2015
Օղակված Նրա քնքուշ բազուկներում
Մարտ 2015


Առաջին Նախագահության Ուղերձ, մարտ 2015

Օղակված Նրա քնքուշ բազուկներում

Շատերի նման ես էլ հաճախ ոգեշնչվել եմ արվեստի գեղեցիկ գործերով և երաժշտությամբ: Նման մի առիթ եղավ, երբ ես կանգնած էի մի հիանալի նկարի առջև, որի հեղինակը դանիացի նկարիչ Ֆրանց Շվարցն էր, որը կոչվում էր Պարտեզում տարած տառապանքը:1

Այս տխուր, բայց գեղեցիկ նկարում պատկերված է Գեթսեմանիի Պարտեզում ծնկի եկած Փրկիչը: Մինչ Նա աղոթում է, մի հրեշտակ է կանգնում Նրա կողքին` քնքշորեն գրկելով Նրան, առաջարկելով մխիթարություն, երկնային օգնություն և աջակցություն:

Որքան երկար եմ ես մտորում այս նկարի շուրջ, այնքան ավելի շատ են իմ սիրտն ու միտքը լցվում քնքշության և երախտագիտության աննկարագրելի զգացմունքներով: Ես կարողանում եմ նվազագույն չափով զգալ, թե ինչ է նշանակում ներկա գտնվել այնտեղ, երբ Փրկիչը սկսեց Իր մահկանացու կյանքի մեծ կիզակետային աշխատանքը` Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը: Ես հիանում եմ անսահման սիրով և կարեկցանքով, որ Հայրն ունի Իր զավակների հանդեպ: Ես լցված եմ խորը երախտագիտությամբ այն ամենի համար, որ անմեղ Որդին արեց ողջ մարդկության և ինձ համար:

Աստծո Որդու զոհաբերությունը

Ամեն տարի այս ժամանակաշրջանում մենք հիշում և խորհում ենք զոհաբերության մասին, որը Հիսուս Քրիստոսը կատարեց ողջ մարդկության համար:

Այն, ինչ Փրկիչն արեց մեզ համար Գեթսեմանիից սկսած մինչև Գողգոթա, վեր է հասկանալու իմ ունակությունից: Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերի բեռը և վճարեց հավերժական և պարտավորեցնող փրկագին ոչ միայն Ադամի առաջին օրինազանցության համար, այլ նաև միլիարդավոր հոգիների մեղքերի և օրինազանցությունների համար, ովքեր երբևիցե ապրել են: Այս հավերժական, սրբազան զոհաբերությունը ստիպեց «նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով» (ՎևՈՒ 19.18):

Նա տառապեց ինձ համար:

Նա տառապեց ձեզ համար:

Իմ հոգին լցվում է երախտագիտությամբ, երբ ես խորհում եմ այս զոհաբերության թանկագին իմաստի մասին: Ինձ խոնարհեցնում է իմանալը, որ բոլորը, ովքեր ընդունում են այս պարգևը և խոնարհ սրտով դառնում են դեպի Նա, կարող են ներվել և մաքրվել իրենց մեղքերից, անկախ այն բանից, թե որքան մեծ է նրանց ունեցած բիծը կամ որքան ծանր է նրանց բեռը:

Մենք կարող ենք ևս մեկ անգամ դառնալ անբիծ ու մաքուր: Մենք կարող ենք փրկվել մեր սիրելի Փրկչի հավերժական զոհաբերության միջոցով:

Ո՞վ կմխիթարի մեզ:

Չնայած, որ մեզանից ոչ մեկը երբևէ ստիպված չի լինի տանելու այնքան խորը տառապանք, ինչպիսին տարավ մեր Տերը, մեզանից յուրաքանչյուրը կունենա մեր սեփական խավար ու դառը ժամերը. պահեր, երբ մեր վիշտն ու տառապանքը կարող են թվալ ավելի մեծ, քան մենք կարող ենք տանել: Կլինեն պահեր, երբ մեր մեղքերի ծանրությունը և խղճի խայթը անողոքաբար կճնշեն մեզ:

Նույնիսկ այդ դեպքերում, եթե մենք այդ պահերին բարձրացնենք մեր սրտերն առ Տերը, Նա անշուշտ կիմանա և կհասկանա: Նա, ով այդքան անձնուրաց կերպով տառապեց մեզ համար պարտեզում և խաչի վրա, մեզ չի թողնի անմխիթար վիճակում հիմա: Նա կզորացնի, կքաջալերի և կօրհնի մեզ: Նա կօղակի մեզ Իր քնքուշ բազուկներում:

Նա մեզ համար կլինի ավելին, քան հրեշտակը:

Նա կբերի մեզ օրհնյալ մխիթարություն, բուժում, հույս և ներում:

Քանի որ Նա մեր Քավիչն է:

Մեզ Ազատողը:

Մեր ողորմած Փրկիչը և մեր օրհնյալ Աստվածը:

Հղում

  1. Քահանան, ով խոսել է Ֆրանս Շվարցի հուղարկավորման ժամանակ, ասել է. «Նրա արվեստն աստվածային օժտում ուներ և թվում էր ավելի աժեքավոր, քան շատ քարոզներ» (Emmilie Buchanan-Whitlock, “History of Artists’ Lives Gives Greater Context for Exhibit,” Deseret News, Sept. 29, 2013, deseretnews.com):

Ուսուցանում այս ուղերձից

Նախքան ուսուցանելը փնտրեք Հոգու առաջնորդությունը, որպեսզի այն օգնի ձեզ հասկանալ նրանց յուրահատուկ կարիքները, ում ուսուցանում եք: Երբ դուք կիսվեք Նախագահ Ուխդորֆի ուղերձով, վկայեք Փրկչի և Նրա փրկագնող զոհաբերության մասին: Խորհեք, թե ինչպես կարող եք հարցնել նրանց, ում դուք սովորեցնում եք, թե ինչ նշանակություն ունի նրանց համար Նրա Քավությունը և թե ինչպես են նրանք զգացել Տիրոջ մխիթարությունը իրենց «խավար և դառը ժամերի» ընթացքում: