2018
Աստծո խոսքն ուղղված Իր զավակներին
March 2018


Առաջին Նախագահության Ուղերձ, մարտ 2018թ.

Աստծո խոսքն ուղղված Իր զավակներին

Սուրբ գրությունները մեզ ասում են, որ առաջին բանը, որ Աստված արեց տղամարդուն և կնոջը ստեղծելուց հետո, նրանց հետ խոսելն էր։1 Նա տվեց նրանց կարևոր տեղեկություններ և թանկարժեք հրահանգներ։ Նրա նպատակն էր ոչ թե ծանրաբեռնել կամ անհանգստացնել նրանց, այլ առաջնորդել դեպի երջանկություն և հավիտենական փառք։

Եվ դա միայն սկիզբն էր: Այդ օրվանից մինչև այսօր Աստված շարունակում է հաղորդակցվել Իր զավակների հետ: Նրա խոսքերը պահվել, փայփայվել և ուսումնասիրվել են յուրաքանչյուր սերնդի աշակերտների կողմից։ Դրանք թանկարժեք են եղել նրանց համար, ովքեր փնտրել են Աստծո կամքը, և դրանք վկայում են այն ճշմարտության մասին, որ «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ՛յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»։2

Ի սկզբանե սա եղել է օրինաչափություն, և այդ օրինաչափությունը շարունակվում է այսօր։ Սա պարզապես Աստվածաշնչյան գեղեցիկ պատմություն չէ․ սա Աստծո՝ Իր զավակներին կարևոր ուղերձներ հաղորդելու հաստատած ձևն է։ Նա անհատներ է բարձրացնում մեր շրջապատից, կանչում է նրանց լինել մարգարեներ և նրանց խոսքեր է տալիս ասելու, որոնք մենք հրավիրվում ենք «ընդունել, ինչպես որ [Իր] իսկ բերանից»։3 Նա հայտարարել է. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։4

Սա Վերականգնման ամենափառահեղ, քաջալերող և հույսով լի ուղերձներից է․ Աստված չի լռում։ Նա սիրում է Իր զավակներին։ Նա չի թողել մեզ թափառելու խավարում։

Ամեն տարի երկու անգամ՝ ապրիլին և հոկտեմբերին, մեր հրաշալի գերագույն համաժողովների ժամանակ մենք հնարավորություն ենք ունենում լսելու Տիրոջ ձայնը Նրա ծառաների միջոցով։

Ես անձնապես վկայում եմ ձեզ, որ նախքան գերագույն համաժողովի խոսնակն իր քայլերը կուղղի դեպի հարթակը, նա հսկայական ջանքեր է ներդրել, աղոթել և ուսումնասիրել՝ ի պատասխան խոսելու հանձնարարությանը։ Համաժողովի յուրաքանչյուր ելույթ արդյունք է անհամար ժամերի նախապատրաստության և սրտառուչ աղերսի, որ հասկանան, թե ինչ է Աստված կամենում, որ Իր Սրբերը լսեն։

Ի՞նչ կարող է պատահել, եթե մենք՝ լսողներս, ինչպես խոսնակները, համապատասխանաբար նախապատրաստվենք լսելու։ Ինչպե՞ս կփոխվի մեր մոտեցումը գերագույն համաժողովի հանդեպ, եթե մենք դիտենք համաժողովը որպես անձամբ Տիրոջից ուղերձներ ստանալու հնարավորություն։ Գերագույն համաժողովի խոսքերի և երաժշտության միջոցով մենք կարող եք ակնկալել ստանալ անձնական պատասխաններ մեր ունեցած ցանկացած հարցի կամ խնդրի վերաբերյալ։

Եթե ձեզ երբևէ մտահոգում է այն հարցը, թե արդյոք Երկնային Հայրն իսկապես կխոսի ձեզ հետ, ես կհիշեցնեմ ձեզ այն պարզ, բայց իմաստալից խոսքերը, որ երգում են մեր Երեխաների Միությունում․ «Զավակն [ես դու] Աստծո, Նա է [քեզ] կյանք տվել»։ Նրա նպատակն է օգնել մեզ, որ մի օր վերադառնանք ու ապրենք Իր հետ։

Եթե դուք մոտենաք Երկնային Հորը որպես Նրա զավակ, կարող եք խնդրել Նրան ողջ սրտով․ «Առաջնորդիր, քայլիր ինձ հետ, որ ուղին գտնեմ։ Սովորեցրու՝ ինչ անել, որ մի օր Քեզ հասնեմ»։ Նա կխոսի ձեզ հետ Իր Սուրբ Հոգու միջոցով, ապա դա կլինի Նրա կամքը կատարելու ձեր ընտրությունը։ Ես խոստանում եմ, որ եթե դուք անեք դա, առատ օրհնություններ կունենաք։5

Տիրոջ առաջնորդության կարիքն այսօր ունենք այնքան, որքան աշխարհը միշտ ունեցել է։ Մինչ մենք պատրաստվում ենք լսել Տիրոջ խոսքը, թող որ ջանասիրաբար փնտրենք ճշմարտության Հոգին, որպեսզի երբ Տերը խոսի Իր ծառաների միջոցով, մենք կարողանանք հասկանալ, կատարելագործվել և ցնծալ միասին։6

Ես վկայում եմ, որ «այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի [մեզ]. այո՛, և Տեր Աստված [մեր] առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ [մեր] բարիքի և իր անվան փառքի համար»:7