Սպասավորել նշանակում է՝ տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին տեսնում է Փրկիչը
Christ and the rich young ruler

Սպասավորության սկզբունքները, հունիս 2019

Սպասավորել նշանակում է՝ տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին տեսնում է Փրկիչը

Իր ժամանակի մեծ մասը Հիսուսն անցկացնում էր նրանց հետ, ովքեր ակնհայտորեն տարբերվում էին մյուսներից․ Նա տեսնում էր նրանց աստվածային ներուժը։

Փրկիչի նման սպասավորելու ջանքեր գրածադրելիս, մեզ կարող են խնդրել սպասավորել մեկին, ով տարբերվում է մեզանից։ Դա սովորելու և աճելու հնարավորություն կտա մեզ։

Մշակութային, կրթական, ռասայական, տնտեսական, տարիքային, նախկին կամ ներկայիս վարքագիծը կամ այլ տարբերությունները կարող են հեշտացնել դատել մարդուն՝ նույնիսկ նախքան նրան ճանաչելը։ Կանխակալ կարծիք կազմելն ընկած է նախատրամադրվածության հիմքում, որի մասին նախազգուշացրել է Փրկիչը (տես Ա Թագավորաց 16․7, Հովհաննես 7․24

Կարո՞ղ ենք մենք նայել տարբերություններից այն կողմ և տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին տեսնում է Փրկիչը։ Ինչպե՞ս կարող ենք սովորել սիրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան և ինչպիսին կարող են դառնալ։

Մտիկ տալ և սիրել

Աստվածաշնչում կա նման մի պատմություն հարուստ երիտասարդի մասին, ով հարցրեց, թե ինչպես հավերժական կյանք ունենալ․ «Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր» (Մարկոս 10․21

Երբ Յոթանասունից Երեց Ս․ Մարկ Փալմերը տարիներ առաջ ուսումնասիրում էր այդ պատմությունը, մի նոր հատված գրավեց նրա ուշադրությունը։

«Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց»։

«Մինչ ես լսեցի այդ խոսքերը, ես մտովի հստակ պատկերացրի մեր Տիրոջը, որ մի պահ կանգ առավ և մտիկ տվավ այդ պատանուն։ Մտիկ տալ՝ այսինքն ուշադիր քննել և թափանցել նրա հոգին, նկատելով նրա դրական կողմերը ու նաև նրա ներուժը, ինչպես նաև գիտակցել նրա ամենամեծ կարիքը։

Ապա այս հասարակ խոսքերը՝ Հիսուսը նորան սիրեց։ Նա մեծ սեր և կարեկցանք զգաց այդ լավ երիտասարդի հանդեպ, և այդ սիրո արդյունքում և հենց այդ սիրով, Հիսուսը նույնիսկ ավելին խնդրեց նրանից։ Ես պատկերացրի, թե ինչ զգացած կլիներ այդ երիտասարդը, պարուրված նման սիրով, մինչ նրան խնդրում էին անել այնքան բարդ մի բան, ինչպիսին իր ողջ ունեցվածքը վաճառելն ու աղքատներին տալն էր։ …

[Ես հարցրի ինքս ինձ]․ «Ես ինչպե՞ս կարող եմ լցվել Քրիստոսանման սիրով, որ [ուրիշները] կարողանան զգալ Աստծո սերն իմ միջոցով և ցանկանան փոխվել»։ Ես ինչպե՞ս կարող եմ մտիկ տալ [ինձ շրջապատողներին] այն նույն ձևով, ինչպես Տերը մտիկ տվավ հարուստ երիտասարդին, տեսնելով նրանց այնպիսին, ինչպիսին կան իրականում և ինչպիսին կարող են դառնալ, այլ ոչ թե լոկ տեսնել այն, ինչ նրանք անում են կամ չեն անում։ Ինչպե՞ս կարող եմ ավելի նմանվել Փրկչին»։1

Սովորել տեսնել ուրիշներին

Երբ սովորում ենք տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին տեսնում է Փրկիչը, առատ օրհնություններ են հորդում։ Ահա որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգնել հասնել այդ նպատակին։

  • Ճանաչեք նրանց
    Ջանքեր գործադրեք մարդկանց ճանաչելու համար՝ անկախ արտաքին մանրամասներից։ Հասկացեք, որ հարաբերություններ հաստատելը ժամանակ և ջանքեր է պահանջում։ (Օգնության համար տես 2018 Սպասավորման սկզբունքները հոդվածը, «Հաստատել իմաստալից հարաբերություններ»։)

  • Քննեք ինքներդ ձեզ
    Ուշադրություն դարձրեք դատողություններին, որոնք դուք կարող եք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն կատարել։ Գրառումներ կատարեք ուրիշների վերաբերյալ ձեր ենթադրությունների մասին և փորձեք հասկանալ, թե ինչու նման զգացողություններ ունեք նրանց նկատմամբ։

  • Խուսափեք դատելուց
    Հասկացեք, որ իրավիճակները չեն որոշում անհատի արժեքը։ Ձեզ դրեք նրանց տեղը և խորհեք, թե ինչ վերաբերմունք կակնկալեիք ուրիշներից նման իրավիճակներում։ Մարդու ընտրությունները և վարքագիծը նրա իրական արժեքից և աստվածային ներուժից զատելը կարող է օգնել մեզ տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին տեսնում է Փրկիչը։

  • Աղոթեք նրանց սիրելու համար
    Կանոնավոր աղոթեք նրանց համար անուն առ անուն և համբերությամբ հասեք անկեղծ ընկերության։ Աղոթքով պատրաստվեք ձեր ծառայությանը։ Արդյո՞ք ձեր արածների և նրանց իրական կարիքների միջև անհամաձայնություն կա։

Հիսուսն Իր ժամանակն անցկացնում էր տարբեր մարդկանց հետ՝ հարուստներ, աղքատներ, իշխանավորներ և հասարակ մարդիկ։ Նա հաճախ դառնում էր ուրիշների սխալ դատողությունների զոհը, երբ մարդիկ նայում էին Նրան և Նրա աղքատ ու անշուք արտաքինին ։ «Եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չկար, որ նորան ախորժէինք։ … Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում» (Եսայիա 53․2-3

Քրիստոսանման տեսլական

Մի քույր կիսվեց այս պատմությամբ, թե ինչպես է սովորել նայել հարևանին Քրիստոսանման աչքերով․

«Ջուլիան (անունը փոխված է) ապրում էր իմ կողքին, և թվում էր, ոչ մի ընկեր չուներ։ Նա միշտ տխուր ու բարկացած տեսք ուներ։ Անկախ դրանից, ես որոշեցի ընկերանալ նրա հետ։ Ոչ թե ուղղակի ընկեր, այլ իսկական ընկեր դառնալ նրա համար։ Ամեն անգամ հանդիպելիս ես խոսում էի նրա հետ և հետաքրքրվում նրա գործերով։ Աստիճանաբար մենք ընկերացանք, ինչի համար ես սրտանց ուրախ էի։

Մի օր ես որոշեցի այցելել Ջուլիային և հարցնել եկեղեցի չհաճախելու նրա որոշման մասին։

Ես իմացա, որ նա մոտակայքում չունի ընտանիքի ոչ մի անդամ կամ բարեկամ։ Նրա միակ եղբայրը, ով ապրում էր շատ հեռվում, հեռախոսով կապվում էր նրա հետ ընդամենը տարին մեկ անգամ։ Մինչ ես լսում էի, թե ինչպես էր նա դուրս թափում իր սրտի դառնությունը, զայրույթը և դժգոհություններն իր ընտանիքի և Եկեղեցու վերաբերյալ, այս քրոջ հանդեպ կարեկցանքի և սիրո մի անհերքելի ուժեղ զգացում պատեց ինձ։ Ես զգացի նրա ցավն ու դժգոհությունները։ Ես հասկացա, թե որքան միայնակ էր նա իր կյանքում։ Կարծես ես մի մեղմ շշունջ լսեցի իմ թիկունքից․ «Ես նույնպես նրան սիրում եմ։ Սիրիր և հարգիր նրան»։

Ես նստեցի ու լսեցի, մինչև նա ավարտեց իր ողջ ասելիքը։ Ես սեր և կարեկցանք զգացի նրա հանդեպ։ Ահա մի քույր, ով երբեք չի զգացել, թե ինչ է նշանակում լինել սիրված։ Հանկարծ ես սկսեցի ավելի խորը հասկանալ նրան։ Ես շնորհակալություն հայտնեցի, որ նա թույլ տվեց այցելել իրեն, և հեռացա նրան գրկելուց և նրա հանդեպ իմ սերն ու հարգանքն արտահայտելուց հետո։ Նա երբեք չի իմանա, թե որքան զգացված էի ես այդ այցելությունից։ Երկնային Հայրը բացեց իմ աչքերը և ուսուցանեց ինձ, որ ես ունակ էի սիրել ավելի մեծ կարեկցանքով։ Ես վճռականորեն որոշել եմ ոչ միայն ընկեր լինել նրա համար, այլև ընտանիքի անդամ»։

Ինչ-որ մեկի կյանք հրավիրվելը սուրբ բան է։ Աղոթքով, համբերությամբ և Հոգու օգնությամբ մենք կարող ենք սովորել անել դա ավելի Քրիստոսանման տեսլականով։