2016
«Ինձանից սովորեցէք»
Մարտ 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, մարտ 2016

«Ինձանից սովորեցէք»

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք բոլորս էլ ուսուցիչներ ենք և մենք բոլորս էլ սովորողներ ենք։ Տերը բոլորին էլ հղում է այս մեղմ հրավերը․ «Ինձանից սովորեցէք … եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք»։1

Ես հրավիրում եմ բոլոր Վերջին Օրերի Սրբերին խորհել սովորեցնելու և սովորելու իրենց ջանքերի շուրջ և այդ ընթացքում նայել Փրկիչին որպես մեր Առաջնորդի։ Մենք գիտենք, որ «Աստուածանից վարդապետ եկածը»2 ավելին էր, քան լոկ ուսուցիչ։ Նա, ով սովորեցրել է մեզ սիրել Տիրոջը՝ մեր Աստծուն, մեր ողջ սրտով, մեր ողջ հոգով, մեր ողջ ուժով, մեր ողջ մտքով և սիրել մեր մերձավորին մեր անձի պես, Մեծ Ուսուցիչն է և կատարյալ կյանքի Օրինակը։

Նա է, որ հայտարարեց․ «Եկ հետեւիր ինձ»։3 «Ես օրինակ եմ ձառայում ձեզ համար»։4

Եթէ դարձ չգաք

Հիսուսն ուսուցանեց մի պարզ, սակայն կարևոր ճշմարտություն, որը տրված է Մատթեոսի գրքում։ Երբ Նա և Իր աշակերտներն իջան Այլակերպության Սարից, նրանք կանգ առան Գալիլեայում և ապա գնացին Կափառնայում։ Այնտեղ աշակերտները եկան Հիսուսի մոտ և հարցրին․

«Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։

Եւ Յիսուսն իր մոտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը․

Եւ ասեց․ Ճշմարիտ ասում եմ ձեզ․ եթե դարձ չգաք և չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը»:5

Եկեղեցում ավետարանի ուսուցման նպատակը Աստծո զավակների մտքում տեղեկություններ լցնելը չէ՝ լինի դա տանը, դասարանում թե միսիայում։ Դրա նպատակը չէ ցույց տալ, թե որքան բան գիտի ծնողը, ուսուցիչը կամ միսիոները։ Ոչ էլ այն պարզապես Փրկիչի և Նրա Եկեղեցու մասին գիտելիքները շատացնելու համար է։

Ուսուցման հիմնական նպատակն է օգնել Երկնային Հոր որդիներին և դուստրերին վերադառնալ Նրա ներկայության մեջ և վայելել հավերժական կյանքը Նրա հետ միասին։ Այն իրականացնելու համար ավետարանի ուսուցումը պետք է քաջալերի նրանց ամեն օր քայլել աշակերտության ուղով և պահել սուրբ ուխտերը։ Նպատակն է՝ ոգեշնչել անձին մտածել ավետարանի սկզբունքների մասին, զգալ դրանք և ապա անել որևէ բան՝ դրանցով ապրելու համար: Նպատակն է՝ զարգացնել հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը և դառնալ դարձի եկած դեպի Նրա ավետարանը։

Ուսուցումը, որն օրհնում, դարձի է բերում և փրկում է, այն ուսուցումն է, որը հետևում է Փրկիչի օրինակին։ Ուսուցիչները, ովքեր հետևում են Փրկիչի օրինակին, սիրում և ծառայում են նրանց, ում ուսուցանում են։ Նրանք ոգեշնչում են իրենց լսողներին աստվածային ճշմարտության հավերժական դասերով։ Նրանք ապրում են օրինակելի կյանքով։

Սիրել և ծառայել

Փրկիչի ողջ ծառայությունը ներկայացնում էր սեր մերձավորի հանդեպ։ Իսկապես, Նրա սերը և ծառայությունը հաճախ հենց Նրա դասերն էին։ Այդպես էլ ուսուցիչները, որոնց ես ամենալավն եմ հիշում, այն ուսուցիչներն են, ովքեր ճանաչում էին իրենց ուսանողներին, սիրում էին նրանց և մտահոգվում էին նրանց մասին։ Նրանք փնտրում էին կորած ոչխարին։ Նրանք ուսուցանում էին կյանքի դասեր, որոնք ես միշտ կհիշեմ։

Նման մի ուսուցիչ էր Լյուսի Գերչը։ Նա գիտեր իր ուսանողներից յուրաքանչյուրին։ Նա անպայման զանգում էր նրանց, ովքեր բացակայում էին կիրակի օրը կամ ովքեր պարզապես չէին գալիս։ Մենք գիտեինք, որ նա մտահոգվում էր մեր մասին։ Մեզանից ոչ մեկը երբևէ չմոռացավ ոչ նրան, ոչ էլ նրա ուսուցանած դասերը։

Շատ տարիներ անց, երբ Լյուսին մոտեցել էր իր կյանքի մայրամուտին, ես այցելեցի նրան։ Մենք վերհիշեցինք այն օրերը, երբ նա եղել էր մեր ուսուցչուհին։ Մենք խոսեցինք մեր դասարանի յուրաքանչյուր անդամի մասին և քննարկեցինք, թե ինչով էր զբաղվում նրանցից յուրաքանչյուրն այժմ։ Նրա սերը և հոգատարությունը տևեց ողջ կյանքի ընթացքում։

Ես սիրում եմ Վարդապետություն և Ուխտերում գտնվող Տիրոջ հետևյալ պատվիրանը․

«Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք միմյանց պետք է ուսուցանեք արքայության վարդապետությունը։

Ուսուցանեք ջանասիրաբար, և իմ շնորհը կուղեկցի ձեզ»։6

Լյուսի Գերչն ուսուցանում էր ջանասիրաբար, քանի որ նա սիրում էր անմնացորդ սիրով։

Տվեք հույս և ճշմարտություն

Պետրոս Առաքյալը տալիս է հետևյալ խորհուրդը․ «Միշտ պատրաստ լինենք պատասխան տալու ամենին, որ մեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»։7

Հավանաբար ամենամեծ հույսը, որն ուսուցիչը կարող է տալ, գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտություններում։

«Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք»,- հարցնում է Մորմոնը։ «Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն»:8

Ուսուցիչներ, բարձրացրեք ձեր ձայները և վկայեք Աստվածագլխի ճշմարիտ բնույթի մասին։ Հայտարարեք ձեր վկայությունը Մորմոնի Գրքի վերաբերյալ։ Հայտարարեք փրկության ծրագրում գտնվող փառահեղ և գեղեցին ճշմարտությունները։ Օգտագործեք Եկեղեցու կողմից հաստատված նյութերը, հատկապես սուրբ գրությունները, որպեսզի ուսուցանեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունները՝ իրենց պարզությամբ ու մաքրությամբ։ Հիշենք, որ Տերը պատվիրել է. «Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են»:9

Օգնեք Աստծո զավակներին հասկանալ, թե ինչն է կարևոր այս կյանքում։ Օգնեք նրանց զարգացնել ուժ՝ ընտրելու ուղիներ, որոնք նրանց ապահով կպահեն հավերժական կյանքի արահետում։

Ուսուցանեք ճշմարտությունը, և Սուրբ Հոգին կօրհնի ձեր ջանքերը։

«Ինձանից սովորեցէք»

Քանի որ Հիսուս Քրիստոսը կատարելապես հնազանդ էր և ենթարկվում էր Իր Հորը, Նա «զարգանում էր իմաստությունով և հասակով, և շնորհքով` Աստծո և մարդկանց մոտ»:10 Արդյո՞ք մենք որոշել ենք նույն կերպ վարվել։ Ճիշտ ինչպես Հիսուսը «ստացավ շնորհ՝ շնորհի տեղ»,11 մենք պետք է համբերությամբ և հաստատակամությամբ փնտրենք լույս և գիտելիք Աստծուց, երբ ջանքեր ենք գործադրում ավետարանն ուսումնասիրելիս։

Լսելը սովորելու հիմնական մասն է: Երբ պատրաստվում ենք ուսուցանվելու, մենք աղոթքով փնտրում ենք ոգեշնչում և հաստատում Սուրբ Հոգու կողմից։ Մենք խորհում ենք, մենք աղոթում ենք, մենք կիրառում ենք ավետարանի դասերը, և մենք փնտրում ենք Հոր կամքը մեզ համար։12

Հիսուսը «շատ բաներ էր սովորեցնում … առակներով»,13 որոնք պահանջում էին լսելու ականջ, տեսնելու աչք և սիրտ՝ հասկանալու համար։ Երբ մենք արժանապատիվ կյանքով ապրենք, մենք կկարողանանք ավելի լավ լսել Սուրբ Հոգու շշունջները, որ «ամեն բան կսովորեցնէ [մեզ] եւ կյիշեցնէ [մեզ] ամեն ինչ»։14

Երբ մենք արձագանքում ենք «Ինձանից սովորեցէք» Տիրոջ մեղմ հրավերին, մենք դառնում ենք Նրա աստվածային զորության ճաշակողները: Ուստի, եկեք առաջ գնանք հնազանդ հոգով, հետևելով մեր Օրինակին, սովորեցնելով այնպես, ինչպես Նա է ցանկանում, որ մենք սովորեցնենք և սովորելով այնպես, ինչպես Նա է ուզում, որ մենք սովորենք։

Ուսուցում այս ուղերձից

Նախագահ Մոնսոնը հրավիրում է մեզ «խորհել սովորեցնելու և սովորելու [մեր] ջանքերի շուրջ և այդ ընթացքում նայել Փրկիչին որպես մեր Առաջնորդի»։ Դուք կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները նրանց հետ, ում այցելում եք, որպեսզի գտնեք մտքեր, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն ուսուցանել և սովորել։ Դուք կարող եք սկսել Նախագահ Մոնսոնի մեջբերած սուրբ գրություններից, որոնք են Մատթեոս 11․29, Հովհաննես 5․30 և Մարկոս 4․2։ Դուք կարող եք քննարկել, թե ինչպես է Քրիստոսի մասին սովորածն օգնում ձեզ «դառնալ Նրա աստվածային զորության ճաշակողները»: