2019
Ինչպե՞ս կիսվել վկայությամբ, որ ավելի բնական լինի
Մարտ, 2019թ․


Նկար
ministering

Սպասավորության սկզբունքները, մարտ, 2019թ․

Ինչպե՞ս կիսվել վկայությամբ, որ ավելի բնական լինի

Սպասավորությունը վկայելն է։ Սպասավորության ճկունությունը կարող է մեծացնել վկայությամբ կիսվելու մեր հնարավորությունները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով։

Մենք ուխտել ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9)։ Մեր վկայությամբ կիսվելը վկաներ լինելու մի մասն է և Սուրբ Հոգուն հրավիրելու հզոր միջոց է, որպեսզի դիպչենք մարդկանց սրտերին և փոխենք նրանց կյանքը։

«Վկայությունը, իրական վկայությունը, որը ծնվել է Հոգուց և հաստատվել Սուրբ Հոգու կողմից, կյանքեր է փոխում»,- ասել է Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը։1

Սակայն մեր վկայությամբ կիսվելը մեզանից ոմանց համար կարող է վախեցնող և անհարմար լինել։ Դա կարող է լինել այն պատճառով, որ մենք մտածում ենք, որ վկայությամբ կիսվելը մի բան է, որը մենք անում ենք ծոմի և վկայության ժողովներին կամ դաս սովորեցնելիս: Այդ պաշտոնական միջավայրում մենք հաճախ օգտագործում ենք որոշակի բառեր և արտահայտություններ, որոնք ծագում են բնական խոսքից:

Մեր վկայություններով կիսվելը կարող է ավելի կանոնավոր օրհնություն դառնալ մեր և ուրիշների կյանքում, երբ հասկանանք, թե որքան հեշտ է մեր առօրյա կյանքում կիսվել այն ամենով, ինչին մենք հավատում ենք: Ահա մի քանի մտքեր, որոնք կարող են օգնել ձեզ սկսել։

Մի բարդացրեք

Վկայությունը պարտադիր չէ սկսել «կցանկանայի բերել իմ վկայությունը» և վերջացնել «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն» արտահայտություններով։ Վկայությունն արտահայտում է այն, ինչին մենք հավատում ենք և գիտենք, որ ճշմարիտ է։ Ուստի, փողոցում զրույցը ձեր հարևանի հետ նրախնդրի մասին և ձեր խոսքերը՝ «ես գիտեմ, որ Աստված պատասխանում է աղոթքներին», կարող են նույնքան զորավոր լինել, որքան եկեղեցու ամբիոնից ասված ցանկացած վկայություն: Զորությունը պարտադիր չէ, որ հորդի ճարտար լեզվից․ այն գալիս է Սուրբ Հոգուց, ով հաստատում է ճշմարտությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 100․7–8

Ընդգրկվեք առօրյա զրույցի մեջ

Եթե մենք ցանկանում ենք կիսվել, մեր շրջապատում կան հնարավորություններ, երբ կարող ենք վկայություն բերել առօրյա մեր խոսքում։ Օրինակ.

  • Ինչ-որ մեկը հարցնում է ձեզ ձեր հանգստյան օրերի մասին: «Հրաշալի էր»,- դուք պատասխանում եք։ «Եկեղեցին այն էր, ինչ կարիքը ես ունեի»։

  • Լսելով ձեր կյանքի մարտահրավերի մասին ինչ-որ մեկը կարեկցում է ձեզ․ «Ես շատ եմ ցավում»։ Դուք պատասխանում եք․ «Շնորհակալություն ձեր մտահոգության համար։ Ես գիտեմ, որ Աստված կօգնի ինձ։ Նա միշտ օգնել է ինձ»։

  • Ինչ-որ մեկը նկատում է. «Հուսով եմ, որ այս սարսափելի եղանակը շուտով կփոխվի», կամ «ավտոբուսը հաստատ ուշանում է» կամ «անտանելի երթևեկություն է»: Դուք կարող եք պատասխանել․ «Համոզված եմ, որ Աստված կօգնի ամեն ինչ հարթել»։

Կիսվեք ձեր փորձառություններով

Հաճախ մենք միմյանց հետ զրուցում ենք մեր մարտահրավերների մասին: Երբ ինչ-որ մեկը պատմում է իր դժվարությունների մասին, դուք կարող եք կիսվել ձեր փորձով, թե ինչպես է Աստված օգնել ձեր փորձությունների ժամանակ և վկայել, որ դուք գիտեք, որ Նա կարող է նաև օգնել նրանց։ Տերն ասել է, որ Նա զորացնում է մեզ մեր փորձությունների մեջ, «որպեսզի հետագայում դուք կարողանաք կանգնել որպես վկաներ ինձ համար, և որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ» (Մոսիա 24․14)։ Մենք կարող ենք կանգնել որպես Նրա վկաներ, երբ վկայենք, թե ինչպես է Նա օգնել մեզ մեր փորձություների ժամանակ։

Եղեք պատրաստված

Մեզանից ոմանց համար հանպատրաստից վկայությամբ կիսվելը կարող է վախեցնող թվալ։ Կան եղանակներ, որոնցով մենք կարող ենք նախօրոք ծրագրել և «միշտ պատրաստ լինենք պատասխան տալու ամենին, որ [մեր] մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե» (Ա Պետրոս 3․15

Նախ, պատրաստված լինելու համար պետք է վերլուծենք, թե ինչպես ենք մենք ապրում: Արդյո՞ք մեր կյանք ենք հրավիրում Սուրբ Հոգուն և արդյո՞ք մենք ամեն օր ամրապնդում ենք մեր վկայությունները արդար ապրելակերպով։ Արդյո՞ք մենք Հոգուն հնարավորություն ենք տալիս խոսել մեզ հետ և աղոթքի ու սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ փոխանցում մեզ անհրաժեշտ խոսքերը։ Ինչպես Տերը խորհուրդ է տվել Հայրում Սմիթին․ «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի» (Վարդապետություն և Ուխտեր 11.21):

Երկրորդ, պատրաստված լինելու համար պետք է առաջ նայել և հաշվի առնել այդ օրվա կամ շաբաթվա ընթացքում սպասվելիք հնարավորությունները ձեր վկայությամբ կիսելու համար: Կարող եք պատրաստվել այդ հնարավորություններին, մտածելով, թե ինչպես կարող են այդ հնարավորություններն օգնել ձեզ կիսվելու ձեր համոզմունքներով։

Մնացեք կենտրոնացած Փրկիչի և Նրա վարդապետության վրա

Նախագահ Բալլարդն ուսուցանել է. «Թեև, լինելով Եկեղեցու անդամներ, մենք կարող ենք շատ բաների մասին վկայություններ ունենալ, սակայն կան հիմնարար ճշմարտություններ, որոնք մենք պետք է մշտապես սովորեցնենք միմյանց և կիսվենք դրանցով»: Որպես օրինակ, նա թվարկել է․ «Աստված մեր Հայրն է, իսկ Հիսուսը Քրիստոսն է։ Փրկության ծրագիրը կենտրոնացած է Փրկիչի Քավության վրա։ Ջոզեֆ Սմիթը վերականգնել է Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը և Մորմոնի Գիրքն ապացույց է, որ մեր վկայությունը ճշմարիտ է»։ Երբ մենք արտահայտենք այդ անկեղծ ճշմարտությունները, մենք կհրավիրենք Հոգուն վկայել, որ այն, ինչ մենք ասել ենք, ճշմարիտ է: Նախագահ Բալլարդն ընդգծել է, որ «Հոգին չի կարող զսպված մնալ, երբ Քրիստոսի մասին մաքուր վկայություն է հնչում»։2

Փրկիչի օրինակը

Սամարիայի ճանապարհից հոգնած, Փրկիչը հանգստանալու համար կանգ առավ մի ջրհորի մոտ և հանդիպեց մի կնոջ։ Նա սկսեց խոսել ջրհորից ջուր հանելու մասին։ Օգտվելով այդ առօրյա հանձնարարությունից, որն այդ կինն անում էր, Հիսուսը հնարավորություն ունեցավ վկայելու կենդանի ջրի և հավերժական կյանքի մասին, որը հասանելի է նրանց համար, ովքեր հավատում են Նրան (տես Հովհաննես 4․13–15, 25–26

Պարզ վկայությունը կարող է կյանքեր փոխել

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը պատմել է մի բուժքրոջ մասին, ով այն ժամանակ դեռ Բժիշկ Նելսոնին մի հարց է տվել բարդ վիրահատությունից հետո։ «Ինչո՞ւ դուք նման չեք մյուս վիրաբույժներին»։ Որոշ վիրաբույժներ, որոնց նա ճանաչում էր, կարող էին դյուրագրգիռ և անվայել լինել, քանի որ նրանք կատարում էին շատ լարված աշխատանք։

Բժիշկ Նելսոնը կարող էր շատ տարբեր պատասխաններ տալ։ Բայց նա պարզապես պատասխանեց. «Որովհետև ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»:

Նրա պատասխանը ստիպեց այդ բուժքրոջն ու նրա ամուսնուն ուսումնասիրել Մորմոնի Գիրքը։ Հետագայում Նախագահ Նելսոնը մկրտեց այդ բուժքրոջը։ Դրանից տասնամյակներ անց, որպես նոր կարգված Առաքյալ Թեննեսիում (ԱՄՆ) ցցի համաժողովին նախագահելու ժամանակ, Նախագահ Նելսոնը մեծ ուրախությամբ հանդիպեց այդ նույն բուժքրոջը։ Նա պատմեց, որ իր դարձը, որն առաջացել էր նրա պարզ վկայությամբ և Մորմոնի Գրքի ազդեցությամբ, օգնել էր դարձի բերել ևս 80 մարդու։3

Գործելու հրավեր

Մի վախեցեք կիսվել վկայությամբ։ Դա կարող է օրհնել նրանց, ում սպասավորում եք։ Ինչպե՞ս եք օգտագործելու այս կամ ձեր անձնական գաղափարները այսօր ձեր վկայությամբ կիսվելու համար։

Հղումներ

  1. Մ. Ռասսել Բալլարդ, «Մաքուր վկայություն», Լիահոնա, նոյեմբեր 2004, 40։

  2. Մ. Ռասսել Բալլարդ, «Մաքուր վկայություն», 41։

  3. Jason Swensen, “Be Ready to Explain Your Testimony Using the Book of Mormon, President Nelson Says,” Church News section of LDS.org, Feb. 6, 2018, news.lds.org։