«Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութի նախաբան (Կրոն 250)», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութի նախաբան
Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութի նախաբան (Կրոն 250)
Բարի գալուստ Հիսուս Քրիստոս և Նրա հավիտենական ավետարան Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի յուրաքանչյուր մարդկային հոգու համար» («Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն, և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6): Այս դասընթացը ձեր ուսանողներին արտասովոր հնարավորություն կտա՝ մեծացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, խորացնել իրենց հասկացողությունը Նրա հավիտենական ավետարանի մասին, և մեծացնել իրենց վստահությունը՝ օգտվելու Նրա զորությունից և Քավությունից իրենց անհատական կյանքում:
Որո՞նք են այս դասընթացի նպատակները
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակն է` «օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանանալ տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն․ Ձեռնարկ սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների համար [2012], x):
Այս դասընթացը նախատեսված է օգնելու ձեզ և ձեր ուսանողներին իրականացնել այս նպատակը՝
-
ներգրավվելով ուսումնական փորձառությունների մեջ, որոնք մեծացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա զորությունը՝ ամրապնդելով, մաքրելով և կատարելագործելով ձեզ Նրա Քավության միջոցով,
-
մեծացնելով հայտնություն ստանալու ձեր կարողությունը,
-
բացահայտելով, բացատրելով և վկայելով աստվածային դերերի մասին, որոնք Հիսուս Քրիստոսը կատարում է Երկնային Հոր փրկագնման ծրագրում,
-
ամրապնդելով Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները լինելու հանձնառությունը՝ պահելով Նրա պատվիրանները և հարգելով Նրա հետ ունեցած ուխտի փոխհարաբերությունները, և
-
խորացնելով ձեր սերը Փրկչի հանդեպ և ուղիներ որոնելով՝ ցույց տալու երախտագիտություն Նրա և ձեր Երկնային Հոր հանդեպ:
Ինչպե՞ս է կառուցված այս դասընթացը
Այս դասընթացը բաժանված է վեց բաժինների՝ 28 դասերով: Յուրաքանչյուր բաժին ընդգրկում է Տիրոջ նախաերկրային, մահկանացու կամ հետմահկանացու առաքելության կարևոր կողմերը:
Յուրաքանչյուր դաս բաղկացած է 50 րոպեանոց դասաժամից: Շաբաթը մեկ՝ 90 րոպե տևողությամբ դասերի դեպքում, ուսուցիչները կարող են համատեղել երկու դաս, քանի որ յուրաքանչյուր բաժնի դասերը սերտորեն կապված են յուրաքանչյուր բաժնի թեմայի հետ:
Յուրաքանչյուր դաս բաղկացած է դասի նախապատրաստական նյութից և ուսուցչի նյութից: Այս դասերը նախատեսված են հրավիրելու լուրջ նախապատրաստություն, խրախուսելու ուսանողներին ներգրավվել ավելի խոր ուսումնառության մեջ և իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք օգնում են ուսանողներին ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուսումնասիրելով ուսումնական ծրագիրը, աղոթեք Տիրոջ օգնության համար, որպեսզի հասկանաք ձեր ուսանողների կարիքները: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Բաց մնացեք՝ բաց մնացեք հատկապես Հոգու համար: Ձեր դասի ծրագրում տեղ թողեք խուսանավելու համար: Եթե դուք կարիք ունեք մի քիչ կարճացնել դասը, որպեսզի բերեք ձեր վկայությունը և քննարկում ծավալեք որևէ արդիական հարցի շուրջ, խնդրում ենք անել այդպես այն դեպքում, երբ Հոգին հուշի և թելադրի, որ դա տեղին է: …
… Հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել։ («Հրեշտակներ և զարմանք» [ելույթ, որը տրվել է սեմինարիաների և ինստիտուտների կրոնական ուսուցման հեռարձակման ժամանակ, հունիսի 12, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org)։
Դասի նախապատրաստական նյութ
Դասի նախապատրաստական նյութը պետք է ուսումնասիրեք և՛ դուք, և՛ ձեր ուսանողները, դասին նախապատրաստվելիս: Այն ներառում է սուրբ գրությունների և եկեղեցու ղեկավարների ուսմունքները, տեսաֆիլմեր և «Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին» բաժինը, որը տալիս է դասի թեմայի հետ կապված հավելյալ աղբյուրներ:
Դասի նախապատրաստման նյութը պարունակում է նաև հարցեր և վարժություններ, որոնք խրախուսում են ուսանողներին խորացնել իրենց ուսումնառությունը և պատրաստվել մասնակցելու դասի քննարկումներին: Օրինակ՝ դաս 4-ի նախապատրաստական նյութում՝ «Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում», ուսանողներին առաջարկվում է կատարել հետևյալ վարժությունը.
Նախապատրաստական նյութն օգտագործելը կօգնի ուսանողներին «ուսում փնտրել, այսինքն ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118): Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Հավատքով ուսումնասիրությունը պահանջում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանք, այլ ոչ թե պարզապես գիտելիքների պասիվ ընդունում: …
… Ուսանողը պեռք է հավատք կիրառի և գործի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար: («Ձգտիր սովորել հավատքով», Ensign, սեպտեմբեր 2007, 64)
Դուք կարող եք հնարավորություններ փնտրել ուսանողներին ամրապնդելու Տիրոջ խոստումով, որ նրանք, ովքեր եռանդով փնտրում են հոգևոր գիտելիք, կստանան այն (տես Մատթեոս 7.7, Վարդապետություն և Ուխտեր 42.61, 88.63):
Ուսուցչի նյութ
Յուրաքանչյուր դասի ուսուցչի նյութի նախաբանում դուք կգտնեք սովորողի համար նախատեսված արդյունքների նկարագիրը։ Այս նախաբանին հաջորդում են առաջարկվող ուսուցման գաղափարները, որոնք ապահովում են դասի կառուցվածքը, սուրբ գրությունների և Եկեղեցու ղեկավարների ուսմունքները, շեշտադրման ենթակա ճշմարտությունները, քննարկման օժանդակ նյութերը և կիրառման գաղափարները:
Ուսուցչի նյութն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դա ազդում ուսանողների նախապատրաստության վրա։ Ուսանողների պատրաստվածությանը հետևողականորեն ապավինելը կօգնի նրանց զգալ յուրաքանչյուր դասին պատրաստվելու կարևորությունը: (Նշում. Նկատի ունեցեք, որ եթե դասի ընթացքում լրացուցիչ բովանդակություն ներկայացնեք, դրա համար ծախսված ժամանակը կարող է ուսանողներին հետ պահել, նախապատրաստական նյութն ուսումնասիրելու ժամանակ իրենց սովորածով և զգացածով կիսվելուց:)
Դաս 4-ից ստորև տրված առաջին հարցը մի օրինակ է, թե ուսուցչի նյութը ինչպես է հիմնվում ուսանողների պատրաստվածության վրա․
Խորհեք՝ այս դասընթացի ուսուցմանը նախապատրաստվելիս
Ինչպես ձեր ուսանողները կանեն դասերից առաջ, ժամանակ տրամադրեք խորհելու համար, երբ պատրաստվում եք ուսուցանել այս դասընթացը: Նախ՝ մեկ կամ երկու դաս կարդացեք, որպեսզի ծանոթանաք դասի նախապատրաստական և ուսուցչի նյութերին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս նյութերը նախագծված միասին օգտագործելու համար, երբ պատրաստվում եք ուսուցանել: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ վերաբերմունք կամ մոտեցումներ կարող եք որդեգրել՝ այս նյութերը ձեր ուսանողների հետ արդյունավետ օգտագործելու համար:
-
Ի՞նչ եղանակներով կարող եք խրախուսել ուսանողներին պատրաստվել, որպեսզի նրանք կարողանան ավելի հարուստ փորձառություն ունենալ դասարանում:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ընդգրկեք այն ուսանողներին, որոնք չեն ուսումնասիրել նախապատրաստական նյութը:
Ինչպե՞ս կարող եմ արդյունավետորեն նախապատրաստվել ուսուցմանը
Երկնային Հայրը կօգնի ձեզ, երբ դուք նախապատրաստվեք և ուսուցանեք Իր զավակներին։ Սուրբ գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելու և ավետարանով ապրելու ձեր ջանքերը կօգնեն ձեզ արժանի լինել Հոգու առաջնորդությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 11.21)։
Գուցե օգտակար համարեք և տաք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը, երբ պատրաստվում եք սովորել և սովորեցնել ձեր ուսանողներին.
-
Արդյո՞ք աղոթել եմ՝ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու և իմ ուսանողների կարիքներն իմանալու համար։ Ինչպե՞ս կարող եմ որոշել, թե ինչն է առավել արդիական նրանց համար:
-
Արդյո՞ք իմ գիտելիքները բավականաչափ հիմնավորված եմ համարում սուրբ գրությունների, դասի նախապատրաստման նյութի և ուսուցչի նյութերի վրա: Արդյո՞ք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ՝ իմ ուսանողների կարիքները բավարարելու համար:
-
Ինչպե՞ս կարող եմ այս դասի ժամանակ օգնել իմ ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա և սովորել Սուրբ Հոգուց:
-
Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներից յուրաքանչյուրին լիարժեք ընդգրկվել դասում: Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ նրանք ունեն անհրաժեշտ ժամանակը դասի ընթացքում`անձնական ծրագրեր կազմելու և իրենց սովորածը կիրառելու համար:
-
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ուսումնառությանը նպաստող մթնոլորտ, որտեղ ուսանողներն իրենց կզգան գնահատված, ընդունված և ապահով՝ միմյանց հետ կիսվելու և միմյանցից սովորելու համար: (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․78, 122։)
Ինչպե՞ս հարմարեցնեմ դասերը հաշմանդամություն ունեցողների համար
Ուսուցմանը նախապատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժություններն ու ակնկալիքները, որպեսզի այդ ուսանողներն էլ ներգրավվեն և հաջողության հասնեն: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Հաշմանդամությանը վերաբերող էջի աղբյուրներում՝ disabilities.ChurchofJesusChrist.org։
Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից՝ կրեդիտներ ստանալու համար
Ինստիտուտի ավարտականի համար բավարար կրեդիտներ հավաքելու համար ուսանողներից պահանջվում է՝
-
ուսումնասիրել նախապատրաստական նյութը՝ դասերի առնվազն 75 տոկոսի համար։
-
մասնակցել անցկացվող դասերի 75 տոկոսին և
-
լրացնել ուսումնական երեք փորձառություններից մեկը․ պահել ուսումնասիրության օրագիր, գրել պատասխաններ երեք շարադրությունների հարցերին կամ ինքնուրույն ծրագրել և ավարտին հասցնել ուսումնառության որևէ առաջարկ (ուսուցչի հաստատմամբ), որը կապված է դասընթացի բովանդակության հետ, կամ գրի առնել բոլոր հարցերի և վարժությունների պատասխանները նախապատրաստական նյութում: (Նկատի ունեցեք. կարիք չկա, որ ուսանողները ձեզ հանձնեն իրենց օրագրերը կամ պատասխանները։ Կիսամյակի վերջում նրանք պարզապես պետք է ցույց տան իրենց կատարած աշխատանքը:) Մանրամասների համար բացեք Institute Elevate Learning Experiences էջը:
Գրի առեք ձեր մտքերը
Մտածեք, թե ձեր ուսանողներն ուսումնառության ինչ փորձառություն կունենան այս դասընթացի ժամանակ։ Թվարկեք ձեր մտքերից մի քանիսն այն մասին, թե ինչպես եք նախատեսում օգնել նրանց՝ իմաստալից ուսումնառության փորձ ունենալ։