«Մեր լավագույն ջանքերը» Լիահոնա, հունվար 2024
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Մեր լավագույն ջանքերը
Երբ մենք տաճար ենք նվիրագործում, մենք ասում ենք Տիրոջը. «Ահա մեր ջանքերը: Դրանք լավագույնն են, որ մենք կարող ենք գործադրել»:
2022 թվականի օգոստոսին՝ Վաշինգտոնի տաճարի վերանվիրագործումից մոտ երկու շաբաթ առաջ, ես և իմ ղեկավարը նկատեցինք, որ դեպի տաճար տանող եվրոպական բոխիներից մեկը հիվանդ տեսք ուներ: Այն նոսր էր մեջտեղում և ուներ մի քանի անկանոն ճյուղեր։
Որպես տաճարի այգեպան՝ ես մտահոգված էի, որ տաճարի գեղեցիկ տարածքը պատրաստ է, բացառությամբ այդ մի փոքրիկ կետի: Ծառը տաճարի մուտքի մոտ գտնվող շատրվանի կողքին էր։
Մենք ունեինք մոտակայքում աճող առողջ պահեստային ծառ, և քննարկեցինք առողջ ծառը հիվանդ ծառով փոխարինելու հնարավորությունը: Բայց սկզբում մենք պետք է հեռացնեինք մոտակա մայթն ու խոտածածկը, այնուհետև տեղափոխեինք տարածքով անցնող ջրցան և էլեկտրական գծերը: Իմ ամենավատ մտավախությունն այն էր, որ մենք կհանենք հիվանդ ծառը, կտնկենք փոխարինող ծառը և ժամանակ չենք ունենա ծառի շուրջը ամեն ինչին լավ տեսք հաղորդելու համար:
Երբ կնոջս՝ Քերոլինին, ասացի, որ գուցե ստիպված լինենք տեղափոխել ծառը, նա պատասխանեց. «Պարզապես կտրիր անկանոն ճյուղերը, և ես կխնդրեմ իմ «սուրբ գրությունների» քույրերին ամբողջ երկրում, որպեսզի աղոթեն դրա համար: Տաճարի տարածքը Տիրոջն է: Նա կօրհնի ծառը»:
Քերոլինն ունի մի խումբ ընկերներ, որոնց նա անվանում է իր «սուրբ գրությունների» քույրեր. Եկեղեցու անդամներ, որոնք նախկինում ապրում էին նույն ծխի տարածքում: Նրանք միասին ուսումնասիրում էին «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկը, մինչև բոլորը տեղափոխվեցին այլ վայրեր, բայց շարունակում են պահել կապը: Երբ աղոթելու կարիք է լինում, նրանք դիմում են միմյանց օգնության համար:
Երբ Քերոլինը պատմեց նրանց հիվանդ ծառի մասին, վերջիններս պատմեցին իրենց երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին: Քերոլինը չէր պատկերացնում, թե քանիսն էին աղոթում ծառի համար, բայց նա հավատ ուներ, որ Երկնային Հայրը կլսի նրանց աղոթքները:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ծառը բողբոջեց և նոր տերևներ տվեց՝ լրացնելով նոսր տարածքը։ «Իհարկե, ավելի լավ տեսք ունի», - ասաց Քերոլինը: Նա ծառի նկարներն ուղարկեց իր «սուրբ գրությունների» քույրերին՝ ասելով նրանց. «Տեսեք, թե Տերը ինչպես պատասխանեց մեզ»:
Ես գիտեի, որ մարդիկ աղոթում են ծառի համար, ուստի ես ևս զարմացած չէի: Ես նաև գիտեի, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շուտով կօրհնի տաճարը և տաճարի տարածքը իր նվիրագործման աղոթքի ժամանակ: Ծառի հետ ամեն ինչ լավ կլինի:
Մենք երախտապարտ էինք, որ Տերը մեծարեց մեր ջանքերը և հավատքը: