2020
Կրոնի ինստիտուտ և սեմինարիա՝ հավերժական օրհնության աղբյուր
Հոկտեմբեր 2020


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Կրոնի ինստիտուտ և սեմինարիա՝ հավերժական օրհնության աղբյուր

Մենք ապրում ենք ժամանակների լրության տնտեսության մեջ: Սա երկրագնդի և Վերականգնված Եկեղեցու պատմության մեջ ամենահրաշալի ժամանակաշրջանն է՝ մեծ դիմակայության և լավագույն հնարավորությունների ժամանակաշրջանը: Մենք չգիտենք, թե երբ կավարտվի այն, բայց մենք ունենք ավելի քիչ ժամանակ, քան այլ տնտեսությունների մարդիկ: Ժամանակակից երիտասարդները ամենատոկունն են բոլոր այն երիտասարդներից, որոնք ապրել են մեր ժամանակներին նախորդող ժամանակներում:

Հիսուսն ավելի շատ տպավորված էր մարդկանց հավատքով, քան արևամուտի գեղեցկությամբ, բնության վեհությամբ կամ մարդկային ձեռքերի ստեղծագործություններով: Ես ևս բազմիցս վկա եմ եղել մարդկանց կողմից հավատքի դրսևորմանը: Ինձ հատկապես տպավորում են մեր երիտասարդների հավատքի գործողություններն ու արարքները: Ամեն անգամ, երբ երիտասարդները հավատք են գործադրում, ավետարանով ապրելու իմ սեփական հավատքն ու ցանկությունը աճում է, և սիրտս լցվում է ուրախությամբ, հիացմունքով ու հրճվանքով: Ես երախտապարտ եմ հավատարիմ երիտասարդ Սրբերի հավատքի դրսևորման բազմաթիվ օրինակների համար, ովքեր մաքառում են՝ հաղթահարելով, պայքարում են Տիրոջ համար և դնում Նրան առաջին տեղում:

Մի երիտասարդ տղամարդ սիրում էր ֆուտբոլ խաղալ, և հաճախ նրա թիմի խաղերը տեղի էին ունենում կիրակի օրերին: Ողջ ընտանիքի համար դա մեծ մարտահրավեր էր, և միասին նրանք որոշեցին սուրբ պահել Հանգստության օրը՝ մասնակցելով Եկեղեցու ժողովներին: Հայրն ասաց. «Որդի՛ս, դու պետք է այնպես խաղաս ֆուտբոլի դաշտում, որ թիմի անդամները զգան քո կարիքն ու հարգեն քո ընտրությունը»: Եվ նա ձգտում էր դարպասը գրավել բոլոր խաղերի ժամանակ՝ ի վերջո դառնալով լավագույն խաղացողը: Թիմն, իրոք, կարիք ուներ նման հարձակվողի: Արդյունքում մարզիչը դիմեց ֆուտբոլի ֆեդերացիային, և նրա թիմի խաղերը կիրակի օրերից տեղափոխվեցին շաբաթ օրերը: Փաստորեն, ես վկա եղա մի փոքր հրաշքի: Իր հավատքի շնորհիվ այս ընտանիքը ամրապնդեց իմ հավատքը և զինեց ինձ վճռականությամբ:

Տասնվեց տարեկան մի աղջիկ մի ցուրտ կիրակնօրյա առավոտյան կանգնած էր կանգառում և սպասում էր ավտոբուսի, որպեսզի գնար իր ճյուղ: Նա մրսում էր և սառել էր: Նա մտածում էր. «Եթե ես հիմա չնստեմ ավտոբուս, ապա այսօր չեմ մասնակցի կիրակնօրյա ժողովին»: Բայց հետո հիշեց Սրբերին, ովքեր Նավուից գնում էին դեպի Սոլթ Լեյքի հովիտ, հիշեց նրանց զրկանքները, սառը եղանակային պայմանները, հավատքն ու զոհաբերությունները՝ հանուն ապագա սերունդների: «Մի՞թե սառնամանիքը կարող է իսկապես կանգնեցնել ինձ: Մի՞թե ես բավականաչափ հավատք չունեմ: Ո՛չ, ռահվիրաները կարողացան անել դա այնտեղ, իսկ ես կարող եմ դա անել այստեղ»: Նրա արարքը այնքա՜ն տպավորեց ինձ և ամրապնդեց իմ հավատքը:

Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երիտասարդ տղամարդը որոշեց ձեռք բերել վարորդական վկայական, բայց մի քանի անգամ ձախողեց վարորդական դպրոցի ավարտական քննությունը: Որոշ մարդիկ առաջարկում էին նրան կաշառք տալ՝ հոգսերից խուսափելու համար, բայց նա վճռականորեն որոշեց շարունակել փորձել՝ մնալով ազնիվ: Բացի իր հմտություններին ապավինելուց, նա աղոթեց և օգնություն խնդրեց: Հավատքի այսպիսի դրսևորումով հանդերձ նա արժանի է հարգանքի: Նրա հավատքը ինձ շատ է ուրախացնում:

Մի քանի գեղեցիկ քույրեր, ովքեր վերջերս էին ավարտել սեմինարիան, հավատում էին, որ իրենք ճիշտ են վարվում, քանի որ ընդհատեցին իրենց ուսումը համալսարանում և գնացին ծառայելու միսիայում: Նրանք հեռու վանեցին իրենց վախերն ու «մարդկային հասկացողությունը» և իրենց ժամանակն ու եռանդը նվիրեցին Փրկիչին ու Նրա ժողովրդին: Նրանցից մեկը, վերադառնալով միսիայից, շարունակեց ուսումը և ցանկացավ ընտանիք կազմել: Նա ժամադրվեց տարբեր երիտասարդ տղամարդկանց հետ, բայց չէր կարողանում գտնել իր կեսին: Երբեմն նա նույնիսկ լաց էր լինում, բայց ամուր հավատք ուներ, որ ինքը պիտի ամուսնանա միայն տաճարում: Ժամանակն անցնում էր: Վստահելով Տիրոջը՝ նա շարունակում էր փնտրել և, ի վերջո, օրհնվեց՝ ծանոթանալով մի հրաշալի զուգընկերոջ հետ: Ժամանակն անցնում էր: Հարսանիքը ծրագրված էր սեպտեմբերին, իսկ օգոստոսին նա գնաց երիտասարդ ամուրիների համաժողովին: Ես հարցրի նրան. «Դուք ինչո՞ւ եք գնում այնտեղ, չէ՞ որ գտել եք ձեր կյանքի ընկերոջը»: Նրա պատասխանը ցնցեց ինձ: Նա ասաց, որ գնում էր այնտեղ՝ օգնելու ուրիշներին: Համաժողովի ժամանակ ես տեսա, թե նա ինչպես էր հոգ տանում նրանց մասին, ովքեր ունեին իր կարիքը, արտասվում էր նրանց հետ, ովքեր լաց էին լինում, գրկում էր նրանց, ովքեր ողջագուրման կարիք ունեին, և վկայում էր նրանց, ում հավատքը ամրապնդման կարիք ուներ:

Երիտասարդներից ոմանք հնարավորություն ունեցան հեռանալ երկրից՝ արտասահմանում սովորելու, աշխատելու և այնտեղ ժամանակավորապես մնալու համար, բայց հավատք գործադրելով և հետևելով իրենց հողում Սրբերի հավաքման մասին մարգարեների խոսքերին, նրանք գիտակցաբար որոշեցին ապրել ու ծառայել այնտեղ, ուր Տերը կուղղորդեր իրենց: Այս ընտրությունը թելադրված էր հավատքով: Այսպիսով, նրանք կարողացան կառուցել շատերի հավատքը:

Ես հստակ տեսնում եմ, որ այս երիտասարդ մարդիկ պատրաստված են մեր օրերի համար, քանի որ նրանք պետք է շատ գործեր կատարեն նախքան Փրկիչի գալուստը, իսկ մենք պետք է օգնենք նրանց: Հավատքը գործողության և զորության սկզբունք է: Երբ գործում ենք ըստ Քրիստոսի ուսմունքների, մենք օրհնվում ենք Նրա զորությամբ: Մեր երիտասարդությունը ցանկանում է ստանալ հավատք ու գիտելիք, անձնական հայտնություն՝ ճշմարտության ու ապագայի համար:

Մենք բոլորս պետք է հիշենք, որ Հոգին խորապես ազդում է երիտասարդների վրա, և վկայությունը, որը նրանք և մենք փնտրում ենք, ծնվում ու սնուցվում է ուրիշների վկայությամբ: Արդարակյաց և աստվածավախ մարդու կողմից իրական կենդանի վկայության ձեռքբերումն այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է և Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է, հազարավոր գրքեր ու դասեր արժեն: Մեծ է այդպիսի վկայության արժեքը:

Կրոնի ինստիտուտը և հատկապես սեմինարիան կառուցում են մեր երիտասարդների ամուր հավատքը, ինչպես նաև նրանց նվիրումը Հիսուս Քրիստոսի հանդեպ, և օգնում են նրանց ձեռք բերել Փրկիչի զորությունը: Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Եվ այս սկզբունքի ու զորության հիմքի վրա Նա բոլոր ուսանողներին կտա ճշմարտության գիտելիքը, որը կմնա նրանց հետ և նրանց թույլ կտա իմանալ ճշմարտությունը, ինչպես որ Տերը գիտի այն, և նրանք կկատարեն Հոր կամքը, ինչպես որ Որդին կատարեց»:

Համաձայն իմ դիտարկումների, ուսանողների մեծ մասը, ովքեր հաջողությամբ ավարտել են իրենց ուսումը սեմինարիայում և ինստիտուտում, ապավինում են Տիրոջը ամենօրյա հանգամանքներում, իմանում են ճշմարտությունը, ցուցադրում են հավատք, կատարում են Հոր կամքը և ձգտում են գործել Քրիստոսի նման ու ավելի մոտ հարաբերություններ ունենալ Փրկիչի հետ: Եվ ես կարծում եմ, որ Նա տպավորված է նրանց հավատքով: Ավետարանական կյանքը դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասը: Ցավոք, ես նկատում եմ նաև, որ նրանք, ովքեր թերանում են հաճախել սեմինարիայի և ինստիտուտի դասերին կամ հազվադեպ են մասնակցում դրանց, ավելի շատ ապավինում են «մարմնեղեն բազուկին»: Ուստի, նրանց ձեռքն աստիճանաբար բաց է թողնում երկաթե ձողը: Նրանք վտանգի տակ են դնում կյանքի ծառին հասնելու իրենց նպատակը:

Երբեմն մենք բավարար ժամանակ չունենք աջակցելու մեր զավակներին, իմանալու, թե նրանք ինչ են ցանկանում և ինչ են սիրում, հետաքրքրվելու նրանց բացահայտումներով և կիսվելու մեր սեփական բացահայտումներով, ինչպես նաև օգնելու նրանց բացահայտել իրենց շնորհները և գտնել մասնագիտություն՝ ելնելով իրենց հետաքրքրություններից: Մեզ համար գուցե դժվար կլինի վստահել նրանց որոշումներին և օգնել նրանց ավելի շուտ հաղթահարել խոչընդոտները, քան թե խուսափել դրանցից: Երբեմն մենք զլանում ենք գովել նրանց իրենց ջանքերի համար: Ժամանակի սղության պատճառով մեզ չի հաջողվում ամեն օր աղոթել նրանց հետ և ուսումնասիրել սուրբ գրությունները: Մենք պետք է ոգեշնչում փնտրենք վերևից, որպեսզի մեր երեխաներին ցույց տանք հավատքի ու հնազանդության մեր օրինակը, քանի որ մեծացնելով մեր զավակներին և օգնելով նրանց կառուցել իրենց հավատքը, մենք ինքներս քննություն ենք հանձնում Աստծո առաջ:

Արդյո՞ք մենք բավարար հավատք ունենք առօրյա փոքր ու պարզ գործերի և մեր զավակների համար: