2019
Ի՞նչ կարող ենք սովորել սպասավորության մասին Սուրբ Ծննդյան պատմությունից
Դեկտեմբեր 2019


Սպասավորության սկզբունքները, դեկտեմբեր 2019

Ի՞նչ կարող ենք սովորել սպասավորության մասին Սուրբ Ծննդյան պատմությունից

«Սա տարվա եղանակ է սիրելի, Սուրբ Ծնունդ շուտով այստեղ կլինի: Պատմիր Հիսուսի ծննդյան մասին, երբ որպես մանուկ եկավ նա երկիր» («Սուրբ Ծննդյան երգը», Երեխաների երգարան, 52):

Նկար
ministering

Հատված՝ Ահա, Աստծո Գառը, Վոլթեր Ռեյն

Սուրբ Ծնունդը հրաշալի ժամանակ է, երբ ոչխարները, հովիվները, մսուրները և աստղերը հանկարծ նոր իմաստ են ստանում: Նրանք դառնում են մարդկության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդի կարևոր դերակատարներ: Շատ ընտանիքներ իրենց տներում բեմադրում են Սուրբ Ծննդյան պատմությունը: Մյուսները նախընտրում են կարդալ Նրա ծննդյան պատմությունը կամ մասնակցել որևէ ներկայացման: Քրիստոսի մասին գրված բոլոր պատմությունների նման, Նրա ծննդյան պատմությունը լի է ծառայության մասին դասերով, նաև, թե ինչպես կիսվենք Նրա լույսով, որպեսզի լուսավորենք աշխարհը: «Սուրբ Ծննդյան պատմությունը սիրո պատմություն է»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Հենրի Բ․ Այրինգը։

«… Քրիստոսի ծննդյան պատմություններում մենք կարող ենք տեսնել և զգալ, թե ով էր Նա և ով է Նա: Դա թեթևացնում է մեր բեռը, երբ անցնում ենք ճանապարհը: Եվ կառաջնորդի մեզ մոռանալ մեր սեփական անձը և թեթևացնել ուրիշների բեռը»:1

«Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար», (Ղուկաս 2.7):

Իջևանատան տերը չկարողացավ տեղ գտնել Փրկիչի համար, բայց մենք չպետք է թույլ տանք այդ սխալը: Մենք պետք է տեղ պատրաստենք Փրկիչի համար մեր սրտերում՝ տեղ տալով մեր եղբայրներին ու քույրերին մեր սեղանների շուրջ, մեր տներում և մեր ավանդույթների շրջանակներում: Ընտանեկան շատ ավանդույթներ կարող են ավելի քաղցր և նույնիսկ ավելի հիշարժան լինել, եթե ընդգրկվեն ուրիշ մարդիկ: Դայանայի ընտանիքը սովորություն ունի հրավիրել ինչ-որ մեկին իրենց հետ Սուրբ Ծնունդն անցկացնելու: Յուրաքանչյուր դեկտեմբերին նրանք քննարկում են, թե ում կցանկանային հրավիրել:2 Միգուցե ձեր ընտանիքը ևս սկսի նման սովորույթ զարգացնել: Գուցե ինչ-որ մեկը, ում դուք սպասավորում եք, ցանկանա միանալ ձեր ընտանիքին՝ միասին երգելու Սուրբ Ծննդյան սիրված երգերը: Դուք նաև կարող եք Սուրբ Ծննդյան ճաշի սեղանի շուրջը հյուրընկալել ձեր տարածքից ինչ-որ մեկին, ով ընտանիք չունի:

Փրկիչի ծնունդը նշելու ի՞նչ ավելի լավ եղանակ կարող է լինել, քան Նրա հյուրընկալության օրինակին հետևելը: Հիշենք, որ Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը» (2 Նեփի 26.33): Տեղ տվեք և հյուրընկալ եղեք:

«Եվ այն տեղումը հովիվներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին» (Ղուկաս 2.8):

Կարծես տեղին է, որ հովիվները առաջիններից էին, ովքեր ողջունելու էին նորածին Փրկիչին: Հնօրյա մարգարեները Հիսուս Քրիստոսին կոչել են «Իսրայելի հովիվ» (Սաղմոս 80.1) և «Հովիվ ողջ աշխարհի վրա» (1 Նեփի 13.41): Եվ Քրիստոսն Ինքն է ասել. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարրներին ճանաչում եմ» (Հովհաննես 10.14): Մեր ոչխարներին ճանաչելը և նրանց հսկելը կարևոր մասն է Փրկիչի ձևով կատարվող հովվության և սպասավորության:

Փայլուն լույսեր և նախշազարդեր՝ այնքան բաներ կան դիտելու Սուրբ Ծննդյան օրերին: Բայց Ծննդյան տոների ամենամեծ գեղեցկությունը գուցե երևում է այն ժամանակ, երբ հիշում ենք, որ մեր ուշադրությունը պիտի սևեռենք նրանց վրա, ում սպասավորում ենք և հսկենք մեր հոտերը: Ուշադիր լինելով, մենք կարող ենք տեղեկանալ ինչ-որ մեկի սիրած զբաղմունքի մասին կամ հարցնել մեկին, թե նա ինչ է ծրագրում անել արձակուրդներին: Մենք ուշադիր ենք, երբ տեսնում ենք մարդկանց կարիքները և արձագանքում դրանց՝ թե՛ ակնհայտ, թե ոչ այնքան ակնհայտ կարիքների դեպքում:

Երբ Շերիլն անսպասելիորեն կորցրեց ամուսնուն՝ Միքին, նա շատ վշտացած էր: Մոտենում էին Սուրբ Ծննդյան տոները, որոնք նա առաջին անգամ պետք է անցկացներ առանց ամուսնու, և մենակությունն ավելի ճնշող էր դառնում: Բարեբախտաբար, նրա սպասավորող քույրը՝ Շաունան, նրա կողքին էր: Շաունան և նրա ամուսինը՝ Ջիմը, հրավիրեցին Շերիլին միասին անցկացնել տոնական օրերը: Նկատելով Շերիլի մաշված վերարկուն, նրանք որոշեցին գործել: Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ նրանք Շերիլի համար գնեցին Սուրբ Ծննդյան նվեր՝ գեղեցիկ նոր վերարկու: Նրանք ծանոթ էին ոչ միայն Շերիլի նյութական կարիքներին, այն, որ նա չուներ տաք վերարկու, այլև տեղյակ էին, որ նա մխիթարության և ընկերակցության կարիք ուներ: Նրանք քայլ արեցին՝ իրենց ուժերի ներածին չափով հոգալով այդ կարիքները և գեղեցիկ օրինակ ծառայելով, թե ինչպես մենք էլ կարող ենք հսկել մեր հոտերը:3

«Հովիվ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ» (Ղուկաս 2.15):

«Եկէք գնանք» արտահայտությունը եռանդուն հրավեր է: Հովիվները չէին մտահոգվում, որ իրենց ընկերները շատ հոգնած կլինեին ուղևորությունը կատարելու համար: Նրանք լուռ ու մենակ չուղևորվեցին Բեթլեհեմ: Այլ ուրախ դիմելով մեկը մյուսին՝ նրանք ասացին. «Եկէ՜ք գնանք»:

Թեև մենք չենք կարող հրավիրել մեր ընկերներին, որ գան և տեսնեն մանուկ Փրկիչին, սակայն կարող ենք հրավիրել նրանց զգալ Սուրբ Ծննդյան ոգին (կամ Քրիստոսի ոգին)՝ մեզ հետ ծառայելով: «Սուրբ Ծննդյան ոգին մեծարելու եղանակներից մեկն է՝ առատաձեռնորեն օգնության հասնել մեր շրջապատի մարդկանց և նվիրվել նրանց»,- ասել է Բոնի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահը:4 Պատկերացրեք, թե ձեր ձեռքում մոմ կա: Վստահաբար, մարդիկ կտեսնեն և կօգտվեն ձեր մոմի լույսից, բայց պատկերացրեք, թե ինչ ջերմություն նրանք կզգան, եթե ձեր մոմով վառեք նրանց մոմը և թույլ տաք, որ իրենք տանեն իրենց լույսը:

Քրիստոսն անձամբ ուսուցանել է, որ նրանք, ովքեր կհետևեն Իրեն, կունենան կյանքի լույսը (տես Հովհաննես 8.12): Նրա նման ծառայելը մի եղանակ է, որով կարող ենք հետևել Իրեն և վայելել այդ խոստացված լույսը: Ուստի, կիսվեք այդ լույսով և հրավիրեք մյուսներին ծառայել ձեզ հետ: Ինչպե՞ս կարող եք միասին ծառայել դուք և նրանք, ում սպասավորում եք: Միասին կարող եք պատրաստել ձեր սիրած ուտեստը կամ անակնկալ մատուցել ինչ-որ մեկին փոքրիկ նվերի կամ երկտողի տեսքով: Միասին դուք կզգաք այն լույսը, որը գալիս է Քրիստոսի ծառայության օրինակին հետևելուց:

«Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց» (Ղուկաս 2.17):

Կարելի է պատկերացնել հովիվների ուրախ ոգևորությունը, երբ նրանք կիսվում էին Քրիստոսի ծննդյան զարմանահրաշ լուրով հնարավորինս շատ մարդկանց հետ: Հրեշտակների կողմից ազդարարված Մեսիան, ում մասին այդքան մարգարեացել էին, եկել էր: Նա այնտե՜ղ էր: Իրականում, Փրկիչի մասին բարի լուրով կիսվելը Սուրբ Ծննդյան պատմության գլխավոր մասն է: Հրեշտակները երգում էին: Աստղը ցույց էր տալիս ճանապարհը: Եվ հովիվները տարածում էին լուրն ամենուրեք:

Մենք կարող ենք մեր ձայնն ավելացնել Սուրբ Ծննդյան պատմությանը՝ կիսվելով բարի լուրով և վկայելով Փրկիչի մասին: «Եթե ծառայելու ձեր ջանքերում արտոնություն ունեք ներկայացնելու Փրկիչին, հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանի լույսով այս անհատի կամ ընտանիքի հետ»,- ասել է Քույր Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող Միության Գերագույն նախագահը: Հոգին ի՞նչ է ոգեշնչում ինձ անել»:5

Ահա մի քանի առաջարկներ, եթե ձգտում եք իմանալ, թե ինչպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկիչի և Նրա ավետարանի մասին:

  • Գտեք սուրբ գրության մի հատված, որն արտահայտում է Փրկիչի հանդեպ ունեցած ձեր զգացմունքները կամ բացատրում է, թե ինչու եք դուք երախտապարտ Նրան: Կիսվեք դրանով այն մարդկանց հետ, ում դուք սպասավորում եք:

  • Ուղարկեք Սուրբ Ծննդյան տեսանյութ, կցելով տեքստային հաղորդագրություն կամ լրատվամիջոցներից վերցված ուղերձ: Հրաշալի ուղերձներ կան ChurchofJesusChrist.orgկայքում:

  • Ձեր ընկերներից մեկին պատմեք մի հատուկ հիշարժան պահի կամ ավանդույթի մասին, որը ձեզ հիշեցնում է Քրիստոսին:

Հավատացեք, որ Սուրբ Հոգին կվկայի ձեր վկայության ճշմարտացիության մասին, ինչպես Նա վկայեց Սիմեոնին և Աննային, որ մանուկ Հիսուսը Փրկիչն է (տես Ղուկաս 2.26, 38):

«Որպեսզի իսկապես պատվենք [Հիսուս Քրիստոսի] աշխարհ գալը, մենք պետք է վարվենք Նրա նման և կարեկցանքով ու ողորմածությամբ օգնության հասնենք մեր մերձավորներին»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Դա մենք կարող ենք ամեն օր անել՝ թե՛ մեր խոսքերով, և թե՛ գործերով։ Թող որ այն դառնա Սուրբ Ծննդյան մեր ավանդույթը, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում՝ լինենք մի քիչ ավելի բարի, ավելի ներողամիտ, քիչ դատապարտող և մեր ունեցածից ավելի առատաձեռն կիսվենք կարիքավորների հետ»:6

Հղումներ

  1. Henry B. Eyring, “Christmas Stories” (First Presidency Christmas devotional, Dec. 6, 2009), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  2. Տես Daiana Melina Albornoz Díaz, “Sharing Christmas,” Liahona, Dec. 2007, 17։

  3. See Cheryl Boyle, “He Would Have Bought It for You,” Ensign, Dec. 2001, 57.

  4. Bonnie L. Oscarson, “Christmas Is Christlike Love” (First Presidency Christmas devotional, Dec. 7, 2014), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  5. Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 104:

  6. Dieter F. Uchtdorf, “Scatter Your Crumbs” (First Presidency Christmas devotional, Dec. 3, 2017), broadcasts.ChurchofJesusChrist.org.