Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու
Հավատո Հանգանակը
1 Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն։
2 Մենք հավատում ենք, որ մարդիկ կպատժվեն իրենց իսկ գործած մեղքերի, այլ ոչ թե Ադամի օրինազանցության համար։
3 Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին։
4 Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար։
5 Մենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ։
6 Մենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում՝ իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն։
7 Մենք հավատում ենք լեզուների, մարգարեության, հայտնության, տեսիլքների, բժշկության, լեզուների թարգմանության և այլ պարգևների։
8 Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է։
9 Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ։
10 Մենք բառացիորեն հավատում ենք Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տասը Ցեղերի վերականգնմանը. որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում. որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը։
11 Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչ որ կամենում են։
12 Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն։
13 Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն։ Իրավ, կարող ենք ասել, որ մենք հետևում ենք Պողոս Առաքյալի հորդորանքին. Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին։ Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի, մենք ձգտում ենք այդ ամենին։
Ջոզեֆ Սմիթ