«Ինչո՞ւ Աստված չէր փոխում իմ կյանքը», Լիահոնա, հունվար 2024։
Չափահաս երիտասարդներ
Ինչո՞ւ Աստված չէր փոխում իմ կյանքը
Երբ իմ ամուսնությունը վերածվեց մղձավանջի, ես իմացա ազատ կամքի ուժի մասին:
Երբ ես 23 տարեկան էի, տաճարում կնքվեցի իմ երազանքների մարդու հետ: Ես չեմ կարող հիշել ավելի երջանիկ օր իմ ողջ կյանքում:
Բայց այն ամենը, ինչ ես միշտ ակնկալում էի իմ կյանքի համար, սկսեց գլխապտույտ արագությամբ քանդվել։ Ամուսինս շարունակ ֆիզիկական և էմոցիոնալ բռնության էր ենթարկում ինձ:
Ես զգում էի շփոթություն և ցավ: Ես չէի հասկանում, թե իմ հավատարմությունն ինչու փոփոխություն չառաջացրեց իմ ամուսնության մեջ: Ես ծառայել էի լիաժամկետ միսիայում, պահել էի իմ ուխտերը, հետևել էի պատվիրաններին և նույնիսկ՝ ծառայել որպես տաճարի աշխատող: Բայց որքան շատ էի փորձում ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, իմ ամուսնությունը այնքան ավելի էր դժվարանում:
Հետ նայելով՝ ես հասկացա, որ չնայած ես աղոթելով քննում էի՝ ամուսնանա՞մ ամուսնուս հետ և հավատա՞մ, որ մենք կարող ենք հաղթահարել խնդիրները, ես անտեսել էի հնարավոր խնդիրների նշանները, որոնք հետագայում ի հայտ եկան մեր ամուսնության մեջ:
Պատասխանների որոնում
Հինգ տարվա մենակությունից և բռնություններից հետո իմ հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ միայն տուժում էին: Իմ կյանքի ակնկալիքները հօդս ցնդեցին և չարդարացան:
Ես տառապում էի ցավից ու անկարողությունից:
Երբ պարզ դարձավ, որ ամուսինս չի ցանկանում փոխվել, ես սկսեցի խնդրել Աստծուն, որ ազատի ինձ իմ իրավիճակից կամ ցույց տա ճիշտ ճանապարհը, որով պետք է գնամ: Բայց երբ ինձ անհրաժեշտ պատասխանները չէին գալիս, ես սկսեցի մեղադրել Երկնային Հորը՝ որպես իմ ցավի պատճառ:
Ես շարունակեցի հաճախել եկեղեցի և պահել իմ ուխտերը, բայց սիրտս լի էր վրդովմունքով, որ առաջնորդություն չկար:
Հետո մի օր ես հասկացա, որ ես իսկապես ունեմ իմ իրավիճակի պատասխանը. ես պետք է օգտագործեի իմ ազատ կամքը՝ գործելու և իմ հանգամանքները փոխելու համար: Եվ ես գիտեի, թե որն է ինձ համար լավագույն որոշումը՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու իմ վերջնական նպատակի դեպքում:
Վերջապես որոշեցի մի քայլ առաջ գնալ՝ զրուցեցի ամուսնուս հետ, և հրաշքով մենք ներդաշնակորեն ավարտեցինք մեր հարաբերությունները։
Ընտրելու զորությունը
Այդ դժվարին փորձառությունն ինձ օգնեց սովորել մեր Աստծո կողմից տրված ազատ կամքի պարգևի զորության և կենսական կարևորության մասին:
Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Հետ նայելով, մենք տեսնում ենք, թե որոշ ընտրություններ ինչ մեծ փոփոխություն են առաջացրել մեր կյանքում: Մենք ավելի լավ ընտրություններ կկատարենք և ավելի լավ որոշումներ կընդունենք, եթե նայենք այլընտրանքներին և խորհենք, թե ինչի կհանգեցնեն դրանք: Երբ անենք դա, մենք կհետևենք նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խորհրդին՝ սկսել, մտքում ունենալով ավարտը: Մեզ համար վերջը միշտ ուխտի ճանապարհի վրա է՝ տաճարի միջոցով դեպի հավերժական կյանք, իսկ դա մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից:1
Ես հասկացա, որ Երկնային Հայրը չի միջամտի որևէ մեկի ազատ կամքին. Նա թույլ տվեց, որ ես ինքնուրույն որոշում կայացնեմ ամուսնուս հետ ամուսնանալու հարցում: Նա նաև չէր ստիպի իմ ամուսնուն փոխվել, թեև ես կառչած էի իմ ուխտերից, քանի որ հավերժական ամուսնությունը հոգևոր և նյութական ջանքեր է պահանջում երկու մարդկանցից, երբ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին:
Երբ բախվում ենք մաքառումների, մենք կարող ենք օգտագործել մեր ազատ կամքը՝ փոխելու մեր տեսակետները, մեր վերաբերմունքը և նույնիսկ ինքներս մեզ: Դա ազատության աստվածային պարգևն է: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք փնտրենք Իրեն և Հոգին, ապա վստահենք ինքներս մեզ՝ մեր կյանքի համար լավագույն որոշումները կայացնելու հարցում:
Դարձեք դեպի Փրկչը
Սկզբում ես ակնկալում էի, որ կբժշկվեմ և արագ կմոռանամ իմ վիրավորական ամուսնությունը, բայց գործընթացը դանդաղ ու դժվար էր: Թերապևտիկ գործիքների, մարգարեների ուղերձները լսելու, սուրբ գրություններ կարդալու, աղոթելու, ընկերների և ընտանիքի կողմից սեր ու աջակցություն զգալու միջոցով ես հույս եմ զգում ավելի լավ ապագայի համար: Երբ ես օգտագործում եմ իմ ազատ կամքը բժշկում գտնելու համար, ես անհամբեր սպասում եմ այն կյանքին, որը կներառի ներողամտություն և գեղեցիկ հարաբերություններ ուրիշների հետ, ներառյալ Փրկչի հետ:
Իմ կյանքում ազատ կամքի օգտագործման ավելի մեծ հասկացողությամբ՝ Աստծո հանդեպ իմ դառնությունը վերածվեց հասկացողության, և Նրա հետ իմ հարաբերությունները կարողացան բժշկվել:
Ահա թե ինչի մասին է ավետարանը՝ կատարել մեր սեփական ընտրությունը և գալ դեպի Քրիստոսը, գործել մարգարեների խորհրդով, որոնք խրախուսում են մեզ օգտագործել մեր ազատ կամքը՝ վստահելու Տիրոջը, և ստեղծել գեղեցիկ, հավատքով լի կյանք:
Ինչպես ուսուցանել է քույր Քամիլ Ն. Ջոնսոնը՝ Սփոփող միության գերագույն նախագահը. «Ազատ կամքի վեհ սկզբունքը, իհարկե, թույլ է տալիս մեզ գրել մեր սեփական պատմությունները: ․․․ Բայց Հիսուս Քրիստոսը պատրաստ է օգտագործել մեզ որպես աստվածային գործիքներ ․․․ գլուխգործոց գրելու համար ․․․ եթե [մենք] ունենանք հավատք, որ թույլ տանք Նրան, եթե [մենք] թույլ տանք, որ Նա հեղինակի [մեր] պատմությունը»:2
Ամուսնությանս ավարտը ամենացավոտ փորձառություններից մեկն էր, որին ես երբևէ հանդիպել եմ: Բայց ես սովորել եմ, որ երբ կյանքում բախվում ենք անսպասելի փորձությունների, մենք կարող ենք հոգևոր առաջնորդություն փնտրել և որոշումներ կայացնել, որոնք մեզ առաջ են տանում ուխտի ճանապարհին: Հետևելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ մենք միշտ կարող ենք գալիք բարիքների և Նրանց խոստացած խաղաղության և ուրախության օրհնությունների հույսը ունենալ:
Հեղինակը ապրում է Չիլիում։