2018
Իմաստալից փոխհարաբերությունների ձևավորում
Building Meaningful Relationships

Սպասավորության սկզբունքները, օգոստոս 2018

Իմաստալից փոխհարաբերությունների ձևավորում

Ուրիշների համար հոգ տանելու մեր ունակությունը մեծանում է, երբ մենք իմաստալից փոխհարաբերություններ ենք ունենում նրանց հետ։

Ուրիշներին սպասավորելու հրավերը նրանց հանդեպ հոգատար հարաբերություններ զարգացնելու հնարավորություն է, այնպիսի հարաբերություն, որը նրանց թույլ կտա խնդրել կամ ընդունել մեր օգնությունը։ Երբ մենք ջանք ենք գործադրում զարգացնելու այդպիսի հարաբերություն, Աստված կարողանում է փոխել հարաբերությունների երկու կողմերի կյանքը։

«Ես իսկապես հավատում եմ, որ առանց նշանակալից հարաբերությունների տեղի չի ունենում նշանակալից փոփոխություն»,- ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Շերոն Յուբենկը։ Նա ասել է, որ որպեսզի մեր ծառայության գործերը փոփոխություն բերեն ուրիշների կյանքում, դրանք պետք է «արմատավորվեն անկեղծ ցանկության մեջ՝ բժշկելու և լսելու, համագործակցելու և հարգելու»։1

Նշանակալից հարաբերությունները մարտավարություններ չեն։ Դրանց հիմքում ընկած են կարեկցանքը, նվիրված ջանքերը և «անկեղծ սերը» (ՎևՈւ 121․412

Հարաբերություններ ստեղծելու և դրանք ամրացնելու ուղիներ

«Մենք հարաբերություններ ենք կառուցում մեկի հետ, հետո մյուսի»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը։3 Մինչ մենք ձգտում ենք իմաստալից փոխհարաբերություններ ձևավորել նրանց հետ, ում սպասավորում ենք, Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ։ Հետևյալ խորհուրդները հիմնված են Երեց Ուխդորֆի առաջարկած օրինաչափության վրա։4

  • Ճանաչեք նրանց։

    Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է․ «Դուք չեք կարող լավ ծառայել նրանց, ում դուք լավ չեք ճանաչում»։ Նա խորհուրդ է տվել իմանալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը և տեղյակ լինել կարևոր իրադարձությունների մասին, ինչպիսին են՝ ծննդյան օրերը, օրհնությունները, մկրտությունները և ամուսնությունները։ Սա հնարավորություն է տալիս երկտող գրելու կամ զանգելու, որպեսզի շնորհավորեք ընտանիքի անդամին որևէ յուրահատուկ ձեռքբերման կամ հաջողության համար։5

  • Միասին ժամանակ անցկացրեք։

    Հարաբերություններ ստեղծելու համար ժամանակ է պահանջվում։ Հնարավորություններ փնտրեք շփման համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջ հարաբերությունների համար կարևոր է մարդկանց ցույց տալ ձեր հոգածությունը նրանց հանդեպ։6 Հաճախ այցելեք նրանց, ում կանչված եք ծառայելու։ Խոսեք նրանց հետ եկեղեցում։ Օգտագործեք հնարավոր ցանկացած լրացուցիչ միջոցն, ինչպիսին են՝ էլեկտրոնային նամակները, ֆեյսբուքը, ինստագրամը, թվիթերը, սկայպը, հեռախոսային զանգերը կամ բացիկը։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը (1928–2015) խոսել է սիրո և աջակցության պարզ ու ստեղծագործական արտահայտությունների մասին․ «Հաճախ ես բացում էի իմ սուրբ գրությունները, … և գտնում խրախուսող, օգնող երկտող, որն [իմ կինը՝] Ջեննին դրել էր էջերի միջև։ … Այս թանկարժեք երկտողերը … շարունակում են մնալ մխիթարության և ոգեշնչման անգին գանձեր»։7

    Նաև հիշեք, որ հարաբերությունները պահանջում են երկու հոգի։ Դուք կարող եք առաջարկել սեր և ընկերություն, սակայն հարաբերություններ չեն ձևավորվի, եթե առաջարկը չի ընդունվում և փոխադարձ չէ։ Եթե ձեր դիմացինը չի ընդունում ձեր առաջարկը, ստիպողաբար հարաբերություններ մի զարգացրեք։ Ժամանակ տվեք նրան տեսնելու ձեր անկեղծ ջանքերը և, եթե անհրաժեշտ է, խորհրդակցեք ձեր ղեկավարների հետ այն հարցի շուրջ, թե արդյոք դեռևս հնարավոր են իմաստալից հարաբերությունները։

  • Շփվեք հոգատարությամբ։

    Իմաստալից հարաբերություններ զարգացնելը մեզանից պահանջում է առաջ անցնել մակերեսայինից։ Մակերեսային շփումը լի է հակիրճ զրույցներով օրակարգերի, եղանակի և այլ աննշան հարցերի շուրջ, սակայն այն չի ներառում զգացմունքներով, համոզմունքներով, նպատակներով և մտահոգություններով կիսվելը, որն անհրաժեշտ է ավելի իմաստալից շփում ունենալու համար։ Երկնային Հայրը ցույց է տվել այս ավելի իմաստալից շփման օրինակը, կիսվելով Իր զգացմունքներով և ծրագրերով Իր Որդու (տես Հովհաննես 5․20) և մեր հետ՝ Իր մարգարեների միջոցով (տես Ամովս 3․7)։ Հոգու առաջնորդությամբ միմյանց հետ կիսվելով ամենօրյա իրադարձություններով և կյանքի մարտահրավերներով, մենք երախտագիտություն ենք ձեռք բերում միմյանց հանդեպ, մինչ գտնում ենք ընդհանուր հետաքրքրություններ և նմանատիպ փորձառություններ։

    Լսելը կարևոր մաս է կազմում, որպեսզի հաղորդեք, որ դուք մտահոգվում եք։8 Երբ դուք ուշադիր լսում եք, մեծանում է ուրիշներին օգնելու հնարավորությունը, որ գան Քրիստոսի մոտ, երբ դուք ձեռք եք բերում հասկացողություն նրանց կարիքների վերաբերյալ և երբ նրանք իրենց սիրված, հասկացված և ապահով են զգում։

  • Երախտապարտ եղեք տարբերությունների համար, ինչպես երախտապարտ եք նմանությունների համար։

    «Ոմանք … կարծում են, որ Եկեղեցին բոլոր անդամներին ցանկանում է ստեղծել մի կաղապարից, որպեսզի յուրաքանչյուրն ունենա նույն արտաքին տեսքը, նույն բանը զգա, նույն ձևով մտածի և բոլորի նման վարվի»,- ասել է Երեց Ուխդորֆը։ «Դա հակասում է Աստծո հանճարին, որը յուրաքանչյուր տղամարդու ստեղծել է իր եղբորից տարբեր։ …

    Եկեղեցին բարգավաճում է, երբ մենք օգտվում ենք այս բազմազանությունից և խրախուսում միմյանց զարգացնել ու օգտագործել մեր տաղանդները, որպեսզի բարձրացնենք և ամրապնդենք մեր ընկերակից աշակերտներին»։9

    Որպեսզի սիրենք ուրիշներին այնպես, ինչպես Աստված է սիրում մեզ, պահանջվում է, որ մենք փորձենք տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին Աստված է տեսնում նրանց։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն (1927–2018) ուսուցանել է․ «Մենք պետք է զարգացնենք ունակություն՝ տեսնելու [ուրիշներին] ոչ թե ինչպես նրանք կան ներկայում, այլ թե ինչպիսին նրանք կարող են դառնալ»։10 Մենք կարող ենք աղոթել օգնության համար, որպեսզի տեսնենք ուրիշներին այնպես, ինչպես Աստված։ Եթե ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքը հիմնված լինի նրանց աճի ներուժի վրա, նրանք հավանաբար կբարձրանան այդ ուղղությամբ։11

  • Ծառայեք նրանց:

    Ուշադիր եղեք նրանց կարիքների հանդեպ, ում սպասավորում եք և պատրաստակամ տվեք ձեր ժամանակը և տաղանդները, լինի դա կարիքի պահին կամ պարզապես այն պատճառով, որ դուք մտահոգվում եք։ Դուք կարող եք այնտեղ լինել մխիթարելու, աջակցելու և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար, երբ կա արտակարգ կամ հրատապ իրավիճակ, կամ հիվանդություն: Սակայն բազում հարաբերություններում մենք պետք է ինքնուրույն գործենք։ Աստված տվել է մեզ ազատ կամք, որպեսզի մենք կարողանանք ներգործել, այլ ոչ թե ներգործվել (տես 2 Նեփի 2․14)։ Ինչպես Հովհաննես Առաքյալն է ուսուցանել, որ մենք սիրում ենք Աստծուն, քանի որ Նա առաջինը սիրեց մեզ (տես Ա Հովհաննես 4․19), այնպես էլ ուրիշներն են զգում մեր անկեղծ սերը ծառայության մեր գործերի միջոցով, և դա կարող է փափկացնել սրտերը և մեծացնել սերն ու վստահությունը։12 Սա առաջ է բերում բարի գործերի մի շղթա, որը կարող է հիմք հանդիսանալ հարաբերությունների համար։

Սպասավորել Փրկիչի ձևով

Հիսուս Քրիստոսն իմաստալից հարաբերություններ հաստատեց Իր աշակերտների հետ (տես Հովհաննես 11․5)։ Նա գիտեր նրանց (տես Հովհաննես 1․47-48)։ Նա նրանց հետ ժամանակ էր անցկացնում (տես Ղուկաս 24․13-31)։ Նրա շփումը շատ ավելին էր, քան մակերեսային հարաբերությունները (տես Հովհաննես 15․15)։ Նա երախտապարտ էր նրանց տարբերությունների համար (տես Մատթեոս 9․10) և տեսնում էր նրանց ներուժը (տես Հովհաննես 17․23)։ Նա ծառայեց բոլորին, չնայած Նա բոլորի Տերն էր, ասելով, որ Նա չի եկել, որ Իրեն ծառայեն, այլ որ Ինքը ծառայի (տես Մարկոս 10․42-45

Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ավելի ամուր հարաբերություններ հաստատեք նրանց հետ, ում կանչված եք ծառայելու։