ՋՍԹ, Ծննդոց 50.24–38 (համեմատի՛ր Ծննդոց Ծ.24–26. տես նաև 2 Նեփի 3)
(Մովսեսը, Ահարոնը և Ջոզեֆ Սմիթը,– բոլորը հիշատակվել են Հովսեփի մարգարեության մեջ, որը Եգիպտոսում էր: Նաև Հովսեփը մարգարեացել էր, որ Մորմոնի Գիրքն ընկերակից կդառնա Հուդայի հիշատակարանին):
24 Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. Ես մահանում եմ և գնում իմ հայրերի մոտ. և ես գերեզման եմ գնում ուրախությամբ: Իմ հայր Հակոբի Աստվածը թող լինի ձեզ հետ, որ ձեր գերության օրերին ձեզ ազատի չարչարանքից. քանզի Տերն այցելել է ինձ, և ես ստացել եմ Տիրոջ խոստումը, որ իմ երանքի պտղից Տեր Աստված մի արդարակյաց ճյուղ կբարձրացնի. և ձեզ համար, ում իմ հայր Հակոբը կոչեց Իսրայել, մի մարգարե. (ոչ Մեսիային, ում անունը Սելով է.) և այդ մարգարեն իմ ժողովրդին կազատի Եգիպտոսից՝ քո գերության օրերին:
25 Եվ կլինի այնպես, որ նրանք կրկին կցրվեն. և մի ճյուղ կկտրվի և կտարվի մի հեռու երկիր. այնուամենայնիվ, նրանք կհիշվեն Տիրոջ ուխտերում, երբ Մեսիան գա. քանզի, վերջին օրերին նա իրեն հայտնի կդարձնի նրանց՝ զորության Հոգով. և նրանց դուրս կբերի խավարից դեպի լույս. ծածուկ խավարից և գերությունից դուրս՝ դեպի ազատություն:
26 Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի, որը կլինի մի ընտրյալ տեսանող իմ երանքի պտղի համար:
27 Այսպես է ասում ինձ իմ հայրերի Տեր Աստվածը. Մի ընտրյալ տեսանող ես կբարձրացնեմ քո երանքի պտղից. և նա բարձր կգնահատվի քո երանքի պտղի մեջ. և նրան ես պատվիրան կտամ, որ նա մի գործ անի քո երանքի պտղի՝ իր եղբայրների համար:
28 Եվ նա նրանց կբերի այն ուխտերի իմացությանը, որոնք կապել եմ քո հայրերի հետ. և նա կանի ամեն գործ, ինչ կպատվիրեմ նրան:
29 Եվ ես նրան մեծ կդարձնեմ իմ աչքում, քանզի նա կկատարի իմ գործը. և նա կլինի մեծ, ինչպես նա, ում ես ասել եմ, որ կբարձրացնեմ ձեզ համար, որպեսզի ազատեմ իմ ժողովրդին Եգիպտոսի երկրից, ո՜վ Իսրայելի տուն. քանզի ես մի տեսանող կբարձրացնեմ, որ ազատի իմ ժողովրդին Եգիպտոսի երկրից. և նրա անունը կլինի Մովսես: Եվ այս անունով նա կիմանա, որ նա քո տնից է. քանզի նա կմեծացվի թագավորի դստեր կողմից և կկոչվի նրա որդին:
30 Եվ բացի այդ, մի տեսանող կբարձրացնեմ ես քո երանքի պտղից, և նրան կտամ զորություն՝ առաջ բերելու իմ խոսքը քո երանքի սերնդի համար. և ոչ միայն իմ խոսքն առաջ բերելու, ասում է Տերը, այլ համոզելու նրանց իմ խոսքի վերաբերյալ, որն արդեն առաջ գնացած կլինի նրանց մեջ վերջին օրերին.
31 Ուստի, քո երանքի պտուղը կգրի, և Հուդայի երանքի պտուղը կգրի. և այն, ինչը կգրվի քո երանքի պտղի կողմից և նաև այն, ինչը կգրվի Հուդայի երանքի պտղի կողմից, միասին կսերտաճեն՝ ի հերքումն կեղծ վարդապետությունների, դադարեցնելով հակառակությունները, և խաղաղություն հաստատելով քո երանքի պտղի միջև, և բերելով նրանց իրենց հայրերի իմացությանը վերջին օրերին. և նաև իմ ուխտերի իմացությանը, ասում է Տերը:
32 Եվ տկարությունից նա կդարձվի ուժեղ այն օրը, երբ իմ գործն առաջ կգնա իմ ողջ ժողովրդի մեջ, որը կվերականգնի նրանց, ովքեր Իսրայելի տնից են, վերջին օրերին:
33 Եվ այդ տեսանողին ես կօրհնեմ, և նրանք, ովքեր փնտրում են կործանել նրան, կկործանվեն. քանզի, ես տալիս եմ ձեզ այդ խոստումը. քանզի ես կհիշեմ ձեզ սերնդե-սերունդ. և նրա անունը կկոչվի Հովսեփ, և դա կլինի նրա հոր անվամբ. և նա կլինի քեզ նման. քանզի այն բանը, որը Տերն առաջ կբերի նրա ձեռքով, փրկության կբերի իմ ժողովրդին:
34 Եվ Տերը երդում արեց Հովսեփին, որ նրա սերունդը հավիտյան կպահպանի՝ ասելով. Ես կբարձրացնեմ Մովսեսին, և մի գավազան կլինի նրա ձեռքին, և նա կհավաքի իմ ժողովրդին և կառաջնորդի նրանց, ինչպես հոտը, և իր գավազանով կզարկի Կարմիր ծովի ջրերին:
35 Եվ նա դատողություն կունենա, և կգրի Տիրոջ խոսքը: Եվ նա չի խոսի շատ խոսքեր, քանզի ես կգրեմ իմ օրենքը նրա համար իմ ձեռքի մատով: Եվ ես մի խոսնակ կպատրաստեմ նրա համար, և նրա անունը կլինի Ահարոն:
36 Եվ վերջին օրերին քեզ հետ նույնպես կկատարվի այնպես, ինչպես ես երդում եմ արել: Դրա համար Հովսեփն ասաց իր եղբայրներին, Աստված անպատճառ կայցելի ձեզ, և այս երկրից կհանի ձեզ դեպի այն երկիրը, որի համար նա երդում արեց Աբրահամին և Իսահակին և Հակոբին:
37 Եվ Հովսեփն ուրիշ շատ բաներ հաստատեց իր եղբայրներին, Իսրայելի զավակներին երդում անել տվեց, ասելով նրանց. Աստված անպատճառ կայցելի ձեզ, և դուք պիտի հանեք իմ ոսկորներն այստեղից:
38 Այդպես, Հովսեփը մահացավ, երբ հարյուր և տասը տարեկան էր. և նրան զմրսեցին և դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում. և Իսրայելի զավակները պահեցին նրան և չթաղեցին, որպեսզի նա տարվի և դրվի գերեզմանը՝ իր հոր մոտ: Եվ այդպես, նրանք հիշում էին այն երդումը, որով երդվել էին նրան: