2015
Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը
Մայիս 2015


Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը

Ի տարբերություն երկրային վախի, որն առաջացնում է տագնապ և անհանգստություն, աստծուց վախը խաղաղության, երաշխիքի և վստահության աղբյուր է:

Ես վառ կերպով հիշում եմ մի փորձություն, որն ինձ հետ պատահեց, երբ ես փոքր տղա էի: Մի օր ընկերներիս հետ խաղալիս՝ ես պատահաբար կոտրեցի մեր տան մոտ գտնվող խանութի պատուհանը: Երբ ապակին փշրվեց, և անվտանգության ազդանշանը հնչեց, կաթվածահար անող մի վախ լցրեց իմ սիրտն ու միտքը: Ես անմիջապես հասկացա, որ դատապարտված եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել բանտում: Իմ ծնողները, վերջիվերջո, համոզելով ինձ հանեցին իմ մահճակալի տակի թաքստոցից և օգնեցին ինձ՝ մեղքերս քավել խանութի տիրոջ առջև: Բարեբախտաբար իմ բանտալին պատիժը մեղմացվեց:

Վախը, որ ես զգացի այդ օրը, անհաղթահարելի էր և իրական: Դուք, անտարակույս, վերապրել եք շատ ավելի մեծ վախի զգացումներ՝ անձնական առաղջական խնդիրների մասին իմանալուց հետո, պարզելով, որ ընտանիքի անդամներից մեկը դժվարության կամ մեծ վտանգի մեջ է, կամ հետևելով աշխարհում տեղի ունեցող անհանգստացնող իրադարձություններին: Այս դեպքերում վախի անհանգստացնող զգացմունք է առաջանում՝ մոտալուտ վտանգի, անորոշության, կամ ցավի պատճառով և փորձությունների միջոցով, որոնք անսպասելի են, երբեմն հանկարծակի և հնարավոր բացասական արդյունքով:

Մեր առօրյա կյանքում հանցավոր բռնությունների, սովի, պատերազմների, կաշառակերության, ահաբեկչության, արժեզրկումների, հիվանդությունների մասին անվերջ հաղորդումները, և բնության ավերիչ ուժերը կարող են առաջացնել վախ և նախազգացում: Անշուշտ մենք ապրում ենք մի ժամանակում, որը կանխագուշակվել էր Տիրոջ կողմից. «Եվ այդ օրը … ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, և մարդկանց սրտերը կնվաղեն» (ՎևՈւ 45.26):

Իմ նպատակն է նկարագրել, թե ինչպես է վախը ցրվում ճիշտ գիտելիքով և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով: Ես թախանձագին աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օրհնի յուրաքանչյուրիս, երբ մենք միասին քննարկենք այս կարևոր թեման:

Մահացու վախ

Արգելված պտուղը ճաշակելուց հետո, Տիրոջ ձայնը լսելուն պես՝ Ադամն ու Եվան թաքնվեցին Եդեմի պարտեզում: Աստված ձայն տվեց Ադամին և հարցրեց. «Ո՞ւր ես»: Եվ [Ադամը պատասխանեց]. «Ես Քո ձայնը լսեցի … , և վախեցա (Ծննդոց Գ.9–10): Ադամի և Եվայի համար Անկման առաջին հետևանքներից մեկը հատկապես վախ զգալն էր: Այս զորեղ զգացմունքը մեր մահկանացու գոյության կարևոր տարր է:

Մորմոնի գրքից մի օրինակ մեծ նշանակություն է տալիս Տիրոջ գիտելիքի ուժին (տես 2 Պետրոս 1.2–8, Ալմա 23.5–6), վախը փարատելու և խաղաղություն ապահովելու համար, նույնիսկ երբ մենք դեմ առ դեմ ենք կանգնում մեծ դժբախտության:

Էլամի երկրում Ալմայի ժողովուրդը ահաբեկված էր Լամանացիների հարձակվող բանակի պատճառով:

«Բայց Ալման առաջ գնաց ու կանգնեց նրանց մեջ, և հորդորեց նրանց, որ նրանք չպետք է վախենան, այլ … պետք է հիշեն Տիրոջը՝ իրենց Աստծուն և նա կազատի նրանց»:

«Հետևաբար, նրանք զսպեցին իրենց վախը» (Մոսիա 23.27–28):

Նկատեք, որ Ալման չզսպեց ժողովրդի վախը: Ընդհակառակը, նա խորհուրդ տվեց հավատացյալներին՝ հիշել Տիրոջը և ազատությունը, որը միայն Նա կարող էր պարգևել: (տես 2 Նեփի 2.8): Եվ Փրկչի պաշտպանիչ աչալուրջ հսկողության մասին իմացությունը հնարավորություն է տալիս մարդկանց՝ զսպել իրենց սեփական վախերը:

Այդ ստույգ իմացությունը և Տիրոջ նկատմամբ հավատքը հնարավորություն են տալիս մեզ՝ զսպել մեր սեփական վախերը, որովհետև Հիսուս Քրիստոսը հաստատուն խաղաղության միակ աղբյուրն է: Նա հայտարարել է. «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»: (ՎևՈւ 19.23):

Տերը նաև բացատրել է. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն՝ այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23):

Հիսուսի նկատմամբ հավատն ու վստահությունը և պատրաստակամ ապավինումը Նրա արժանիքներին, գթասրտությանը և ողորմածությանը տանում են դեպի հույս՝ Նրա Քավության, Հարություն և հավերժական կյանքի միջոցով (տես Մորոնի 7.41): Այդպիսի հավատը և հույսը մեր կյանք են բերում գիտակցության քաղցր խաղաղություն, որին մենք բոլորս ձգտում ենք: Քավության զորությունը հնարավոր է դարձնում ապաշխարությունը և ճնշում է մեղքի պատճառած հուսահատությունը. այն նաև ուժեղացնում է մեզ՝ տեսնելու, կատարելու և լավը դառնալու այն ուղիներով, որոնք մենք երբեք չէինք կարող իմանալ և կատարել՝ մեր սահմանափակ մահկանացու կարողությամբ: Իրոք, նվիրված հետևորդ լինելու հրաշալի օրհնություններից մեկը «Աստծո խաղաղությունն է, որ ամեն մտքից վեր է» (Ֆիլիպպեցիս 4.7):

Խաղաղությունը, որ Հիսուսն է տալիս, մեզ թույլ է տալիս մահացությանը նայել հավերժության թանկարժեք հեռանկարի միջոցով և ապահովում է հոգևոր ամրություն (տես Կողոսացիս 1.23), որն օգնում է մեզ կայուն կիզակետում պահել մեր երկնային նպատակակետը: Ուստի, մենք կարող ենք օրհնված լինել՝ զսպելու մեր վախերը, որովհետև Նրա վարդապետությունը նպատակ և ուղղություն է ապահովում մեր կյանքի բոլոր կողմերի համար: Նրա արարողություններն ու ուխտերը ամրապնդում և սփոփում են թե լավ, թե վատ ժամանակներում: Իսկ Նրա քահանայության իշխանությունը երաշխիք է տալիս, որ ամենամեծ նշանակություն ունեցող բաները կարող են գոյատևել բոլոր ժամանակներում և հավերժության մեջ:

Բայց արդյո՞ք մենք կարող ենք զսպել մեր վախերը, որոնք այնքան հեշտությամբ և հաճախակի պաշարում են մեզ՝ մեր ժամանակակից աշխարհում: Այս հարցի պատասխանը պարզորոշ «այո» է: Երեք հիմնական սկզբունքներ կենտրոնական դեր են կատարում այս օրհնությունները մեր կյանքում ստանալու համար. (1) նայիր Քրիստոսին, (2) կառուցիր Քրիստոսի հիմքի վրա, և (3) առաջ գնա՝ հավատքով առ Քրիստոս:

Նայիր Քրիստոսին

Խորհուրդը, որ Ալման տվեց իր որդի Հելամանին, այսօր ճշգրտորեն կիրառելի է յուրաքանչյուրիս համար. «Եվ արդ, տես որ նայես առ Աստված և ապրես» (Ալմա 37.47): Մենք պետք է նայենք և մեր կենտրոնը հաստատուն կերպով ամրացնենք Փրկչի վրա՝ բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

Վերհիշեք, թե ինչպես Տիրոջ Առաքյալները նավի մեջ էին՝ ծովի մեջտեղում տարուբերվելով: Հիսուսը մոտեցավ նրանց՝ ջրի վրա քայլելով, բայց չճանաչելով Նրան՝ նրանք վախից աղաղակեցին:

«Հիսուսը խոսեց նորանց հետ և ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք:

Եվ Պետրոսը պատասխան տվավ նորան և ասեց. Տէ՜ր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մոտ գամ:

«Նա էլ ասեց, Եկ» (Մատթեոս 14.27–29):

Հետո Պետրոսը ջրերի վրայով քայլեց դեպի Հիսուսը: Բայց երբ նա տեսավ քամին սաստիկ է, վախեցավ, սկսեց ընկղմվել և աղաղակեց.

«Բայց երբ նա տեսավ քամին սաստիկ է, վախեցավ», սկսեց ընկղմվել և աղաղակեց.«Տէ՜ր, փրկիր ինձ»:

«Եվ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց և ասեց նորան. Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթէոս 14.30–31):

Ես պատկերացնում եմ, թե ինչպես Պետրոսը եռանդունորեն և անմիջապես պատասխանեց Փրկչի հրավերին: Աչքերը Հիսուսին հառած՝ նա իջավ նավից և հրաշքով քայլեց ջրի վրայով: Միայն, երբ նրա հայացքը շեղվեց քամու և ալիքների պատճառով, նա իրոք վախեցավ և սկսեց ընկղմվել:

Մենք կարող ենք օրհնվել՝ զսպելու մեր վախերը և ուժեղացնելու մեր հավատքը, երբ մենք հետևում ենք Տիրոջ հրահանգներին. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. Մի կասկածեք, մի վախեցեք» (ՎևՈւ 6.36):

Կառուցեք Հիսուս Քրիստոսի վեմի վրա

Հելամանը հորդորեց իր որդիներ Նեփիին և Լեքիին. « Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Արարողություններն ու ուխտերը այն շինանյութերն են, որոնք մենք օգտագործում ենք՝ կառուցելու մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վեմի և Նրա Քավության վրա: Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկչի հետ, երբ արժանիորեն ստանում ենք արարողությունները և մտնում ուխտի մեջ, հավատարմորեն հիշում և մեծարում ենք այդ սուրբ պարտականությունները և անում ենք լավագույնը՝ ապրելու պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունել ենք: Իսկ այդ կապը հոգևոր ուժն ու կայունությունն է մեր կյանքի բոլոր ժամանակներում:

Մենք կարող ենք օրհնված լինել՝ զսպելու մեր վախերը, երբ մենք ամուր կերպով ենք հիմնում մեր ցանկություններն ու արարքները Փրկչի ամուր հիմքի վրա՝ մեր արարողությունների և ուխտերի միջոցով:

Առաջ գնացեք Հիսուսի հանդեպ հավատքով

Նեփին հայտարարել է.«Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ։ Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Այս հատվածում նկարագրված կարգապահ դիմացկունությունը հոգևոր ըմբռնման և խորաթափանցության, հաստատակամության, համբերության և Աստծո ողորմածության արդյունք է: Հավատքի կիրառումը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, Նրա կամքին և ժամանակին խոնարհաբար հնազանդվելը մեր կյանքերում, և Նրա ձեռքը բոլոր բաներում խոնարհաբար ճանաչելը տալիս է Աստծո արքայության խաղաղարար բաները, որոնք բերում են ուրախություն և հավերժական կյանք (տես ՎևՈւ 42.61): Նույնիսկ երբ մենք հանդիպենք դժվարությունների և բախվենք ապագայի անորոշությունների հետ, մենք կարող ենք մնալ ուրախ և վարել «խաղաղ և հանդարտ կեանք, բոլոր աստուածպաշտութիւնով և սրբութիւնով (1 Տիմոթէոս 2.2):

Մենք կարող ենք օրհնվել՝ զսպելու մեր վախերը, երբ մենք ձեռք ենք բերում կայունություն , որը գալիս է սովորելուց և ավետարանի սկզբունքներով ապրելուց և վճռականորեն առաջ գնալով ուխտի ճանապարհով:

Տիրոջ երկյուղը

Վախերը, որ մենք հաճախ զգում ենք, տարբերվում կամ կապված են այն բանի հետ, ինչը սուրբ գրություններում հաճախ նկարագրված է որպես «վախ աստծուց» (Եբրայեցիս 12.28) կամ «Տիրոջ երկյուղը» (Յոբ 28.28, Առակաց 16.6, Եսայիա 11.2–3): Ի տարբերություն երկրային վախի, որն առաջացնում է տագնապ և անհանգստություն, աստծուց վախը խաղաղության, երաշխիքի և վստահության աղբյուր է:

Բայց ինչպես կարող է վախի հետ զուգորդվող որևէ բան լինել ուսուցողական կամ հոգևոր առումով օգտակար:

Արդար վախը, որ ես փորձում եմ նկարագրել, ընդգրկում է ակնածանքի, հարգանքի և պատկառանքի խորը զգացմունք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, (տես Սաղմոս 33.8, 96.4), հնազանդություն Նրա պատվիրաններին, (տես Երկրորդ Օրինաց 5.29, 8.6, 10.12, 13.4, Սաղմոս 112.1), և Նրա կողմից եկող Վերջին Դատաստանի և արդարության ակնկալիքը: Ուստի վախը աստծուց առաջանում է Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային էության և առաքելության ճիշտ ըմբռնումից, մեր կամքը Նրա կամքին հնազանդեցնելու պատրաստակամությունից և իմացությունից, որ ամեն տղամարդ ու կին Դատաստանի Օրը պատասխանատու կլինեն իրենց սեփական մեղքերի համար (տես ՎևՈւ 101.78, Հավատո հանգանակներ 1.2):

Ինչպես սուրբ գրություններն են վկայում, Աստծուց վախը «իմաստութեան սկիզբն է (Առակաց 1.7), «իմաստութեան խրատը» (Առակաց 15.33), «զօրեղ վստահությիւն» (Առակաց 14.26), և «կենաց աղբիւր» (Առակաց 14.27):

Խնդրում եմ նշեք, որ Աստծուց վախը անխզելիորեն կապված է Վերջին Դատաստանի ըմբռնման և մեր ցանկությունների, մտքերի, խոսքերի և գործողությունների համար մեր անհատական պատասխանատվության հետ (տես Մոսիա 4.30): Տիրոջից վախը հարկադրական պատկերացում չէ այն մասին, թե մենք գալիս ենք դատվելու Նրա ներկայության մեջ: Ես չեմ հավատում, որ մենք ընդհանրապես կվախենանք Նրանից: Ընդհակառակը, դա Նրա ներկայության մեջ մեզ վերաբերող բաների հետ դեմ առ դեմ կանգնելու հեռանկարն է, ինչպես որ դրանք իրականում կան՝ և «կատարյալ գիտելիք» ունենալը (2 Նեփի 9.14, տես Ալմա 11.43) մեր ողջ կատարելագործման, հավակնությունների և ինքնախաբեության մասին: Վերջի ի վերջո մենք կմնանք առանց պատրվակի:

Ամեն մարդ, ով ապրել է ու դեռ կապրի երկրի վրա «պիտի բերվի՝ կանգնելու Աստծո դատարանի առջև, որ դատվի նրա կողմից, համաձայն իր գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար» (Մոսիա 16.10): Եթե մեր ցանկությունները լինեն արդարության համար, և մեր գործերը՝ բարի, ապա դատաստանի պատնեշը հաճելի կլինի (տես Հակոբ 6.13, Ենովս 1.27, Մորոնի 10.34): Եվ վերջին օրը մենք «կհատուցվենք արդարությամբ» (Ալմա 41.6):

Ընդհակառակը, եթե մեր ցանկությունները լինեն չարակամ և մեր գործերը՝ չար, ապա դատաստանի պատնեշը կլինի սարսափի պատճառ: «Մենք չենք համարձակվի նայել վեր՝ առ Աստված, և մենք միանգամայն ուրախ կլինեինք, եթե կարողանայինք հրամայել ժայռերին ու լեռներին ընկնել մեզ վրա՝ թաքցնելու մեզ նրա ներկայությունից» (Ալմա 12.14): Եվ վերջին օրը մենք «կունենանք [մեր] հատուցումը չարից» (Ալմա 41.5):

Ինչպես եզրափակված է Ժողովողում.

«Աստուածանից վախեցիր և նորա պատվիրանքները պահիր. որովհետև սա է ամեն բան մարդիս համար:

«Որովհետև Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թե բարի թե չար» (Ժողովող 12.13–14):

Սիրելի եղբայրներ և քույրեր, աստծուց վախը փարատում է մահացու վախերը: Այն նույնիսկ ճնշում է տանջող մտահոգությունները, որ մենք երբեք չենք կարող հոգևոր առումով բավական լավը լինել և երբեք չենք համապատասխանի Տիրոջ պահանջներին և սպասելիքներին: Իրականում մենք չենք կարող բավական լավը լինել կամ համապատասխանել՝ ապավինելով բացառապես մեր կարողությանն ու գործողությանը: Միայն մեր գործերն ու ցանկությունները չեն փրկի և չեն կարող փրկել մեզ: «Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23), մենք կփրկվենք միայն ողորմածության և ներման միջոցով, որը հասանելի է Փրկչի անսահման և հավերժական զոհաբերության միջոցով (տես Ալմա 34.10, 14): Անշուշտ, «մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակներ 1.3):

Աստծուց վախը Նրան սիրելն ու վստահելն է: Երբ մենք վախենում ենք Աստծուց ավելի իրական, մենք սիրում ենք նրան ավելի կատարելապես: Իսկ «կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ» (Մորոնի 8.16): Ես խոստանում եմ, որ աստծուց վախի պայծառ լույսը կցրի մահկանացու վախի մութ ստվերները (տես ՎևՈւ 50.25), երբ մենք նայում ենք Փրկչին, Նրա վեմի վրա ենք կառուցում մեր հիմքը և առաջ ենք գնում նրա ուխտի ճանապարհով՝ նվիրված պարտականությամբ:

Վկայություն և խոստում

Ես սիրում և երկրպագում եմ Տիրոջը:Նրա զորությունն ու խաղաղությունն իրական են: Նա մեր Փրկիչն է, և ես վկայում եմ, որ նա ապրում է: Եվ նրա շնորհիվ մեր սրտերը չպետք է խռովվեն և վախենան (տես Հովհաննես 14.27), և մենք կօրհնվենք, որպեսզի զսպենք մեր վախերը: Ես այսպես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և նվիրական անունով, ամեն: