2017
Կենտրոնանալ նպատակակետի վրա
Հունվար 2017


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2017

Կենտրոնանալ նպատակակետի վրա

Վերջերս ես դիտում էի մի խումբ նետաձիգների։ Դիտելու արդյունքում ինձ համար պարզ դարձավ, որ եթե իսկապես ցանկանում ես հմտորեն կիրառել աղեղն ու նետը, դա պահանջում է ժամանակ և փորձառություն։

Չեմ կարծում, որ կարող ես լավ նետաձիգի համբավ ձեռք բերել՝ դատարկ պատին նետեր արձակելուց և հետո նետերի շուրջ թիրախ նկարելուց հետո։ Պետք է սովորես թիրախը գտնելու և նպատակակետին հարվածելու արհեստը։

Թիրախներ նկարելը

Նախ նետեր արձակելը և հետո թիրախ նկարելը կարող է մի փոքր չափազանց թվալ, սակայն երբեմն մենք ինքներս այդպես ենք վարվում կյանքի որոշակի պայմաններում։

Որպես Եկեղեցու անդամներ մենք հակված ենք լուրջ կարևորություն տալ ավետարանական այն ծրագրերին, հիմնախնդիրներին և նույնիսկ վարդապետություններին, որոնք հետաքրքիր, կարևոր կամ հաճելի են թվում մեզ։ Մենք գայթակղվում և թիրախ ենք գծում դրանց շուրջ՝ փորձելով համոզել ինքներս մեզ, որ մենք կենտրոնացած ենք ավետարանի նպատակակետի վրա։

Սա հեշտ է անել։

Դարեր շարունակ մենք հրաշալի խորհուրդ և ոգեշնչում ենք ստացել Աստծո մարգարեների միջոցով։ Մենք նաև առաջնորդություն և պարզաբանումներ ենք ստանում Եկեղեցու մի շարք ամսագրերի, գրքույկների և ձեռնարկների միջոցով։ Մենք հեշտությամբ կարող ենք ընտրել ավետարանի մեր սիրած թեման, թիրախ նկարել դրա շուրջ և պնդել, որ մենք գտել ենք ավետարանի կենտրոնը։

Փրկիչը պարզաբանում է

Այս խնդիրը հատուկ չէ միայն մեր օրերի համար։ Նախկինում հոգևոր ղեկավարները բավականին շատ ժամանակ էին վատնում՝ կազմելով ամենակարևոր պատվիրանների ցանկեր, խմբավորելով դրանք և վիճաբանելով դրանց շուրջ։

Մի օր հոգևոր առաջնորդների մի խումբ փորձեցին ներքաշել Փրկիչին տարաձայնությունների մեջ։ Նրանք առաջադրեցին մի հարց, որի շուրջ մի քանիսը համախոհներ էին։

«Վարդապետ,- հարցրեցին նրանք,- ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը»:

Բոլորս էլ գիտենք, թե ինչպես պատասխանեց Հիսուսը․ «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս:

Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը»:1

Խնդրում եմ ուշադրություն դարձնել վերջին նախադասությանը․ «Այս երկու պատուիրանքից կախուած են բոլորօրէնքը եւ մարգարէքը»:

Փրկիչը ոչ միայն մեզ ցույց տվեց թիրախը, այլ Նա նաև նշեց նպատակակետը։

Հարվածել նպատակակետին

Որպես Եկեղեցու անդամներ մենք ուխտում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Այդ ուխտի պարտադիր պայման է հանդիսանում այն, որ մենք ձգտենք ճանաչել Աստծուն, սիրել Նրան, մեծացնել Նրա հանդեպ մեր ունեցած հավատը, պատվել Նրան, քայլել Նրա ճանապարհով և ամուր կանգնել որպես Նրա վկաներ։

Որքան շատ ենք մենք ճանաչում Աստծուն և զգում մեր հանդեպ ունեցած Նրա սերը, այնքան շատ ենք հասկանում, որ Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը աստվածային պարգև է։ Եվ Աստծո սերը ոգեշնչում է մեզ բռնել ճշմարիտ ապաշխարության ուղին, որի արդյունքում ականատես կլինենք ներման հրաշքին։ Այս գործընթացը մեզ թույլ է տալիս ունենալ ավելի մեծ սեր ու գթություն մեզ շրջապատող մարդկանց հանդեպ։ Մենք կսովորենք տեսնել ավելին։ Մենք կդիմադրենք գայթակղությանը՝ քննադատելու կամ դատապարտելու ուրիշներին իրենց մեղքերի, թերությունների, սխալների, քաղաքական դիրքորոշումների, կրոնական համոզմունքների, ազգության կամ մաշկի գույնի համար։

Յուրաքանչյուրի մեջ մենք կտեսնեք Երկնային Հոր զավակի՝ մեր եղբորը կամ մեր քրոջը։

Մենք օգնության կհասնենք ուրիշներին՝ փորձելով հասկանալ ու սիրել, նույնիսկ նրանց, ում այդքան էլ հեշտ չէ սիրելը։ Մենք կսգանք նրանց հետ, ովքեր սգում են և կսփոփենք նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն։2

Եվ մենք կգիտակցենք, որ ավետարանի ճիշտ նպատակակետը տանջալից դարձնելու կարիք չկա։

Երկու մեծ պատվիրանները հենց թիրախն են։ Այս երկու պատվիրանների վրա են հիմնվում բոլոր օրենքներն ու մարգարեները։3 Եթե մենք ընդունենք սա, մնացած բոլոր բարի բաներն իրենց տեղը կընկնեն։

Եթե մեր հիմնական ուշադրությունը, մտքերը և ջանքերը կենտրոնացած են Ամենակարող Աստծո հանդեպ ունեցած սերը մեծացնելու և ուրիշների հանդեպ ավելի մեծահոգի լինելու վրա, ապա կարող ենք իմանալ, որ մենք գտել ենք ճիշտ թիրախը և նպատակակետը՝ դառնալով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ։

Ուսուցում այս ուղերձից

Նախքան այս ուղերձով կիսվելը դուք կարող եք երգել «Մեր Փրկչի սերը» օրհներգը (Hymns, no. 113)։ Ապա խրախուսեք նրանց, ում այցելում եք, խորհել իրենց սեփական կյանքի «թիրախների» շուրջ։ Դուք կարող եք քննարկել ուղիներ, համոզվելու համար, որ երկու մեծ պատվիրանները՝ «սիրիր քո Տէր Աստուծուն» և «սիրիր քո ընկերին քո անձի պէս» (տես Մատթեոս 22․37, 39), մշտապես առաջնորդում են նրանց արարքները։ Կարող եք նաև կիսվել յուրահատուկ ուղիներով, որոնց օգնությամբ դուք կենտրոնացրել եք ձեր իսկ կյանքը Քրիստոսի վրա, և կիսվեք վկայությամբ, թե ինչպես է դա օրհնել ձեզ։