2018
Աղոթեք յուրաքանչյուր քրոջ համար անվանապես
March 2018


Այցելությամբ ուսուցանելու սկզբունքները, մարտ 2018

Աղոթեք յուրաքանչյուր քրոջ համար անվանապես

Մեր սերը և ոգեշնչումը նրանց վերաբերյալ, ում այցելում և ուսուցանում ենք, կմեծանա, երբ խոնարհաբար աղոթենք յուրաքանչյուր քրոջ համար՝ անուն առ անուն։

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Սուրբ գրություններում խոսվում է բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր անվանապես աղոթել են ուրիշների համար: Ակնառու օրինակներից մեկը Ալմա Կրտսերի հայրն է: Հրեշտակը խոսեց Ալմա Կրտսերի հետ, ասելով նրան․ «քո հայրը աղոթել է մեծ հավատքով՝ քեզ համար … հետևաբար, այս նպատակով եմ ես եկել համոզելու քեզ Աստծո զորության և իշխանության վերաբերյալ, որպեսզի նրա ծառաների աղոթքները կարողանան պատասխանվել՝ համաձայն իրենց հավատքի (Մոսիա 27․14):

Միմյանց համար աղոթելը բացում է մեր սրտերը, ստանալու այն օրհնությունները, որոնք Տերը ցանկանում է մեզ տալ: «Աղոթքի նպատակը Աստծո կամքը փոխելը չէ, այլ մեր և ուրիշների օրհնություններն ապահովելը, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք»:1

Մի քույր պատմում էր, որ իր կյանքի դժվարին պահերին՝ «չափազանց դժվար օրերին» հաճախ մի հեռախոսազանգ կամ մի պարզ հաղորդագրություն էր ստանում իր այցելող ուսուցիչներից։ Կարծես նրանք գիտեին, թե երբ էր նա աջակցության կարիք ունենում։ Նա գիտեր, որ քույրերն աղոթել էին իր համար թե՛ իրենց այցելությունների ընթացքում, և թե՛ իրենց անձնական աղոթքներում։

«Մտածեք մեր միացյալ ուժի մասին, եթե յուրաքանչյուր քույր առավոտյան և երեկոյան անկեղծորեն աղոթի, կամ թերևս անդադար աղոթի, ինչպես Տերն է պատվիրել»,- ասել է Ջուլի Բ․ Բեքը՝ Սփոփող Միության գերագույն նախագահությունից։2 Աղոթելով նրանց համար , ում այցելում և ուսուցանում ենք, մենք ամրացնում ենք մեզ որպես անհատներ և որպես Վերջին Օրերի Սուրբ կանայք։

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է․ «Աղոթեք, որպեսզի իմանաք նրանց սիրտը… Դուք պետք է իմանաք, թե ինչ է Աստված ուզում, որ դուք անեք, որպեսզի օգնեք նրանց և անեք ամեն բան՝ հնարավորինս զգալով Աստծո սերը նրանց հանդեպ»:3

Հղումներ

  1. Սուրբ գրքերի ուղեցույց, «Աղոթք»։

  2. Ջուլի Բ․ Բեք, «Ինչ են Վերջին Օրերի Սուրբ կանայք լավագույնս կատարում. կանգնում են ամուր և անսասան», Լիահոնա, նոյեմբեր 2007, 110:

  3. Հենրի Բ. Այրինգ, «Քահանայությունը և անձնական աղոթքը», Լիահոնա, մայիս 2015, 85: