2018
Միշտ հիշեք Նրան
February 2018


Առաջին Նախագահության ուղերձ, փետրվար 2018

Միշտ հիշենք Նրան

Կարո՞ղ եք ինձ հետ միասին պատկերացնել Մորոնի մարգարեին՝ ոսկե թիթեղների վրա Մորմոնի Գրքի վերջին բառերը փորագրելիս։ Նա մենակ էր։ Նա տեսել էր իր ազգի, իր ժողովրդի և իր ընտանիքի անկումը։ Երկիրը պատերազմի «մի անընդմեջ շրջան» էր (Մորմոն 8․8)։ Սակայն նա չէր կորցնում իր հույսը, քանի որ տեսել էր մեր ժամանակները։ Եվ այն ամենը, ինչ նա կարողացավ գրել, խնդրեց մեզ հիշել (տես Մորոնի 10․3

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) սիրում էր ուսուցանել, որ բառարանի ամենակարևոր բառը կարող է լինել հիշել բառը: Քանի որ մենք ուխտեր ենք կապել Աստծո հետ, նա ասել է, «ամենաշատը մենք կարիք ունենք հիշելու» դրանք։

Դուք կարող եք հաճախ գտնել հիշել բառը սուրբ գրություններում։ Երբ Նեփին խրատում էր իր եղբայրներին, հաճախ նա խնդրում էր նրանց հիշել Տիրոջ խոսքերը և հիշել, թե ինչպես է Աստված փրկել իրենց հայրերին (տես 1 Նեփի 15․11, 25, 17․40

Իր հրաժեշտի հրաշալի ուղերձում Բենիամին թագավորն օգտագործել է հիշել բառը յոթ անգամ։ Նա հուսով էր, որ իր ժողովուրդը կհիշեր «Աստծո մեծությունը … և նրա բարությունն ու երկայնամտությունը» իրենց հանդեպ (Մոսիա 4․11, տես նաև 2․41, 4․28, 30, 5․11–12

Երբ Փրկիչը մատուցեց առաջին հաղորդությունը, Նա հրավիրեց Իր աշակերտներին ճաշակել խորհրդանիշերն «ի հիշատակ» Իր զոհաբերության (Ղուկաս 22․19)։ Հաղորդության յուրաքանչյուր աղոթքում ես և դուք լսում ենք միշտ բառը հիշել բառից առաջ (տես ՎևՈւ 20․77, 79

Իմ ուղերձը հրավեր է, նույնիսկ աղերս, որ հիշենք։ Ահա երեք առաջարկ, թե ինչ կարող եք հիշել, մինչ ամեն շաբաթ ճաշակում եք հաղորդության սրբազան խորհրդանիշերը։ Հուսով եմ, դրանք օգնում են ձեզ, ինչպես և օգնում են ինձ։

Հիշեք Հիսուս Քրիստոսին

Առաջինը, հիշեք Փրկիչին։ Հիշեք, թե ով էր Նա երկրի վրա, ինչպես էր խոսում ուրիշների հետ և ինչպես էր բարություն ցուցաբերում Իր արարքներում։ Հիշեք, թե ում հետ էր ժամանակ անցկացնում և ինչ էր սովորեցնում։ Փրկիչը «ման եկաւ բարի անելով» (Գործք 10.38): Նա այցելում էր հիվանդներին: Նա հնազանդ էր Իր Հոր կամքին:

Ամենակարևորը, որ մենք պիտի հիշենք, Նրա վճարած մեծ գինն էր, որպեսզի ջնջեր մեր մեղքերի բիծը մեր հանդեպ ունեցած Իր մեծ սիրո արդյունքում։ Մինչ մենք հիշենք Նրան, Նրան հետևելու մեր ցանկությունը կմեծանա։ Մենք կցանկանանք լինել մի փոքր ավելի բարի, ավելի ներող և ավելի հոժարակամ՝ փնտրելու Աստծո կամքը և կատարելու այն։

Հիշեք, թե ինչը պետք է ավելի լավ անեք

Դժվար է մտածել Փրկիչի՝ Նրա մաքրության և կատարելության մասին, առանց նաև մտածելու այն մասին, թե որքան թերի և անկատար ենք մենք Նրա համեմատ։ Մենք ուխտեր ենք կապել Նրա պատվիրաններին հնազանդվելու համար, սակայն մենք հաճախ շեղվում ենք այդ բարձր չափանիշներից։ Սակայն Փրկիչը գիտեր, որ դա այդպես էր լինելու, դրա համար էլ Նա տվեց մեզ հաղորդության արարողությունը։

Հաղորդության արմատները գտնվում են Հին Կտակարանի զոհաբերություններ մատուցելու արարողություններում, որը ներառում էր մեղքերի խոստովանություն (տես Ղևտացիս Ե․5)։ Մենք այլևս կենդանիներ չենք զոհաբերում, սակայն մենք նույնպես կարող ենք ազատվել մեր մեղքերից։ Սուրբ գրություններում սա կոչվում է զոհ մատուցել «կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9․20)։ Եկեք հաղորդության ապաշխարած սրտով (տես ՎևՈւ 59․12, Մորոնի 6․2)։ Երբ անեք դա, դուք ձեռք կբերեք մեղքերի թողություն և չեք շեղվի դեպի Աստված վերադարձի ճանապարհից։

Հիշեք, թե դուք ինչ առաջընթաց ունեք

Մինչ դուք քննում եք ձեր կյանքը հաղորդության արարողության ընթացքում, հուսով եմ ձեր մտքերը կենտրոնանում են ոչ միայն այն ամենի վրա, ինչը դուք սխալ եք արել, այլև այն ամենի վրա, ինչը ճիշտ եք արել, պահեր, երբ դուք զգացել եք, որ Երկնային Հայրը և Փրկիչը գոհ են եղել ձեզանից։ Դուք նույնիսկ կարող եք ժամանակ տրամադրել հաղորդության ժամանակ խնդրել Աստծուն օգնել ձեզ տեսնել այդ բաները։ Եթե անեք դա, ես խոստանում եմ, որ դուք ինչ-որ բան կզգաք։ Դուք կզգաք, որ հույս ունեք։

Երբ ես արել եմ դա, Հոգին հաստատել է, որ չնայած ես դեռ հեռու եմ կատարելությունից, այսօր ես ավելի լավն եմ, քան երեկ էի։ Եվ դա ինձ վստահություն է տալիս, որ Փրկիչի շնորհիվ վաղը ես կարող եմ նույնիսկ ավելի լավը դառնալ։

Միշտը երկար ժամանակ է, և այն ենթադրում է կենտրոնացված բազմաթիվ ջանքերի գործադրում։ Ձեր փորձառությունից ելնելով, դուք գիտեք, թե որքան դժվար է գիտակցաբար մտածել ինչ-որ բանի շուրջ ամբողջ ժամանակ։ Սակայն անկախ այն բանից, թե որքանով է ձեզ հաջողվում պահել Նրան միշտ հիշելու ձեր խոստումը, Նա միշտ հիշում է ձեզ։

Փրկիչը գիտի ձեր խնդիրները։ Նա գիտի, թե ինչ է նշանակում, երբ կյանքի կարիքները ճնշում են ձեզ։ Նա գիտի, որ դուք ունեք անհետաձգելի օրհնությունների կարիքը, որ գալիս են միշտ Նրան հիշելու և Նրան հնազանդվելու արդյունքում․ «որպեսզի [դուք] նրա Հոգին միշտ [ձեր] հետ ունենաք» (ՎևՈւ 20․77, շեղագրերն ավելացված են)։

Ուստի, Նա ամեն շաբաթ կրկին ողջունում է ձեզ հաղորդության սեղանի մոտ, մեկ անգամ ևս հնարավորություն տալով ձեզ վկայել Նրա առջև, որ դուք միշտ կհիշեք Նրան։

Հղում

  1. Սպենսեր Վ. Քիմբալ, «Վեհացման շրջաններ» (address to Church Educational System religious educators, June 28, 1968), 5.