2020
Սպասավորում հաղորդության ժողովի միջոցով
Հունիս 2020


«Սպասավորում հաղորդության ժողովի միջոցով», Լիահոնա, հունիս 2020

Նկար
սպասավորություն

Նկարը՝ Էդվարդ ՄքԳովանի

Սպասավորության սկզբունքները, հունիս 2020

Սպասավորում հաղորդության ժողովի միջոցով

Հաղորդության ժողովը հնարավորություններ է ընձեռում մտերմանալ և սպասավորել ուրիշներին։

Հաղորդության ժողովը հոգևոր սնուցման և Փրկիչի ու Նրա Քավության շուրջ անձնական մտորումների ժամանակ է։ Երբ ամեն շաբաթ ճաշակում ենք հաղորդությունը, մենք միասին շենանում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 84․110)։ Սակայն մեր ծխերում և ճյուղերում ոմանք իրենց հետ բերում են ծանր բեռներ կամ ընդհանրապես այնտեղ չեն լինում։

Ահա մի քանի հնարավորություններ, թե մենք ինչպես կարող ենք օգտագործել այդ սուրբ ժամը, որպեսզի սպասավորենք ուրիշներին և փոփոխություն մտցնենք նրանց կյանքում։

Օգնեք բարելավել հաղորդության ժողովը նրանց համար, ում դուք սպասավորում եք

Մինչ սովորում ենք սպասավորել, առաջին քայլն է՝ ճանաչել անհատներին կամ ընտանիքներին ու ծանոթանալ նրանց կարիքների հետ։ Գուցե դուք կարողանաք բարելավել հաղորդության երկրպագության նրանց փորձառությունը պարզապես նրանց մասին ավելին իմանալով։

Մինդին փոքրիկ երկվորյակների մայր է: Նրա սպասավորող քրոջ հասարակ ջանքերը շատ բան փոխեցին ամենշաբաթյա հաղորդության ժողովի փորձառության մեջ։

«Իմ ամուսնու աշխատանքային գրաֆիկի պատճառով ամեն շաբաթ ես մեր զույգ աղջիկներին մենակ եմ տանում եկեղեցի»,- բացատրում է Մինդին։ «Իսկապես դժվար է հաղորդության ժողովն անցկացնել երկու մշտազբաղ փոքրիկների հետ, սակայն իմ սպասավորող քույրը սեփական նախաձեռնությամբ որոշեց օգնել ինձ։

Նա ամեն շաբաթ նստում է մեր կողքին և օգնում է ինձ հոգ տանել իմ դուստրերի մասին։ Հենց միայն նրա ներկայությունն իմ կողքին մեծ նշանակություն ունի ինձ համար և իսկապես թեթևացնում է իմ վիճակը նրանց անհանգիստ պահերին։ Չեմ կարծում, թե նա երբևէ կպատկերացնի՝ որքան է օգնել ինձ իմ կյանքի այս շրջանում։ Նա տեսավ իմ՝ երիտասարդ, անհանգիստ մոր կարիքը, և օգնում է դարձնել եկեղեցին խաղաղ ու երջանիկ վայր բոլորիս համար»։

Մտքեր՝ հատուկ կարիքներ ունեցողներին օգնելու համար

  • Երեցների քվորումի և Սփոփող Միության ղեկավարներին տեղեկացրեք անդամների կարիքների մասին։

  • Ղեկավարները ծրագրում են հաղորդության ժողովի ելույթները՝ համաձայն անդամների կարիքների։ Եթե նրանք, ում դուք սպասավորում եք, ունեն որոշակի ուղերձի կարիք, կիսվեք այդ գաղափարով ձեր ղեկավարների հետ։

  • Եթե տեղյակ եք, որ ինչ-որ մեկը հաշմանդամության կամ սննդային ալերգիայի պատճառով չի կարողանում վայելել հաղորդության օրհնությունները, հարցրեք նրանց մանրամասների վերաբերյալ, և թե ինչ հարմարություններ են անհրաժեշտ հաղորդության նրանց փորձառությունը բարելավելու համար։ Կիսվեք այդ տեղեկությամբ ձեր ղեկավարների հետ։

  • Եթե մեկը, ում սպասավորում կամ ճանաչում եք, մշտապես կամ ժամանակավորապես չի կարող տանից դուրս գալ, հարցրեք ձեր եպիսկոպոսին՝ արդյո՞ք հնարավոր է նրան հաղորդություն տալ տանը։ Դուք կարող եք նաև նշումներ կատարել հաղորդության ժողովի ընթացքում և դրանցով կիսվել հեռախոսով, էլ․ փոստով կամ անձամբ։

  • Եթե մեկը, ում սպասավորում եք, ունի փոքր երեխաներ, դուք կարող եք առաջարկել օգնել նրանց հաղորդության ժողովի ընթացքում։

  • Եթե նրանք, ում դուք սպասավորում եք, հաճախ չեն գալիս հաղորդության ժողովին, փորձեք հասկանալ և խորհել, թե ինչպես կարող եք օգնել։ Եթե նրանք փոխադրամիջոցի կարիք ունեն, գուցե կարող եք առաջարկել նրանց գալ ձեր հետ մեքենայով։ Եթե չեն զգում աջակցություն ընտանիքի կողմից, կարող եք առաջարկել նրանց նստել ձեր հետ։ Դուք կարող եք հատուկ հրավերներ հղել, օգնելով նրանց ընդունված և ցանկալի զգալ հաղորդության ժողովին։

Հիշե՛ք, հասարակ վարմունքը կարող է մեծ նշանակություն ունենալ

Խոսելով սպասավորության մասին, Քույր Ջին Բ․ Բինգհեմը՝ Սփոփող Միության Գերագույն նախագահը, ուսուցանել է․ «Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայել ենք մեր մերձավորներին։ Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր և ուրիշների վրա»։1

Բելգիայի մի փոքր ծխում Եկեղեցու ժողովների ընթացքում Իվետան հաճախ առաջարկում է թարգմանել իսպանախոս այցելուների և անդամների համար։ Մի անգամ Իվետային ներկայացրին մեկին, ով Դոմինիկյան Հանրապետությունից էր և սովորում էր Եկեղեցու մասին։ Նա գիտեր մի քիչ անգլերեն, սակայն իսպաներենը նրա մայրենի լեզուն էր։ Այսպիսով, Իվետան առաջարկեց ցածրաձայն թարգմանել նրա համար հաղորդության ժողովի ժամանակ, ուստի, նա իրեն ավելի հարմարավետ զգաց։

«Թարգմանությունը կարող է երբեմն մեծ ջանքեր պահանջել ինձանից կիրակի օրերին»,- ասում է Իվետան։ «Սակայն ոգեշնչումներին հետևելով, հարցնում եմ ուրիշներին, թե նրանք ունեն թարգմանչի կարիք, որը միանշանակ ուրախություն և ջերմություն է պարգևում ինձ, քանի որ գիտեմ որ կարող եմ օգնել նրանց զգալ Հոգին և վայելել իրենց ժողովները»։

Մտքեր՝ հասարակ վարմունքով օգնելու մասին

  • Խոսեք ձեր ղեկավարների հետ և պարզեք, թե ով ունի լրացուցիչ ծառայության կարիք հաղորդության ժողովի ընթացքում։ Կամ, եթե դուք գիտեք մեկին, ով ունի դրա կարիքը, համոզվեք, որ ձեր ղեկավարները տեղյակ են այդ մասին։

  • Լուռ նստեք, երբ սպասում եք ժողովի սկսելուն։ Դա կօգնի «մեզ շրջապատող կոտրված սիրտ և վշտաբեկ հոգի ունեցողներին»,2 ովքեր ունեն խաղաղության կարիքը, որը գտնում ենք սուրբ վայրերում ակնածանքի միջոցով։

  • Խորհեք ծոմապահության կիրակի օրը ձեր ծոմապահությունն ու աղոթքները մեկին նվիրաբերելու մասին, ում սպասավորում եք, և ով գուցե ունի լրացուցիչ մխիթարության կարիք։

  • Աղոթքով պարզեք, թե հաղորդության ժողովին ում կողքին նստելով կարող եք օգտակար լինել կամ օգնել որևէ կերպ։

Հաղորդության ժողովը կարող է հաճելի վայր լինել բոլորի համար

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն (1876-1972) ուսուցանել է․ «Ըստ իս, Եկեղեցու բոլոր ժողովներից հաղորդության ժողովն առավել սրբազան, սուրբ ժողովն է»։3 Ուստի, կարևոր է համոզվել, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են հաղորդության ժողովին, իրենց զգան ընդունված և հոգեպես սնուցված, հատկապես նոր անդամները կամ այն անդամները, որոնք որոշ ժամանակ չեն հաճախել։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգից Մերանիան իր ծխում ընկերացել էր մի կնոջ հետ, ով սովորում էր Եկեղեցու մասին։ «Այժմ նա դարձել է իմ լավագույն ընկերներից մեկը»,- ասում է Մերանիան։ «Ինձ դուր է գալիս նստել նրա հետ հաղորդության ժողովին ամեն շաբաթ, և ես միշտ հարցնում եմ նրա որպիսությունը, ու թե ինչպես կարող եմ օգտակար լինել նրան»։ Որոշ ժամանակ անց Մերանիայի ընկերը մկրտվեց։ Ծխի անդամների ջանքերը, ինչպես նաև հաղորդության ժողովի ջերմ մթնոլորտը մեծ դեր են խաղացել նրա որոշման մեջ։

Մտքեր՝ վերադարձող կամ նոր անդամներին սպասավորելու վերաբերյալ

  • Երբ պատրաստվում եք ելույթ ունենալ հաղորդության ժողովի ժամանակ, դուք կարող եք հրավիրել ձեր ընկերներին, ընտանիքին և ուրիշներին գալ և լսել ձեր ուղերձը։

  • Դուք կարող եք փնտրել և ողջունել նրանց, ովքեր միայնակ են կամ գուցե օգնության կարիք ունեն։ Հարցրեք, թե կարող եք նստել նրանց կողքին կամ հրավիրեք նրանց նստել ձեր կողքին։

  • Երբ ժողովն ավարտվում է, կարող եք հրավիրել նրանց, ում սպասավորում եք, նաև ուրիշներին՝ մասնակցելու Եկեղեցու սպասվելիք միջոցառումներին, տաճար կամ որևէ հասարակական իրադարձության։

  • Եթե մեկը, ում սպասավորում եք, հաճախում է հաղորդության ժողովին, սակայն երկար ժամանակ չի եկել, դուք կարող եք հարցնել՝ արդյոք հարցեր ունեն ուսուցանվածի շուրջ։ Ասեք նրանց, որ միշտ կարող են դիմել ձեզ, եթե կա որևէ եզրույթ, պատմություն կամ վարդապետություն, որը նրանք չեն հասկացել։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք միասին փնտրել պատասխանները։

Նշումներ

  1. Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 104:

  2. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019, 46։

  3. Joseph Fielding Smith, in Conference Report, Oct. 1929, 60–61.