2020
Հույս գտնել էպիկենտրոնում
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Հույս գտնել էպիկենտրոնում

Երբ COVID-19 -ը մեծ հարված հասցրեց Իտալիային, ես հույսին կառչելու պատճառ գտա։

Նկար
Պատուհանից դուրս նայող կին

Հեղինակն ապրում է Կատանզարոյում (Իտալիա):

Ինձ դուր են գալիս այն մխիթարական խոսքերը, որոնք Հիսուսն Իր հարությունից հետո ասաց Իր աշակերտներին. «Խաղաղություն ձեզ» (Հովհաննես 20․19)։ Արդյո՞ք զարմանալի չէ, որ մեր Փրկիչն Իր հետևորդներին միշտ խաղաղություն է խոստացել: Վերջերս տեղի ունեցած մի հատուկ փորձառություն հիշեցրեց ինձ այս ճշմարտության մասին։

Գտնվում եմ կարանտինում և անհանգիստ եմ

Մի երեկո հեռուստացույց դիտելիս լրատվամիջոցները խոսում էին COVID-19-ի և դրա ազդեցության մասին Իտալիայում, որտեղ ես ապրում եմ: Նրանք խոսեցին վիրուսից մահացած մարդկանց մեծ թվի և հաստատված դեպքերի աճի մասին: Չնայած դա անհանգստացնող էր, այն ժամանակ ես չէի անհանգստացել: Բայց մոտ երկու շաբաթ անց ամեն ինչ շատ վատացավ, և իմ մտավախությունն ավելացավ:

Այդ ամենի մեջ ես տխրություն և խուճապ զգացի: Ես շատ էի անհանգստանում, որ կհիվանդանամ։ Եվ իմ կյանքում առաջին անգամ վախեցա աշխատանքի գնալ: Ես ստիպված էի ձեռնոց և դիմակ հագնել ամեն անգամ, երբ դուրս էի գալիս: Մի շաբաթ անց իմ ամբողջ երկիրը հայտնվեց արգելափակման մեջ, և բոլորը դրվեցին խիստ կարանտինի տակ:

Այս ընթացքում մեզ թույլ էին տալիս դուրս գալ մեր տներից միայն շաբաթը մեկ անգամ մթերքներ գնելու համար: Տներում մնալը դժվար էր։ Եկեղեցու բոլոր ժողովները ժամանակավորապես դադարեցվել էին, և թեև դա տխրեցնում էր ինձ, ինձ ավելի շատ հուսահատեցրեց այն, որ տաճարները փակվեցին, քանի որ ես ծրագրում էի մասնակցել մի ընտանիքի կնքմանը, ում ես ուսուցանել էի իմ միսիայի ընթացքում: Ես վհատվեցի և հուսահատվեցի աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։

Երաժշտությամբ ոգևորված

Մի առավոտ, երբ կարդում էի սուրբ գրությունները և լսում էի Peace in Christ (Խաղաղություն Քրիստոսում) երգը, ես աղոթեցի և հարցրի Երկնային Հորը. «Ինչպե՞ս կարող եմ այս դժվարին ժամանակ կառչել հույսից»:

Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ուշադրություն դարձնել երգի բառերին:

Նա հույս կտա,

Երբ հույս չկա։

Նա ուժ կտա,

Երբ էլ ուժ չկա։

Ապաստան կտա

Կյանքի փոթորիկների ժամանակ։

Երբ Երկրի վրա խաղաղություն չկա,

Քրիստոսում խաղաղություն կգա։1

Ես հասկացա, որ Հոգին ինձ վկայում է, որ այդ խոսքերը ճշմարիտ էին: Ես հայացքս գցեցի իմ հին միսիոներական անվանապիտակի վրա և մտքումս լսեցի այս խոսքերը. «Ռոմինա, ես ուզում եմ, որ դու զգաս այն նույն խաղաղությունը, որը դու տվեցիր ուրիշներին քո միսիայի ժամանակ՝ կիսվելով իմ հույսի ուղերձով: Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ մենակ չեմ թողնի»:

Այսպիսով, այժմ ես ուզում եմ կիսվել հույսի այդ ուղերձով: Թեև աշխարհում այս դժվարին օրերին ես մեծ վախ և անհանգստություն զգացի, ես իսկապես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի հետ հույս կա: Դիմեք Նրան։ Լսեք Նրան: Հետևեք Նրան։ Մենք կարող ենք խաղաղություն գտնել Նրանում։ Նրան հավատալու մեջ զորություն կա, և երբ հավատաս Նրան, Նա քեզ ուժ կտա կառչելու հույսից (տես Եթեր 12․4

Փարվել հույսին

Խոսելով հույսի մասին, Տասներկու Առաքյալների Քվորումի Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանում է. «Աստծո, Նրա բարության և Նրա զորության հանդեպ հույսը մեզ քաջություն է պարգևում դժվար ժամանակ»։2 Որքան էլ սարսափելի լինեն այս օրերը, մենք կարող ենք քաջ լինել և վստահ լինել Տիրոջ խոստումների հանդեպ: Երբ կյանքը դժվար է, մենք չպետք է խնդրենք, որ Երկնային Հայրը փոխի մեր հանգամանքները, այլ կարող ենք խնդրել, որ Նա փոխի մեր վերաբերմունքը: Մենք կարող ենք սովորել և զարգանալ ցանկացած իրավիճակում:

Ես գիտեմ, որ Աստված մեզ հետ է և Նա սիրում է Իր զավակներին, նույնիսկ նրանց, ովքեր համավարակի էպիկենտրոնում են: Գիտեմ, որ Նրա շնորհիվ ամեն ինչ կարգին կլինի: Եվ ես գիտեմ, որ միշտ կարող եմ փարվել այն խաղաղությանը, որը գալիս է Հիսուս Քրիստոսին հանդեպ հավատքից։ Նրա անսահման Քավության շնորհիվ, ես ստիպված չեմ միայնակ հաղթահարել դժվարությունները:

Հղումներ

  1. Nik Day, “Peace in Christ: 2018 Mutual Theme Song,” Liahona, Jan. 2018, 54–55; New Era, Jan. 2018, 24–25.

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 23։