Ավետարանի հիմունքները
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք
Հիշելով Աստծո երջանկության ծրագիրը՝ մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը դժվար է:
Բոլոր նկարները, բացի աջում վերջինից՝ ըստ Քըրք Ռիչարդսի
Երկրի վրա ծնվելուց առաջ մենք բոլորս ապրում էինք Երկնային Հոր հետ՝ որպես Նրա հոգևոր զավակներ: Նա ներկայացրեց մի ծրագիր, որ օգնի Իր զավակներին սովորել և աճել: Երկնային Հոր ծրագրի միջոցով մենք կարող ենք ավելի շատ նմանվել Նրան և արժանի լինել հավերժական կյանքին: Ծրագիրը հնարավոր դարձավ, քանի որ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, եկավ երկիր տառապելու մեր մեղքերի համար, դա զոհաբերություն էր, որը կոչվում է Քավություն։
Երկնային Հոր ծրագիրը կոչվում է․
-
Երջանկության ծրագիր (տես Ալմա 42․8),
-
Փրկության ծրագիր (տես Մովսես 6․62),
-
Փրկագնման ծրագիր (տես Հակոբ 6․8), կամ
-
Ողորմության ծրագիր (տես Ալմա 42․15)։
Ինչպես երևում է սուրբ գրության այս և ուրիշ հատվածներից, Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն, վերադառնանք Իր մոտ և իսկապես երջանիկ լինենք (տես Մովսես 1․39)։
Մենք գալիս ենք երկիր՝ սովորելու և աճելու համար
Աստված ուղարկում է մեզ երկիր, որտեղ մենք կարող ենք ունենալ ֆիզիկական մարմին (տես Ծննդոց 1․26-27)։ Մեզ հարկավոր էին մարմինները, որպեսզի երկրային կյանքի փորձառություն ունենանք։
Աստված գիտեր, որ մենք երջանիկ չէինք լինի անընդհատ։ Մենք ունենում ենք հուսահատություններ, ցավ և նույնիսկ՝ մահանում։ Սակայն, չնայած կյանքի դժվարություններին, Երկնային Հայրը օգնում է մեզ սովորել և աճել։
Աստված մեզ տվել է նաև ազատ կամք՝ բարու և չարի միջև ընտրելու ունակություն: Նա թույլ է տալիս, որ մենք ինքներս ընտրենք՝ ինչ մտածել և ինչ անել։ Նա մեզ տվել է սուրբ գրություններ և կենդանի մարգարեներ, որոնք կօգնեն մեզ սովորել, թե ինչպես ընտրել ճիշտը (տես Աբրահամ 3․25)։
Փորձեք լինել Հիսուս Քրիստոսի նման
Աստված մեզ երկիր չի ուղարկել առանց օրինակ տալու՝ ում պետք է հետևենք (տես Հովհաննես 13․15)։ Նա ուղարկել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեզ ցույց տա ճանապարհը։ Որպեսզի սովորենք, թե ինչպես հետևել Նրան, մենք կարող ենք կարդալ սուրբ գրությունները և իմանալ, թե ով է Նա և ինչ է արել Իր երկրային կյանքի ընթացքում: Մենք կարող ենք անել նաև հնարավոր ամեն բան՝ Քրիստոսին նմանվելու համար՝ հնազանդվելով Աստծուն և սիրելով մարդկանց:
Երբ սխալներ ենք գործում, մենք ներում ենք խնդրում և ապավինում ենք Հիսուս Քրիստոսի Քավության զորությանը, որը կօգնի մեզ փոխվել: Մենք կարող ենք երջանիկ լինել, փորձելով ամեն օր ավելի շատ նմանվել Նրան:
Մահը վերջը չէ։
Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները գնում են հոգիների աշխարհ: Այնտեղ մենք շարունակում ենք սովորել՝ պատրաստվելով Հարությանը:
Հարության ժամանակ մեր մարմիններն ու հոգիները կվերամիավորվեն: Մեր մարմինները կատարյալ կլինեն, և մենք այլևս երբեք չենք տեսնի մահ կամ հիվանդություն: (Տես Ալմա 11․44-45)։ Ինչպես Հիսուս Քրիստոսը մահացավ և նորից կյանք առավ, այնպես էլ մենք բոլորս նորից կապրենք:
Երբ Աստված դատի մեզ, Նա հաշվի կառնի մեր գործողություններն ու ցանկությունները: Եթե մենք փորձել ենք պահել պատվիրանները և Երկնային Հորը տված մեր խոստումները, ապա կրկին կարող ենք ապրել Նրա հետ:
Աստծո և մեր ընտանիքների հետ կյանքը երկնքում
Սելեստիալ արքայությունում մենք կապրենք Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք նաև կկարողանանք այնտեղ հավերժ ապրել մեր ընտանիքների հետ, եթե նրանց հետ կնքված լինենք: Մենք կգտնենք խաղաղություն, երջանկություն և հանգստություն (տես Մոսիա 2․41)։
Մեր կյանքը երկրի վրա երբեմն կարող է դժվար լինել, բայց եթե հետևենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ուրախություն գտնել այս կյանքում և հավերժական երջանկություն՝ գալիք կյանքում:
Ի՞նչ են ասում սուրբ գրությունները Երջանկության ծրագրի մասին
Կարևոր է, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը։ Աստված կդատի և կպարգևատրի մեզ՝ համաձայն մեր մտքերի և գործողությունների: (Տես Ալմա 41․3)։
Սատանան մեր երջանկության թշնամին է։ Նա գայթակղում է մեզ՝ չարաշահել մեր կյանքը երկրի վրա և մեղք գործել: Նա ուզում է, որ մենք իր նման թշվառ դառնանք: (Տես 2 Նեփի 2.27):
Երբ հավատք ունենք մեզ համար պատրաստված Աստծո ծրագրի հանդեպ, մենք կարող ենք խաղաղություն ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների ենք հանդիպում: Մենք կարող ենք անհամբեր սպասել Աստծո հետ հավերժ ապրելուն: (Տես Վարդապետություն և Ուխտեր 59․23)։