2015
Իսկապես լավը ու նենգությունից զուրկ
Մայիս 2015


Իսկապես լավը ու նենգությունից զուրկ

Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրն է, որ մեր սրտի ցանկությունները կարող են վերափոխվել և մեր շարժառիթները կարող են զարգանալ և հղկվել։

Ցավոք, իմ կյանքում եղել է ժամանակ, երբ ինձ համար մղիչ ուժ են հանդիսացել պաշտոնն ու հեղինակությունը։ Դա, իրոք, աննկատ սկսվեց։ Երբ ես պատրաստվում էի ծառայել լիաժամկետ միսիայում, իմ ավագ եղբայրը տարածքի ղեկավար էր նշանակվել իր միսիայում։ Ես բազմաթիվ դրական բաներ լսեցի, որ ասվեցին նրա մասին, և ես չէի կարողանում զսպել իմ ցանկությունը, որ այդ բաներն ասվեին իմ մասին։ Ես հույս ունեի և նույնիսկ աղոթում էի նման դիրքի հասնելու համար։

Բարեբախտաբար, մինչ ես ծառայում էի իմ միսիան, ես մի զորեղ դաս սովորեցի։ Անցած համաժողովին ինձ հիշեցվեց այդ դասի մասին։

Հոկտեմբերին Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասաց․ «Իմ կյանքի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել շփվել այս աշխարհի առավել բանիմաց և խելացի տղամարդկանցից ու կանանցից մի քանիսի հետ: Երբ երիտասարդ էի, ես տպավորված էի նրանցով, ովքեր կիրթ, կայացած, հաջողակ և ճանաչված էին աշխարհում: Սակայն տարիների ընթացքում ես եկա այն համոզման, որ ես շատ ավելի տպավորված եմ այն հրաշալի և երանելի հոգիներով, ովքեր իսկապես լավն են ու նենգությունից զուրկ»։1

Մորմոնի Գրքի իմ հերոսը հրաշալի ու օրհնված մարդու կատարյալ մի օրինակ է, ով իսկապես լավն է ու նենգությունից զուրկ։ Սիբլոնը Ալմա կրտսերի որդիներից մեկն էր։ Մենք ավելի ծանոթ ենք նրա եղբայրներին՝ Հելամանին, ով հետևում էր իր հորը որպես հիշատակարաններ պահող և Աստծո մարգարե, և Կորիանթոնին, ով որոշակի ճանաչում է ձեռք բերել որպես միսիոներ, ով ուներ իր հոր խորհրդի կարիքը։ Հելամանին Ալման գրել է 77 հատվածներ (տես Ալմա 36–37)։ Կորիանթոնին Ալման նվիրել է 91 հատվածներ (տես Ալմա 39–42)։ Սիբլոնին՝ իր միջնեկ որդուն, Ալման գրել է ընդամենը 15 հատված (տես Ալմա 38)։ Սակայն նրա խոսքերն այս 15 հատվածներում զորավոր են և ուսուցողական։

«Եվ այժմ, որդիս, ես վստահ եմ, որ մեծ ուրախություն պիտի ունենամ քեզ համար՝ Աստծո հանդեպ քո հաստատունության և քո հավատարմության համար․ քանզի ինչպես դու սկսել ես քո երիտասարդության տարիներին նայել առ Տերը՝ քո Աստվածը, ճիշտ նույպես ես հուսով եմ, որ դու կշարունակես պահել նրա պատվիրանները․ քանզի օրհնված է նա, ով համբերում է մինչև վերջ։

Ես ասում եմ քեզ, որդիս, որ ես արդեն ունեցել եմ մեծ ուրախություն քեզ համար՝ Զորամացիների մեջ քո հավատարմության ու քո ջանասիրության, և քո համբերատարության ու քո երկայնամտության պատճառով» (Ալմա 38․2–3

Բացի Սիբլոնի հետ խոսելուց, Ալման նաև խոսել է նրա մասին Կորիանթոնի հետ։ Ալման ասել է․«Մի՞թե դու չնկատեցիր քո եղբոր կայունությունը, նրա հավատարմությունը, և նրա ջանասիրությունն Աստծո պատվիրանները պահելիս։ Ահա, մի՞թե նա լավ օրինակ չի հանդիսացել քեզ համար» (Ալմա 39․12

Ակնհայտ է, որ Սիբլոնը որդի էր, ով ցանկանում էր գոհացնել իր հորը և առաջ էր գնում անելով այն, ինչ ճիշտ էր, քանի որ դա էր ճիշտը, և ոչ թե գովասանքի, պաշտոնի, զորության, պատվի կամ իշխանության համար։ Հելամանը գիտեր դա և գնահատում էր իր եղբորն այդ ամենի համար, քանի որ նա Սիբլոնին էր վստահել պահպանությունը սուրբ հիշատակարանների, որոնք նա ստացել էր իր հորից։ Իհարկե, Հելամանը վստահում էր Սիբլոնին, քանի որ «նա արդար մարդ էր, և նա քայլում էր ուղիղ Աստծո առաջ․ և նա ձգտում էր շարունակ բարիք անել, պահել Տիրոջ՝ իր Աստծո պատվիրանները» (Ալմա 63․2)։ Ինչպես իրոք բնորոշ է թվում Սիբլոնին, շատ բան չկա հիշատակված նրա մասին սկսած այն ժամանակներից, երբ նա իր հովանավորության տակ առավ սուրբ հիշատակարանները, մինչև նա տվեց դրանք Հելամանի որդի Հելամանին (տես Ալմա 63․11

Սիբլոնն իսկապես լավն էր և նենգությունից զուրկ։ Նա մի անձնավորություն էր, որ զոհաբերում էր իր ժամանակը, տաղանդները և ջանքերը՝ ուրիշներին օգնելու և բարձրացնելու համար, քանի որ նա սիրում էր Աստծուն և իր մերձավորներին (տես Ալմա 48․17–19, 49․30)։ Նրա ճիշտ նկարգրությունն են տալիս Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի խոսքերը․ «Հրաշալի կանայք ու տղամարդիկ միշտ ավելի ոգևորված են ծառայելու, քան իշխելու»։3

Աշխարհում, որտեղ գովասանքի, պաշտոնի, զորության, գնահատանքի և իշխանության են ձգտում ամեն հնարավոր եղանակով, ես պատվում եմ այն հրաշալի և օրհնված մարդկանց, ովքեր իսկապես լավն են ու նենգությունից զուրկ, նրանց, ում համար մղիչ ուժ է հանդիսանում Աստծո և մերձավորների հանդեպ ունեցած սերը, այն հրաշալի կանանց և տղամարդկանց, ովքեր «ավելի ոգևորված են ծառայելու, քան իշխելու»։

Այսօր կան մարդիկ, ովքեր ստիպում են մեզ հավատալ, որ կայացած լինելու մեր փնտրտուքները կարող են բավարարվել միայն պաշտոն և զորություն ձեռք բերելու միջոցով։ Սակայն, բարեբախտաբար, կան շատերը, ովքեր չեն ենթարկվում այս մտածելակերպի ազդեցությանը։ Նրանք կայանում են՝ ձգտելով լինել իսկապես լավը և նենգությունից զուրկ։ Ես ճանաչում եմ նման մարդկանց տարբեր խավերից և շատ կրոններից։ Եվ ես շատ նման մարդկանց եմ ճանաչում Քրիստոսի իսկապես դարձի եկած հետևորդների մեջ։4

Ես պատվում եմ նրանց, ովքեր ամեն շաբաթ անձնվիրաբար ծառայում են ծխերում և ճյուղերում ողջ աշխարհով մեկ՝ ակնկալվածից ավելին անելով իրենց կոչումներում։ Սակայն ծառայությունները գալիս ու գնում են։ Էլ ավելի մեծ տպավորություն են թողնում ինձ վրա այն բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց պաշտոնական կոչումների մշտապես ծառայելու և ուրիշներին բարձրացնելու ուղիներ են գտնում։ Եղբայրներից մեկը շուտ է գալիս եկեղեցի, որպեսզի դասավորի աթոռները և վերջում մնում է եկեղեցին կարգի բերելու համար։ Քույրերից մեկը կանխամտածված կերպով նստում է իր ծխի մի կույր քրոջ կողքին՝ ոչ միայն նրան ողջունելու, այլ նաև որպեսզի նա կարողանա երգել օրհներգերը բավականաչափ բարձր, որպեսզի կույր քույրը կարողանա լսել բառերը և երգել իր հետ։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ձեր ծխում կամ ճյուղում կգտնեք նման օրինակներ։ Միշտ գտնվում են անդամներ, ովքեր գիտեն, թե ով ունի օգնության կարիք և երբ առաջարկել այն։

Նենգությունից զուրկ իսկապես լավ Սրբերի մասին իմ առաջին դասը ես հավանաբար սովորել եմ, երբ երիտասարդ միսիոներ էի։ Ես տեղափոխվել էի մի տարածք մի երեցի հետ, ում ես չէի ճանաչում։ Ես լսել էի, թե ինչպես էին մյուս միսիոներները խոսում այն մասին, թե ինչպես նա երբեք չի ստացել որևէ ղեկավար հանձնարարություն և թե որքան էր նա դժվարանում սովորելու Կորեայի լեզուն, անկախ այն բանից, որ եղել էր այդ երկրում արդեն երկար ժամանակ։ Սակայն, երբ ես սկսեցի ճանաչել այս երեցին, ես հասկացա, որ նա ամենահնազանդ և հավատարիմ միսիոներներից մեկն էր, ում ես գիտեի։ Նա ուսումնասիրում էր, երբ ուսումնասիրության ժամն էր, նա աշխատում էր, երբ աշխատելու ժամն էր։ Նա ժամանակին էր դուրս գալիս տանից և ժամանակին էլ վերադառնում։ Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր լեզուն, սակայն դա հատկապես դժվար էր նրա համար։

Երբ ես հասկացա, որ իմ լսած դիտողությունները ճիշտ չէին, ես զգացի, որ սխալմունք էր այս միսիոներին անհաջողակ համարելը։ Ես ցանկանում էի ասել ողջ միսիային, թե ինչ էի բացահայտել այս երեցի մեջ։ Իմ միսիայի նախագահի հետ ես կիսվեցի իմ ցանկությամբ՝ ուղղելու այս թյուրիմացությունը։ Նա այսպես պատասխանեց ինձ․ «Երկնային Հայրը գիտի, որ այս երիտասարդը հաջող միսիոներ է, և ես նույնպես գիտեմ»։ Նա ավելացրեց․«Եվ այժմ դու էլ գիտես, ուստի, էլ ո՞վ է իրականում կարևոր, որ իմանա»։ Այս իմաստուն միսիայի նախագահն ուսուցանեց ինձ, թե ինչն էր կարևոր ծառայության մեջ, և դա գովասանքը, պաշտոնը, զորությունը, մեծարվելը կամ հեղինակությունը չէ։ Սա հրաշալի դաս էր երիտասարդ միսիոների համար, ով չափազանց կենտրոնացած էր պաշտոնների վրա։

Մտքում ունենալով այս դասը՝ ես սկսեցի հետ նայել իմ կյանքին և տեսնել, թե որքան հաճախ եմ ես ներգործվել տղամարդկանց և կանանց կողմից, ովքեր այդ պահին չեն ունեցել մեծ տիտղոս կամ պաշտոն։ Սիբլոնին նման այդ մարդկանցից մեկն իմ սեմինարիայի ուսուցիչն էր ավագ դպրոցի առաջին տարվա ընթացքում։ Այս լավ մարդը սեմինարիայում ուսուցանում էր ընդամենը երկու կամ երեք տարի, սակայն նա այնպես դիպավ իմ սրտին, որ դա օգնեց ինձ վկայություն ձեռք բերել։ Դպրոցում նա միգուցե ամենահայտնի ուսուցիչը չէր, սակայն նա միշտ պատրաստ էր և նրա ազդեցությունն ինձ վրա զորեղ էր և երկարատև։ Ինձ ուսուցանելուց հետո 40 տարիների ընթացքում մեր եզակի հանդիպումներից մեկը տեղի ունեցավ, երբ նա եկավ ինձ տեսնելու իմ հոր թաղման արարողության ժամանակ։ Իսկապես, որ դա մի գործողություն էր, որի համար մղիչ ուժ չէին հանդիսացել պաշտոնը կամ զորությունը։

Ես պատվում եմ այդ նվիրված ուսուցչին և նրա նման շատերին, ովքեր իսկապես լավն են ու նենգությունից զուրկ։ Ես պատվում եմ Կիրակնօրյա Դպրոցի ուսուցչին, ով ոչ միայն կիրակնօրյա դասերի ժամանակ է ուսուցանում իր ուսանողներին, այլ նաև ուսուցանում և ազդեցություն է գործում այս ուսոանողների վրա՝ հրավիրելով նրանց նախաճաշին միանալ իր ընտանիքին։ Ես պատվում եմ երիտասարդների ղեկավարներին, ովքեր հաճախում են իրենց ծխերի երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց սպորտային և մշակութային միջոցառումներին։ Ես պատվում եմ տղամարդկանց, ովքեր խրախուսող երկտող են գրում հարևաններին և կանանց, ովքեր ոչ թե պարզապես ուղարկում են Սուրբ Ծննդյան բացիկներ, այլ անձամբ հանձնում են դրանք ընտանիքի անդամներին և ընկերներին, ովքեր ունեն այցելության կարիք։ Ես պատվում եմ այն եղբորը, ով Ալցհայմերի հիվանդությամբ տառապող իր հարևանին պարբերաբար մեքենայով տեղից տեղ է տանում նրա դժվարին օրերին, օգնելով թե նրան և թե նրա կնոջը ամեն ինչ ավելի արագ անել, ինչի կարիքը նրանք շատ ունեն։

Այս բաները չեն արվում գովասանքի կամ գնահատանքի համար։ Այս տղամարդկանց ու կանանց համար մղիչ ուժ չի հանդիսանում պաշտոններ և իշխանություն ստանալու հնարավորությունը։ Նրանք Քրիստոսի աշակերտներն են, ովքեր առաջ են գնում շարունակ բարիք գործելով, և ինչպես Սիբլոնը, նրանք փորձում են գոհացնել իրենց Երկնային Հորը։

Ես տխրում եմ, երբ լսում եմ ոմանց մասին, ովքեր դադարել են ծառայել կամ նույնիսկ եկեղեցի հաճախել, քանի որ հետ են կանչվել կոչումից կամ անտեսված են զգում որևէ կոչումում կամ պաշտոնում չկանչվելու պատճառով։ Հուսով եմ, որ մի օր նրանք կսովորեն այն նույն դասը, որը ես սովորեցի, երբ երիտասարդ միսիոներ էի, որ ծառայությունը, որն ամենամեծ արժեքն ունի, սովորաբար նկատվում է միայն Աստծո կողմից։ Կենտրոնանալով մեր եսի և մեր կամքի վրա, արդյո՞ք մենք մոռանում ենք Նրան ու Նրա կամքը։

Ոմանք կարող են ասել. «Սակայն ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի նմանվեմ նրանց, ում դուք նկարագրեցիք»։ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրն է, որ մեր սրտի ցանկությունները կարող են վերափոխվել և մեր շարժառիթները կարող են զարգանալ և հղկվել։ Երբ մենք մկրտվում ենք Աստծո ճշմարիտ եկեղեցում, մենք սկսում ենք նոր արարածներ դառնալու գործընթացը (տես Բ Կորնթացիս Ե․17, Մոսիա 27․26)։ Ամեն անգամ, երբ հաղորդություն ընդունելով նորոգում ենք մկրտության ուխտը, մենք մի քայլ մոտենում ենք այդ վերջնական նպատակին։5 Երբ մենք համբերատար պահում ենք այդ ուխտը, մենք ուժ ենք ստանում սգալու նրանց հետ, ովքեր սգում են և մխիթարելու նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն (տես Մոսիա 18․9)։ Այդ ուխտի միջոցով մենք շնորհ ենք գտնում, որը մեզ հնարավորություն է տալիս ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները, այդ թվում նաև սիրել Աստծուն մեր ողջ սրտով և սիրել մեր մերձավորներին մեր անձերի պես։6 Այդ ուխտի միջոցով Աստված և Քրիստոսը սատարում են մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք սատարել նրանց, ովքեր ունեն մեր սատար կանգնելու կարիքը (տես Մոսիա 4․16, տես նաև հատվածներ 11–15

Այն ամենը, ինչ ես իսկապես ցանկանում եմ կյանքում, իմ հայրերին գոհացնելն է՝ թե երկրային, և թե երկնային, և ավելի շատ Սիբլոնին նմանվելը։7

Ես շնորհակալ եմ իմ Երկնային Հորը Սիբլոնի նման մարդկանց համար, որոնց օրինակներն ինձ և մեզ բոլորիս հույս են ներշնչում։ Նրանց կյանքում մենք տեսնում ենք սիրառատ Երկնային Հոր և հոգատար ու գթառատ Փրկչի վկայությունը։ Ես իմ վկայությունն եմ ավելացնում նրանց վկայությանը, պարտավորվելով, որ ձգտեմ ավելի նմանվել նրանց, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Միթէ ե՞ս եմ, Տէր», Լիահոնա, նոյ. 2014, 58, նշումներն ավելացված են։

  2. Հելամանը չի գնացել զորամացիներին ուսուցանելու, ուստի մենք գիտենք, որ Ալման խոսում է Սիբլոնի մասին, երբ նա ասում է «քո եղբայրը» (տես Ալմա 31․7, 39․2

  3. Spencer W. Kimball, “The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 104.

  4. «Տերն ուսուցանել է մեզ, որ երբ մենք իսկապես դարձի գանք դեպի Իր ավետարանը, մեր սրտերը դարձի կգան եսասիրական մտահոգություններից և կդառնան դեպի ծառայությունը՝ բարձրացնելու ուրիշներին, մինչ նրանք առաջ են շարժվում դեպի հավերժական կյանքը։ Այդ դարձին հասնելու համար մենք կարող ենք հավատքով աղոթել և աշխատել, դառնալու նոր արարածներ, որը հնարավոր է դարձվել հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Մենք կարող ենք սկսել հավատքի աղոթքով, որ ապաշխարենք եսասիրությունից և կարողանանք հոգալ ուրիշների համար ավելի, քան ինքներս մեզ համար։ Մենք կարող ենք աղոթել զորության համար, որ մի կողմ դնենք մեր հպարտությունը և նախանձը» (Հենրի Բ. Այրինգ, «Վկայություն և Դարձ», Լիահոնա, Փետրվար 2015, 4–5)։

  5. «Աստված անմահ է և կատարյալ։ Մենք մահկանացու ենք և անկատար։ Այնուամենայնիվ, մենք փնտրում ենք ուղիներ նույնիսկ մահկանացու կյանքում, որոնց միջոցով մենք կկարողանանք միանալ Նրա հետ հոգևորապես։ Այդպես վարվելով մենք որոշակիորեն առնչվում ենք Նրա ողորմության և Նրա զորության մեծության հետ։ Այդ հոգևոր պահերը ներառում են … մկրտությունը և հաստատումը … [և] Տիրոջ ընթրիքի խորհրդանիշերը ճաշակելը» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Իմ ընկերներին [2014], 80)։

  6. «Վերջին Օրերի Սրբերը, ովքեր իրենց բոլոր արարքներում տեսնում են իրենց որպես Աստծո զավակներ, բնական են համարում պարտավորություններ վերցնելը և կատարելը։ Փրկության ծրագիրը կազմված է ուխտերից։ Մենք խոստանում ենք հնազանդվել պատվիրաններին։ Ի պատասխան, Աստված խոստանում է օրհնություններ այս կյանքում և հավերժության մեջ։ Նա հստակորեն ներկայացնում է Իր պահանջները և կատարելապես պահում է իր խոսքը։ Քանի որ Նա սիրում է մեզ և քանի որ ծրագրի նպատակն է դառնալ Նրա նման, Նա հստակություն է պահանջում մեզանից։ Եվ խոստումները, որոնք Նա տալիս է մեզ, միշտ ներառում են զորություն՝ մեծացնելու ուխտերը պահելու մեր ունակությունը։ Նա հնարավոր է դարձնում, որ մենք իմանանք Իր կանոնները։ Երբ մենք մեր ողջ սրտով փորձում ենք ապրել Նրա չափանիշներով, Նա տալիս է մեզ Սուրբ Հոգու ընկերակցությունը։ Դա էլ իր հերթին մեծացնում է մեր զորությունը՝ կատարելու պարտավորությունները և հասկանալու, թե որն է լավը և ճշմարիտը։ Եվ դա է սովորելու զորությունը մեր աշխարհիկ ուսումնասիրություններում և այն գիտելիքների առումով, որոնք մեզ անհրաժեշտ են հավերժության համար» (Հենրի Բ. Այրինգ, «Աստծո զավակ» [Բրիգամ Յանգի Համալսարանի հավաք, հոկ․ 21, 1997], 4–5․ speeches.byu.edu)։ Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, Մայիս 2014, 87–90։

  7. Իմ վաղ տարիքի հիշողություններից սկսած՝ ես ցանկացել եմ գոհացնել իմ հորը։ Երբ ես մեծացա և վկայություն ձեռք բերեցի, ինձ մոտ նաև ցանկություն առաջացավ գոհացնելու Երկնային Հորը։ Հետագայում ես սովորեցի Սիբլոնի մասին և իմ կյանքի նպատակներին ավելացրեցի ավելի շատ նրան նմանվելը։