ դեմ գրեթե մանկությունից:

Որոշ քարոզիչներ և կրոնի այլ դավանողներ մերժում են Առաջին Տեսիլքի պատմությունը – Հալածանք է դիզվում Ջոզեֆ Սմիթի վրա – Նա վկայում է տեսիլքի ճշմարտության վերաբերյալ: (Հատվածներ 21–26):

21 Իմ ունեցած այս ատեսիլքից մի քանի օր անց, ես պատահաբար հանդիպեցի մեթոդականների քարոզիչներից մեկին, որը վերը նշված կրոնական հուզումների եռանդուն մասնակիցներից էր. և, խոսելով նրա հետ կրոնի թեմայով, ես օգտվեցի առիթից և նրան պատմեցի իմ ունեցած տեսիլքի մասին: Նրա վարքն ինձ շատ զարմացրեց. նա ոչ միայն անլուրջ վերաբերվեց իմ ունեցած հաղորդակցությանը, այլ մեծ արհամարհանքով, ասելով, որ այդ բոլորը դևից է, որ մեր օրերում չկան այնպիսի բաներ, ինչպիսիք են բտեսիլքներն ու գհայտնությունները. որ բոլոր նման բաները դադարել են առաքյալների հետ, և որ երբեք այլևս չեն կրկնվելու:

22 Ինչևէ, շուտով ես հայտնաբերեցի, որ պատմությունս իմ հանդեպ մեծ նախապաշարմունք էր առաջացրել կրոնի դավանողների մեջ, և ծանր ահետապնդումների պատճառ էր դարձել, որը շարունակ աճում էր. և չնայած ես բչճանաչված մի պատանի էի, տասնչորս-տասնհինգ տարեկան, և կյանքիս պայմաններն այնպիսին էին, որ ինձ կարևոր չէին դարձնում հասարակության մեջ, այնուամենայնիվ, ես արժանացել էի հեղինակավոր մարդկանց ուշադրությանը, այնքան, որ նրանք հասարակական միտքը լարում էին ընդդեմ ինձ և ծանր հետապնդման մղում. և դա բնորոշ էր բոլոր աղանդներին,– բոլորը միավորվել էին՝ ինձ հետապնդելու:

23 Դա ինձ լուրջ մտորելու առիթ էր տալիս այն ժամանակ, և շարունակվում է մինչև հիմա, թե որքան տարօրինակ էր, որ չճանաչված մի պատանու մասին, տասնչորս տարեկանը հազիվ բոլորած, և նաև մեկը, որը մատնված էր իր ամենօրյա աշխատանքով խղճուկ ապրուստ հայթայթելու անհրաժեշտության, մտածում էին, որպես մի կարևոր անձնավորության, որն այդ ժամանակի ամենահանրաճանաչ աղանդների մեծամեծերի ուշադրությանն էր արժանացել, այնպես որ նրանց մեջ առաջացրել էր դաժան հետապնդման ու անարգանքի ոգի: Բայց տարօրինակ էր, թե ոչ, դա այդպես էր, և հաճախ այն մեծ վշտի պատճառ էր դառնում ինձ համար:

24 Ինչևէ, իմ ունեցած տեսիլքը, այնուամենայնիվ, իրականություն էր: Խորհրդածելով այդ մասին՝ ես ինձ շատ նման էի զգում աՊողոսին, երբ նա Ագրիպպաս թագավորի առաջ բպաշտպանում էր իրեն, և պատմեց իր ունեցած տեսիլքի մասին, երբ նա տեսել էր լույսը և լսել ձայնը. բայց դեռևս քչերն էին, որ հավատացին նրան. ոմանք ասում էին, թե նա անազնիվ է, մյուսներն էլ ասում էին, թե նա խենթ է. և նրան ծաղրում էին ու անարգում: Սակայն այդ ամենը չխաթարեցին նրա տեսիլքի իրական լինելը: Նա տեսիլք էր տեսել, նա գիտե՛ր, որ տեսել է, և երկնքի տակ ոչ մի հալածանք չէր կարող դա փոխել. և անգամ, եթե նրան հալածեին մինչև մահ, միևնույն է, նա կիմանար, մինչև իր վերջին շունչը, որ տեսել էր լույս և լսել էր իր հետ խոսող մի ձայն, և ողջ աշխարհը չէր կարող նրան ստիպել, որ այլ կերպ հավատա:

25 Այսպես էր և ինձ հետ: Ես իսկապես տեսել էի լույսը և այդ լույսի մեջ ես տեսել էի երկու աԱնձնավորության, և նրանք իրականում խոսել էին ինձ հետ. և չնայած ինձ ատում և հալածում էին այն բանի համար, որ ասում էի, թե տեսիլք եմ տեսել, այնուամենայնիվ, դա ճշմարիտ էր. և մինչ նրանք հետապնդում էին ինձ, այդպես ասելու համար անարգելով ինձ, և ընդդեմ ինձ ամեն տեսակի չար բան սուտ տեղն ասելով, ես դրդվում էի ասելու իմ սրտում. Ինչո՞ւ եք ինձ հալածում ճշմարտությունն ասելու համար: Ես իսկապես տեսիլք եմ տեսել. և ո՞վ եմ ես, որ դեմ կանգնեմ Աստծուն, կամ ինչո՞ւ է աշխարհը մտադրված՝ ստիպելու ինձ ուրանալ այն, ինչ իրականում տեսել եմ: Քանզի, ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող բուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել. համենայն դեպս, ես գիտեի, որ այդպես անելով, կմեղանչեի Աստծո առաջ և կընկնեի դատապարտության տակ:

26 Արդ, իմ միտքն այժմ բավարարված էր՝ ինչ վերաբերում էր աղանդավորական աշխարհին, որ իմ գործը չէր՝ միանալ դրանցից որևէ մեկին, այլ շարունակել, ինչպես որ կայի, մինչև որ լրացուցիչ հրահանգներ ստանայի: Ես գտա, որ Հակոբոսի ավկայությունը ճշմարիտ էր, որ իմաստության պակաս ունեցող մարդը կարող է խնդրել Աստծուն և ստանալ՝ առանց նախատվելու:

Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին – Ջոզեֆի անունը կիմացվի բոլոր ազգերի մեջ՝ թե՛ որպես բարի, թե՛ որպես չար – Մորոնին նրան ասում է Մորմոնի Գրքի մասին և Տիրոջ գալիք դատաստանների մասին, և վկայակոչում է շատ սուրբ գրություններ – Հայտնի է դարձվում ոսկե թիթեղների պահված տեղը – Մորոնին շարունակում է ուսուցանել Մարգարեին: (Հատվածներ 27–54):

27 Ես շարունակեցի հետևել իմ կյանքի առօրյա գործերին, մինչև հազար ութ հարյուր քսաներեք թվականի սեպտեմբերի քսանմեկը, այդ ընթացքում ծանր հալածանքների ենթարկվելով մարդկանց բոլոր խավերի կողմից՝ թե՛ կրոնական, թե՛ ոչ կրոնական, քանի որ շարունակում էի պնդել, որ տեսիլք էի տեսել:

28 Տեսիլք ունենալու և հազար ութ հարյուր քսաներեք թվականի միջև ընկած ժամանակահատվածում,– ինձ արգելված լինելով, որ միանամ այդ օրերի որևէ կրոնական աղանդի, և ես լինելով շատ դյուրազգաց տարիքում, և հետապնդվելով նրանց կողմից, ովքեր պետք է որ իմ ընկերները լինեին և բարյացակամ վերաբերվեին ինձ, և եթե կարծում էին, թե մոլորված եմ, փորձեին պատշաճ ձևով և սիրով վերափոխել ինձ,– ես ենթարկվում էի տարբեր տեսակի ագայթակղությունների. և, շփվելով հասարակության տարբեր խավերի հետ, ես հաճախ կատարում էի շատ անմիտ սխալներ, և ցուցաբերում պատանեկությանը և մարդկային էությանը բնորոշ թուլություններ. որոնք, ցավալի է ասել, ինձ տանում էին տարբեր գայթակղությունների, որոնք վիրավորական էին Աստծո աչքում: Այս խոստովանությունն անելով, ոչ ոք կարիք չունի ինձ մեղավոր կարծելու մեծ ու չարամիտ մեղքերում: Այդպիսիք գործելու հակվածություն իմ էության մեջ երբեք չի եղել: Այլ իմ մեղավորությունը եղել է թեթևամտության մեջ, և երբեմն էլ զվարթ ընկերության հետ կապված, և այլն, որոնք անհամապատասխան էին այն բնավորությանը, որը պետք է պահպանվեր մեկի կողմից, որը բկանչվել էր Աստծո կողմից, ինչպես ես: Այնուամենայնիվ, դա շատ տարօրինակ չի թվա մեկին, ով մտաբերում է իմ պատանեկությունը և ծանոթ է իմ բնածին ուրախ բնավորությանը:

29 Այդ ամենի արդյունքում ես հաճախ ինձ դատապարտված էի զգում իմ թուլությունների ու անկատարելության համար. երբ, վերը նշված սեպտեմբերի քսանմեկի երեկոյան, անկողին մտնելուց հետո, որ քնեմ, ես աաղոթքով ու աղաչանքով դիմեցի Ամենազոր Աստծուն՝ բոլոր մեղքերիս ու անմտություններիս թողության համար, և նաև հայտնության համար, որ իմանամ իմ վիճակն ու դիրքը նրա առաջ. որովհետև ես լիովին համոզված էի, որ աստվածային հայտնություն կստանամ, ինչպես որ նախկինում էի ստացել:

30 Մինչ այդպես առ Աստված էի կանչում, ես նկատեցի իմ սենյակը թափանցող մի լույս, որը շարունակում էր պայծառանալ, մինչև որ սենյակը դարձավ կեսօրից էլ լուսավոր, երբ անմիջապես մի աանձնավորություն հայտնվեց մահճակալիս կողքին, օդի մեջ կանգնած, քանզի նրա ոտքերը չէին դիպչում հատակին:

31 Նա շլացուցիչ աճերմակության մի լայն պարեգոտ ուներ իր հագին: Դա մի ճերմակություն էր՝ երկրային ամեն բանից վեր, որ ես երբևիցե տեսել էի. ոչ էլ հավատում եմ, որ որևէ երկրային բան կարելի էր դարձնել այդքան արտասովոր ճերմակ ու փայլուն: Նրա ձեռքերը մերկ էին, և նրա արմունկները նույնպես՝ դաստակից քիչ վեր. նմանապես մերկ էին նրա ոտնաթաթերը. ինչպես նաև ոտքերը՝ կոճերից քիչ վեր: Նրա գլուխը և պարանոցը նույնպես մերկ էին: Ես նկատեցի, որ բացի այդ պարեգոտից, նա ուրիշ այլ հագուստ չուներ իր վրա, քանի որ այն բաց էր, այնպես որ նրա կրծքավանդակը երևում էր:

32 Ոչ միայն նրա պարեգոտն էր չափազանց ճերմակ, այլ ողջ նրա անձն աննկարագրելի ափառահեղ էր, և նրա դեմքը՝ ճիշտ ինչպես բկայծակ: Սենյակը չափազանց լուսավոր էր, բայց ոչ այնքան պայծառ, որքան անմիջապես նրա անձի շուրջը: Երբ առաջին անգամ նայեցի նրան, ես գվախեցա. բայց շուտով վախս անցավ:

33 Նա դիմեց ինձ աանունով և ասաց, որ ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից ինձ մոտ ուղարկված, և որ նրա անունը Մորոնի է. որ Աստված աշխատանք ունի ինձ համար՝ կատարելու. և որ իմ անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, կամ, որ բոլոր ժողովուրդների մեջ նրա մասին կխոսվի և՛ բարի, և՛ չար:

34 Նա ասաց, որ աոսկե թիթեղների վրա գրված մի բգիրք կա պահված, որը տալիս է այս մայրցամաքի նախկին բնակիչների պատմությունը և նրանց ծագման սկզբնաղբյուրը: Նա ասաց նաև, որ այն պարունակում է հավիտենական Ավետարանի գլրիվությունը, ինչպես որ այն Փրկչի կողմից հանձնվել է հնագույն բնակիչներին.

35 Ինչպես նաև, որ թիթեղների հետ երկու քարեր կան պահված արծաթե աղեղների մեջ, և այդ քարերը, ալանջապանակին ամրացված, կազմում են այսպես կոչված բՈւրիմն ու Թումիմը. և հին կամ վաղեմի ժամանակներում այդ քարերն ունեցողներն ու օգտագործողներն էին կոչվում «գտեսանողներ». և որ Աստված դրանք պատրաստել է գիրքը թարգմանելու նպատակով:

36 Այս բաներն ինձ ասելուց հետո, նա սկսեց մարգարեություններ մեջ բերել աՀին Կտակարանից: Առաջինը նա մեջ բերեց բՄաղաքիայի երրորդ գլխի մի մասը. և ապա նա մեջ բերեց նույն մարգարեության չորրորդ, կամ վերջին գլուխը, բայց մի փոքր փոփոխված այն ձևից, որ կարդացվում է մեր Աստվածաշնչում: Ի տարբերություն մեր գրքերում գրվածի, առաջին հատվածը նա մեջ բերեց այսպես.

37 Քանզի ահա, գալիս է աօրը, որը բկայրի թոնրի պես. և բոլոր հպարտները, այո՛, և բոլորը, որ գործում են ամբարշտորեն, գհարդի պես կայրվեն. քանզի նրանք, ովքեր գալիս են, պիտի այրեն նրանց, ասում է Զորաց Տերը, այնպես որ այն չի թողնի նրանց ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ:

38 Եվ բացի այդ, նա մեջ բերեց հինգերորդ հատվածն այսպես. Ահա, ես ձեզ կհայտնեմ աՔահանայությունը, բԵղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

39 Նա այլ կերպ մեջ բերեց նաև հաջորդ հատվածը. Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված ախոստումները, և զավակների սրտերը բկդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ:

40 Ի լրումն այս բաների, նա մեջբերեց Եսայիայի տասնմեկերորդ գլուխը՝ ասելով, որ այն շուտով կիրականանա: Նա մեջբերեց նաև Գործք Առաքելոցի երրորդ գլուխը, քսաներկուերորդ և քսաներեքերորդ հատվածները, ճիշտ ինչպես դրանք գրված են մեր Նոր Կտակարանում: Նա ասաց, որ այդ ամարգարեն Քրիստոսն է. բայց, որ օրը դեռ չի եկել, երբ ամեն անձ, ով չի լսում նրա ձայնին, պիտի բկտրվի ժողովրդի միջից, բայց շուտով կգա:

41 Նա մեջբերեց նաև աՀովելի երկրորդ գլուխը՝ քսանութերորդ հատվածից մինչև վերջ: Նա ասաց նաև, որ այն դեռ չի կատարվել, բայց շուտով կկատարվի: Բացի այդ, նա ասաց, որ բհեթանոսների լրությունը շուտով կգա: Նա ուրիշ շատ հատվածներ մեջբերեց սուրբ գրքերից և շատ բացատրություններ տվեց, որոնք հնարավոր չէ նշել այստեղ:

42 Բացի այդ, նա ասաց ինձ, որ երբ ստանամ այն թիթեղները, որոնց մասին նա խոսել էր, քանզի դրանց ստանալու ժամանակը դեռ չէր լրացել, ես դրանք չպետք է ցույց տամ որևէ մեկին. ոչ էլ լանջապանակը՝ Ուրիմի ու Թումիմի հետ. միայն նրանց, ում ինձ կպատվիրվեր ցույց տալ դրանք. հակառակ դեպքում, ես կկործանվեմ: Մինչ նա ինձ հետ խոսում էր թիթեղների մասին, մի տեսիլք բացվեց իմ ամտքում, որպեսզի ես կարողանայի տեսնել վայրը, որտեղ թիթեղները պահված էին, և դա այնքան հստակ ու որոշակի էր, որ վայրն այցելելուն պես, ես դարձյալ ճանաչեցի այն:

43 Այս հաղորդակցությունից հետո ես տեսա, թե ինչպես սենյակի լույսն անմիջապես սկսեց հավաքվել այդ անձնավորության շուրջը՝ նրա, ով խոսում էր ինձ հետ, և դա շարունակվեց այնքան, մինչև սենյակը կրկին մթնեց, բացառությամբ միայն նրա շուրջը. երբ հանկարծ ես տեսա, կարծես մի անցուղի բացվեց ուղիղ վեր՝ դեպի երկինք, և նա համբարձվեց, մինչև ամբողջովին անհետացավ, և սենյակը մնաց՝ ինչպես որ եղել էր նախքան այս երկնային լույսի հայտնվելը:

44 Ես պառկած խորհրդածում էի այս տեսարանի եզակիության մասին, մեծապես զարմանալով այդ արտասովոր սուրհանդակի կողմից ինձ ասված բաների վրա. երբ, ամտորումների մեջ, հանկարծ զգացի, որ սենյակս նորից սկսում է լուսավորվել, և կարծես թե մի ակնթարթից նույն երկնային սուրհանդակը կրկին մահճակալիս կողքին էր:

45 Նա սկսեց և նորից պատմեց ճիշտ նույն բաները, որոնք ասել էր իր առաջին այցելության ժամանակ, առանց չնչին իսկ փոփոխության. որից հետո նա տեղեկացրեց ինձ մեծ դատաստանների մասին, որոնք գալիս էին երկրի վրա մեծ ամայացումներով՝ սովով, սրով և ժանտախտով. և որ այս դառնաղետ դատաստանները գալու էին երկրի վրա այս սերնդի ժամանակ: Այս բաները պատմելուց հետո նա կրկին համբարձվեց, ինչպես նախորդ անգամ:

46 Այդ ընթացքում մտքիս վրա թողած տպավորություններն այնքան խորն էին, որ քունը փախել էր աչքերիցս, և ես պառկել էի՝ ցնցված ու ապշած այն ամենից, ինչ տեսել էի ու լսել: Բայց ինչպիսին էր իմ զարմանքը, երբ կրկին տեսա նույն սուրհանդակին, մահճակալիս կողքին, և մեկ անգամ ևս լսեցի, թե ինչպես նա վերապատմեց, կամ կրկնեց ինձ նույն բաները, ինչ նախկինում. և ավելացրեց ինձ մի նախազգուշացում, ասելով, որ աՍատանան կփորձի բգայթակղել ինձ (հորս ընտանիքի թշվառ պայմանների հետևանքով) վերցնել թիթեղները հարստանալու նպատակով: Նա ինձ արգելեց այդ անել, ասելով, որ թիթեղները վերցնելու դեպքում ես չպետք է ունենամ ոչ մի ուրիշ դիտավորություն, բացի Աստծուն փառաբանելուց, և չպետք է ազդվեմ որևէ այլ գդրդապատճառից, բացի նրա թագավորությունը կառուցելուց. հակառակ դեպքում, ես չէի կարող վերցնել դրանք:

47 Այս երրորդ այցելությունից հետո նա կրկին համբարձվեց երկինք, ինչպես առաջ, ինձ նորից թողնելով՝ խորհելու հենց նոր ունեցած փորձառության արտասովորության վրա. երբ, երկնային սուրհանդակի երրորդ անգամ իմ մոտից համբարձվելուց շատ չանցած, աքաղաղը կանչեց, և ես տեսա, որ լուսաբացը մոտենում է, այնպես որ մեր զրույցները պետք է որ զբաղեցրած լինեին ողջ այդ գիշերը:

48 Քիչ անց, ես վեր կացա մահճակալից և, սովորականի պես, անցա օրվա անհրաժեշտ գործերին. բայց փորձելով աշխատել, ինչպես ուրիշ անգամներ, ես զգացի, որ այնքան ուժասպառ եմ, որ լիովին անկարող եմ դարձել: Հայրս, որն աշխատում էր ինձ հետ, նկատեց որ ինձ հետ ինչ-որ բան է պատահել և պատվիրեց ինձ տուն գնալ: Ես ճամփա ընկա՝ տուն գնալու մտադրությամբ. բայց փորձելով անցնել դաշտեզրի ցանկապատի վրայով, որտեղ մենք էինք, ուժերս ամբողջովին լքեցին ինձ, և ես անօգնական գետնին փռվեցի և որոշ ժամանակ բոլորովին ոչինչ չէի գիտակցում:

49 Առաջին բանը, որ կարող եմ մտաբերել, դա մի ձայն էր, որ խոսում էր ինձ հետ՝ տալով անունս: Ես վեր նայեցի և տեսա նույն սուրհանդակին՝ իմ գլխավերևում կանգնած, լույսով շրջապատված, ինչպես առաջ: Ապա նա կրկին պատմեց ինձ այն ամենը, ինչ պատմել էր նախորդ գիշեր, և կարգադրեց ինձ գնալ ահորս մոտ և պատմել նրան տեսիլքի ու պատվիրանների մասին, որոնք ես ստացել էի:

50 Ես հնազանդվեցի. վերադարձա դաշտ՝ հորս մոտ և պատմեցի նրան ողջ պատահածը: Նա պատասխանեց ինձ, որ դա Աստծուց է եղել, և պատվիրեց ինձ գնալ և անել, ինչպես կարգադրել էր սուրհանդակը: Ես թողեցի դաշտը և գնացի այն վայրը, որտեղ, սուրհանդակի ասելով, պահ էին տրված թիթեղները. և տեսիլքի հստակության շնորհիվ, որ ունեցել էի դրա վերաբերյալ, տեղ հասնելուն պես, ես անմիջապես ճանաչեցի վայրը:

51 Նյու Յորքի Օնտարիո գավառի Մանչեստր գյուղից ոչ հեռու բավականին մեծ մի աբլուր կա՝ ամենաբարձադիրն այդ շրջակայքում: Բլրի արևմտյան կողմում, գագաթից ոչ հեռու, մի բավական մեծ քարի տակ էին դրված թիթեղները՝ քարե արկղում պահված: Այդ քարը հաստ էր և վերևի մասի մեջտեղում՝ կլոր, իսկ եզրերը՝ ավելի բարակ, այնպես որ գետնից բարձր երևում էր նրա մեջտեղի մասը, իսկ եզրերը բոլոր կողմերից ծածկված էին հողով:

52 Հեռացնելով հողը՝ ես վերցրեցի մի լծակ, որը հարմարեցրի քարի եզրի տակ և, մի փոքր ճիգ գործադրելով, բարձրացրեցի այն: Ես ներս նայեցի և այնտեղ, իսկապես, տեսա աթիթեղները, բՈւրիմն ու Թումիմը և գլանջապանակը, ինչպես հաղորդել էր սուրհանդակը: Արկղը, որի մեջ դրանք դրված էին, շինված էր միմյանց ինչ-որ շաղախով ամրացված քարերից: Արկղի հատակին երկու քարեր էին դրված, արկղին խաչաձև, և այդ քարերի վրա դրված էին թիթեղները և դրանց հետ՝ մյուս բաները:

53 Ես փորձեցի հանել դրանք, բայց սուրհանդակն արգելեց և կրկին տեղեկացրեց, որ դրանք ի հայտ բերելու ժամանակը դեռ չի եկել, և կգա այդ ժամանակից չորս տարի անց. բայց նա ասաց ինձ, որ ես պետք է գամ այդ վայրը՝ այդ ժամանակից ուղիղ մեկ տարի անց, և որ նա կհանդիպի ինձ այնտեղ, և որ ես պետք է շարունակեմ նույնն անել, մինչև որ գա թիթեղները ստանալու ժամանակը:

54 Այսպիսով, ինչպես որ ինձ պատվիրվել էր, ես ամեն տարին լրանալիս գնում էի և ամեն անգամ այնտեղ գտնում էի նույն սուրհանդակին, և մեր յուրաքանչյուր զրույցի ժամանակ ես ցուցումներ ու գիտելիք էի ստանում նրանից այն մասին, թե ինչ էր պատրաստվում անել Տերը, և թե ինչպես ու ինչ ձևով էր նրա աթագավորությունը կառավարվելու վերջին օրերին:

Ջոզեֆ Սմիթն ամուսնանում է Էմմա Հեյլի հետ – Նա Մորոնիից ստանում է ոսկե թիթեղները և թարգմանում է գրերի մի մասը – Մարտին Հարրիսը գրերը և թարգմանությունը ցույց է տալիս պրոֆեսոր Անտոնին, որն ասում է. «Ես չեմ կարող կարդալ կնքված գիրքը»: (Հատվածներ 55–65):

55 Քանի որ հորս նյութական պայմանները շատ սուղ էին, մենք ստիպված էինք մեր ձեռքի աշխատանքով ապահովել մեր կարիքները՝ համաձայնվելով ցանկացած օրավարձու կամ այլ աշխատանքի, երբ հնարավորություն էր ընձեռվում: Երբեմն աշխատում էինք տանը, երբեմն՝ տնից հեռու, և անդադար աշխատանքով հնարավոր էր դառնում բավարար ապրուստի միջոցներ ձեռք բերել:

56 1823 թվականին հորս ընտանիքը մեծ չարչարանքներ կրեց իմ ավագ եղբոր՝ աԱլվինի մահվան հետևանքով: 1825-ի հոկտեմբերին ես աշխատանքի վարձվեցի Ջոսիա Սթոուլ անունով մի տարեց պարոնի մոտ, որն ապրում էր Նյու Յորք նահանգի Չինանգո գավառում: Նա լսել էր ինչ-որ արծաթի հանքի մասին, որը բացվել էր իսպանացիների կողմից՝ Հարմոնիում, Պենսիլվանիա նահանգի Սասքուեհանա գավառում. և նախքան իմ աշխատանքի վարձվելը, հորատումներ էր կատարել, որպեսզի, եթե հնարավոր է, հայտնաբերի այդ հանքը: Հետո, երբ ես բնակվելու գնացի նրա մոտ, նա վերցրեց ինձ, իր մյուս աշխատողների հետ, արծաթի հանքը փորելու, որի վրա ես շարունակեցի աշխատել մոտ մեկ ամիս, հաջողություն չունենալով մեր ձեռնարկման մեջ, և, ի վերջո, ես կարողացա համոզել տարեց պարոնին, որ դադարեցնի փորելը: Այստեղից էլ տարածվել է այն պատմությունը, թե ես գանձ որոնող եմ եղել:

57 Այդ ընթացքում, վարձված լինելով այս աշխատանքին, այդ վայրում, ես պետք է ուտելիք և օթևան ստանայի պարոն Իսահակ Հեյլի տանը. այդտեղ էր, որ առաջին անգամ տեսա իմ կնոջը (նրա դստերը)՝ աԷմմա Հեյլին: 1827թ. հունվարի 18-ին մենք ամուսնացանք, երբ ես դեռ աշխատանքի էի վարձված պ-ն Սթոուլի մոտ:

58 Քանի որ ես շարունակում էի հայտարարել, որ տեսիլք էի տեսել, ահալածանքը դեռ հետևում էր ինձ, և կնոջս հոր ընտանիքը կտրականապես դեմ էր մեր ամուսնությանը: Ուստի, ես ստիպված էի տանել նրան մեկ ուրիշ վայր. այնպես որ մենք գնացինք և ամուսնացանք դատավոր Թարբիլի տանը՝ Սաութ Բեյնբրիջում, Նյու Յորքի Չինանգո գավառում: Անմիջապես իմ ամուսնությունից հետո, ես լքեցի պ-ն Սթոուլին ու գնացի հորս մոտ, և այդ ամառ աշխատեցի նրա հետ ագարակում:

59 Վերջապես եկավ թիթեղները, Ուրիմն ու Թումիմը, և լանջապանակը ստանալու ժամանակը: Հազար ութ հարյուր քսանյոթ թվականի սեպտեմբերի քսաներկուսին, սովորականի պես, այդ տարվա վերջին ևս գնալով այն վայրը, որտեղ դրանք պահված էին, նույն երկնային սուրհանդակը հանձնեց ինձ դրանք՝ հետևյալ հանձնարարությամբ. որ ես պետք է պատասխանատու լինեմ դրանց համար. որ, եթե անզգուշության կամ աանփութության պատճառով ձեռքիցս բաց թողնեմ դրանք, ես կկտրվեմ Տիրոջից. իսկ եթե բոլոր ջանքերս գործադրեմ՝ դրանք բպահպանելու համար, մինչև նա՝ սուրհանդակը, գա դրանց ետևից, դրանք կպահպանվեն:

60 Շուտով ես հասկացա պատճառը, թե ինչու դրանք ապահով պահելու համար այդպիսի խիստ հանձնարարականներ ստացա և թե ինչու սուրհանդակն ասաց, որ երբ ես արած լինեմ այն, ինչ պահանջվում էր ինձանից, ինքը կգա դրանց ետևից: Քանզի դեռ նոր էր իմացվել, որ դրանք ինձ մոտ են, երբ ամենաեռանդուն ջանքերը գործադրվեցին՝ դրանք ինձանից վերցնելու համար: Ամեն մի հնարք, որ հնարավոր էր հորինել, օգտագործվեց՝ այդ նպատակի համար: Հալածանքը դարձավ ավելի անողոք ու դաժան, քան առաջ, և ամբոխն աչալուրջ սպասում էր, որ հնարավորության դեպքում խլի դրանք ինձանից: Բայց Աստծո իմաստությամբ, դրանք իմ ձեռքում ապահով մնացին, մինչև որ ես դրանցով կատարեցի այն, ինչ պահանջվում էր իմ ձեռքից: Երբ, համաձայն պայմանավորվածության, սուրհանդակը եկավ դրանց ետևից, ես դրանք հանձնեցի նրան. և դրանք նրա հսկողության տակ են մինչ այսօր՝ հազար ութ հարյուր երեսունութ թվականի մայիսի երկրորդ օրը:

61 Հուզումները, այնուամենայնիվ, դեռ շարունակվում էին, և բամբասանքն իր հազարավոր լեզուներով անդադար զբաղված էր հորս ընտանիքի և իմ մասին սուտ լուրեր տարածելով: Հատորներ կլցվեին, եթե պատմեի դրանց հազարերորդ մասն անգամ: Հալածանքն, այնուամենայնիվ, այնքան դաժանացավ, որ ես ստիպված էի հեռանալ Մանչեստրից և գնալ Պենսիլվանիա նահանգի Սասքուեհանա գավառ: Պատրաստվելով մեկնել,– մենք չափազանց աղքատ էինք, և մեր հանդեպ հալածանքն այնքան ծանր էր, որ երբևէ նման վիճակից դուրս գալու հավանականություն չկար,– մեր չարչարանքների մեջ մի ընկեր գտանք, աՄարտին Հարրիս անունով մի պարոն, որը եկավ մեզ մոտ և ինձ տվեց հիսուն դոլար՝ մեզ օգնելու համար, որ մեկնենք: Պարոն Հարրիսը Նյու Յորք նահանգի Վեյն գավառի Պալմիրա շրջանի բնակիչ և մի բարեհամբավ ագարակատեր էր:

62 Ժամանակին հասած այս օգնությամբ, ես կարողացա հասնել Պենսիլվանիայի իմ որոշած վայրը. և անմիջապես, տեղ հասնելուն պես, ես սկսեցի թիթեղներից արտագրել գրերը: Ես արտագրեցի դրանց զգալի մասը, և աՈւրիմի ու Թումիմի միջոցով թարգմանեցի դրանցից մի քանիսը, որը ես արեցի դեկտեմբերին՝ կնոջս հայրական տուն ժամանելուց մինչև եկող փետրվարն ընկած ժամանակամիջոցում:

63 Փետրվար ամսվա մի օր, վերը հիշատակված պ-ն Մարտին Հարրիսը եկավ մեր տուն, վերցրեց այն գրերը, որոնք ես արտատպել էի թիթեղներից, և մեկնեց Նյու Յորք: Թե ինչ պատահեց նրա հետ և այդ գրերի հետ, ես մեջբերում եմ անում իրադարձությունների նրա նկարագրությունը, ինչպես որ նա պատմեց ինձ վերադառնալուն պես, որը հետևյալն էր.

64 «Ես գնացի Նյու Յորք, և գրերը, որոնք թարգմանվել էին, և դրանց թարգմանությունները ներկայացրեցի պրոֆեսոր Չարլզ Անտոնին, որը գրական նվաճումներով ճանաչված մի պարոն էր: Պրոֆեսոր Անտոնը հայտարարեց, որ թարգմանությունը ճիշտ է, առավել ճշգրիտ, քան մինչև այդ տեսած եգիպտերենից կատարված այլ թարգմանություն: Այնուհետև, ես նրան ցույց տվեցի գրերը, որոնք դեռ չէին թարգմանվել, և նա ասաց, որ դրանք եգիպտական, քաղդեական, ասորական և արաբական գրեր էին. և նա ասաց, որ դրանք ճիշտ գրեր էին: Նա տվեց ինձ մի վկայական, որը հավաստիացնում էր Պալմիրայի մարդկանց, որ դրանք ճիշտ գրեր էին, և որ դրանց թարգմանությունը, ինչպես որ թարգմանվել էին, նույնպես ճիշտ էր կատարված: Ես վերցրեցի վկայականը և դրեցի գրպանս, և պատրաստվում էի հեռանալ, երբ պ-ն Անտոնը ետ կանչեց ինձ և հարցրեց, թե ինչպես է երիտասարդն իմացել, որ ոսկե թիթեղներ կային այնտեղ, որտեղից դրանք գտել է: Ես պատասխանեցի, որ Աստծո հրեշտակն է նրան հայտնել դա:

65 Հետո նա ասաց ինձ. «Թույլ տվեք նայել վկայականը»: Ապա ես հանեցի այն գրպանիցս և տվեցի նրան, երբ նա վերցրեց այն և պատռեց, ասելով, որ ներկայումս նման բան չի լինում, ինչպիսին ահրեշտակների սպասավորությունն է, և որ, եթե ես բերեմ թիթեղները նրա մոտ, նա կթարգմանի դրանք: Ես տեղեկացրեցի նրան, որ թիթեղների մի մասը բկնքված է, և որ ինձ արգելված է բերել դրանք: Նա պատասխանեց. «Ես չեմ կարող կարդալ կնքված գիրքը»: Ես հեռացա այնտեղից և գնացի դոկտոր Միտչելի մոտ, որը հաստատեց պրոֆեսոր Անտոնի ասածը՝ թե՛ գրերի և թե՛ թարգմանության վերաբերյալ»:

· · · · · · ·

Օլիվեր Քաուդերին ծառայում է որպես դպիր Մորմոնի Գիրքը թարգմանելիս – Ջոզեֆը և Օլիվերը ստանում են Ահարոնյան Քահանայությունը Հովհաննես Մկրտիչից – Նրանք մկրտվում են, կարգվում և ստանում են մարգարեության ոգին: (Հատվածներ 66–75):

66 1829 թվականի ապրիլի 5-րդ օրը մեր տուն եկավ աՕլիվեր Քաուդերին, որին ես մինչ այդ երբեք չէի տեսել: Նա հայտնեց, որ հորս բնակավայրի մոտ գտնվող դպրոցում դասավանդելիս,– և հայրս իր երեխաներին դպրոց ուղարկողներից մեկն էր,– նա որոշ ժամանակ ուտելիք և օթևան էր ստացել նրա տանը, և այնտեղ եղած ժամանակ ընտանիքը նրան պատմել էր, թե ինչպիսի հանգամանքներում եմ ստացել թիթեղները, և այդ պատճառով նա եկել է ինձանից հարցուփորձ անելու:

67 Պ-ն Քաուդերիի ժամանումից երկու օր անց (ապրիլի 7-ին), ես սկսեցի թարգմանել Մորմոնի Գիրքը, և նա սկսեց գրել ինձ համար:

· · · · · · ·

68 Մենք դեռ շարունակում էինք թարգմանության գործը, երբ, հաջորդ ամսին (1829-ի մայիսին), մի օր մենք գնացինք անտառ, որպեսզի աղոթենք և Տիրոջը հարցնենք մեղքերի աթողության համար բմկրտվելու վերաբերյալ, որի մասին նշվում էր թիթեղների թարգմանության մեջ: Մինչ մենք զբաղված էինք աղոթելով ու կանչելով առ Տերը, երկնքից մի գսուրհանդակ իջավ լուսե դամպի մեջ, և իր եձեռքերը դնելով մեր վրա, նա զկարգեց մեզ՝ ասելով.

69 Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի աՔահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները. և այն այլևս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև որ բՂևիի որդիները կրկին արդարությամբ ընծա մատուցեն Տիրոջը:

70 Նա ասաց, որ այս Ահարոնյան Քահանայությունը չունի Սուրբ Հոգու ապարգևի համար ձեռնադրելու զորությունը, բայց որ այն կշնորհվի մեզ հետագայում. և նա պատվիրեց մեզ՝ գնալ ու մկրտվել, և մեզ ցուցում տվեց, որ ես պետք է մկրտեմ Օլիվեր Քաուդերիին, և որ դրանից հետո նա պիտի մկրտի ինձ:

71 Ուստի, մենք գնացինք և մկրտվեցինք: Սկզբում ես մկրտեցի նրան, իսկ հետո, նա մկրտեց ինձ, որից հետո, ես ձեռնադրեցի նրան և կարգեցի նրան Ահարոնյան Քահանայության, իսկ հետո, նա ձեռնադրեց ինձ և կարգեց ինձ նույն Քահանայության, քանզի այդպես էր մեզ պատվիրվել:*

72 Սուրհանդակը, որն այցելել էր մեզ այդ ժամանակ և շնորհել մեզ այդ Քահանայությունը, ասաց, որ իր անունը Հովհաննես է, այն նույնը, որին Նոր Կտակարանում կոչում են աՀովհաննես Մկրտիչ, և որ նա գործում էր բՊետրոսի, գՀակոբոսի և դՀովհաննեսի ղեկավարության ներքո, որոնք կրում էին եՄելքիսեդեկյան Քահանայության զբանալիները, Քահանայություն, ասաց նա, որը ժամանակին կշնորհվի մեզ, և որ ես պիտի կոչվեմ Եկեղեցու առաջին էԵրեցը, իսկ նա (Օլիվեր Քաուդերին) երկրորդը: 1829-ի մայիսի տասնհինգերորդ օրն էր, երբ մենք կարգվեցինք այս սուրհանդակի ձեռքերի ներքո և մկրտվեցինք:

73 Անմիջապես, մեր մկրտվելուց հետո ջրից դուրս գալուն պես, մենք մեծ և փառավոր օրհնություններ զգացինք մեր Երկնային Հորից: Օլիվեր Քաուդերիին մկրտելուց ոչ շատ անց, աՍուրբ Հոգին իջավ նրա վրա, և նա կանգնեց ու շատ բաների մասին բմարգարեացավ, որոնք շուտով պիտի իրականանային: Եվ բացի այդ, նրա կողմից մկրտվելուց հետո, ես նույնպես զգացի մարգարեության ոգին, երբ, կանգնելով մարգարեացա այս Եկեղեցու բարձրանալու մասին և ուրիշ շատ բաներ՝ կապված Եկեղեցու և մարդկանց զավակների այս սերնդի հետ: Մենք լցված էինք Սուրբ Հոգով և ցնծում էինք մեր փրկության Աստծով:

74 Այժմ մեր մտքերը լուսավորված լինելով, մեր ահասկացողությանը սկսեցին բացվել սուրբ գրությունները, և դրանց առավել խորհրդավոր հատվածների բճշմարիտ իմաստն ու նշանակությունը մեզ հայտնի դարձվեց այնպիսի ձևով, որը երբեք հասու չէր եղել մեզ, ոչ էլ երբևէ նախկինում անցել էր մեր մտքով: Միևնույն ժամանակ, մենք ստիպված էինք գաղտնի պահել Քահանայությունը ստանալու պայմանները, և մեր մկրտվելը, հետապնդման ոգու պատճառով, որն արդեն դրսևորվել էր այդ վայրերում:

75 Ժամանակ առ ժամանակ մեզ սպառնում էին ամբոխի հաշվեհարդարով, և դա նույնպես կրոնի դավանողների կողմից էր: Եվ մեր վրա բռնանալու նրանց ցանկությունները կանխարգելվում էին միայն կնոջս հոր ընտանիքի ազդեցության շնորհիվ (Աստվածային նախախնամությամբ), որոնք շատ մտերմացել էին ինձ հետ և դեմ էին կանգնում ամբոխներին ու կամենում էին, որ ինձ թույլ տրվեր՝ առանց ընդհատման շարունակելու թարգմանության աշխատանքը. և, հետևաբար, առաջարկում և խոստանում էին իրենց ուժերի ներածին չափով պաշտպանել մեզ բոլոր անօրինական ոտնձգություններից:

  • Օլիվեր Քաուդերին այսպես է նկարագրում այդ իրադարձությունները. «Դրանք անմոռանալի՜ օրեր էին. նստել երկնքից ոգեշնչված ձայնի թելադրման ներքո, որը կրծքումդ խորը երախտագիտություն է արթնացնում: Օրը-օրին ես շարունակում էի անդադար գրել նրա բերանից, մինչ նա Ուրիմով ու Թումիմով, կամ ինչպես Նեփիացիները կասեին՝ «մեկնիչներով» թարգմանում էր «Մորմոնի Գիրքը» կոչվող պատմությունը կամ հիշատակարանը:

    Անգամ մի քանի խոսքով այն հետաքրքիր հաշվետվության մասին նշելը, որը ներկայացնում են Մորմոնը և նրա հավատարիմ որդի Մորոնին մի ժողովրդի մասին, որը ժամանակին սիրվել ու հովանավորվել է երկնքից, կգերազանցեր ներկայիս իմ մտադրությունը. հետևաբար, ես կհետաձգեմ այն մինչև մոտ ապագան և ուղղակի կանցնեմ, ինչպես ասացի առաջաբանում, անմիջապես այս Եկեղեցու բարձրանալու հետ կապված որոշ դեպքերին, որոնք կարող է հետաքրքրեն այն հազարավոր մարդկանց, որոնք քայլ են կատարել մոլեռանդների դատապարտության ու կեղծավորների զրպարտության միջից և ընդունել են Քրիստոսի Ավետարանը:

    Ոչ մեկը, իր ողջամիտ բանականությամբ, չէր կարող թարգմանել և նման ճշգրտությամբ գրել Փրկչի շուրթերով Նեփիացիներին տրված այն ցուցումները, թե ինչպես մարդիկ պիտի կառուցեն Նրա Եկեղեցին, հատկապես այն ժամանակ, երբ ապականությունն անորոշություն էր տարածել մարդկանց մեջ գործող բոլոր կարգերի ու համակարգերի վրա, եթե չփափագեր այդ առանձնաշնորհը՝ ցույց տալ սրտի հոժարությունը, թաղվելով հեղուկ գերեզմանի մեջ՝ ի պատասխան «մաքուր խղճմտանքի՝ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով»:

    Այս աշխարհամասում Հակոբի սերունդների մնացորդին մատուցած Փրկչի ծառայության մասին հաշվետվությունը գրելուց հետո, հեշտ էր նկատել, ինչպես մարգարեն էր կանխատեսել, որ խավարը ծածկել է երկիրը և թանձր խավարը՝ մարդկանց մտքերը: Շարունակելով մտորումները, հեշտ էր տեսնել նաև, որ կրոնի հարցում եղած մեծ կռիվների ու աղմուկի մեջ չկար մեկը, որ Աստծուց իշխանություն ունենար՝ սպասավորելու Ավետարանի արարողությունները: Քանզի կարելի է հարց տալ. արդյո՞ք Քրիստոսի անունով սպասավորելու իշխանություն ունեն այն մարդիկ, ովքեր ժխտում են հայտնությունները, այն ժամանակ, երբ Նրա վկայությունը ոչ այլ ինչ է, քան մարգարեության ոգին, և աշխարհի բոլոր դարաշրջաններում, երբ էլ որ Նա ժողովուրդ է ունեցել երկրի վրա, Նրա կրոնը հիմնվել, կառուցվել և հաստատվել է անմիջական հայտնություններով: Եթե այդ փաստերը թաղվել և զգուշությամբ թաքցվում էին այն մարդկանց կողմից, որոնց արհեստը վտանգի տակ կլիներ, եթե թույլ տրվեր որ այն շողա մարդկանց երեսին, մեզ համար դրանք այլևս թաքնված չէին. և մենք միայն սպասում էինք, որ պատվիրանը տրվեր. «Վե՛ր կացեք ու մկրտվեք»:

    Երկար չսպասեցինք, մինչև այդ փափագն իրականություն դարձավ: Տերը, որը հարուստ է ողորմությամբ և միշտ պատրաստ է խոնարհի հետևողական աղոթքին պատասխանելու, ջերմեռանդ աղոթքով նրան դիմելուն պես, մարդկանց բնակավայրերից հեռու, բարեհաճեց մեզ ցույց տալ Իր կամքը: Հանկարծակի, կարծես հավերժության միջից, Քավչի ձայնը խաղաղություն խոսեց մեզ, երբ վարագույրը բացվեց և Տիրոջ հրեշտակը փառք հագած իջավ ցած և փոխանցեց անհամբեր սպասված պատգամը և ապաշխարության Ավետարանի բանալիները: Ինչպիսի՜ ուրախություն: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ զմայլանք: Այն ժամանակ, երբ աշխարհը պրկված էր ու խառնված, երբ միլիոնավոր մարդիկ կույրի պես խարխափում էին, պատը փնտրելով, և երբ բոլոր մարդիկ, որպես ընդհանուր զանգված, անորոշության մեջ էին, մեր աչքերը տեսա՛ն, մեր ականջները լսեցի՛ն, ինչպես «ցերեկվա լույսով». այո՛, ավելի՜ն,– առավել, քան մայիսյան արևի ճառագայթների պայծառությամբ, որն այնուհետև իր շողերը գցում է բնության դեմքին: Ապա նրա ձայնը, թեև մեղմ էր, բայց թափանցեց մինչև սրտի խորքը, իսկ նրա խոսքերը՝ «Ես ձեր ընկերակից ծառան եմ», փարատեցին ամեն մի վախ: Մենք լսո՜ւմ էինք. մենք հայո՜ւմ էինք. մենք հիանո՜ւմ էինք: Դա հրեշտակի ձա՛յնն էր փառքի միջից, դա Բարձրյալի պատգա՛մն էր: Եվ լսելով՝ մենք ցնծում էինք, մինչ նրա սերը վառվում էր մեր հոգում, և մենք պարուրված էինք Ամենազորի տեսիլքով: Ո՞րտեղ էր կասկածի տեղը: Չկա՛ր. անորոշությունն անհետացել էր, կասկածը սուզվել էր, որ այլևս չբարձրանա, մինչ պատրանքն ու խաբեությունն անհետացել էին հավիտյան:

    Սակայն, թանկագի՛ն եղբայր, մտածի՛ր, շարունակիր մտածել մի պահ, ինչպիսի՜ ուրախություն էր լցվել մեր սրտերը, և ինչպիսի՜ անակնկալով մենք պիտի խոնարվեինք (քանզի, ո՞վ ծունկ չէր խոնարհի այդպիսի օրհնության համար), երբ մենք ստացանք նրա ձեռքի ներքո Սուրբ Քահանայությունը, երբ նա ասաց. «Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով, ես շնորհում եմ ձեզ այս Քահանայությունը և այս իշխանությունը, որը կմնա երկրի վրա, որպեսզի Ղևիի որդիները դեռ կարողանան արդարությամբ ընծա մատուցել Տիրոջը»:

    Ես չեմ փորձի նկարագրել ձեզ սրտիս այն զգացումները, ոչ էլ այն վեհասքանչ գեղեցկությունն ու փառքը, որ շրջապատել էր մեզ այդ ժամանակ. բայց դուք կհավատաք ինձ, եթե ասեմ, որ ո՛չ երկիրը, ո՛չ էլ մարդիկ ժամանակի պերճախոսությամբ չեն կարող լեզվի նույնքան հետաքրքրիր ու վսեմ ձև ընտրել, որքան այդ սուրբ անձնավորությունը: Ո՛չ. ոչ էլ այս երկիրը զորություն ունի տալու այն ուրախությունը, շնորհելու այն խաղաղությունը, կամ ըմբռնելու այն իմաստությունը, որ պարունակվում էր ամեն մի նախադասության մեջ, երբ դրանք տրվում էին Սուրբ Հոգու զորությամբ: Մարդ կարող է խաբել իր մերձավորին, հնարավոր է խաբեությունը հետևի խաբեությանը, և այն ամբարիշտ մեկի զավակները կարող են զորություն ունենալ՝ մոլորեցնելու անմիտ և անուսում մարդկանց, քանի դեռ ոչ այլ ինչ, քան պատրանքն է սնում շատերին և կեղծիքի պտուղն իր հոսանքով գերեզման է տանում փոփոխամիտներին. բայց նրա սիրո մատի մեկ հպումը, այո՛, փառքի մեկ ցոլքը վերին աշխարհից, կամ մեկ խոսքը Փրկչի բերանից, հավերժության ծոցից, ցնցում է այդ ամենը, դարձնելով աննշան, և հավերժ ջնջում է մտքից: Վստահությունը, որ մենք հրեշտակի ներկայության մեջ էինք, համոզվածությունը, որ մենք լսեցինք Հիսուսի ձայնը, և այն անարատ ճշմարտությունը, որը հորդում էր մաքուր անձնավորությունից, Աստծո կամքով թելադրված, ինձ համար աննկարագրելի է, և ես միշտ զմայլանքով և երախտագիտությամբ կնայեմ Փրկչի բարության այս դրսևորմանը, քանի դեռ ինձ թույլ կտրվի ապրել. և այն ապարանքներում, որտեղ բնակվում է կատարելությունը, և մեղքը երբեք չի մտնում, ես հույս ունեմ, որ կերկրպագեմ Նրան այն երբեք չվերջացող օրը»: «Messenger and Advocate» (Սուրհանդակ և Բարեխոս), հատոր 1 (1834թ. հոկտեմբեր), էջ 14–16: