Ինստիտուտ
Դաս 10. Փրկության ծրագրի ուսուցում (Մաս 1)


10

Փրկության ծրագրի ուսուցում (Մաս 1)

Նախաբան

Փրկության ծրագիրը Երկնային Հոր ծրագիրն է Իր զավակների երջանկության համար: Այն կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի Քավության վրա և ուսուցանում է, թե ինչու է Քավությունն անհրաժեշտ: Երկնային Հոր ծրագիրը նաև պատասխանում է «Որտեղի՞ց եմ եկել:», «Ո՞րն է իմ նպատակը կյանքում», և «Ո՞ւր եմ գնալու մահից հետո» հարցերին: Ապագա միսիոներները պետք է ունենան հստակ ըմբռնում փրկության ծրագրի վարդապետության վերաբերյալ և պատրաստ լինեն բացատրելու այն պարզորեն և վկայեն դրա մասին զորությամբ:

Նախապատրաստություն

Ուսուցման առաջարկներ

Նախաերկրային կյանք Մեզ համար Աստծո նպատակն ու ծրագիրը

Հանձնարարեք դասարանին երգել «Աստծո զավակն եմ» օրհներգը որպես հոգևոր երեկոյի բացող մաս: Դասը սկսելու համար, հանձնարարեք ուսանողներին լուռ վերանայել «Աստծո զավակն եմ» օրհներգի խոսքերի առաջին տունը և խնդրեք նրանց որոնել այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք գտնվում են երգի խոսքերում:

Զավակն եմ ես Աստծո,

Նա է ինձ կյանք տվել,

Տվել է ինձ տուն երկրային

Եվ ծնողներ բարի:

Առաջնորդիր, քայլիր ինձ հետ,

Որ ուղին գտնեմ:

Սովորեցրու՝ ինչ անել,

Որ մի օր Քեզ հասնեմ:

(«Աստծո զավակն եմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 58)

Մի քանի րոպեից հրավիրեք ուսանողներին բացատրել բոլոր կարևոր վարդապետությունները կամ սկզբունքները, որոնք նրանք գտան օրհներգում: Անհրաժեշտության դեպքում տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ են այս երգի տողերն արտահայտում մեր կյանքի մասին նախքան մեր երկիր գալը:

  • Ի՞նչ են այս երգի տողերն արտահայտում մեր կյանքի նպատակի մասին այստեղ երկրի վրա:

Ասեք ուսանողներին, որ որպես միսիոներներ, նրանք հնարավորություն կունենան ուսուցանելու կյանքի նպատակի մասին: Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա առաջին երկու պարբեությունները, որը կոչվում է «Նախաերկրային կյանք Աստծո նպատակը և ծրագիրը մեզ համար» բաժնից, էջ 52 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ:

Կարող եք նաև կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ավելի խորը ճշմարտություն չի փոխանցվել մեզ վերականգնման ժամանակ, քան նախամահկանացու գոյության գիտելիքն է: Ոչ մի այլ եկեղեցի չգիտի կամ չի ուսուցանում այդ ճշմարտությունը: Վարդապետությունը տրված է միայն ուրվագծային տեսքով, բայց կողմնակի փաստերը բավական հաճախ են կրկնվում հայտնություններում, որպեսզի մեզ հավաստիացնեն որոշակի հիմնարար ճշմարտությունների մեջ» (Our Father’s Plan [1984], 14).

Հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է մեր նախամահկանացու կյանքի մասին իմանալը և որ մենք ապրել ենք մեր Երկնային Հոր հետ որպես ոգեղեն զավակներ՝ ավելի մեծ իմաստ տալ մեր կյանքին: (Մինչ ուսանողները պատասխանում են, դուք գուցե ընտրեք շեշտել այս սկզբունքը. Երբ մենք հասկանում ենք, որ Երկնային Հոր զավակներն ենք, մենք ավելի մեծ իմաստ ենք գտնում երկրի վրա մեր կյանքում:)

Որպեսզի օգնեք խորացնել այս սկզբունքի վերաբերյալ նրանց հասկացողությունը, ցույց տվեք «God Is Our Father» տեսանյութը (3:05), և ուսանողներին լսել տվեք այն օրհնությունները, որոնք նկարագրվում են տեսանյութի մարդկանց կողմից:

Տեսանյութը դիտելուց հետո, ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը․

  • Որո՞նք էին տեսանյութի մարդկանց կողմից նկարագրված որոշ օրհնությունները, որ մարդիկ ստացել են գիտենալուց, որ իրենք Աստծո զավակներն են:

  • Ինչպե՞ս է գիտելիքը, որ դուք Աստծո զավակն եք, օգնել ձեզ գտնել ավելի մեծ իմաստ ձեր կյանքում:

Մի քանի ուսանողների խնդրեք բարձրաձայն հերթով կարդալ վերջին չորս պարբերությունները էջ 52, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից: Հրահանգեք դասարանին որոնել վարդապետություններ և սկզբունքներ, որոնք ուսուցանում են, թե որն է Աստծո նպատակը Իր զավակների համար և ինչպես է փրկության ծրագիրը իրականացնում այդ նպատակը: Այնուհետև հարցրեք.

  • Ո՞րն է Իր զավակների գործելու համար Աստծո նախագծած ծրագիրը: (Իրենց պատասխաններում ուսանողները գուցե ներառեն այն վարդապետությունը, որ փրկության ծրագիրը դարձնում է հնարավոր բոլոր Աստծո զավակների համար վայելել անմահության օրհնությունները և հավերժական կյանքը: Եթե կարիք կա պարզաբանման, դուք կարող եք դիմել անմահության և վեհացման սահմանումներին, էջ 64, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Շեշտեք, որ հավերժական կյանքն այն կյանքն է, որով ապրում է Աստված):

Հասկանալու համար այդ վարդապետությունը, թող նրանք կարդան և անգիր սերտեն Մովսես 1.39: Մի քանի րոպե այս հատվածը սերտելուց և արտասանելու պրակտիկա ձեռք բերելուց հետո, հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է ունկնդիրներին ուսուցանելը, որ Աստծո նպատակն է իրականացնել մեր անմահությունը և հավերժական կյանքը, ազդել այն ընտրությունների վրա, որոնք նրանք կատարում են իրենց ամենօրյա կյանքում:

Ուսանողներին տրամադրեք մի պահ՝ խորհելու միսիոներների դերի մասին, որպես Երկնային Հոր օգնականների Նրա աշխատանքում՝ «մարդու անմահությունն ու հավերժական կյանքն իրականացնելու» համար (Մովսես 1.39): Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով մեկ ուրիշ ուսանողի հետ կամ գրել իրենց մտքերը ուսումնասիրության օրագրում:

Մեր ֆիզիկական մարմինների ստեղծումը

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բաժինը, որը կոչվում է «Արարում» էջ 53 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Հրահանգեք ուսանողներին փնտրել Արարման կարևորությունը Աստծո փրկության ծրագրում: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ ենք կարծում, որ երկրի ստեղծումը Աստծո փրկության ծրագրի կարևոր մասն է հանդիսանում: (Որպեսզի առաջադիմեինք և դառնայինք Աստծո նման, մեզանից յուրաքանչյուրը պետք է գար երկիր՝ ձեռք բերելու մարմին և ստուգվեր մի փորձաշրջանի ընթացքում:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ ֆիզիկական մարմին ստանալու կարևորությունը, ցուցադրեք և կարդացեք բարձրաձայն հետևյալ միտքը, որն արտահայտել է Քույր Սյուզան Թանները, երբ նա ծառայում էր որպես Երիտասարդ կանանց գերագույն նախագահ: Հանձնարարեք ուսանողներին փնտրել, թե ինչու էինք բոլորս հուզված ֆիզիկական մարմին ստանալու առիթով:

Նկար
Սյուզան Վ. Թաններ

«Նախամահկանացու ոլորտում մենք սովորեցինք, որ մարմինը Աստծո երջանկության մեծ ծրագրի մի մասն էր հանդիսանում մեզ համար: Ինչպես նշվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարության մեջ. «Հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն` որպես իրենց Հավերժական Հայր, և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի Նրա զավակները կարող էին ձեռք բերել ֆիզիկական մարմին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն առաջ ընթանալու և որպես հավերժական կյանքի ժառանգներ իրենց աստվածային ճակատագիրն ի վերջո իրականացնելու համար»: Փաստորեն, մենք «ուրախաությամբ գովաբանում էինք» (Յոբ 38.7) այս ծրագրի մի մասը լինելու համար:

Ինչո՞ւ էինք մենք այդպես հուզված: Մենք հասկանում էինք մեր մարմինների վերաբերյալ հավերժական ճշմարտությունները: Մենք գիտեինք, որ մեր մարմինները լինելու էին Աստծո պատկերով: Մենք գիտեինք, որ մեր մարմինները տնավորելու էին մեր ոգիները: Մենք գիտեինք նաև, որ մեր մարմինները ենթակա կլինեն ցավի, հիվանդության, հաշմանդամության և գայթակղության: Բայց մենք հոժար էինք, նույնիսկ անհամբեր, ընդունելու այս մարտահրավերները, որովհետև մենք գիտեինք, որ միայն ոգին տարրերի հետ անքակտելիորեն միացած կարող էին առաջընթաց ապրել՝ դառնալու մեր Երկնային Հոր նման (տես ՎևՈւ 130.22) և «ստանալ ուրախության լիություն» (ՎևՈւ 93.33)» («Մարմնի սրբությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 13):

Այնուհետև հարցրեք.

  • Նախամահկանացու աշխարհում ի՞նչ ճշմարտություններ մենք հասկացանք, որոնք մեզանում ցանկություն առաջացրեցին՝ երկիր գալու և ֆիզիկական մարմին ստանալու::

  • Ինչո՞ւ էինք մենք հոժար և անհամբեր սպասում երկիր գալուն, չնայած որ մենք գիտեինք, որ հանդիպելու էինք դժվարին մարտահրավերների մահկանացու կյանքում:

Ժամանակ տվեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ. Ինչպե՞ս կարող եք բացատրել ունկնդրին, թե ինչպես է մեր մահկանացու փորձառությունն օգնում մեզ առաջադիմել՝ դառնալով մեր Երկնային Հոր նման: Եթե ժամանակը ներում է, հրավիրեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունների հղումները Սուրբ գրությունների ուսումնասիրություն վանդակում, «Արարում» բաժնից հետո, էջ 53, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Մոտ մեկ րոպեից հետո, հանձնարարեք ուսանողներին դիմել իրենց կողքին նստածին և բացատրել հարցի իրենց պատասխանը:

Ազատ կամքը և Ադամի ու Եվայի Անկումը

Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը.

Ադամն ու Եվան ի՞նչ կարող էին անել Պարտեզում

Ադամն ու Եվան ի՞նչ չէին կարող անել Պարտեզում

Հրավիրեք ուսանողներին ուսումնմասիրել 2 Նեփի 2.22–25-ը և «Ազատ կամքն ու Ադամի և Եվայի անկումը» բաժինը՝ էջ 53, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Երբ նրանք կարդան, հանձնարարեք դասարանի կեսին ցուցակ կազմել, թե ինչ Ադամն ու Եվան կարող էին անել Եդեմի պարտեզում (նրանք կարող էին հավերժ ապրել անմեղ վիճակում, նրանք կարող էին օգտագործել իրենց սեփական ազատ կամքը՝ որոշումներ ընդունելու համար): Հանձնարարեք դասարանի մյուս կեսին ցուցակ կազմել թե Ադամն ու Եվան ինչ չէին կարող անել Եդեմի պարտեզում (նրանք չէին կարող առաջընթաց ունենալ կամ զգալ ընդդիմություն, նրանք չէին կարող ճաշակել ուրախություն կամ վիշտ, կամ ցավ ու թշվառություն, նրանք չէին կարող մեղանչել, նրանք չէին կարող տանել հիվանդություն կամ տառապանք, նրանք չէին կարող երեխաներ ունենալ): Մի քանի րոպե հետո խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Մինչ ուսանողները պատասխանում են, դուք խնդրեք դասարանի մի անդամի գրել ուսանողների պատասխանները գրատախտակին։

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք ֆիզիկական մահ և հոգևոր մահ արտահայտությունների վրա, էջ54, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Հավանաբար բոլոր ուսանողները կհասկանան, որ ֆիզիկական մահը վերաբերում է ֆիզիկական մարմնի մահին: Բացատրեք, որ «հոգևոր մահ» արտահայտությունը վերաբերում է Աստծո ներկայությունից բաժանված լինելուն: Երկու մահերն էլ Ադամի անկման հետևանքն էին: Միայն Հիսուս Քրիստոսի Քավությամբ է, որ մենք կարող ենք հաղթահարել երկու մահերն էլ:

Դուք կարող եք խորացնել ուսանողների հասկացողությունը Անկման կարևորության վերաբերյալ՝ ցուցադրելով Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972)հետևյալ մեջբերումը և հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ այն բարձրաձայն դասարանի համար.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Երբ Ադամը վտարվեց Եդեմի պարտեզից, Տերը պատժեց նրան: Որոշ մարդիկ նայում են այդ պատժին, որպես սոսկալի մի բանի: Դա այդպես չէր, դա օրհնություն էր: Ես չգիտեմ նույնիսկ, թե դա կարո՞ղ է իրոք համարվել քողարկված պատիժ:

Որպեսզի մարդկությունը ձեռք բերի փրկություն և վեհացում, անհրաժեշտ է նրանց համար ձեռք բերել մարմիններ այս աշխարհում, և անցնել փորձառությունների և ուսումնառության միջով, որոնք գտնվում են միայն մահկանացու կյանքում: Տերն ասել է, որ Իր մեծ գործը և փառքն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։ Առանց մահկանացու կյանքի այս մեծ օրհնությունը չէր կարող իրականացվել: Այդ պատճառով աշխարհներ են ստեղծվում և բնակեցվում Աստծո զավակներով, և նրանց տրվում է արտոնություն անցնել մահկանացու գոյությամբ, ունենալով ազատ կամքի մեծ պարգևը: Այս պարգևի միջոցով նրանք ընտրում են բարին կամ չարը, և այսպիսով ստանում պարգև ծառայության համար գալիք հավերժություններում: Ադամի օրինազանցության պատճառով մենք այստեղ ենք՝ մահկանացու կյանքում: …

Մարդու անկումը եկավ որպես քողարկված օրհնություն և հանդիսացավ ավելի շուտ միջոց առաջ տանելու Տիրոջ նպատակները մարդու զարգացման գործում, քան միջոց նրանց խոչընդոտելու համար» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:29):

Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է տեղին դիտելը Ադամի և Եվայի անկումը որպես Աստծո փրկության ծրագրի կենսական մասը: (Ադամի և Եվայի անկումը թույլ տվեց Աստծո հոգևոր երեխաներին ձեռք բերել ֆիզիկական մարմիններ և նրանց համար հնարավոր դարձրեց զարգանալը և Նրա նման դառնալը:)

Հրավիրեք ուսանողներին վերանայել «Ուսուցանել անկման մասին» վանդակը՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 54 էջում: Այնուհետև հանձնարարեք ուսանողներին բացատրել Անկման մասին վարդապետությունը իրենց իսկ խոսքերով՝ իրենց կողքին նստած ուսանողին:

Մեր կյանքը երկրի վրա

Ցույց տվեք «The Plan of Salvation» տեսանյութը (4:30) կամ հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերից հետևյալ մեջբերումը: Հանձնարարեք ուսանողներին փնտրել, թե ինչպես է երեք գոծողությամբ ներկայացումը խորհրդանշում է փրկության ծրագիրը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Փրկագնման ծրագիրը՝ իր երեք բաժիններով, կարելի է համեմատել երեք գործողությամբ մեծ ներկայացման հետ: Գործողություն 1-ը կոչվում է «Նախաերկրային կյանք»: Սուրբ գրությունները նկարագրում են այն որպես մեր առաջին վիճակ (տես Հուդա 1.6, Աբրահամ 3.26, 28): Գործողություն 2-ը, ծննդից մինչև հարության պահը, «երկրորդ վիճակն» է: Իսկ գործողություն 3-ը կոչվում է «Կյանք մահից հետո» կամ «Հավերժական կյանք»:

Մահկանացու կյանքում, մենք նման ենք դերասանների, ովքեր մտնում են թատրոն հենց որ վարագույրը բարձրանում է երկրորդ գործողությունում: Մենք բաց ենք թողել գործողություն 1-ը: Բեմադրությունն ունի շատ սյուժեներ և ենթասյուժեներ, որոնք միահյուսվում են, դժվարացնելով հասկանալը, թե ով ում հետ է կապված և ինչը ինչի հետ է կապված, ովքեր են հերոսները և ովքեր են ոճրագործները: Գնալով բարդանում է, որովհետև մենք պարզապես հանդիսատեսներ չենք, մենք թատերախմբի անդամներ ենք, բեմի վրա, այդ ամենի մեջտեղում:

Որպես հավերժական ծրագրի մաս, մեր նախամահկանացու կյանքի հիշողությունը, գործողություն 1-ը, ծածկված է վարագույրով: Երբ մտնում ենք մականացու կյանք, գործողություն 2-ի սկզբում առանց հիշելու գործողություն 1-ը, զարմանալի չէ, որ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում: …

Եթե դուք ակնկալում եք գտնել միայն թեթևություն, խաղաղություն և երանություն գործողություն 2-ում, դուք անկասկած կհիասթափվեք: Դուք քիչ բան կհասկանաք, թե ինչ է կատարվում և ինչո՞ւ են թույլատրվում բաներ, ինչպիսիք կան:

Հիշեք սա: Այս տողը. «Եվ նրանք բոլորն ապրեցին երջանիկ հավերժ», երբեք չի գրվել գործողություն 2-ի համար: Այդ տողը վերաբերում է երրորդ գործողությանը, երբ առեղծվածները լուծվում են և ամեն ինչ ճիշտ է դարձվում: …

Գոյություն ունի սցենար այս մեծ ներկայացման համար, դարերի դրաման: Այն շարադրում է, թեպետ համառոտ ձևով, թե ինչ է պատահել գործողություն 1-ում՝ նախամահկանացու կյանքում: Չնայած չկան մեծ քանակությամբ մանրամասներ, սցենարը հստակեցնում է այդ բոլորի նպատակը և այն բավականաչափ բացահայտում է բովանդակությունը՝ օգնելու ձեզ պատկերացնել, թե իրենից ինչ է ներկայացնում կյանքը:

Այդ սցենարը, ինչպես դուք արդեն գիտեք, սուրբ գրություններն են՝ հայտնությունները: Կարդացեք դրանք: Ուսումնասիրեք դրանք: Դրանք ասում են ձեզ, թե ինչ է մարդը, ինչո՞ւ է Աստված «հիշում նրան», և թե ինչու մեզ.«մի քիչ ցածրացրեց հրեշտակներիցը» և, այնուամենայնիվ, «փառքով ու պատվով … պսակեց» (Սաղմոս 8.4–5):

Սուրբ գրությունները խոսում են ճշմարտությունը: Դրանցից դուք կարող եք բավականաչափ սովորել՝ բոլոր երեք գործողությունների մասին՝ ստանալու աջակցություն և ուղղություն ձեր կյանքում: Դրանք բացահայտում են, որ «դուք նույնպես սկզբում Հոր մոտ էիք. այն էիք, որ Հոգի է, այսինքն՝ ճշմարտության Հոգին.

Եվ ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (ՎևՈւ 93.23–24)» (Boyd K. Packer, “The Play and the Plan” [Church Educational System fireside, May 7, 1995], 2–3; si.lds.org):

Ապա ուղղեք հետևյալ տիպի հարցեր.

  • Ինչպե՞ս է երեք գործողությամբ ներկայացումը խորհրդանշում փրկության ծրագրի որոշ էլեմենտներ:

  • Համաձայն այս համանմանության, ինչո՞ւ են շատ մարդիկ դժվարանում հասկանալ կյանքի նպատակը երկրի վրա:

  • Համաձայն այս համանմանության, որտե՞ղ մենք կարող ենք գտնել այս մեծ երեք գործողությամբ ներկայացման սցենարը:

  • Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել Աստծո զավակներին ավելի լավ հասկանալ իրենց նպատակը Աստծո ծրագրում:

Բացատրեք ուսանողներին, որ երբ միսիոներներն ուսուցանում են փրկության ծրագիրը, նրանք օգնում են ունկնդիրներին ավելի լավ հասկանալ մահկանացու կյանքի նպատակը և թե ինչպես մենք կարող ենք վերադառնալ կրկին ապրելու Երկնային Հոր հետ (տես Ալմա 12.32–34): Հանձնարարեք ուսանողներին կարդալ բաժինը, որը կոչվում է «Մեր կյանքը երկրի վրա» էջ 54, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ են ունեցել կարդալու համար, հարցրեք.

  • Ինչպե՞ս կբացատրեիք այս կյանքի նպատակը մեկ կամ երկու նախադասությամբ:

Ասեք ուսանողներին, որ ունկնդիրների համար կարևոր է հասկանալ, որ մեր նախապատրաստվելը Աստծո ներկայություն վերադառնելու համար, կախված է այն որոշումներից, որոնք մենք կատարում ենք երկրի վրա մեր կյանքի ընթացքում: Աստծո պատվիրաններին հետևելու որոշումները կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը, մինչդեռ Աստծո պատվիրանները խախտելը մեզ ետ է պահում Նրա ներկայություն վերադառնալուց: Գրատախտակին գրեք հետևյալը.

Մեղքի հետևանքները:

Այնուհետև հարցրեք.

  • Որո՞նք են մեղքի հետևանքները։ (Անհրաժեշտության դեպքում խրախուսեք ուսանողներին վերանայել երկրորդ պարբերությունը «Մեր կյանքը երկրի վրա» էջ 55, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: (Չնայած նրանք կարող են թեթևակիորեն օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունները. Մեղքը տանում է դեպի դժբախտություն և առաջացնում է հանցանքի և ամոթի զգացումներ: Այն դարձնում է մեզ անմաքուր և անարժան՝ մտնելու Աստծո ներկայություն: Մեղքը մեզ հետ է պահում մեր Երկնային Հոր մոտ վերադառնալուց, մինչև մենք չներվենք:)

  • Մեղքի հետևանքները հասկանալը ինչպե՞ս կօգնի ունկնդիրներին նախապատրաստվել՝ ընդունելու Քավության ուղերձը:

Հիշեցրեք ուսանողներին, որ այս կյանքում մենք բոլորս տանում ենք հոգևոր մահ, մենք առանձնացված ենք Աստծո ներկայությունից: Հարցրեք ուսանողներին.

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ օգնում հաղթահարել հոգևոր մահը և վերադառնալ Աստծո ներկայություն: (Երբ ուսանողները պատասխանեն, գուցե հարցնեք նրանց, թե ինչպե՞ս է հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, ընկղմամբ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը՝ յուրաքանչյուրն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները և նախապատրաստվել վերադառնալու Աստծո ներկայություն:)

Կարևոր է, որ ուսանողներին հնարավորություն տրվի պրակտիկա ձեռք բերել՝ բացատրելով փրկության ծրագրի էլեմենտները, որոնք ընդգրկված են այս դասում: Սա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ վարդապետությունը և սկզբունքները, որոնք նրանք կուսուցանեն ունկնդիրներին:

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Բավականաչափ ժամանակ հատկացրեք զույգերին պատրաստվելու ուսուցանել հինգ-տասը րոպեանոց դասեր՝ երկրի վրա մեր կյանքի նպատակի մասին: Հանձնարարեք ուսանողներին վերանայել նյութերը 54–55 էջերում, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից, ներառյալ սուրբ գրությունների հատվածները՝ Սուրբ Գրությունների ուսումնասիրության վանդակներից: Եթե մատչելի է, նրանք կարող են նաև ուսումնասիրել 2–9 էջերը միսիոներական գրքույկից, որը կոչվում է Փրկության ծրագիրը: Երբ ուսանողները պատրաստվում են, շրջեք դասարանով և օգնեք նրանց պատրաստել պարզ և համառոտ բացատրություններ Փրկության ծրագրի էլեմենտների մասին: Վերահավաստեք, որ իրենց դասի զորությունը կավելանա, եթե օգտագործեն սուրբ գրությունների հատվածներն իրենց ուղերձում և վկայեն վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք իրենք ուսուցանում են:

Նյութերը վերանայելու և մի կարճ դաս պատրաստելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողական զույգին ուսուցանել մյուս զույգին: Այնուհետև թող նրանք փոխվեն դերերով, որպեսզի յուրաքանչյուր զույգ մեկ անգամ ուսուցանելու հնարավորություն ունենա: Երբ յուրաքանչյուր զույգն ավարտի ուսուցման փորձառությունը, հանձնարարեք նրանց քննարկել հետևյալն ուսանողների հետ, ում ուսուցանել են.

  • Ի՞նչն ուսուցիչները լավ արեցին:

  • Ո՞ր մեթոդները կարող էին ներկայացումն ավելի արդյունավետ դարձնել:

Երբ յուրաքանչյուր զույգ իրենց ուսուցումը կիրառելու և գնահատելու հնարավորություն կունենա, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններից գաղափարներով՝ դասարանի մնացած մասի հետ:

Ավարտեք դասը, գրելով հետևյալ դրույթները գրատախտակին և խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես այս սկզբունքները կարող են մեծացնել միսիայում ծառայելու նրանց ցանկությունը.

Յուրաքանչյուր անձնավորություն, ում հանդիպում եք, Երկնային Հոր զավակն է և սիրված է Նրա կողմից:

Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում եք, կրում է դժբախտության բեռ, որը գալիս է մեղքերից, որոնք չեն լուծվել Քրիստոսի մաքրագործող Քավության միջոցով:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են նրանք զգում, երբ խորհում են այս գաղափարների շուրջ: Ավարտեք դասը, հարցնելով ուսանողներին, թե նրանցից ով կցանկանա վկայություն բերել դասարանին փրկության ծրագրի հետ կապված վարդապետությունների վերաբերյալ:

Գործելու հրավերներ

Հրավիրեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը փրկության ծրագրի վերաբերյալ և բարելավել իրենց ուսուցանելու հմտությունները՝ ընտրելով հետևյալ միջոցառումներից մեկը՝ դասարանից դուրս աշխատելու համար.

  • Վերանայեք «Հիմնական սահմանումներ» բաժինը 64–65 էջերում՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկ: Պրակտիկա ձեռք բերեք՝ բացատրելով արտահայտություններից յուրաքանչյուրը ձեր սեփական խոսքերով՝ օգտագործելով ճշմարտության պարզ ձևակերպումներ:

  • Վերանայեք սուրբ գրությունների հատվածները, որոնք գտնվում են Սուրբ գրությունների ուսումնասիրության վանդակներում՝ էջեր 53-54 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում: Ընտրեք մեկ կամ երկու հատվածներ, որոնք դուք կցանկանայիք օգտագործել, երբ ուսուցանեք փրկության ծրագրի տարբեր մասերը և նշեք դրանք ձեր սուրբ գրություններում: Աշխատեք այս հատվածներից մեկը կամ ավելին պահել ձեր հիշողության մեջ:

  • Ստեղծեք փրկության ծրագիրն ուսուցանելու մի ուրվագիծ: Աշխատեք օգտագործել դասի ծրագրի գաղափարները էջեր 60–61 Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից որպես մեջբերում:

  • Մտածեք, թե երբ է եղել, երբ փրկության ծրագրի գիտելիքն օրհնել է ձեր կյանքը: . Գրեք այդ փորձառության ամփոփումը ձեր ուսումնասիրության օրագրում, կամ կիսվեք դրանով որևէ ընկերոջ հետ: