2017
Կանչված աշխատանքին
June 2017


Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2017

Կանչված աշխատանքին

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանչեց Երեց Հեբեր Ս․ Քիմբալին (1801–68) Անգլիայում որպես միսիոներ «բացել փրկության դուռը», Երեց Քիմբալը անհամապատասխանության զգացում ունեցավ։

«Ո՜վ Տեր,- գրել է նա,- ես մի ծանրախոս մարդ եմ և ընդհանրապես պիտանի չեմ նման աշխատանքի համար»։

Այնուամենայնիվ, Երեց Քիմբալն ընդունեց կանչը, ավելացնելով․ «Այս մտքերը չխանգարեցին ինձ բռնելու պարտականության ուղին․ այն պահին, երբ ես հասկացա իմ Երկնային Հոր կամքը, ես վճռականություն զգացի դիմակայելու բոլոր դժվարություններին, հավատալով, որ Նա կօգնի ինձ Իր ամենակարող զորությամբ և կօժտի ինձ ամեն որակավորմամաբ, որի կարիքը ես կունենամ»։1

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, որ կանչված եք լիաժամկետ միսիոներական ծառայության, դուք կանչված եք աշխատանքի, քանի որ դուք, ինչպես և Երեց Քիմբալը, «ցանկություն ունեք Աստծուն ծառայելու» (ՎևՈւ 4․3) և քանի որ դուք պատրաստ եք և արժանի։

Ավագ զույգեր, դուք կանչված եք աշխատանքի այդ նույն պատճառներով։ Դուք, սակայն, բերում եք ոչ միայն ծառայելու ցանկություն, այլ նաև իմաստություն, որը ձեռք եք բերել զոհաբերություններ կատարելու, սիրելու և փորձառությունների արդյունքում, որը ձեր Երկնային Հայրը կարող է օգտագործել՝ դիպչելու Իր որդիների և դուստրերի սրտերին, ովքեր փնտրում են ճշմարտությունը։ Կասկած չկա, որ դուք սովորել եք, որ մենք երբեք չենք կարող իսկապես սիրել Տիրոջը, մինչև չծառայենք Նրան ուրիշներին ծառայելու միջոցով։

Որպես միսիոներներ ծառայելու ձեր ցանկությանը դուք կավելացնեք հավատ և տոկունություն, քաջություն և վստահություն, կամքի ուժ և դիմակայունություն, վճռականություն և նվիրվածություն։ Նվիրված միսիոներները կարող են հրաշքներ գործել իրենց միսիաներում։

Նախագահ Ջոն Թեյլորն (1808–87) այսպես է նկարագրել միսիոներների հիմնական հատկանիշները․ «Մենք ուզում ենք, որ այս ավետարանի ուղերձով կիսվեն այնպիսի տղամարդիկ [կանայք և զույգեր], որոնք ունեն հավատ առ Աստված, տղամարդիկ, որոնք հավատում են իրենց կրոնին, տղամարդիկ, որոնք պատվում են իրենց քահանայությունը․ տղամարդիկ, որոնց … Աստված վստահում է։ … Մենք ցանկանում ենք, որ նրանք լցված լինեն Սուրբ Հոգով և Աստծո զորությամբ[,] … լինեն պատվարժան, ազնիվ, առաքինի և մաքուր»։2

Տերը հայտարարել է․

«Քանզի ահա արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. և ահա, ով գցում է իր մանգաղն իր զորությամբ, նա հավաքում է ի պահուստ, այնպես որ, նա չի կորչում, այլ փրկություն է բերում իր հոգուն.

Եվ հավատքը, հույսը, գթությունը և սերը, պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, որակում են նրան գործի համար» (ՎևՈւ 4․4–5):

Ձեր կոչումը տրվել է ոգեշնչմամբ։ Ես վկայում եմ, որ ում Աստված կանչում է, Աստված որակում է։ Դուք կստանաք երկնային օգնություն, մինչ աղոթքով կաշխատեք Տիրոջ այգում։

Գեղեցիկ խոստումը, որ Տերը տվել է միսիոներներին այս տնտեսության սկզբում, ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտերում, ձերը կլինի․ «Ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

Ձեր ծառայության ընթացքում դուք ձեռք կբերեք հարուստ հավերժական հիշողություններ և ընկերություններ։ Ես չգիտեմ ուրիշ մի արտ, որ ավելի առատորեն երջանկության բերք տա, քան միսիոներական արտը։

Այժմ, խոսքս ուղղում եմ այն երեցներին, քույրերին և զույգերին, ովքեր ինչ-որ պատճառով չեն կարողանում ավարտին հասցնել միսիայի համար նախատեսված իրենց հանձնարարված ժամանակը․ Տերը սիրում է ձեզ։ Նա գնահատում է ձեր կատարած զոհաբերությունը։ Նա տեսնում է ձեր հիասթափությունը: Իմացեք, որ Նա դեռ աշխատանք ունի ձեզ համար։ Թույլ մի տվեք, որ սատանան ձեզ այլ բան ասի։ Մի ընկճվեք, մի վհատվեք, մի հուսահատվեք։

Ինչպես ես նշել եմ Եկեղեցին ղեկավարելու կանչը ստանալուց կարճ ժամանակ անց գերագույն համաժողովին․ «Մի երկյուղեք։ Քաջացեք։ Ապագան ձեր հավատի նման պայծառ է»:3 Այդ խոստումը շարունակում է ճշմարիտ լինել ձեզ համար։ Ուստի, մի կորցրեք ձեր հավատը, քանի որ Տերը չի կորցրել հավատը ձեր հանդեպ։ Պահեք ձեր ուխտերը և առաջ շարժվեք։

Աշխարհը Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի: Թող Տերն օրհնի Իր բոլոր Սրբերին, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ծառայում միսիոների սրտով։

Հղումներ

  1. Heber C. Kimball, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 3rd ed. (1967), 104.

  2. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 73.

  3. Թոմաս Ս․ Մոնսոն, «Ուրախ եղեք» Լիահոնա, մայիս 2009, 92։