2016
Երջանկություն ցանկանալ նրանց, ում մենք սիրում ենք
Հունվար 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2016

Երջանկություն ցանկանալ նրանց, ում մենք սիրում ենք

Բոլորս էլ երջանկություն ենք ցանկանում նրանց, ում սիրում ենք, և մենք ցանկանում ենք, որ նրանք ունենան որքան հնարավոր է քիչ ցավ։ Երբ Մորմոնի Գրքում մենք կարդում ենք երջանկության և ցավի վերաբերյալ պատմություններ, մեր սրտերը լցվում են, մինչ մենք խորհում ենք մեր սիրելիների մասին։ Ահա երջանիկ պահի մի ճշմարիտ պատմություն․

«Եվ եղավ այնպես, որ չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում:

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն. և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»:

Ապա մենք կարդում ենք․

«Եվ որքա՜ն օրհնված էին նրանք: Քանզի Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում. այո, նրանք օրհնված էին ու բարգավաճում էին նույնիսկ մինչև հարյուր և տաս տարիներ անցնելը, և առաջին սերունդը՝ Քրիստոսից սկսած, անց էր կացել. և ողջ երկրում չկար ոչ մի հակառակություն» (4 Նեփի 1․15–16, 18):

Քրիստոսի սիրելի աշակերտներն աղոթում և աշխատում են, որ ուրիշները և իրենք էլ ունենան նման օրհնություն։ Մորմոնի Գրքի պատմություններից ելնելով և մեզանից շատերն էլ ելնելով մեր իսկ փորձառություններից՝ գիտենք, որ երջանկության պարգևը հասանելի է բոլորին։ Մենք գիտենք, որ երջանկության ուղին լավ նշված է։ Մենք նաև գիտենք, որ երջանկությունը պահպանելը հեշտ չէ, բայց հնարավոր է, եթե, ինչպես նեփիացիների դեպքում Փրկիչի այցելությունից հետո, «Աստծո սերն» առկա է մեր սրտերում։

Նեփիացիներն ունեին այդ սերն իրենց սրտերում, քանի որ նրանք պահում էին օրենքը, որը դա հնարավոր էր դարձնում։ Այդ օրենքն ամփոփված է հաղորդության աղոթքներում, որոնք սկսվում են մեր սիրելի Երկնային Հորն ուղղված սրտաբուխ աղաչանքով։ Մենք աղոթում ենք հավատքով և խորը սիրով լի սրտերով առ մեր անձնական Փրկիչը։ Անկեղծ միտումով մենք պարտավորվում ենք վերցնել մեզ վրա Նրա անունը, հիշել Նրան և պահել Նրա բոլոր պատվիրանները: Ի վերջո, մենք հավատք ենք գործադրում, որպեսզի Սուրբ Հոգին՝ Աստվածագլխի երրորդ անդամը, միշտ լինի մեզ հետ՝ վկայելով մեր սրտերին Հոր և Նրա Սիրելի Որդու մասին։ (Տես ՎևՈւ 20․77, 79։)

Սուրբ Հոգու ընկերակցությամբ մեր սրտերը կարող են փոխվել, որպեսզի մենք ցանկանանք և ողջունենք մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի սերը։ Մեր սրտերում Աստծո սերն ունենալը նույնքան հեշտ է, որքան մեր սրտերում սիրո այդ զգացողությունը կորցնելը։ Օրինակ, մարդը կարող է ընտրել ոչ հաճախ աղոթելը Երկնային Հորը, կամ չվճարել լրիվ տասանորդ, կամ դադարեցնել Աստծո խոսքով սնվելը, կամ անտեսել աղքատներին և կարիքավորներին։

Տիրոջ պատվիրանները չպահելու ցանկացած ընտրություն կարող է պատճառ դառնալ, որպեսզի Հոգին հեռանա մեր սրտերից։ Այդ կորստին զուգահեռ նվազում է երջանկությունը։

Երջանկությունը, որը մենք ցանկանում ենք մեր սիրելիներին, կախված է նրանց ընտրություններից։ Որքան էլ մենք սիրենք երեխային, ավետարանով հետաքրքրվողին կամ մեր ընկերներին, մենք չենք կարող ստիպել նրանց պահել պատվիրանները, որպեսզի նրանք արժանի լինեն, որ Սուրբ Հոգին դիպչի նրանց սրտերին և փոխի դրանք։

Այսպիսով, լավագույն օգնությունը, որ մենք կարող ենք տալ նրանց, այն է, ինչը որ կառաջնորդի մեր սիրելիներին վերահսկել իրենց սեփական ընտրությունները։ Ալման արեց դա հրավերով, որը դուք կարող եք առաջարկել․

«Այլ, որ դուք խոնարհեցնեք ձեզ Տիրոջ առաջ, և կանչեք նրա սուրբ անունը, և արթուն կենաք ու շարունակ աղոթեք, որպեսզի դուք չլինի թե փորձվեք ավելի, քան դուք կարող եք դիմանալ, և այսպես առաջնորդվեք Սուրբ Հոգուց՝ դառնալով խոնարհ, հեզ, հլու, համբերատար, սիրով և ողջ երկայնամտությամբ լի.

Ունենալով հավատք առ Տերը. ունենալով մի հույս, որ դուք պիտի ստանաք հավերժական կյանք. ունենալով Աստծո սերը միշտ ձեր սրտերում, որպեսզի դուք կարողանաք բարձրացվել վերջին օրը և մտնել նրա հանգիստը» (Ալմա 13․28–29):

Ես աղոթում եմ, որ նրանք, ում դուք սիրում եք, ընդունեն հավերժական երջանկության ուղին ընտրելու ոգեշնչված հրավերը։

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Այրինգն ուսուցանում է, որ կյանքում մեր զգացած երջանկությունը կախված է մեր կայացրած որոշումներից։ Երբ դուք քննարկեք այս ուղերձը, կենտրոնացեք այն բաների վրա, որոնք Նախագահ Այրինգը նշում է, որ մենք կարող ենք ընտրել անելու (ինչպես օրինակ աղոթել, աշխատել, հավատք գործադրել և անկեղծ միտումով նվիրվելը), որը կտանի մեզ դեպի երջանկության ուղին։ Դուք կարող եք հրավիրել նրանց, ում ուսուցանում եք, գրել երկու կամ երեք գործողություններ, որոնք նրանք կցանկանան կատարել, ավելի մոտեցնելով նրանց «հավերժական երջանկության ուղուն»։