2017
Ապրել աշակերտի կյանքով
August 2017


Առաջին Նախագահության ուղերձ, օգոստոս 2017

Ապրել աշակերտի կյանքով

Երեսուն տարի առաջ Գանայում Դոյ անունով քոլեջի մի երիտասարդ ուսանողուհի առաջին անգամ ոտք դրեց ՎՕՍ ժողովատուն։ Ընկերներից մեկը հրավիրել էր Դոյին գալ իր հետ, և նրան հետաքրքրել էր, թե ինչպիսին է Եկեղեցին։

Մարդիկ այնտեղ այնքան սիրալիր էին, որ նա սկսեց հետաքրքրվել․ «Ինչպիսի՞ եկեղեցի է սա»։

Դոյն այնքան տպավորված էր, որ որոշեց ավելին իմանալ Եկեղեցու և դրա ժողովրդի մասին, ովքեր լցված էին այդքան մեծ ուրախությամբ։ Բայց երբ նա սկսեց այդպես վարվել , ընտանիքի անդամներն ու ընկերները, ովքեր նրան շատ էին սիրում, ամեն քայլափոխի սկսեցին դեմ գնալ նրան։ Նրանք սարսափելի բաներ էին ասում Եկեղեցու մասին և անում էին ամեն բան նրան հիասթափեցնելու համար։

Սակայն Դոյը վկայություն էր ստացել։

Նա հավատում էր, սիրում էր ավետարանը, ինչը նրա կյանքը լցնում էր ուրախությամբ։ Ուստի, նա մտավ մկրտության ջուրը։

Դրանից հետո նա ընկղմվեց ուսումնասիրության և աղոթքի մեջ: Նա ծոմ էր պահում ու փնտրում Սուրբ Հոգու ազդեցությունն իր կյանքում: Արդյունքում Դոյի վկայությունը և հավատն ավելի ամրացան ու խորացան։ Ի վերջո, նա որոշեց ծառայել լիաժամկետ միսիա Տիրոջ համար։

Միսիայից վերադառնալուց հետո նա ծանոթանում և ամուսնանում է վերադարձած միսիոների հետ, հենց այն միսիոների, ով տարիներ առաջ մկրտել էր իրեն, իսկ ավելի ուշ նրանք կնքվում են Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ Տաճարում։

Շատ տարիներ են անցել այն օրվանից, երբ Դոյ Կակուն առաջին անգամ զգաց Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը։ Այդ տարիների ընթացքում կյանքը միշտ չէ, որ քաղցր է եղել նրա համար։ Նա տարել է իր բաժին վիշտն ու հուսահատությունը, ներառյալ երկու երեխաների կորուստը․ այդ փորձառությունների խորը վիշտը դեռևս ծանրացած է նրա սրտի վրա։

Սակայն նա և նրա ամուսինը՝ Էնթոնին, ձգտել են մոտենալ իրար և իրենց սիրելի Երկնային Հորը, ում նրանք սիրում են իրենց ողջ սրտով։

Այսօր՝ մկրտության ջուրը մտնելուց 30 տարի անց, Քույր Կակուն վերջերս ավարտեց մեկ այլ լիաժամկետ միսիա, այս անգամ իր ամուսնու հետ միասին, ով միսիայի նախագահ էր Նիգերիայում։

Նրանք, ովքեր ճանաչում են Քույր Կակուին, ասում են, որ նա շատ յուրահատուկ կին է։ Նա շողում է։ Երբ նրա հետ ժամանակ եք անցկացնում, ավելի երջանիկ եք ձեզ զգում։

Նա ունի հավաստի վկայություն․ «Ես գիտեմ, որ Փրկիչն ընդունում է ինձ որպես Իր դուստր և ընկեր (տես Մոսիա 5․7, Եթեր 3․14)»,- ասում է նա։ «Եվ ես սովորում եմ ու ջանասիրաբար փորձում եմ նույնպես լինել Նրա ընկերը՝ ոչ միայն իմ խոսքերով, այլև իմ գործերով»։

Մենք աշակերտներ ենք

Քույր Կակուի պատմությունը նման է շատերի պատմությանը։ Նա ցանկանում էր իմանալ ճշմարտությունը, նա վճարեց հոգևոր լույս ունենալու գինը, նա իր սերը ցուցաբերեց Աստծո և իր մերձավորների հանդեպ, և այդ ճանապարհին նա ունեցավ դժվարություններ ու վիշտ։

Սակայն, անկախ ընդդիմությունից ու վշտից, նա շարունակեց առաջ շարժվել հավատով։ Նույնքան կարևոր է նաև այն, որ նա շարունակեց ուրախ լինել։ Նա ուղի գտավ ոչ միայն դիմակայել կյանքի դժվարություններին, այլև բարգավաճել, անկախ դրանցից։

Նրա պատմությունը նման է իմ և ձեր պատմությանը։

Հազվադեպ է մեր ճամփորդությունը հարթ կամ առանց փորձության ընթանում։

Մեզանից յուրաքանչյուրն ունի խոր վիշտ, հիասթափություն, դժվարություններ։

Մենք նույնիսկ կարող ենք հուսալքվել և երբեմն էլ՝ ճնշվածություն զգալ։

Սակայն նրանք, ովքեր ապրում են աշակերտի կյանքով, ովքեր հավատարիմ են մնում և շարունակում առաջ շարժվել հավատով,1 ովքեր ամեն օր ու ամեն ժամ ապրում են ավետարանով, ովքեր Քրիստոսանման ծառայություն են մատուցում իրենց շուրջը գտնվողներին, կատարելով հերթական բարի գործը, նրանց փոքր գործերը հաճախ առաջ են բերում մեծ փոփոխություններ։

Նրանք, ովքեր մի փոքր ավելի բարի են, ավելի ներող, ավելի ողորմած, ողորմածներն են, ովքեր ողորմություն կգտնեն։2 Նրանք, ովքեր այս աշխարհը ավելի լավն են դարձնում, երբեմն կատարելով հոգատար և սիրալիր գործողություններ, ձգտում են ապրել Հիսուս Քրիստոսի աշակերտի օրհնված, գոհացնող և խաղաղարար կյանքով, ի վերջո ուրախություն կգտնեն։

Նրանք կիմանան, որ «Աստծո սերը, որը տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում … ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի … և հոգու համար ամենաբերկրալին»:3