Դաս 77
Վարդապետություն և Ուխտեր 75
Նախաբան
1832թ. հունվարի 25-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովին Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկու հայտնություն ստացավ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 75-ում: Առաջին հայտնությունը, որը գրանցվել է հատվածներ 1-22-ում, տրվել է երեցների մի խմբի, ովքեր իրենց անունները ներկայացրել էին միսիոներական ծառայության համար: Տերը հրահանգեց այդ երեցներին իրենց միսիոներական պարտականությունների վերաբերյալ և նշանակեց նրանց զուգընկերներ: Երկրորդ հայտնությունը, որը գրանցված է հատվածներ 23–36-ում, տրվեց երեցների երկրորդ խմբին, ովքեր ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքը իրենց վերաբերյալ: Տերը հրահանգեց այդ երեցներին հավաստիանալ, որ իրենց ընտանիքները ապահոված են, և ընդունեն ավետարանը քարոզելու կանչը:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 75․1-5
Տերը դիմում է նրանց, ովքեր ցանկանում են քարոզել ավետարանը
Այս դասը ուսուցանելուց մի քանի օր առաջ հրավիրեք որևէ ուսանողի, որը միսիոներական կանչ է ստացել, մի ուսանողի, որը շուտով դիմում կներկայացնի միսիայում ծառայելու համար, կամ վերջերս վերադարձած միսիոների օգնել ուսուցանել ավետարանը քարոզելու մասին: Տվեք նրան ուսուցման հետևյալ ծրագրի օրինակ, և խնդրեք նրան ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 75.1–4 և պատրաստվել ուսուցանել դասի այդ մասը:
Դասի հոգևոր մասից հետո ժամանակը տրամադրեք այդ ուսանողին կամ վերադարձած միսիոներին՝ ուսուցանելու համար այն, ինչ պատրաստել է:
Առաջարկվող ուսուցման ծրագիր Վարդապետություն և Ուխտեր 75.1–4-ի համար
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ում էր Տերը դիմում այդ հատվածներում:
Հարցրեք. Ո՞ւմ հետ է Տերը խոսում այդ տողերում։ (Երեցների, ովքեր ներկայացրել էին իրենց անունները միսիոներական աշխատանքի համար:)
Դասարանին ասացեք, որ իրականում կան երկու հայտնություն, որոնք միավորված են Վարդապետություն և Ուխտեր 75-ում և որոնք տրվել են Եկեղեցու համաժողովին: Առաջին հայտնությունը տրվեց միսիոներների խմբի և բացատրվեց, թե ինչպես նրանք կարող են լինել ավելի արդյունավետ, օգնելով մարդկանց հասկանալ իրենց ուղերձը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.3-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տալիս երեցներին ավետարանը քարոզելու նրանց կոչման հետ կապված: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են, իրենց սուրբ գրություններում։
Հարցրեք. Համաձայն հատվածներ 3–4-ի, ի՞նչ էր Տերը ցանկանում, որ երեցներն անեին, երբ քարոզելու էին ավետարանը:
Մի քանի ուսանողի խնդրեք բացատրել, թե ինչ է նշանակում «առաջ գնաք և չհապաղեք», «ոչ էլ ծուլանաք, այլ աշխատեք ձեր զորությամբ» արտահայտությունները:
Դասարանի անդամների պատասխաններից հետո բացատրեք, թե ինչու, ձեր կարծիքով, նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, պետք է իմանան և ուսուցանեն իրենց տրված Տիրոջ հայտնությունները և պատվիրանները (տես հատված 4):
Հարցրեք. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Տիրոջ միսիոներները ծառայեն Իրեն այդ ձևով:
Կիսվեք դասարանի հետ, թե ինչ եք դուք անում (կամ ինչ եք արել, երբ ծառայել եք միսիայում)՝ պատրաստվելու համար քարոզել ավետարանը այն ձևով, որը Տերը նկարագրում է Վարդապետություն և Ուխտեր 75.3–4-ում: Եզրափակեք, կիսվելով ձեր մտքերով, թե ինչ կարող են անել ուսանողները իրենց կյանքի այդ ժամանակահատվածում այդ ձևով ավետարանը քարոզելու համար:
Երբ ուսանողը կամ վերադարձած միսիոներն ավարտի ուսուցանումը, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը …:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.5 և գտնել այդ միսիոներներին Տիրոջ տված խոստումները:
-
Ի՞նչ oրհնություններ է խոստանում Տերը նրանց, ովքեր հավատարմորեն կքարոզեն Իր ավետարանը:
Կարող եք բացատրել, որ որաները ցորենի ցողուններն են, որոնք հավաքում են և կապոցներ պատրաստում: «Շատ որաներ» ունենալը նշանակում է առատ բերք հավաքել:
-
Ի՞նչ «որաներ» կստանան միսիոներները, ովքեր հավատարիմ են ավետարանը քարոզելու գործում: (Որաները կարող են լինել մարդիկ, ովքեր ընդունում են նրանց ուղերձը [նորադարձներ], ինչպես նաև հավերժական օրհնությունները, որոնք թվարկված են հատված 5-ում:)
Խնդրեք ուսանողներին ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 75.5-ում պարունակվող խոստումները, լրացնելով գրատախտակին գրված սկզբունքը: Ահա այդ սկզբունքը ձևակերպելու մեկ տարբերակ. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը կօրհնի մեզ պատվով, փառքով և հավերժական կյանքով:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք, ովքեր հավատարմորեն քարոզում են ավետարանը, կստանան այդպիսի մեծ հավերժական օրհնություններ:
Վարդապետություն և Ուխտեր 75․6-22
Տերը կանչում և հրահանգում է միսիոներական զույգերին
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Տերը հրահանգներ և խոստումներ տվեց երեցներին, ովքեր պատրաստվում էին ծառայել միսիաներում, Նա խմբավորեց նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեց որոշակի հրահանգներ:
Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.6–12, իսկ մյուս ուսանողին՝ կարդալ 13–14 հատվածները: Խնդրեք նրանց կարդալու ընթացքում գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ո՞ւմ հետ էր Տերը խոսում։
-
Ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ նրանց, եթե հավատարմորեն քարոզեին ավետարանը։
Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները և կիսվել իրենց զուգընկերոջ հետ վերևում նշված հարցերի պատասխաններով:
-
Ի՞նչ լրացուցիչ խորհուրդ տվեց Տերը Վիլյամ Ի․ Մակլելլինին և Լյուկ Ջոնսոնին հատվածներ 8–11-ում, որոնք կարող են օգնել մեզ արդյունավետորեն քարոզել ավետարանը: (Աղոթել ստանալու համար Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն՝ մեզ ուսուցանելու և հավատարիմ մնալու ուժ տալու համար:)
-
Ի՞նչ խոստում կրկնեց Տերը այդ զույգերից յուրաքանչյուրին հատվածներ 11, 13 և 14-ում: (Նա կլինի նրանց հետ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ կրկնվող խոստումը:)
Խնդրեք ուսանողներն արտահայտել սկզբունքը, որը սովորեցին այդ հատվածներից: Թեև ուսանողները այլ բառեր կարող են օգտագործել, նրանք պետք է կարողանան առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք ավետարանը քարոզելու գործում, Տերը կլինի մեզ հետ:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ, որոնց արդյունքում համոզվել եք, որ Տերը կլինի նրանց հետ, ովքեր հավատարմորեն կիսվում են ավետարանով ուրիշների հետ:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կասեին իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ովքեր դժվարություններ ունեն լիաժամկետ միսիայում: Խնդրեք նրանց օգտագործել այսօրվա դասին սովորած սկզբունքները և մի կարճ խրախուսական նամակ գրել այդ միսիոներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք ուսանողներին կիսվել նամակով, թե ինչ կարող են անել միսիոներները ավելի հավատարմորեն ավետարանը քարոզելու համար, և ինչ օրհնություններ կստանան արդյունքում:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան գրելու իրենց նամակները, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.15–22, բացատրելով, որ Տերը հրահանգեց միսիոներներին օրհնել նրանց ընտանիքները, ովքեր կընդունեն իրենց: Նա նաև ուսուցանեց նրանց, թե ինչ անել, երբ մերժում են ստանում նրանց կողմից, ում հետ կիսվում են ավետարանով: (Կարող եք բացատրել, որ ոտքերի փոշին թոթափելը որպես վկայություն նրանց դեմ, ովքեր մերժում են միսիոներներին և նրանց ուղերձը, կատարվում է հազվադեպ առիթներով, երբ Տերը հստակ պատվիրում է դա անել:)
Վարդապետություն և Ուխտեր 75․23-29
Տերը բացատրում է, թե ինչպես կաջակցվեն նրանց ընտանիքները, ովքեր կանչվում են ծառայելու միսիայում
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 75-ում տրված երկրորդ հայտնությունը տրվեց երեցների մեկ այլ խմբի: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.23 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ էին ցանկանում այդ երեցներն իմանալ:
Բացատրեք, որ Եկեղեցու վաղ օրերին միսիոներական ծառայության կանչված շատ տղամարդիկ ունեին կին և երեխաներ, որոնց պետք է պահեին: Ծառայելու կանչն ընդունելը մեծ զոհաբերություն էր ամբողջ ընտանիքի համար: Շատ երեցներ բնականաբար մտահոգվում էին, թե ինչ կպատահեր իրենց ընտանիքների հետ, եթե իրենք ընդունեին ավետարանը քարոզելու կանչը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.24-28 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով երեցներին տրված Տիրոջ հրահանգներին, ովքեր պետք է քարոզեին ավետարանը, սակայն ընտանիքներ ունեին, որոնց համար պետք է հոգ տանեին:
-
Համաձայն հատված 24-ի, երբ ամուսինը և հայրը ծառայում էին լիաժամկետ միսիայում, ո՞վ պետք է օգներ ընտանիքին:
-
Հատված 26-ում ի՞նչ է Տերը հրահանգում երեցներին անել, եթե նրանք գտնեին մի վայր, որտեղ իրենց ընտանիքներին կօգնեին:
-
Հատված 28-ում ի՞նչ է Տերն ասում նրանց, ում պայմանները թույլ չէին տալիս թողնել իրենց ընտանիքներին ավետարանը քարոզելու համար:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը նա տվեց բոլոր այդ տղամարդկանց: Կարող եք բացատրել, որ ծույլը այն անձն է, որը չի ցանկանում աշխատել:
-
Ի՞նչ արտահայտություն հատված 29-ից դուք կարող եք օգտագործել ամփոփելու համար Տիրոջ խորհուրդը երեցներին, ովքեր կարողացել էին ծառայել միսիայում, և նրանց, ովքեր ստիպված էին մնալ տանը իրենց ընտանիքների համար հոգ տանելու: «Թող ամեն մարդ ջանասեր լինի բոլոր բաներում»: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այդ արտահայտությունը վերաբերում է բոլորիս, և որ Տերը պատվիրում է մեզ լինել ջանասեր բոլոր բաներում:)
-
Ի՞նչ է նշանակում «ջանասեր լինել բոլոր բաներում»: (Լինել հետևողական, կայուն, հաստատուն և վստահելի:)
Վարդապետություն և Ուխտեր 75․30-36
Տերը նշանակում է երեցներին ծառայել որպես միսիոներական զուգընկերներ
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.30–36, բացատրելով, որ այս հայտնության վերջում Տերը նշանակում է միսիոներական զուգընկերներ:
Ավարտեք դասը, հրավիրելով ուսանողներին գրել, թե ինչ կարող են անել այսօր` Տիրոջը ծառայելիս ավելի ջանասեր լինելու համար: Խնդրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց մտքերով և վկայություններով այսօր դասարանում քննարկված սկզբունքների վերաբերյալ:
Բացատրական և պատմական տեղեկություն
Վարդապետություն և Ուխտեր 75․6-12: Վիլյամ Ի. Մակլելլինի պատասխանը ավետարանը քարոզելու կանչին
1831թ. հոկտեմբերի 29-ին Վիլյամ Ի. Մակլելլինը կանչվեց միսիայի Միացյալ Նահանգների արևելքում, իսկ Սեմյուել Հ․ Սմիթը կանչվեց որպես նրա զուգընկեր (տես ՎևՈւ 66.5–8): Վիլյամ Մակլելլինն ընդունեց կանչը, սակայն նա վաղ ավարտեց իր միսիան և վերադարձավ Կիրթլենդ, Օհայո, 1831թ. դեկտեմբերի վերջին:
Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 75.6–13-ում, Տերը նախատեց Վիլյամ Ի․ Մակլելլինին տրտնջալու համար, ետ կանչեց նրան արևելյան նահանգներում ծառայելուց, և կանչեց Օրսոն Հայդին փոխարինել նրան որպես Սեմյուել Սմիթի զուգընկեր: Սակայն Տերը մեծահոգաբար մեկ անգամ ևս կանչեց Եղբայր Մակլելլինին քարոզել ավետարանը Միացյալ Նահանգների հարավային մասում Լյուկ Ջոնսոնի հետ: Եղբայր Մակլելլինն ընդունեց ծառայելու կանչը, սակայն հավատարիմ չեղավ մինչև վերջ: Շուտով նա հայտարարեց, որ հիվանդ է և չի կարող շարունակել իր միսիան: Միսիայից մեկնելուց հետո նա գնաց Հայրամ, Օհայո, և ամուսնացավ Էմիլին Միլերի հետ:
Լրացուցիչ միսիաներում և որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ ծառայելուց հետո Վիլյամ Ի․ Մակլելլինը հեռացվեց Եկղեցուց 1838թ. մայիսի 11-ին, երբ խոստովանեց, որ դադարել է աղոթելը և պատվիրանները պահելը:
Վարդապետություն և Ուխտեր 75․20-22։ «Թոթափեք ձեր ոտքերի փոշին»
Ոտքերի փոշին թոթափելու կամ մաքրելու գործողությունը վկայություն է նրանց դեմ, ովքեր հրաժարվում են ընդունել ավետարանը (տես ՎևՈւ 24.15, 60.15, 84.92, 99.4): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.
«Երբ մեր Տերն ուղարկեց Իր աշակերտներին քարոզելու ավետարանի ուղերձը, Նա հրահանգեց Նրանց թոթափել ոտքերի փոշին որպես վկայություն նրանց դեմ, ովքեր հակառակվում էին իրենց: Նմանապես … Տերը հրահանգեց երեցներին, տալով նրանց նույն արտոնությունը: Ոտքերը մաքրելը, լինի դա լվանալով, թե փոշին թոթափելով, կգրանցվի երկնքում որպես վկայություն ամբարիշտների դեմ: Ինչևէ, այս գործողությունը չպետք է կատարվի հակառակվողների ներկայությամբ, «չլինի թե բարկության դրդես նրանց, այլ գաղտնաբար. և լվա ոտքերդ, որպես վկայություն նրանց դեմ, դատաստանի օրվա համար» [ՎևՈւ 60.15]: Եկեղեցու միսիոներները, որոնք հավատարմորեն կատարում են իրենց պարտքը, պարտավորություն են կրում թողնելու իրենց վկայությունը նրանց, ում հանդիպում են իրենց աշխատանքի ընթացքում: Այս վկայությունը դատաստանի ժամանակ ապացույց կհանդիսանա նրանց դեմ, ովքեր մերժում են ուղերձը» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:223; տես նաև Բացատրական և պատմական տեղեկություն, ՎևՈւ 24.15, դաս 31):
Ոտքերը փոշուց մաքրելը վկայություն է նրանց դեմ, ովքեր լիովին մերժում են Տիրոջ լիազորված ծառաներին: Այն կատարվում է միայն հազվադեպ իրավիճակում, երբ Տերը պատվիրում է դա անել: Այս գործողությունը ծառայում է նաև նրանց մերժման ապացույց և նշանակում է, որ նրանք, ովքեր քարոզել են նրանց ավետարանը, այլևս պատասխանատու չեն Տիրոջ առաջ: