Ինստիտուտ
Դաս 9. Զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ


9

Զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ

Նախաբան

Միսիոներները պետք է ձգտեն դառնալ Փրկիչի նման, երբ նրանք աշխատում են հրավիրել մյուսներին գալ դեպի Նա: Փրկիչը մեր կատարյալ օրինակն է և հրահանգել է մեզ դառնալ Իր նման (տես 3 Նեփի 27.27) և Նրա Քավությունը հնարավորություն է տալիս մեզ ավելի նմանվել Նրան և մեր Երկնային Հորը: Հիսուս Քրիստոսին նմանվելու կարևոր գործոններից մեկը սովորելն է, թե ինչպես էր նա ապրում, վարվում և ուսուցանում: Եթե անձամբ մենք ավելի լիարժեք կերպով զարգացնենք Քրիստոսանման հատկանիշները, ապա մենք ավելի լավ պատրաստված կլինենք ծառայելու Աստծուն և մյուսներին մեր միսիաների և մեր ողջ կյանքի ընթացքում:

Նախապատրաստություն

Ուսուցանման առաջարկներ

Քրիստոսանման հատկանիշների կարևորությունը

Հրավիրեք ուսանողներին բացել 138 էջը՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում և դիտել միսիոներական անվանապիտակի նկարը: Հարցրեք.

  • Որո՞նք են միսիոներական անվանապիտակի երկու ամենաշատն աչքի ընկնող մասերը: (Միսիոների անունը և Փրկիչի անունը):

  • Ինչո՞ւ ձեր և մյուսների համար կարևոր կլինի, որ ձեր անունը Փրկիչի անվան հետ կապ ունենա:

Խնդրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ հինգ պարբերությունները էջեր 129-130, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից, մինչ դասարանը կհետևի, փնտրելով, թե ինչպես մենք կարող ենք ընդունել Հիսուս Քրիստոսին հետևելու հրավերը: Նրանց կարդալուց հետո հարցրեք.

  • Մենք ինչպե՞ս ենք ընդունում Հիսուս Քրիստոսին հետևելու Նրա հրավերը: (Ուսանողները պետք է նշեն այս սկզբունքը. Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի հրավերը՝ հետևելու Իրեն՝ դառնալով Նրա նման և զարգացնելով Նրա հատկանիշները:)

  • Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելն ինչպե՞ս կդարձնի ձեզ Հիսուս Քրիստոսի ավետարանի զորավոր և արդյունավետ ծառայողը:

Խնդրեք ուսանողներից յուրաքանչյուրին ընտրել սուրբ գրության մի հատված Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակից՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 130-ում: Թող ուսանողները կարդան իրենց ընտրած սուրբ գրությունների հատվածները և տեսնեն, թե այն ինչ է ասում՝ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու մասին: Հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել նրանով, ինչ սովորեցին: Երբ մի քանի ուսանողներ կարտահայտվեն, հարցրեք.

  • Ձեզ բնորոշ ո՞ր մի քանի հատկանիշներն են ձեզ կապում Հիսուս Քրիստոսի հետ:

Ցուցադրեք «Christlike Attributes» (2:54) տեսանյութը, որում պատկերված են Փրկիչի հատկանիշներից մի քանիսը: Թող ուսանողները դիտեն, թե ինչպես էին Փրկիչի աստվածային հատկանիշներն արտահայտվում նրա գործերում, մասնավորապես մարդկանց հետ շփվելիս:

Տեսանյութը դիտելուց հետո, տվեք հետևյալ բնույթի հարցեր, համոզվելով, որ բավարար ժամանակ եք տալիս ուսանողներին, որպեսզի խորհեն պատասխանների շուրջ.

  • Ինչպե՞ս էին Փրկիչի աստվածային հատկանիշներն ակնհայտ դառնում նրա գործերում, մասնավորապես մարդկանց հետ շփվելիս:

  • Ինչպիսի՞ ազդեցություն էին ունենում Հիսուսի գործողություններն ուրիշների վրա:

Խնդրեք ուսանողներին իրենց կողքի նստողի հետ կիսվեն, թե ինչպիսի ազդեցություն է թողել որևէ մեկի Քրիստոսանման վարքը իրենց վրա: Այնուհետև նրանց մի փոքր ժամանակ տվեք խորհելու հետևյալ հարցի շուրջ.

  • Տեսանյութում ցուցադրված Քրիստոսի հատկանիշներից որո՞նք դուք կցանկանայիք ավելի շատ զարգացնել:

Զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․1-7 հատվածները:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 4.5–6-ի, ո՞րն է կապը Քրիստոսանման հատկանիշների և տվյալ գործին կանչված լինելու որակավորումների միջև: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է նշեն այս սկզբունքը. Քրիստոսանման հատկանիշներ ունեցող անհատները որակավորվում են՝ ծառայելու Տիրոջ գործին:)

Խնդրեք դասարանին բացել Վարժություն հատկանիշի վերաբերյալ՝ էջ 141, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Էջի վերևում տրված հրահանգները բացատրելուց հետո խնդրեք ուսանողներին կատարել վարժությունը: Օգտակար կլինի ասել ուսանողներին, թե որքան ժամանակ նրանք կունենան վարժությունը կատարելու համար: Կարող եք բաժանել ուսանողներին վարժության թերթիկի պատճենները: Եթե ուսանողները կնախընտրեն վարժությունը կատարել իրենց Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, ապա խրախուսեք նրանց գրել մատիտով: Բոլոր ուսանողներին բավարար ժամանակ հատկացրեք, որպեսզի վարժությունն ավարտեն: Այնուհետև խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են նրանք սովորել և զգացել, երբ աշխատում էին այս ինքնագնահատման վրա: Անհրաժեշտության դեպքում տվեք հետևյալ բնույթի հարցեր.

  • Վարժության ո՞ր հատկանիշներն են նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ:

  • Ի՞նչ դուք սովորեցիք այս վարժությունից:

Օգնեք ուսանողներին խորացնել իրենց պատկերացումը Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ հրավիրելով նրանց ընտրել մեկ հատկանիշ, որի մասին նրանք ցանկանում են ավելին իմանալ, և ավելի լիարժեքորեն զարգացնել այն իրենց կյանքում: Խնդրեք ուսանողներին բացել այն բաժինը, որտեղ նկարագրվում է իրենց ընտրած հատկանիշը՝ էջեր 130–137, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Այնուհետև նրանց ժամանակ տվեք, որ ուսումնասիրեն իրենց բաժինը համապատասխան սուրբ գրությունների հետ միասին: Օգտակար կլինի ասել ուսանողներին, թե որքան ժամանակ նրանք ունեն ուսումնասիրության համար: Նրանց կարդալու ընթացքում գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

  • Ի՞նչ նոր գաղափար դուք ունեցաք այս հատկանիշի վերաբերյալ:

  • Ի՞նչ պետք է փոխվի ձեր սրտում, մտքում կամ գործողություններում, որ զարգանա այս հատկանիշը:

  • Այս հատկանիշի զարգացումն ինչպե՞ս կարող է նպաստել, որ ավելի արդյունավետ միսիոներ լինեք:

Քայլեք սենյակով մեկ, որպեսզի տեսնեք, թե ինչ է անում ամեն մի ուսանողը և որպեսզի պատասխանեք նրանց ունեցած հարցերին: Բավարար ժամանակից հետո, հրավիրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին:

Ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքը, և խնդրեք ուսանողներին տեսնել, թե ըստ Նախագահ Ուխդորֆի մենք ինչ պետք է անենք, որպեսզի զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Սուրբ գրությունները նկարագրում են մի շարք Քրիստոսանման հատկանիշներ, որոնք մենք պետք է զարգացնենք մեր կյանքի ընթացքում: … Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: Դրանք հնարավոր չէ զարգացրել առանց Նրա օգնության: Մի օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, շնորհվել է մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատք ունենալ նշանակում է ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, իմաստությանը և սիրուն: Քրիստոսանման հատկանիշները գալիս են մեր կյանք, երբ մենք մեր ազատ կամքն արդար կերպով ենք գործի դնում: … Ձգտելով ավելի նմանվել Փրկիչին մենք պետք է պարբերաբար վերագնահատենք մեր կյանքը և ճշմարիտ ապաշխարության ճանապարհով ապավինենք Հիսուս Քրիստոսի արժեքներին և Նրա Քավության օրհնություններին» (“Christlike Attributes—the Wind beneath Our Wings,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 102–103):

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ «Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց»: (Դրանք պարգևներ են, որոնք հնարավոր չէ լիարժեք զարգացնել առանց Աստծո օգնության):

  • Համաձայն Նախագահ Ուխդորֆի՝ ինչ կարող ենք մենք անել, որպեսզի Աստծո օգնությամբ զարգացնենք այդ հատկանիշները: (Կարող եք ամփոփել ուսանողների պատասխանները գրատախտակին գրելով հետևյալը. Մենք կարող ենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշները, ապաշխարելով, հավատք ունենալով Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապավինելով Քավությանը):

  • Ապաշխարելը և առ Քավություն հավատք ունենալն ինչպե՞ս են մեզ օգնում զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ: (Հավատքով և ապաշխարությամբ մենք հրավիրում ենք Տիրոջը՝ օրհնել մեզ Քրիստոսանման հատկանիշներով: Երբ մենք ապաշխարում ենք, մենք ցույց ենք տալիս մեր ցանկությունը՝ լինել ավելի Քրիստոսանման և մեր կյանք ենք հրավիրում Սուրբ Հոգու ավելի մեծ բաժին:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքը և հանձնարարեք որևէ ուսանողի՝ բարձրաձայն կարդալ այն դասարանի համար.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նեփիացիներին ուսուցանելիս Փրկիչը նշել է, թե նրանք ինչպիսին պետք է դառնան: Նա կոչ է արել նրանց ապաշխարել, մկրտվել և սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, ասելով «որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20): Նա ավարտեց հետևյալ կերպ. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):

Հիսուս Քրիստոսի ավետարանն այն ծրագիրն է, որով մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Աստծո զավակները պետք է դառնան: Անբիծ և կատարյալ վիճակը կլինի ուխտերի, արարողությունների և գործողությունների, ճիշտ ընտրությունների և շարունակական ապաշխարության հաստատուն հաջողության արդյունքը: «Մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու` հանդիպելու Աստծուն» (Ալմա 34.32)» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 33):

Հարցրեք.

  • Ըստ Երեց Օուքսի՝ ի՞նչ մենք պետք է անենք, որպեսզի ավելի նմանվենք Հիսուս Քրիստոսին: (Մենք պետք է կապենք և պահենք սուրբ ուխտեր, արժանիորեն ստանանք արարողությունները, ճիշտ ընտրություններ կատարենք և ապաշխարենք):

Ուսանողներին խնդրեք բացել Մորոնի 7.47–48 հատվածները: Բացատրեք, որ թեև այս հատվածները վերաբերում են մասնավորապես գթությանը, նրանք սովորեցնում են ավելի ընդհանուր սկզբունք՝ Քրիստոսանման հատկանիշներ ձեռք բերելու մասին: Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ հատվածները, մինչ դասարանը կհետևի, տեսնելով, թե ինչ մենք կարող ենք անել, հայցելով Երկնային Հոր օգնությունը Նրա Որդուն նմանվելու հարցում (պատասխանները կարող են ընդգրկել Երկնային Հորից օգնություն խնդրելու կարևորությունը և Քրիստոսի «ճշմարիտ հետևորդները» դառնալը): Նշեք, որ քանի որ Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց, մենք պետք է խնդրենք Նրան, որ օգնի զարգացնենք դրանք:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել այն, ինչ սովորեցին, կարող եք խնդրել ուսանողներին ասել, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել ապագա միսիոները, ձգտելով զարգացնել այն հատկանիշը, որի մասին սովորել է: Այնուհետև ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք՝ գրելու մի ծրագիր, ներառյալ որոշ հետևողական ճիշտ ընտրություններ, որոնք կարող են անել, ինչը կօգնի նրանց ավելի լավ զարգացնել այդ հատկանիշը: Խրախուսեք նրանց կիսվել իրենց ծրագրով ծնողների կամ վստահելի մի ընկերոջ հետ: Նաև խրախուսել ուսանողներին չհետաձգել իրենց ծրագրի կիրառումը: Այժմ կատարած նրանց ջանքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ նրանց միսիայի փորձառությունների վրա:

Ավարտեք դասի այս հատվածը հավաստիացնելով ուսանողներին, որ Տերը կօրհնի նրանց, եթե նրանք հավատք գործադրեն Քավության հանդեպ և ձգտեն դառնալ Նրա նման:

Քրիստոսանման հատկանիշները միսիոներական աշխատանքում

Գրատախտակին գրեք Առաջին Նախագահության Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքը, որտեղ նա մեջբերում է անում, որը հաճախ վերագրվում է Սբ. Ֆրենսիսին՝ Ասիզեից: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ խոսքը.

«Քարոզեք ավետարանը ամբողջ ժամանակ և, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք խոսքեր» (“Waiting on the Road to Damascus,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2011, 77):

Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս մենք կարող ենք քարոզել ավետարանն առանց խոսքեր օգտագործելու:

  • Քրիստոսանման հատկանիշներ ձեռք բերելն ինչպե՞ս կարող է թույլ տալ մեզ ավելի լավ քարոզել ավետարանը՝ թե առանց խոսքերի, և թե խոսքերի օգնությամբ:

  • Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց սրտերի հետ, երբ նրանց վերաբերվում են Քրիստոսանման ձևով: (Նրանց սրտերը փափկում են և նրանք ավելի հակված են դառնում ավետարանի ուղերձը լսելուն):

  • Ինչո՞ւ են այդքան կարևոր միսիոների Քրիստոսանման հատկանիշները՝ միսիոներական աշխատանքի հաջողության համար: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունը. Քրիստոսանման հատկանիշները հզոր ազդեցություն կարող են ունենալ՝ մարդկանց դեպի Փրկիչը բերելու գործում:)

Ցուցադրեք «Impressions of Missionaries» (4:32) տեսանյութը: Թող ուսանողները նշումների տեսքով գրի առնեն այն հատկանիշները, որոնք ունկնդիրները նկատել են միսիոներների մեջ և այն ազդեցությունը, որն այդ հատկանիշները թողել են ունկնդիրների վրա:

Տեսանյութի դիտումից հետո հարցրեք.

  • Միսիոներների ո՞ր դրական հատկանիշները նշեցին ունկնդիրները:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ հատկանիշներն այդպիսի դրական ազդեցություն ունեցան ունկնդիրների վրա:

  • Լսողներից ոմանք նշեցին ոչ այնքան դրական հատկանիշներ: Այդ հատկանիշներն ինչպե՞ս տպավորեցին ունկնդիրներին:

  • Ինչպե՞ս կարող են միսիոներները խուսափել այդպիսի ոչ այնքան դրական ազդեցություն թողնելուց:

Որպեսզի մեկ անգամ ևս ցույց տաք, թե ինչպես են Քրիստոսանման հատկանիշները և վարքագծերը օգնում միսիոներներին պատրաստել նրանց, ում ուսուցանում են, ավետարանը ընդունելուն, խնդրեք որևէ ուսանողի ամփոփել Ամմոնի պատմությունը, ով ջանում էր քարոզել ավետարանը լամանացիներին: Դասարանը բաժանեք չորս խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք սուրբ գրության հետևյալ հատվածներից մեկը. Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված հատվածները և հայտնաբերել Քրիստոսանման հատկանիշները, որոնք Ամմոնը ցուցաբերեց:

Ալմա 17.22-25

Ալմա 17.28-31

Ալմա 17.33-37

Ալմա 18․1-3, 8-10

Երբ ուսանողները բավական ժամանակ են ունեցել կարդալու, դասարանի հետ քննարկեք հետևյալը.

  • Քրիստոսանման ո՞ր հատկանիշները դրսևորեց Ամմոնը ձեր կարդացած հատվածներում:

  • Ամմոնի հատկանիշներն ինչպե՞ս ազդեցին մարդկանց վրա, ում նա ուսուցանում էր:

  • Ինչպե՞ս կարող են ժամանակակից միսիոներները հետևել Ամմոնի օրինակին:

Խնդրեք ուսանողներին մտածել մեկի մասին, ով ըստ իրենց դիտարկումների Քրիստոսանման հատկանիշներ ունեցողի օրինակ է: Հարցրեք.

  • Ինչպե՞ս է այդ անձը ազդել ձեզ վրա իր Քրիստոսանման վարքով:

Ծառայել զուգընկերոջ հետ

Հիշեցրեք ուսանողներին, որ միսիոներներին միշտ հանձնարարվում է ծառայել զուգընկերոջ հետ: Խնդրեք ուսանողներին թվարկել, թե ինչ հնարավոր դժվարություններ կարող են առաջանալ, երբ ծառայում ես զուգընկերոջ հետ: Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են միսիոներները ծառայում ընկերակցությամբ:

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42.6 և 2 Կորնթացիս 13.1 հատվածները, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ միսիոներները ծառայում են զուգընկերներով, քանի որ դա Տիրոջ կողմից տրված օրենք է: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներները ցուցաբերեն Քրիստոսանման հատկանիշներ և վարք իրենց զուգընկերների հանդեպ: (Տես ՎևՈւ 38.24–25, 27):

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920-2007) հետևյալ խոսքը, և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն դասարանի համար.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Երբեք թույլ մի տվեք, որ հակառակություն լինի ձեր ընկերակցությունում: Ձեր միսիոներ զուգընկերներից ոմանք ձեր կյանքի ընթացքում կլինեն ձեր լավագույն ընկերները: Եղեք այնպիսի զուգընկեր, ինչպիսին կցանկանայիք, որ ձեր հետ լինեն: Եսասեր մի եղեք զուգընկերների հետ ձեր հարաբերություններում: Երբ հակառակություն կա, Տիրոջ Հոգին կհեռանա, անկախ նրանից, թե ով է մեղավոր: Յուրաքանչյուրս անհատականություն ենք՝ ուրույն զորություններով ու տաղանդներով, տարբերվող աշխարհի ցանկացած այլ անձից: Յուրաքանչյուրս ունենք թույլ կողմեր: Ներդաշնակ զուգընկերության մեջ կա թիմային աշխատանք՝ որտեղ մեկը թույլ է, մյուսը՝ ուժեղ» (“What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41):

  • Ըստ Նախագահ Ֆաուստի՝ ի՞նչ տեղի կունենա, երբ միսիոներ զուգընկերների մեջ հակառակություն կա: (Sես նաև 3 Նեփի 11.29):

  • Ինչպե՞ս կարող են հատկանիշները, որոնք մենք ուսումնասիրում ենք, օգնել զուգընկերներին խուսափել հակառակությունից և ավելի ներդաշնակ հարաբերություններ ունենալ: (Օգնեք ուսանողներին ճանաչել այս սկզբունքը, որ երբ միսիոներ զուգընկերները ցուցաբերում են Քրիստոսանման հատկանիշներ և վարք՝ մեկը մյուսի նկատմամբ, նրանք օրհնվում են Հոգով:)

  • Ինչո՞ւ է ավելի արդյունավետ դառնում ավետարանի քարոզումը, եթե ընկերակցության մեջ ներդաշնակ հարաբերություններ են:

Կարող եք բարձրաձայն կարդալ առաջին հինգ պարբերությունները “Your Companion” ենթաբաժնից (“Relationships with Others” բաժնում)՝ Missionary Handbook (էջեր 29–30): Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս եք օգտագործել այս պարբերություններում նկարագրվող սկզբունքը ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:

Եզրափակեք՝ հրավիրելով ուսանողներին բերել իրենց վկայությունները Քրիստոսի և Նրան նմանվելու կարևորության մասին:

Գործելու հրավեր

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու գործընթացը պահանջում է Տիրոջ օգնությունը և անձնական մեծ ջանքեր: Խրախուսեք ուսանողներին կատարել առաջարկված հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը որպես մի ջանք՝ Փրկիչին նմանվելու գործում.

  • Ընտրեք Քրիստոսանման հատկանիշներից մեկը՝ գլուխ 6 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից և ուսումնասիրեք այն, օգտվելով նաև սուրբ գրություններից, այդ թվում Աստվածաշնչի բառարանից, Թեմատիկ Ուղեցույցից, ցուցիչից և այլն: Կազմեք մի ծրագիր՝ ավելի լիարժեք ձևով այդ հատկանիշը ձեր կյանքում զարգացնելու համար: Կիսվեք այդ ծրագրով ձեր ծնողների կամ վստահելի մի ընկերոջ հետ:

  • Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ավելի Քրիստոսանման լինելու համար ձեր ընտանիքի, ընկերների (թե անդամների և թե՝ ոչ անդամների) և Եկեղեցու ղեկավարների հանդեպ: Գրեք ձեր ունեցած հատուկ գաղափարները և այս շաբաթ գործեք ըստ դրանց:

  • Մի քանի նպատակներ դրեք, թե ինչպես կարող եք պատրաստվել խուսափելու հակառակությունից ձեր ապագա միսիոներ զուգընկերոջ հետ:

  • Հարմար պահեր գտեք ձեր սերն արտահայտելու ձեր ընտանիքի անդամներին ու ընկերներին և նրանց ծառայելու համբերությամբ ու գթությամբ: