2015
Ժամանակ տրամադրեք Փրկիչին
Դեկտեմբեր 2015


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2015

Ժամանակ տրամադրեք Փրկիչին

Մոտենում է ևս մեկ Սուրբ Ծնունդ և դրա հետ միասին ևս մեկ նոր տարի։ Թվում է, թե երեկ էր, որ մենք տոնում էինք Փրկիչի ծնունդը և որոշումներ կայացնում։

Արդյո՞ք այս տարի մենք որոշել ենք մեր կյանքում ժամանակ տրամադրել և մեր սրտերում տեղ հատկացնել Փրկիչին։ Անկախ այն բանից, թե որքանով է մինչ այժմ մեզ հաջողվել իրականացնել նման որոշումները, ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ ցանկանում ենք անել ավելին։ Սուրբ Ծննդյան այս օրերը կատարյալ ժամանակ են, որպեսզի քննենք և վերսկսենք մեր ջանքերը։

Մեր զբաղված կյանքում, երբ բազում այլ բաներ մրցում են գրավելու մեր ուշադրությունը, խիստ կարևոր է, որ մենք գիտակից, նվիրված ջանքեր գործադրենք՝ բերելու Քրիստոսին մեր կյանք և մեր տուն։ Եվ անհրաժեշտ է, որ մենք Արևելքի Իմաստունների պես կենտրոնացած մնանք Նրա աստղի վրա և գանք «նորան երկրպագելու»։1

Բոլոր ժամանակներում Հիսուսի ուղերձը նույնն է եղել։ Գալիլեայի ծովափին Պետրոսին և Անդրեասին Նա ասաց․ «Իմ ետեւից եկէք»։2 Փիլլիպոսին Նա կանչեց․ «Իմ ետեւից եկ»։3 Եվ մաքսատանը նստած ղևտացուն տվեց հրահանգ․ «Իմ ետեւից եկ»։4 Եթե մենք միայն լսենք, ինձ և ձեզ կտրվի այդ նույն կանչող հրավերը․ «Հետևեք ինձ»։5

Եթե մենք այսօր քայլենք Նրա ոտնահետքերով և հետևենք Նրա օրինակին, մենք կունենանք ուրիշների կյանքն օրհնելու հնարավորություններ։ Հիսուսը մեզ հրավիրում է նվիրել մեր անձերը․ «Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»։6

Կա՞ մեկը, ում դուք պետք է ծառայություն մատուցեք այս Սուրբ Ծննդյան օրերին։ Կա՞ մեկը, ով սպասում է ձեր այցելությանը։

Տարիներ առաջ ես այցելեցի մի ծեր այրու՝ շնորհավորելու նրա Սուրբ Ծնունդը։ Մինչ մենք խոսում էինք, հնչեց դռան զանգը։ Դռան մոտ կանգնած էր մի շատ զբաղված և հայտնի բժիշկ։ Նրան չէին կանչել, այլ նա պարզապես ոգեշնչում էր ստացել այցելելու մի հիվանդի, ով միայնակ էր։

Այս ժամանակաշրջանում սահմանափակումներ ունեցողների սրտերը ձգտում են և փափագում ունենալ Սուրբ Ծննդյան այցելություններ։ Սուրբ Ծննդյան մի օր, մինչ այցելել էի խնամքի կենտրոն, ես նստել և խոսում էի հինգ ծեր կանանց հետ, որոնցից ամենամեծը 101 տարեկան էր։ Նա կույր էր, սակայն ճանաչեց իմ ձայնը։

«Եպիսկոպոս, դուք մի փոքր ուշացաք այս տարի», - ասաց նա։ «Կարծում էի, դուք այլևս չէիք գա»։

Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք միասին: Այնուամենայնիվ, նրանցից մեկը կարոտով նայում էր պատուհանից դուրս և նորից ու նորից կրկնում․ «Ես գիտեմ, որ իմ տղան այսօր կգա ինձ տեսնելու»։ Ես մտածում էի, թե արդյոք նա կգար, որովհետև եղել էին Սուրբ Ծննդյան օրեր, երբ նա չէր էլ զանգել։

Այնուամենայնիվ, այս տարի մենք ունենք ժամանակ առաջարկելու օգնության ձեռք, սիրառատ սիրտ և հոժար հոգի, այլ խոսքերով ասած՝ հետևելու մեր Փրկիչի օրինակին և ծառայելու այնպես, ինչպես Նա կցանկանար, որ մենք ծառայենք։ Երբ մենք ծառայենք Նրան, մենք չենք կորցնի մեր հնարավորությունը, ինչպես արեց հին օրերի իջևանատերը,7 ժամանակ տրամադրելու Նրան մեր կյանքում և տեղ հատկացնելու Նրա համար մեր սրտերում։

Կարո՞ղ ենք մենք ընկալել դաշտում մնացող հովիվներին հրեշտակի կողմից տրված ուղերձի հիանալի խոստումը․ «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ։ … Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ …, որ է Քրիստոս Տէրը»:8

Սուրբ Ծննդյան նվերներ միմյանց տալիս թող որ մենք հիշենք, գոհանանք և ստանանք բոլոր պարգևներից այդ ամենամեծ պարգևը՝ մեր Փրկիչի և Քավիչի պարգևը, որպեսզի մենք հավերժական կյանք ունենանք։

«Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»:9

Թող որ մենք հետևենք Նրան, պատվենք Նրան և մեր կյանքում ընդունենք Նրա տված պարգևները, ինչպես ասել է հայր Լեքին՝ «հավերժորեն օղակված [լինենք] նրա սիրո բազուկների մեջ»։10

Ուսուցում այս ուղերձից

Նախագահ Մոնսոնը մեզ կոչ է անում «գիտակից, նվիրված ջանքեր գործադրել՝ բերելու Քրիստոսին մեր կյանք և մեր տուն»։ Խորհեք, թե ինչպես կարող եք քննարկել նրանց հետ, ում ուսուցանում եք, թե ինչպես կարող են անհատապես և որպես ընտանիք գործադրել այս գիտակից ջանքերը։ Խնդրեք նրանց մտածել որոշակի անձնավորության կամ ընտանիքի մասին, ում նրանք կարող են այցելել կամ ծառայել այս Սուրբ Ծնունդին։ «Այնուամենայնիվ, այս տարի մենք ունենք ժամանակ առաջարկելու օգնության ձեռք, սիրառատ սիրտ և հոժար հոգի»։