2019
Ինչպես զարգացնել կարեկցանք՝ ավելի լավ սպասավորելու համար
Փետրվար, 2019թ․


Նկար
ministering

Սպասավորության սկզբունքները, փետրվար, 2019թ․

Ինչպես զարգացնել կարեկցանք՝ ավելի լավ սպասավորելու համար

Սպասավորությունը նշանակում է մարդուն ավելի բարձրացնել։ Մենք կարող ենք բարձրացնել ուրիշներին, երբ փորձենք հասկանալ, թե ինչ են զգում նրանք և ցույց տանք, որ մենք պատրաստ ենք օգնել ու աջակցել նրանց։

Քանի որ մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք Իր նման, մեր կյանքում առկա մարտահրավերները կարող են սովորելու հնարավորություններ դառնալ, եթե մենք վստահենք Նրան և մնանք ուղու վրա: Դժբախտաբար, ուղու վրա մնալը կարող է հատկապես դժվար լինել, երբ մենք բախվում ենք մեր սեփական փորձությունների հետ:

Բայց մենք երբևէ այդ ուղին միայնակ չպիտի անցնենք։ Փրկիչը ձեռք բերեց կատարյալ կարեկցանք, վայր իջնելով բոլոր բաներից ցած, որպեսզի Նա իմանա, թե ինչպես սատարի մեզ՝ ըստ մեր չարչարանքների և թուլությունների (տես Ալմա 7․11–12, Վարդապետություն և Ուխտեր 122․8)։ Նա ակնկալում է, որ մեզանից յուրաքանչյուրը կընդօրինակի Իրեն և նույնպես ցույց կտա կարեկցանք։ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ ուխտ է կապել «սգալ նրանց հետ, ովքեր սգում են. Այո, և մխիթարում են նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18․9)։ Անկախ մեր մարտահրավերներից, սուրբ գրություններում մեզ ուսուցանվել է, որ մտածենք ուրիշների մասին և «բարձրացնենք ընկած ձեռքերը և [ամրացնենք] տկար ծնկները» և «ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, այլ մանաւանդ բժշկուի» (Եբրայեցիս 12․12–13, տես նաև Եսայիա 35․3–4, Վարդապետություն և Ուխտեր 81․5–6

Երբ մենք բռնում ենք ուրիշների ձեռքը, թողնում ենք, որ նրանք հենվեն մեզ վրա և քայլում ենք նրանց հետ, ապա օգնում ենք նրանց մնալ ուղու վրա այնքան ժամանակ, որ Փրկիչը ոչ միայն դարձի բերի նրանց, որը սպասավորության նպատակն է, այլ նաև բժշկի նրանց (տես Վարդապետություն և Ուխտեր 112․13

Ի՞նչ է կարեկցանքը:

Կարեկցանքը մեկ այլ մարդու զգացմունքները, մտքերը և հանգամանքները հասկանալն է նրա տեսանկյունից, այլ ոչ թե՝ մեր։1

Կարեկից լինելը կարևոր է ուրիշներին սպասավորելու մեր ջանքերում և, որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, մեր նպատակներն իրագործելու համար: Դա մեզ թույլ է տալիս իրավիճակը հասկանալ մեկ այլ մարդու տեսանկյունից։

Հասկանալ իրավիճակը մեկ այլ մարդու տեսանկյունից

Կա պատմություն Վերջին Օրերի Սուրբ մի ամաչկոտ մարդու մասին, ով հաճախ նստում էր հավաքատան վերջին շարքում: Երբ երեցների քվորումի անդամներից մեկը հանկարծակի մահացավ, եպիսկոպոսը քահանայության օրհնություններ տվեց այդ երեցի ընտանիքի անդամներին սփոփելու համար։ Սփոփող Միությունն ուտելիք բերեց նրանց։ Բարին կամեցող ընկերներն ու հարևանները այցելեցին այդ ընտանիքին և ասացին․ «Մեզ տեղյակ կպահեք, եթե որևէ բանի կարիք ունենաք»։

Բայց օրվա վերջում այդ ամաչկոտ մարդն այցելեց մահացածիընտանիքին, հնչեցրեց դռան զանգը, և երբ այրին բացեց այն, նա պարզապես ասաց․ «Ես եկել եմ մաքրելու ձեր կոշիկները»։ Մի քանի ժամում նա մաքրել և փայլեցրել էր ընտանիքի բոլոր անդամների կոշիկները հուղարկավորությանը նախապատրաստվելու համար։ Հաջորդ կիրակի մահացած երեցի ընտանիքը նստեց այդ ամաչկոտ մարդու կողքին՝ հետևի շարքում:

Ահա մի մարդ, ով կարողացավ լրացնել անհրաժեշտ կարիքը: Ե՛վ ընտանիքը, և՛ այդ մարդն օրհնվեցին կարեկցանքով առաջնորդված նրա սպասավորությամբ։

Ես ինչպե՞ս կարող եմ կարեկցանք զարգացնել

Թվում է, ոմանք օժտված են կարեկցելու պարգևով։ Սակայն, լավ լուր կա այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են կարեկցել։ Վերջին 30 տարիների ընթացքում մեծ թվով գիտնականներ ուսումնասիրել են կարեկցանքը: Թեև նրանցից շատերն այդ թեման ուսումնասիրել են իրարից տարբեր մեթոդներով, մեծամասնությունը համաձայն է, որ կարեկցանքը մի բան է, որը կարելի է սովորել։2

Մենք կարող ենք աղոթել կարեկցելու պարգևի համար։ Որպեսզի զարգացնենք այդ ընդունակությունը, նաև օգտակար կլինի ավելի լավ հասկանալ, թե ինչպես է կարեկցանքն աշխատում։ Հետևյալ առաջարկություններն, ընդհանուր առմամբ, ընդունվում են որպես կարեկցանքի հիմնական տարրերը։3 Թեև, հաճախ մենք չենք գիտակցում, որ դրանք տեղի են ունենում, իմանալով դրանք, մենք կտեսնենք կատարելագործվելու հնարավորությունները։

1. Հասկանալ

Կարեկից լինելու համար անհրաժեշտ է, որ հասկանանք ուրիշների իրավիճակները։ Որքան լավ ենք հասկանում նրանց հանգամանքները, այնքան հեշտ է հասկանալ, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ հանգամանքներին, և ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց:

Ակտիվորեն լսելը, հարցեր տալը, նրանց և ուրիշների հետ խորհրդակցվելը կարևոր քայլեր են նրանց իրավիճակը հասկանալու համար: Սպասավորության սկզբունքների նախկին հոդվածներում կարդացեք ավելին այս սկզբունքների վերաբերյալ․

  • «Հինգ բան, որ անում են լավ լսողները», Լիահոնա, հունիս 2018, 6։

  • «Խորհրդակցեք նրանց կարիքների վերաբերյալ», Լիահոնա, սեպտ. 2018, 6։

  • «Ստանալ օգնություն ուրիշներին օգնելու համար», Լիահոնա,հոկտեմբեր 2018, 6։

Երբ մենք ձգտում ենք հասկանալ, մենք պետք է ժամանակ հատկացնենք և հասկանանք նրանց հատուկ իրավիճակը, այլ ոչ թե ենթադրություններ անենք և հիմնվենք ուրիշների ունեցած նմանատիպ փորձառությունների վրա: Հակառակ դեպքում մենք կարող ենք բաց թողնել կարևորը և նրանց մոտ սխալ ըմբռնման տպավորություն թողնել։

2. Պատկերացնել

Պահելով մեր ուխտը, որպեսզի սգանք նրանց հետ, ովքեր սգում են, և մխիթարենք նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, մենք կարող ենք աղոթել, որ Սուրբ Հոգին օգնի մեզ հասկանալ, թե ինչ է զգում այդ մարդը, և ինչպես կարող ենք օգնել նրան։4

Երբ հասկանանք ինչ-որ մեկի հանգամանքները, մեզանից յուրաքանչյուրը, լինի դա ինքնաբուխ, թե ոչ, կարող է վարժություն կատարել և պատկերացնել, թե ինչ կմտածեինք կամ կզգայինք այդ իրավիճակում: Հասկանալով այդ մտքերը և զգացմունքները և ունենալով Սուրբ Հոգու առաջնորդությունը, մենք կարող ենք պատրաստել մեր արձագանքը նրանց իրավիճակին:

Երբ մենք հասկանանք ուրիշ մարդկանց հանգամանքները և պատկերացնենք, թե նրանք ինչ են զգում, կարևոր է, որ մենք անտեղի չդատենք նրանց (տես Մատթեոս 7․1)։ Քննադատաբար մոտենալով այն հարցին, թե ինչպես է այդ մարդը հայտնվել նման իրավիճակում, կարող է արժեզրկել այդ իրավիճակին բնորոշ ցավը։

3. Արձագանքել

Կարևոր է, թե ինչպես ենք արձագանքում, քանի որ դրանով ենք ցույց տալիս մեր կարեկցանքը։ Կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարող ենք մեր ըմբռնումն արտահայտել ինչպես բանավոր, այնպես էլ ոչ բանավոր կերպով: Կարևոր է հիշել, որ մեր նպատակն այդքան էլ խնդիրը լուծելը չէ։ Հաճախ, նպատակը պարզապես բարձրացնել ու ամրապնդելն է՝ թույլ տալով նրանց իմանալ, որ իրենք մենակ չեն։ Սա կարող է նշանակել․ «Այնքան ուրախ եմ, որ դու ինձ ասացիր» կամ «Ես շատ եմ ցավում: Շատ ցավալի է»։

Ամեն դեպքում մեր արձագանքը պետք է լինի անկեղծ: Եվ անհրաժեշտության դեպքում եղեք խոցելի, որպեսզի թույլ տաք ուրիշներին տեսնել ձեր թույլ կողմերը և ինքնավստահության պակասը, որը կստեղծի արժեքավոր կապի զգացում:

Գործելու հրավեր

Երբ խորհեք այն մարդկանց հանգամանքների շուրջ, ում դուք սպասավորում եք, ձեզ պատկերացրեք նրանց իրավիճակում և մտածեք, թե ինչն առավել օգտակար կլիներ, եթե դուք լինեիք նրանց տեղում։ Աղոթեք, որպեսզի հասկանաք, թե ինչպես են նրանք զգում և գործեք ըստ այդ հուշումների։ Ձեր պատասխանը կարող է պարզ լինել, բայց այն իմաստալից կլինի:

Հղումներ

  1. Տես՝ W. Ickes, Empathic Accuracy (1997), և M. L. Hoffman, Empathy and Moral Development: Implications for Caring and Justice (2000)։

  2. Օրինակ, տես՝ Emily Teding van Berkhout և John M. Malouff, “The Efficacy of Empathy Training: A Meta-Analysis of Randomized Controlled Trials,” Journal of Counseling Psychology (2016), 63(1), 32–41։

  3. Օրինակ, տես՝ Brené Brown, I Thought It Was Just Me (But It Isn’t) (2008); Theresa Wiseman, “A Concept Analysis of Empathy,” Journal of Advanced Nursing (1996), 23, 1162–67; and Ed Neukrug and others, “Creative and Novel Approaches to Empathy: a Neo-Rogerian Perspective,” Journal of Mental Health Counseling, 35(1) (Jan. 2013), 29–42։

  4. Տես՝ Հենրի Բ. Այրինգ, «Մխիթարիչը», Լիահոնա, մայիս 2015, 17–21։