2017
Փնտրենք Քրիստոսին Սուրբ Ծննդյան օրերին
December 2017


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2017

Փնտրենք Քրիստոսին Սուրբ Ծննդյան օրերին

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ովքեր ենք մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, ես կցանկանայի առաջարկել այս երեք բառերով սահմանված ելակետը՝ մենք փնտրում ենք Քրիստոսին։

Մենք ձգտում ենք ճանաչել Նրան, մենք հետևում ենք Նրան, ձգտում ենք ավելի շատ նմանվել Նրան:

Տարվա ընթացքում ամեն օր մենք փնտրում ենք Նրան։ Սակայն հատկապես տարվա այս շրջանում՝ Սուրբ Ծննդյան օրերին, երբ տոնում ենք մեր սիրելի Փրկիչի ծնունդը, մեր սրտերն ավելի ու ավելի են հակվում դեպի Նա։

Որպես Սուրբ Ծնունդը տոնելու նախապատրաստության մաս, եկեք խորհենք այն մասին, թե ինչպես էին նրանք, ովքեր ապրում էին երկու հազարամյակ առաջ, պատրաստվում ողջունել Փրկիչի գալուստը։

Հովիվները

Մենք շատ բան չգիտենք հովիվների մասին, միայն այն, որ «այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին»։1 Հովիվները, թերևս, այն հասարակ մարդիկ էին, ինչպես գովասանքի արժանի շատերը, ովքեր անցկացնում են օրը՝ վաստակելով իրենց ապրուստը։

Նրանք կարող են ներկայացնել մարդկանց, ովքեր մի ժամանակ, գուցե, ջերմեռանդորեն չէին փնտրում Քրիստոսին, սակայն նրանց սրտերը փոխվեցին, երբ երկինքները բացվեցին, և Քրիստոսի մասին հռչակվեց նրանց։

Սրանք այն մարդիկ են, ովքեր երկնային սուրհանդակների ձայնը լսելուց հետո անմիջապես գնացին Բեթլեհեմ՝ ցանկանալով տեսնել։2

Մոգերը

Մոգերը գիտնականներ էին, ովքեր ուսումնասիրում էին Մեսիայի՝ Աստծո Որդու գալուստը: Իրենց ուսումնասիրությունների միջոցով նրանք գտան նշանները, որոնք մատնանշում էին Նրա ծննդյան մասին։ Երբ գտան դրանք, նրանք թողեցին իրենց տները և ճամփորդեցին դեպի Երուսաղեմ, հարցնելով․ «Ո՞րտեղ է Հրէաների ծնուած Թագաւորը»:3

Քրիստոսի վերաբերյալ նրանց գիտելիքը չմնաց զուտ որպես գիտություն։ Նրա ծննդյան նշանները տեսնելուց անմիջապես հետո նրանք գործի անցան։ Նրանք նպատակ դրեցին գտնել Քրիստոսին։

Մոգերը կարող են ներկայացնել նրանց, ովքեր փնտրում են Քրիստոսին սովորելու և գիտական ուսումնասիրությունների միջոցով։ Ճշմարտության հանդեպ նվիրվածությունն, ի վերջո, առաջնորդում է նրանց գտնել Քրիստոսին և երկրպագել Նրան որպես Թագավորների Թագավոր, մարդկության Փրկիչ։4

Սիմոնը և Աննան

Սիմոնը և Աննան կարող են ներկայացնել նրանց, ովքեր փնտրում են Քրիստոսին Հոգու միջոցով։ Այս հրաշալի անձնավորությունները նվիրյալ հոգևորականներ էին և ծոմի ու աղոթքի միջոցով, նվիրումով ու հնազանդությամբ անհամբեր սպասում էին՝ տեսնելու Աստծո Որդու գալուստի օրը։

Լինելով հավատարիմ, խոնարհ և հավատով լի, նրանք համբերությամբ սպասում էին, թե երբ է գալու Փրկիչը։

Ի վերջո, նրանք քաղեցին իրենց համբերության պտուղները, երբ Մարիամը և Հովսեփը նրանց ներկայացրին երեխային, ով մի օր Իր վրա էր վերցնելու մարդկության մեղքերը։5

Հավատացյալները նեփիացիների և լամանացիների մեջ

Մորմոնի Գրքում կա մի հուզիչ պատմություն այն մասին, թե ինչպես են հավատացյալները Նոր Աշխարհում սպասում Փրկիչի ծննդյան նշաններին։

Դուք հիշում եք, որ նրանք, ովքեր հավատում էին Քրիստոսին, ենթարկվեցին ծաղրի ու հալածանքների։ Այդ օրերին իրենց զարգացած մարդիկ համարողները մեղադրեցին հավատացյալներին սնահավատության մեջ։ Ի դեպ, անհավատները նույնիսկ «մեծ աղմուկ» բարձրացրին երկրում իրենց ծաղր ու ծանակով (3 Նեփի 1․7)։ Նրանք ծաղրում էին նրանց, ովքեր հավատում էին, որ Փրկիչ էր ծնվելու։

Նրանց զայրույթն ու մոլեգնությունն այնքան սաստկացավ, որ որոշեցին մեկընդմիշտ լռեցնել նրանց, ովքեր հավատում էին Փրկիչին։ Մորմոնի Գրքում արձանագրված է այդ պատմության հուզիչ ավարտը։6

Այդ ժամանակաշրջանում ապրող հավատացյալները կարող են ներկայացնել նրանց, ովքեր փնտրում են Քրիստոսին նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները ծիծաղում են, ծաղրում ու զրպարտում։ Նրանք փնտրում են Քրիստոսին նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները փորձում են ծաղրել իրենց որպես անբարեկիրթ, անգետ կամ դյուրախաբ մարդկանց։

Սակայն ուրիշների կողմից արհամարհվելը չի ընկճում իսկական հավատացյալներին փնտրելու Քրիստոսին։

Մենք փնտրում ենք Քրիստոսին

Ողջ տարվա ընթացքում և, թերևս, հատկապես Սուրբ Ծննդյան այս օրերին օգտակար կլինի մի անգամ ևս տալ հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եմ ես փնտրում Քրիստոսին»։

Իր կյանքի դժվարին մի պահի Դավիթ թագավորը գրել է․ «Ով Աստուած, դու ես իմ Աստուածը․ առաւօտանց քեզ եմ ման գալիս․ հոգիս ծարաւ է քեզ համար․ մարմինս քեզ է ցանկանում»։7

Թերևս, Աստծուն փնտրելու այս հատկանիշն էր պատճառներից մեկը, որ Դավիթը նկարագրվում է որպես Աստծո սրտի պես մարդ։8

Եկեք փնտրենք մեր սիրելի Փրկիչին՝ Խաղաղության Իշխանին, Իսրայելի Սուրբին, Սուրբ Ծննդյան այս օրերին և ողջ տարվա ընթացքում։ Այս ցանկությունը մեծամասամբ կախված է ոչ միայն այն բանից, թե ովքեր ենք մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, այլ ավելի շուտ նրանից, թե ովքեր ենք մենք իրականում՝ որպես Քրիստոսի աշակերտներ։