Վերականգնման վաղ շրջանի կանայք
Վստահելով Տիրոջը
Քանի որ Մերի Էն Յանգը Տիրոջ մասին գիտեր սուրբ գրություններից, նրա խորը հավատքը պահպանում էր նրա զգացմունքները, և դրանք «բավական հանդարտ էին փոթորկի ողջ ընթացքում»:1
Նկարը՝ Թոնի Օկայի
Մերի Էն Անջելը բախտ է ունեցել մեծանալու այնպիսի ընտանիքում, որտեղ առաջնահերթություն է եղել սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Նրան հատկապես դուր էր գալիս կարդալ Փրկիչի ուսմունքների մասին։2 Նա իր կյանքի վաղ տարիներին արդեն գիտեր, որ կարող է սուրբ գրությունների միջոցով լսել Տիրոջ ձայնը և սփոփանք գտնել Նրա ուսմունքներում:
Նա լսեց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին Ռոդ Այլենդում (ԱՄՆ) 1831 թվականին, իսկ Մորմոնի Գիրքը կարդալուց հետո դարձի եկավ դեպի ավետարանը:
1833թ․ նա տեղափոխվեց Կիրթլենդ, Օհայո։ Այնտեղ Մերի Էնը հանդիպեց Բրիգամ Յանգին և 1834 թվականի սկզբին նրանք ամուսնացան։ Հաջորդ 48 տարիներին անցնելով բազմաթիվ տեղափոխությունների և փորձությունների միջով, Մերի Էն Անջել Յանգը շարունակում էր լսել Տիրոջը սուրբ գրությունների միջոցով և իր անսասան վստահությունը դնել Նրա վրա:
Օրինակ, նրա ամուսինը 1839թ․ մեկնեց միսիայի՝ Մեծ Բրիտանիա, իրենց դուստր Ալիսի լույս աշխարհ գալուց 10 օր անց: Հաջորդ 20 ամիսներին Մերի Էնն ու նրանց վեց երեխաները ծանր կացության մեջ էին: Նրանք տառապում էին հիվանդությունից և գոյատևում էին հիմնականում եգիպտացորենի հացով, կաթով և այգում աճող մի քանի բանջարեղենով:3 Մերի Էնին հաջողվեց մի փոքր աշխատանք գտնել իր ընտանիքը պահելու և իր ու հիվանդ երեխաների մասին հոգ տանելու համար: Այնուամենայնիվ, Տերը նրանց օգնում էր այդ փորձությունների ժամանակ: «Հրաշալի բան է,- գրել է նա իր ամուսնուն,- Տիրոջը վստահելը»:4
Ապավինելով սուրբ գրությունների իր գիտելիքներին՝ Մերի Էնը կարծես խոր համոզմամբ հասկանում էր, որ Տերը միշտ իր հետ է, սիրում և հասկանում է իրեն, հատկապես բազմաթիվ փորձությունների ընթացքում: Նրա աղոթքն այսպիսին էր․ «Թող Տերն ուղղորդի մեզ ամեն բանում և սփոփանք տա ամենախավար ու դժվար ժամերին»։5