2014
Հաղորդություն` հոգու վերանորոգում
Նոյեմբեր 2014


Հաղորդություն՝ հոգու վերանորոգում

Հոգին բուժում և վերանորոգում է մեր հոգիները: Հաղորդության խոստացած օրհնությունն այն է, որ մենք «նրա Հոգին միշտ [մեզ] հետ [կունենանք]»:

Երիտասարդ կանանց մի խումբ մի անգամ հարցրեց ինձ. «Ի՞նչ կցանկանայիք իմացած լինել, երբ դուք մեր տարիքում էիք»: Եթե ես այժմ պատասխանեի այդ հարցին, ես կներառեի այս միտքը. «Ես կցանկանայի ձեր տարիքում ավելի լավ հասկացած լինեի հաղորդության կարևորությունը: Երանի թե հասկանայի հաղորդությունն այնպես, ինչպես նկարագրել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը: Նա ասել է. «Հաղորդության արարողության հատուկ հրավերներից մեկն այն է, որ այն պետք է լինի կատարելապես հոգևոր փորձառություն, սուրբ հաղորդություն, հոգու վերանորոգում»:1

Ինչպե՞ս կարող է հաղորդությունը ամեն շաբաթ «լինել իսկապես հոգևոր փորձառություն, սուրբ հաղորդություն, հոգու վերանորոգում»:

Հաղորդությունը դառնում է հոգևորապես ամրացնող փորձառություն, երբ մենք լսում ենք հաղորդության աղոթքները և վերանորոգում ենք մեր ուխտերը: Սա անելու համար մենք պետք է հոժար լինենք վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա:2 Խոսելով այս խոստման մասին, Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Դա նշանակում է, որ մենք պետք է տեսնենք մեր մեջ Նրան: Մենք Նրան մեր կյանքում կդնենք առաջին տեղում: Մենք կցանկանանք այն, ինչ Նա է ցանկանում, և ոչ թե այն, ինչ մենք ենք ցանկանում, կամ այն, ինչ աշխարհն է մեզ սովորեցնում ցանկանալ»:3

Երբ մենք վերցնում ենք հաղորդությունը, մենք նաև ուխտում ենք «միշտ հիշել»4 Հիսուս Քրիստոսին: Իր խաչելության նախորդ գիշերը Քրիստոսը հավաքեց Իր Առաքյալներին Իր շուրջը և հիմնեց հաղորդությունը: Նա կտրեց հացը, օրհնեց այն և ասաց. «Առէք կերէք, այս է իմ մարմինը, որը ես տալիս եմ որպես փրկագին ձեզ համար»:5 Ապա Նա վերցրեց գինու բաժակը, գոհացավ, տվեց Իր Առաքյալներին, որ խմեն և ասաց. «Այդ է իմ արիւնը … , որ թափվում է շատերի համար, ովքեր կհավատան իմ անվանը»:6

Նեփիացիների մեջ և կրկին վերջին օրերում Իր Եկեղեցու Վերականգնման ժամանակ Նա կրկնեց, որ մենք պետք է վերցնենք հաղորդությունն ի հիշատակ Իրեն:7

Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Աստծուն, որ մենք կհիշենք Նրա Որդուն մշտապես, այլ ոչ թե միայն հաղորդության արարողության կարճ ընթացքում: Սա նշանակում է, որ մենք միշտ պետք է նայենք Փրկչի օրինակին և ուսմունքներին, որպեսզի դրանք առաջնորդեն մեր մտքերը, մեր ընտրությունները և մեր գործերը:8

Հաղորդության աղոթքը նաև հիշեցնում է մեզ, որ մենք պետք է «պահենք նրա պատվիրանները»:9

Հիսուսն ասել է. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»:10 Հաղորդությունը մեզ հնարավորություն է տալիս ինքներս մեզ քննելու և դարձնելու մեր սիրտը և կամքն առ Աստված: Երբ հնազանդվում ենք պատվիրաններին, մեր կյանքը լցվում է ավետարանի զորությամբ և ավելի մեծ խաղաղությամբ ու հոգևոր ուժով:

Հաղորդությունը ժամանակ է տրամադրում լիարժեք հոգևոր փորձառության համար, երբ մենք խորհում ենք Փրկչի Քավության միջոցով մեզ տրված փրկող և հնարավորություն տվող զորության մասին: Երիտասարդ Կանանց ղեկավարներից մեկը վերջերս զգացել էր այն ուժը, որը մենք ստանում ենք, երբ փորձում ենք հաղորդությունը ճաշակելիս խորհել դրա նշանակության մասին: Աշխատելով կատարել Անձնական Զարգացման պահանջներից մեկը, նա նպատակ դրեց կենտրոնացնել իր ուշադրությունը հաղորդության օրհներգերի և աղոթքների վրա:

Ամեն շաբաթ նա հաղորդության ժողովի ընթացքում փորձում էր գնահատել իր արարքները: Նա վերհիշում էր իր կատարած սխալները և պարտավորվում էր ավելի լավը լինել հաջորդ շաբաթ: Նա երախտապարտ էր, որ կարող էր ուղղել իր սխալները և մաքրվել: Հետ նայելով այդ փորձառությանը, նա ասել է. «Ես աշխատում էի Քավության ապաշխարության վրա»:

Մի կիրակի իր արարքները քննելուց հետո նա սկսեց հուսահատություն և հոռետեսություն զգալ: Նա տեսնում էր, որ կատարում էր նույն սխալները կրկին ու կրկին, շաբաթը շաբաթի հետևից: Բայց հետո նա հստակ ոգեշնչում ունեցավ, որ անտեսում էր Քավության մի մեծ մաս՝ Քրիստոսի հնարավորություն տվող զորությունը: Նա մոռանում էր այն բոլոր դեպքերը, երբ Փրկիչն օգնել էր իրեն լինել այն անձնավորությունը, ով նա պետք է լիներ, և ծառայել իր սեփական կարողությունից առավել:

Խորհելով այս ամենի շուրջ, նա կրկին մտածեց նախորդ շաբաթվա մասին: Նա ասաց. «Երջանկության մի զգացում պատեց ինձ իմ տրտմության փոխարեն, երբ ես նկատեցի, որ Նա տվել էր ինձ բազում հնարավորություններ և կարողություններ: Ես երախտագիտությամբ նկատեցի իմ երեխայի կարիքը նկատելու իմ կարողությունը, երբ այն ակնհայտ չէր: Ես նկատեցի, որ այն օրը, երբ կարծում էի, որ այլևս ոչ մի բան չեմ կարող անել, ես կարողացա գոտեպնդող խոսքեր ասել իմ ընկերոջը: Ես համբերություն էի ցուցաբերել մի իրավիճակում, որը սովորաբար հակառակ արձագանք կգտներ իմ կողմից»:

Վերջում նա նշում է. «Երբ ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն իմ կյանքում Փրկչի հնարավորություն տվող զորության համար, ես շատ ավելի լավատեսական զգացումներ ունեցա ապաշխարության գործընթացի հանդեպ, որի վրա ես աշխատում էի, և ես նայեցի դեպի հաջորդ շաբաթը վերանորոգված հույսով»:

Երեց Մելվին Ջ. Բալլարդն ուսուցանել է, թե ինչպես կարող է հաղորդությունը լինել բուժող և մաքրող փորձառություն: Նա ասել է.

«Կա՞ արդյոք մեկը մեր մեջ, ով վերք չի հասցնում իր հոգուն խոսքով, մտքով կամ գործով կիրակիից կիրակի: Մենք անում ենք բաներ, որոնց համար զղջում ենք և ցանկանում ենք ներվել: … Ներում ձեռք բերելու համար մենք պետք է … ապաշխարենք մեր մեղքերից, գնանք նրանց մոտ, ում դեմ մեղք կամ օրինազանցություն ենք գործել և ձեռք բերենք նրանց ներողամտությունը, և ապա վերադառնանք հաղորդության սեղանի մոտ, որտեղ, եթե մենք անկեղծորեն ապաշխարել ենք և պատշաճ պայմաններում ենք գտնվում, մենք կներվենք և հոգևոր բուժում կտրվի մեր հոգիներին: …

Ես վկայում եմ, որ հաղորդության սպասավորման ընթացքում մեզ այցելում է ոգին, որը ջերմացնում է հոգին ոտքից մինչև գլուխ. դուք զգում եք, որ հոգու վերքերը բուժվում են և բեռը վեր է առնվում: Մխիթարություն և ուրախություն է տրվում հոգուն, որն արժանի է և իսկապես ցանկանում է ճաշակել այս հոգևոր սննդից»:11

Մեր վիրավոր հոգիները կարող են բժշկվել և վերանորոգվել ոչ միայն այն պատճառով, որ հացն ու ջուրը հիշեցնում են մեզ, որ Փրկիչը զոհաբերեց Իր մարմինն ու արյունը, այլ քանի որ խորհրդանիշները նաև հիշեցնում են մեզ, որ Նա միշտ կլինի մեր «կյանքի հացը»12 և «կենդանի ջուրը»:13

Հաղորդությունը նեփիացիներին սպասավորելուց հետո Հիսուսն ասաց.

«Նա, ով ուտում է այս հացը, ուտում է իմ մարմնից՝ իր հոգու համար. և նա, ով խմում է այս գինուց, խմում է իմ արյունից՝ իր հոգու համար. և նրա հոգին երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա:

Արդ, երբ բազմությունը՝ բոլորը, կերան և խմեցին, ահա նրանք լցվեցին Հոգով»:14

Այս խոսքերով Քրիստոսն ուսուցանում է մեզ, որ Հոգին բժշկում և վերանորոգում է մեր հոգիները: Հաղորդության խոստացած օրհնությունն այն է, որ մենք «նրա Հոգին միշտ [մեզ] հետ [կունենանք]»:15

Երբ ես ճաշակում եմ հաղորդությունը, ես երբեմն մտովի պատկերացնում եմ մի նկար, որտեղ պատկերված է հարություն առած Փրկիչը՝ Իր առաջ մեկնված ձեռքերով, կարծես թե Նա պատրաստ է Իր սիրառատ գիրկն ընդունել մեզ: Ես սիրում եմ այս նկարը: Երբ ես մտածում եմ դրա մասին հաղորդության սպասավորման ժամանակ, իմ հոգին այնքան է վեհանում, որ ես գրեթե կարողանում եմ լսել Փրկչի խոսքերը. «Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ»:16

Ահարոնյան Քահանայություն կրողները ներկայացնում են Փրկչին, երբ նախապատրաստում, օրհնում և բաժանում են հաղորդությունը: Երբ քահանայություն կրողը մեկնում է իր ձեռքը, առաջարկելով մեզ սրբազան խորհրդանիշները, կարծես, թե Փրկիչն Ինքն էր մեկնում Իր ողորմության բազուկը, հրավիրելով մեզանից յուրաքանչյուրին ճաշակել սիրո թանկարժեք պարգևներից, որոնք հնարավոր են դարձվել Նրա քավող զոհաբերության միջոցով՝ ապաշխարության, ներման, մխիթարության և հույսի պարգևները:17

Որքան շատ ենք մենք խորհում հաղորդության կարևորության մասին, այնքան ավելի սրբազան ու իմաստալից է այն դառնում մեզ համար: Ահա այդպես պատասխանեց մի 96-ամյա հայր, երբ նրա որդին հարցրեց. «Հայր, ինչո՞ւ ես դու գնում եկեղեցի: Դու չես կարողանում տեսնել, դու չես կարողանում լսել, քեզ համար դժվար է տեղաշարժվելը: Ինչո՞ւ ես դու գնում եկեղեցի»: Հայրը պատասխանեց. «Հաղորդության համար: Ես գնում եմ հաղորդություն ընդունելու»:

Թող որ մեզանից յուրաքանչյուրը գա հաղորդության ժողովին նախապատրաստված ՝ունենալու «կատարելապես հոգևոր փորձառություն, սուրբ հաղորդություն, [մեր] հոգու վերանորոգում»:18

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը ապրում են: Ես երախտապարտ եմ հնարավորության համար, որ տալիս է հաղորդությունը զգալու Նրանց սերը և ճաշակելու Հոգին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: