2014
Հավերժական կյանք. իմանալ մեր Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին
Նոյեմբեր 2014


Հավիտենական կյանք. իմանալ մեր Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին

Աստված և Քրիստոսը բառացիորեն Հայր ու Որդի են՝ առանձին, տարբեր, անհատական էակներ, ովքեր ամբողջությամբ միավորված են իրենց նպատակով։

Շատ տարիներ առաջ ես հնարավորություն ունեցա ուսումնասիրել յուրաքանչյուր տնտեսության մարգարեների վերջին վկայությունները։ Նրանցից յուրաքանչյուրն իր զորեղ վկայությունը բերեց Հայր Աստծու և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։

Տարիների ընթացքում այդ և շատ այլ նմանատիպ վկայություններ կարդալով, այն մշտապես հուզում էր ինձ, թե որքան շատ էր Երկնային Հայրը սիրում Իր ավագ Որդուն, և թե ինչպես էր Հիսուսը Իր հնազանդության միջոցով իր սերը ցույց տալիս Իր Հոր կամքին։ Ես վկայում եմ, որ եթե մենք անենք հնարավորինս, որպեսզի իմանանք նրանց և իմանանք միմյանց հանդեպ նրանց սերը, մենք ձեռք կբերենք «պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից», նույնիսկ հավերժական կյանքը։1 Քանի որ «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած․ Եվ նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին»։2

Ինչպե՞ս կարող է այդ պարգևը մերը լինել։ Այն գալիս է անձնական հայտնության շնորհիվ, որի մասին այս առավոտ խոսվել ու ուսուցանվել է։

Արդյոք հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ իմացաք, որ կա Աստված և կարողացաք զգալ Նրա սերը։ Պատանի հասակում ես սևեռուն հայացքով նայում էի աստղազարդ երկնքին և խորհում ու զգում Նրա ներկայությունը։ Ես ոգևորվում էի, երբ ուսումնասիրում էի Աստծո ստեղծագործությունների, փոքրիկ միջատներից մինչև սլացիկ ծառերի հրաշագեղ գեղեցկությունը։ Երբ ես ճանաչեցի այս երկրի գեղեցկությունը, ես իմացա, որ Երկնային Հայրը սիրում է ինձ։ Ես գիտեի, որ բառացիորեն ես հոգևոր զավակ էի, որ մենք բոլորս էլ Աստծո որդիներն ու դուստրերն ենք։

Դուք միգուցե հարցնեք, թե ինչպե՞ս ես իմացա դա։ Սուրբ գրություններն ուսուցանում են․ «Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և … Մյուսներին տրված է հավատալ նրանց խոսքերին, որ նրանք նույնպես կարողանան հավերժական կյանք ունենալ, եթե հավատարմորեն շարունակեն»3 Իմ կարծիքով, դա չի նշանակում, որ որոշ մարդիկ պետք է հավերժ կախված լինեն ուրիշների վկայություններից։

Իմ անձնական վկայությունն աճեց, երբ ես Երկնային Հոր և Փրկչի մասին իմացա իմ ծնողների, ուսուցիչների, սուրբ գրությունների, որոնք ես ջանասիրորեն կարդում էի, և հատկապես Սուրբ Հոգու ուսմունքներից և վկայությունից։ Հավատք գործադրելով և պատվիրաններին հնազանդվելով, Սուրբ Հոգին վկայեց, որ այն ինչ ես սովորում էի, ճշմարիտ էր։ Ահա այդպես ես ինքս իմացա այդ բաները։

Այդ գործընթացում անձնական հայտնության փնտրումը բանալին է։ Նեփին հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին՝ «սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:4

Նախքան ութ տարեկանս կլրանար, ես ձգտեցի ավելի շատ բան իմանալ մկրտության վերաբերյալ։ Ես կարդացի սուրբ գրություններն ու աղոթեցի։ Ես իմացա, որ ես կստանամ Սուրբ Հոգու պարգև, երբ մկրտվեմ։ Ես նույնպես սկսեցի հասկանալ, որ Աստվածը և Քրիստոսը բառացիորեն Հայր ու Որդի են՝ առանձին, տարբեր, անհատական էակներ, ովքեր ամբողջությամբ միավորված են իրենց նպատակով։ «Մենք սիրում ենք [Նրանց], որովհետև սկզբում [Նրանք] սիրեցին մեզ»։5 Եվ կրկին ու կրկին անգամ ես նկատեցի, թե ինչպես են Նրանք սիրում միմյանց և միասին գործում մեր բարիքի համար։ Լսեք սուրբ գրություններից մի քանիսը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը․

Մեր նախամահկանացու կյանքի մասին ուսուցանելիս, Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսին դիմեց, որպես «իմ Սիրելի Որդին, որն իմ Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե»։6 Երբ Հայրը ստեղծեց երկիրը, նա դա արեց «[Իր] Միածին» Որդով։7

Հիսուսի Մայր՝ Մարիամին, ասեցին, որ նա կծնի «Բարձրեալի Որդուն»։8 Եվ երբ Հիսուսը պատանի էր, Նա Իր մորն ասաց, որ Նա «պետք է» [Իր] Հօր տանը լիներ»։9 Տարիներ անց, երբ Փրկիչը մկրտվեց, Երկնային Հայրը երկինքներից խոսեց, ասելով․ «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»։10

Իր աշակերտներին աղոթք սովորեցնելիս, Հիսուսն ասաց հետևյալ խոսքերը․

«Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը։

Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերա»։11

Նա Նիկոդեմոսին ուսուցանեց․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»։12 Եվ Նա բացատրեց Իր հրաշքներն ասելով․ «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում»։13

Քավության ժամը մոտենալիս, Հիսուսն աղոթեց ասելով․ «Հայր, ժամը հասել է, … Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ»։14 Այնուհետև, երբ մեր մեղքերի բեռն ընկավ Նրա վրա, Նա աղաչեց՝ «Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»։15 Խաչի վրա իր վերջին րոպեներին, Հիսուսն աղոթեց․ «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում», հետո լաց եղավ «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում»։16

Հետո Նա հոգիների աշխարհում այցելեց այն հոգիներին, որոնք մահացել էին, որպեսզի նրանց տար․ «զորություն, որ առաջ գան, մեռելներից իր հարությունից հետո, և մտնեն իր Հոր արքայությունը»:17 Փրկչի հարությունից հետո, Նա հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն, ասելով՝ «Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ»։18

Երբ Նա այցելեց Ամերիկյան մայրցամաքի ժողովրդին, Նրա Հայրը ներկայացրեց Նրան ասելով․ «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը»։19 Երբ Հիսուսը տաճարի մոտ իջավ մարդկանց մեջ, Նա Իրեն ներկայացրեց, ասելով․ «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը … ես … փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը»։20 Երբ Նա ուսուցանեց Իր վարդապետությունը, Նա բացատրեց․

«Եվ այս է իմ վարդապետությունը, և դա այն վարդապետությունն է, որը Հայրը տվել է ինձ. և ես վկայում եմ Հոր մասին, և Հայրը վկայում է իմ մասին»։21

«Ճշմարիտ … և Հայրը և ես մեկ ենք»։22

Կարո՞ղ ենք այս սուրբ գրություններում տեսնել օրինակներ, որոնք վկայում են, որ Հայրը և Որդին առանձին մարդիկ ու էակներ են։ Ապա, ինչպե՞ս են «նրանք մեկ»։ Ոչ թե, որ նրանք միևնույն անձնավորությունն են, այլ Նրանք միավորված են նպատակով, երկուսն էլ հավատարիմ, որպեսզի «իրականացն[են] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։23

Հիսուսն Աստված է, այդուհանդերձ նա շարունակաբար Իրեն զատում է, որպես առանձին, անհատ էակ՝ աղոթելով Իր Հորը և ասելով, որ Նա կատարում է Իր Հոր կամքը։ Նեփիացիների մեջ Իր ծառայության ժամանակ, Նա աղոթեց․ «Հա՛յր, ես չեմ աղոթում աշխարհի համար, այլ նրանց համար, ում դու տվել ես ինձ աշխարհից … որպեսզի ես կարողանամ լինել նրանցում, ինչպես դու, Հայր, ինձանում ես, որպեսզի մենք մեկ լինենք, որ ես կարողանամ փառավորվել նրանցով»։24

Ի նկատի ունենալով դա, մենք չենք զարմանա նրանից, որ ավետարանի վերականգնումը սկսվում է ոչ թե մեկ, այլ երկու փառավորված էակների հայտնվելով։ Իր առաջին տեսիլքում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը վկայում է․ «Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան։»25

Երիտասարդ մարգարեն, ով անսասան հավատքով այդ պուրակ գնաց իմանալու համար, թե որ եկեղեցուն պետք է միանար, դուրս եկավ այդտեղից գիտելիքով և վկայությամբ՝ միակ ճշմարիտ Աստծո և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, ում Աստված ուղարկել էր։ Ջոզեֆն ինչպես իրեն նախորդող մարգարեները, գործիք դարձավ աշխարհի համար վերականգնելու այն գիտելիքը, որն առաջնորդում է դեպի հավերժական կյանք։

Դուք նույնպես կարող եք փնտրել մեր Երկնային Հորը և «այս Հիսուսին, որի մասին [վկայել] են մարգարեներն ու առաքյալները»26 սուրբ գրություններում և այս գերագույն համաժողովի ժամանակ։ Երբ փնտրեք անձնական վկայություն, անձնական հայտնություն, դուք կբացահայտեք, որ Երկնային Հայրը հատուկ ուղի է պատրաստել ձեզ համար, որպեսզի դուք ինքներդ իմանաք ճշմարտությունը՝ Աստվածագլխի երրորդ անդամի, հոգեղեն մի անձնավորության միջոցով, որին մենք ճանաչում ենք որպես Սուրբ Հոգի։

«Եվ երբ դուք ստանաք այս բաները», այդ թվում և այն, ինչով ես կիսվեցի ձեզ հետ, «ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»։

«Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ [անշուշտ] ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։27

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք այս գիտելիքը փնտրենք հիմա։ Մարգարե Հելամանի խոսքերը փոշու միջից աղաղակում են․ «Հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը … , հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»։28 Անշուշտ, մենք չենք ընկնի։

Այդ հաստատուն հիմքը Հիսուս Քրիստոսն է։ Նա է «Երկնքի Վեմը»։29 Երբ մենք մեր տունը կառուցում ենք Նրա վրա, վերջին օրերի անձրևները կթափվեն, ջրհեղեղներ կլինեն և քամիներ կփչեն, սակայն մենք չենք ընկնի։ Մենք չենք ընկնի, քանի որ մեր տունն ու մեր ընտանիքները հիմնված են Քրիստոսի վրա։30

Ես վկայում եմ, որ այդպիսի տունը «փառքի տուն» է։31 Այդտեղ ենք մենք միասին հավաքվում աղոթելու մեր Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսի՝ Իր սիրելի Որդու անունով։ Այդտեղ ենք մենք փառավորում և մեր երախտիքը հայտնում Նրանց։ Այդտեղ ենք մենք ստանում Սուրբ Հոգին և «խոստումը, որը [նա] տալիս [է մեզ], որը հավերժական կյանքն է, այսինքն՝ սելեստիալ արքայության փառքը»։32

Ես իմ հատուկ վկայությունն եմ բերում, որ մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսն է, որ Նա ապրում է, որ մեր հավերժական Երկնային Հայրը սիրում է մեզ և հոգ է տանում մեզ համար, որ մենք ունենք մարգարե, Թոմաս Ս․ Մոնսոնը, ով առաջնորդում և ցուցումներ է տալիս մեզ։ Սուրբ Հոգին վկայում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են այդ իմացությունը, որ դա ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։