2015
Լցնել մեր տները լույսով և ճշմարտությամբ
Մայիս 2015


Լցնել մեր տները լույսով և ճշմարտությամբ

Աշխարհի ճնշումներին դիմակայելու համար մենք և մեր ընտանիքները պետք է լցված լինենք լույսով և ավետարանի ճշմարտությամբ։

Իմ սիրտը լցվեց Հոգով, մինչ ես լսում էի, թե ինչպես էին այս ընտանիքներն ուսուցանում այդ սուրբ ճշմարտությունը՝ «Ընտանիքն Աստծուց է»։1 Ոգեշնչված երաժշտությունը բազմաթիվ ուղիներից լոկ մեկն է, որի օգնությամբ մենք կարող ենք զգալ, որ Հոգին շշնջում է մեզ՝ լցնելով մեզ լույսով և ճշմարտությամբ։

Նկար
Woman with 1 can of soda that is crushed and one that is not.

Լույսով և ճշմարտությամբ լցված լինելու գաղափարն ինձ համար շատ կարևոր դարձավ տարիներ առաջ իմ ունեցած մի փորձառության շնորհիվ։ Ես հաճախել էի մի ժողովի, որտեղ Երիտասարդ Կանանց բարձրագույն խորհրդի անդամներն ուսուցանում էին հոգևոր առումով ուժեղ ընտանիքներ և տներ ստեղծելու մասին։ Պատկերավոր կերպով դա ցուցադրելու համար Երիտասարդ Կանանց ղեկավարներից մեկը ցուցադրեց սոդայի երկու տուփ։ Մի ձեռքում նա ուներ մի տուփ, որը դատարկ էր, և մյուս ձեռքում՝ տուփ, որը բացված չէր և լցված էր սոդայով։ Առաջինը, նա ձեռքում սեղմեց դատարկ տուփը. այն սկսեց ծռմռվել և չդիմացավ ուժի ազդեցությանը։ Հաջորդը, իր մյուս ձեռքով նա սեղմեց չբացված տուփը։ Այն փոփոխության չենթարկվեց։ Այն չծռմռվեց և չենթարկվեց ուժի ազդեցությանը դատարկ տուփի նման, քանի որ այն լիքն էր։

Մենք համեմատեցինք այս ցուցադրումը մեր անձնական կյանքի և մեր տների ու ընտանիքների հետ։ Երբ լցված ենք Հոգով և ավետարանի ճշմարտությամբ, մենք զորություն ենք ունենում դիմակայելու դրսից եկող աշխարհի ուժերին, որոնք շրջապատում և ճնշում են գործադրում մեզ վրա։ Սակայն, եթե մենք լցված չենք հոգևորապես, մենք չենք ունենում ներքին ուժ, դիմակայելու դրսի ճնշումներին և կարող ենք կործանվել, երբ ուժերը ճնշում են գործադրում մեզ վրա։

Սատանան գիտի, որ աշխարհի ճնշումներին դիմակայելու համար մենք և մեր ընտանիքները պետք է լցված լինենք լույսով և ավետարանի ճշմարտությամբ։ Ուստի, նա անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թուլացնի, աղավաղի և կործանի ավետարանի ճշմարտությունը և մեզ հեռու պահի այդ ճշմարտությունից։

Մեզանից շատերը մկրտվել և ստացել են Սուրբ Հոգու պարգևը, որի դերն է՝ հայտնել և ուսուցանել ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ։2 Այդ պարգևի արտոնության հետ միասին գալիս է նաև ճշմարտությունը փնտրելու, մեր իմացած ճշմարտության համաձայն ապրելու և ճշմարտությամբ կիսվելու և այն պաշտպանելու պատասխանատվությունը։

Վայրերից մեկը, որտեղ մենք լավագույնս կարող ենք լցվել լույսով և ճշմարտությամբ, մեր իսկ տներն են։ Մեր լսած երգի կրկներգի բառերը հիշեցնում են մեզ. «Աստված մեզ ընտանիքներ տվեց, որ օգնի դառնալու այն, ինչ Նա է ուզում, որ լինենք»։3 Ընտանիքները Տիրոջ արհեստանոցներն են երկրի վրա, որտեղ Նա օգնում է մեզ սովորել ավետարանը և ապրել ավետարանին համաձայն։ Մենք գալիս ենք մեր ընտանիքներ սրբազան պարտականությամբ՝ օգնելու ամրացնել միմյանց հոգևորապես։

Ամուր հավերժական ընտանիքները և Հոգով լցված տները պատահական չեն ստացվում։ Դրանք մեծ ջանքեր են պահանջում, դրանք ժամանակ են պահանջում, և դրանք ընտանիքի յուրաքանչյուր անդամից պահանջում են կատարել իրենց մասը։ Յուրաքանչյուր տուն տարբեր է, սակայն յուրաքանչյուր տանը, որտեղ նույնիսկ մեկ անհատը ճշմարտություն է փնտրում, կարող է շատ բան փոխվել։

Մեզ մշտապես խորհուրդ են տալիս ավելացնել մեր հոգևոր գիտելիքները աղոթքի, սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերն ուսումնասիրելու և դրանց շուրջ խորհելու միջոցով։ Գերագույն համաժողովի ժամանակ լույսի և ճշմարտության մասին վկայություն ստանալու վերաբերյալ իր ելույթում Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է․

«Հավերժական և Ամենակարող Աստվածը … կխոսի նրանց հետ, ովքեր կխնդրեն իրեն մաքուր սրտով և անկեղծ միտումով։

Նա կխոսի նրանց հետ երազների, տեսիլքների, մտքերի և զգացմունքների միջոցով»։

Նախագահ Ուխդորֆը շարունակել է․ «Աստված մտահոգվում է ձեզ համար։ Նա կլսի և Նա կպատասխանի ձեր անձնական հարցերին։ Ձեր աղոթքների պատասխանները կգան Նրա ձևով և Նրա ժամանակին, և, ուստի, դուք պետք է սովորեք լսել Նրա ձայնը»։4

Մի կարճ ընտանեկան պատմություն պարզաբանում է այս խորհուրդը։

Մի քանի ամիս առաջ ես կարդացի իմ նախապապի քրոջ՝ Էլիզաբեթ Ստահելի Վաքերի վկայությունը։ Մանուկ հասակում Էլիզաբեթն իր ընտանիքի հետ միասին Շվեյցարիայից ներգաղթել էր Ամերիկա։

Ամուսնանալուց հետո Էլիզաբեթը և նրա ամուսինն ու երեխաներն ապրում էին Յուտայում՝ Նևադայի սահմանի մոտ, որտեղ նրանք փոստային ծառայություններ էին կատարում։ Նրանց տունը ճանապարհին օթևան գտնելու վայր էր ճամփորդների համար։ Ողջ օրվա և գիշերվա ընթացքում նրանք պետք է պատրաստ լինեին ճամփորդների համար ուտելիք պատրաստելուն և մատուցելուն։ Դա դժվարին, հոգնեցուցիչ աշխատանք էր և նրանք քիչ էին հանգստանում։ Սակայն ամենաշատը Էլիզաբեթին մտահոգում էին այն մարդկանց խոսակցությունները, ում հետ նրանք շփվում էին։

Էլիզաբեթն ասում էր, որ մինչ այդ պահը նա հարցականի տակ չէր դնում այն փաստը, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը լիազորված էր Աստծո կողմից անելու այն, ինչ արել էր, և որ նրա ուղերձը կյանքի և փրկության ծրագիրն էր։ Սակայն այդ պահին ունեցած կյանքի փորձառություններից և ոչ մեկը չէին ամրապնդում այդ համոզմունքները։

Ճամփորդներից ոմանք, ովքեր կանգ էին առնում իրենց մոտ, շատ կարդացած, կրթված, խելացի մարդիկ էին և նրա սեղանի շուրջ նրանք միշտ խոսում էին այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը «խորամանկ խաբեբա» էր, ով ինքն էր գրել Մորմոնի Գիրքը և ապա տարածել էր այն գումար վաստակելու նպատակով։ Նրանց համար այլ կերպ մտածելն անհեթեթություն էր և նրանք հայտարարում էին, «որ մորմոնիզմն անմտություն է»։

Այս բոլոր խոսակցությունները ստիպում էին Էլիզաբեթին զգալու իրեն մեկուսացված և միայնակ։ Չկար մեկը, ում հետ նա կարող էր խոսել, ժամանակ չկար նույնիսկ իր աղոթքներն ասելու համար, չնայած, որ նա աղոթում էր աշխատելիս։ Նա չափազանց վախեցած էր որևէ բան ասելու համար նրանց, ովքեր ծաղրում էին իր կրոնը։ Նա ասում էր, որ ստիպված էր ձևացնելու, թե նրանք ճիշտ բաներ էին ասում, և նա զգում էր, որ չէր կարող պաշտպանել իր համոզմունքները, եթե անգամ փորձեր։

Նկար
Pioneer Family in front of a log home

Հետագայում Էլիզաբեթը և նրա ընտանիքը տեղափոխվեցին։ Էլիզաբեթը պատմում է, որ նա ավելի շատ ժամանակ ուներ մտածելու համար և որ իրեն նախկինի պես անընդհատ չէին շեղում։ Նա հաճախ իջնում էր նկուղ և աղոթում էր Երկնային Հորն այն մասին, ինչն անհանգստացնում էր իրեն. այն պատմությունների մասին, որոնք խելացի թվացող մարդիկ էին պատմել, թե իբր ավետարանն անմտություն էր, ինչպես նաև պատմություններ Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին։

Մի գիշեր Էլիզաբեթը երազ տեսավ: Նա պատմեց. «Կարծես թե ես կանգնած էի նեղ ճանապարհի եզրին, որը գտնվում էր բլրի ստորոտում: Բլրի լանջին ես տեսա մի մարդ, ով ցած էր նայում և խոսում էր, կամ թվում էր, թե խոսում էր մի պատանու հետ, ով ծնկի էր իջել և կռացել մի փոսի վրա։ Նրա ձեռքերն առաջ էին մեկնված, և թվում էր, թե նա ինչ-որ բան էր հանում փոսից։ Ես կարողանում էի տեսնել քարե մի խուփ, որը հավանաբար հանվել էր փոսից, որի վրա կռացել էր տղան։ Ճանապարհին շատ մարդիկ կային, սակայն նրանցից ոչ մեկը բոլորովին չէր հետաքրքրվում բլրի լանջին գտնվող երկու մարդկանցով։ Մի բան կար, որը եկավ երազի հետ միասին, որն այնքան ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա, որ ես անմիջապես արթնացա: … Ես չէի կարող պատմել իմ երազը որևէ մեկին, սակայն, կարծես, ես համոզված էի, որ դրա նշանակությունը կայանում էր նրանում, որ Մորոնի հրեշտակը ցուցումներ էր տալիս պատանի Ջոզեֆին այն պահին, երբ նա վերցնում էր թիթեղները»։

1893թ. գարնանը Էլիզաբեթը գնաց Սոլթ Լեյք Սիթի՝ տաճարի նվիրագործմանը։ Նա նկարագրել է իր փորձառությունը. «Այնտեղ ես տեսա նույն պատկերը, որը տեսել էի իմ երազում։ Կարծում եմ, դա խճապակյա պատուհան էր։ Ես վստահ էի, որ եթե իրականում տեսնեի Կումորա Բլուրը, այն ավելի բնական չէր երևա։ Ես համոզված եմ, որ երազում ինձ ցույց էր տրվել այն պատկերը, երբ Մորոնի հրեշտակը ոսկե թիթեղները տալիս էր Ջոզեֆ Սմիթին»։

Նկար
Old portrait of Elizabeth Staheli

Այս երազը տեսնելուց հետո տարիներ անց և 88 տարեկան հասակում նրա մահանալուց մի քանի ամիս առաջ Էլիզաբեթը զորեղ տպավորություն ստացավ։ Նա ասել է. «Մի միտք տրվեց ինձ այնքան պարզ … ասես մեկն ասաց ինձ. «Մի թաղիր քո վկայությունը հողի մեջ»»։5

Սերունդներ անց, Էլիզաբեթի սերունդները շարունակում են ուժ ստանալ նրա վկայությունից։ Էլիզաբեթի նման մենք էլ ապրում ենք բազում կասկածամիտների և քննադատների աշխարհում, ովքեր ծաղրում և դեմ են դուրս գալիս այն ճշմարտություններին, որոնք շատ թանկ են մեզ համար։ Մենք կարող ենք լսել շփոթեցնող պատմություններ և հակասական ուղերձներ։ Էլիզաբեթի նման մենք նույնպես պետք է անենք մեր լավագույնը, հենվելով այն լույսի և ճշմարտության վրա, որն ունենք ներկա պահին, հատկապես բարդ իրավիճակներում։ Մեր աղոթքների պատասխանները միգուցե չտրվեն աչքի զարնող միջոցներով, սակայն մենք պետք է գտնենք լուռ պահեր՝ ավելի մեծ լույս և ճշմարտություն փնտրելու համար։ Եվ երբ մենք ստանում ենք այն, մեր պարտականությունն է՝ ապրել դրանով, կիսվել դրանով և պաշտպանել այն։

Ես թողնում եմ ձեզ իմ վկայությունը, որ ես գիտեմ, որ երբ մենք լցնում ենք մեր սրտերը և տները Փրկչի լույսով և ճշմարտությամբ, մենք կունենանք ներքին ուժ՝ դիմակայելու ցանկացած իրավիճակում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Նշում. 2015թ. ապրիլի 4-ին քույր Էսփլինն ազատվել է Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականի իր կոչումից և կանչվել է որպես առաջին խորհրդական:

Հղումներ

  1. «Ընտանիքն Աստծուց է», 2014 Միացյալ ժամի ծրագիր․ Ընտանիքները հավերժ են. 2014թ. Միացյալ ժամի ծրագիր (2013), 28–29։

  2. Տես Մորոնի 10․5։

  3. «Ընտանիքն Աստծուց է»։

  4. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Լիահոնա, նոյ. 2014, 21։

  5. Elizabeth Staheli Walker, “My Testimony, Written for My Children and Their Children after I Am Gone,” 1939, 22–26, University of Nevada, Las Vegas, Special Collections; կետադրությունը, մեծատառերը և ուղղագրությունը ստանդարտացված են: