2014
Ջոզեֆ Սմիթ
Նոյեմբեր 2014


Ջոզեֆ Սմիթ

Հիսուս Քրիստոսը ընտրեց մի սուրբ ու արդար մարդ, որպեսզի առաջնորդի Իր ավետարանի լրիվության Վերականգնումը: Նա ընտրեց Ջոզեֆ Սմիթին:

17-ամյա Մարգարե Ջոզեֆ Սմիթին առաջին անգամ այցելելով հրեշտակը դիմեց Ջոզեֆին անունով և ասաց, որ ինքը Մորոնին է, Աստծո ներկայությունից ուղարկված սուրհանդակ և որ Աստված աշխատանք ուներ նրա համար՝ կատարելու: Պատկերացրեք, ինչ կարող էր մտածել Ջոզեֆը, երբ այդ ժամանակ հրեշտակն ասաց, որ իր անունը որպես բարի և չար կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ:1 Հավանաբար, Ջոզեֆի աչքերում զարմանք նկատելով, Մորոնին կրկնեց, որ բոլոր ժողովուրդների մեջ նրա մասին կխոսվի և բարի, և չար:2

Ջոզեֆ Սմիթի մասին բարի խոսելը դանդաղ եկավ, բայց չարախոսությունը անմիջապես սկսվեց: Ջոզեֆը գրեց. «Որքան տարօրինակ էր, որ չճանաչված մի պատանու մասին … մտածում էին, որպես մի կարևոր անձնավորության, որն … առաջացրել էր դաժան հետապնդում»:3

Ջոզեֆի հանդեպ սերն աճելու հետ մեկտեղ աճում էր նաև թշնամությունը: 38 տարեկանում նա սպանվեց 150 հոգուց բաղկացած ներկված երեսներով ամբոխի կողմից:4 Թեպետ Մարգարեի կյանքը կտրուկ ընդհատվեց, Ջոզեֆի մասին լավ և վատ խոսակցությունները նոր էին սկսվում:

Արդյո՞ք պետք է զարմանանք նրա դեմ հնչող չարախոսությունների համար: Պողոս Առաքյալին խելագար և մոլորված էին անվանում:5 Մեր սիրելի Փրկչին՝ Աստծո Որդուն, պիտակեցին որպես որկրամոլ, գինեմոլ և դևից բռնված:6

Տերը հայտնեց Ջոզեֆին իր ճակատագրի մասին.

«Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ, և դժոխքը կմոլեգնի քո դեմ.

Մինչդեռ սրտով մաքուրները, … իմաստունները, … և առաքինիները, շարունակ օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ»:7

Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ չարախոսությունը հալածի բարուն: Պատճառներից մեկն այն է, որ Աստծո բաների հանդեպ ընդդիմությունը ճշմարտություն փնտրողներին ստիպում է աղոթքով ծնկի իջնել՝ պատասխան ստանալու համար:8

Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է: Նրա հոգևոր աշխատանքը սկսվեց Հոր և Որդու հայտնությամբ, որին հետևեցին բազմաթիվ երկնային այցելություններ: Նա գործիք էր Աստծո ձեռքերում՝ ի հայտ բերելու սուրբ գրություններ, կորսված վարդապետություն և կատարելու քահանայության վերականգնում: Ջոզեֆի աշխատանքի կարևորությունը պահանջում է ավելի քան բանական քննում, այն պահանջում է, որ մենք Ջոզեֆի պես «խնդրենք Աստծուն»:9 Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ Աստծո կողմից:

Շատերը, ովքեր հերքում են Վերականգնման աշխատանքը, պարզապես չեն հավատում, որ երկնային էակները խոսում են մարդկանց հետ երկրի վրա: Նրանք ասում են՝ հնարավոր չէ, որ հրեշտակի կողմից ոսկե թիթեղները տրվեին և Աստծո զորությամբ թարգմանվեին: Այդ անհավատության պատճառով նրանք անմիջապես մերժում են Ջոզեֆի վկայությունը, իսկ ոմանք էլ, ցավոք, վարկաբեկում են Մարգարեի կյանքը և զրպարտում նրա բնավորությունը:

Մեզ հատկապես վշտացնում է այն փաստը, որ երբ ինչ-որ մեկը ժամանակին հարգել է Ջոզեֆին, այնուհետև հեռանալով իր համոզմունքից սկսել է զրպարտել Մարգարեին:10

Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ ասել է. «Ուսումնասիրել Եկեղեցին … իր ուխտադուրժ մարդկանց աչքերով, նման է Հիսուսին հասկանալու համար հարցազրույց անցկացնել Հուդայի հետ: Ուխտադուրժ մարդիկ միշտ մեզ հետ խոսում են ավելի շատ իրենք իրենց, քան եկեղեցուց հեռանալու պատճառի մասին»:11

Հիսուսն ասել է. «Օրհնեցեք ձեզ անիծողներին. … և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար»:12 Եկեք բարյացակամորեն վերաբերվենք Ջոզեֆ Սմիթի քննդատներին, մեր սրտում իմանալով, որ նա Աստծո մարգարե էր և սփոփվելով, որ այս ամենը վաղուց կանխագուշակվել էր Մորոնիի կողմից:

Ինչպե՞ս մենք պետք է պատասխանենք անկեղծ հետաքրքրվողին, ով մտահոգված է Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին լսած կամ կարդացած բացասական կարծիքներից: Իհարկե, մենք միշտ ողջունում ենք ազնիվ և անկեղծ հարցերը:

Ջոզեֆի բնավորության մասին հարցերին ի պատասխան կարող ենք ներկայացնել հազարավոր մարդկանց խոսքերը, ովքեր անձնապես ճանաչել են նրան, և ովքեր իրենց կյանքն են տվել այն գործի համար, որ նա օգնում էր հաստատել: Ջոն Թեյլորը, ում վրա չորս անգամ կրակեց այն նույն ամբոխը, որը սպանեց Ջոզեֆին, հետագայում հայտարարել է. «Ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդկանց առաջ, որ [Ջոզեֆը] բարի, պատվարժան, [և] առաքինի մարդ էր— … [և] իր բնավորությամբ որպես մասնավոր և հանրային մարդ նա անբասիր էր—և որ նա ապրեց և մահացավ որպես Աստծո մարդ»:13

Կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ ինտերնետային տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տեղեկություններ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն:

Տարիներ առաջ Time ամսագրում մի հոդված կարդացի, որտեղ ներկայացվում էր իբր Մարտին Հարրիսի կողմից գրված մի նամակ, որը հակասում էր Մորմոնի Գրքի թիթեղները գտնելու մասին Ջոզեֆ Սմիթի պատմությանը:14

Այդ փաստաթղթի պատճառով մի քանի անդամներ հեռացան Եկեղեցուց:15

Ցավոք, նրանք շատ արագ հեռացան: Մի քանի ամիս անց փորձագետները հայտնաբերեցին (և մոռացան խոստովանել), որ այդ նամակն ամբողջովին սուտ էր:16 Իհարկե, դուք կարող եք կասկածի ենթարկել այն, ինչ լսում եք լուրերով, բայց երբեք չպետք է կասկածի ենթարկեք Աստծո մարգարեների վկայությունը:

Մենք կարող ենք հիշեցնել հետաքրքրվողներին, որ Ջոզեֆի մասին որոշ տեղեկություն՝ լինելով ճշմարիտ, կարող է ներկայացվել իր օրերից և իրավիճակից դուրս լիովին այլ ենթատեքստում:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է այդ կետը: Նա ասել է. «Ես ծառայում էի որպես խորհրդական Միացյալ Նահանգների կառավարությունում, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում, Ատլանտայում, Ջորջիա: Մի օր մեր ժողովներից հետո, երբ օդակայան գնալու համար տաքսի էի սպասում, ես պառկեցի խոտածածկի վրա, որպեսզի նախքան Յուտայի ձմեռային եղանակին վերադառնալը մի փոքր կլանեի արևի ճառագայթների ջերմությունը: … Ավելի ուշ ես փոստով ստացա խոտածածկի վրա պառկած իմ լուսանկարը, որը լուսանկարիչը նկարել էր հեռաօբյեկտիվով: Նկարի տակ գրված էր. «Կառավարության խորհրդականը Ազգային Կենտրոնում»: Լուսանկարը ճիշտ էր, վերնագիրը ճիշտ էր, բայց ճշմարտությունն օգտագործվել էր սխալ տպավորություն ստեղծելու համար»:17 Մենք չենք հրաժարվում այն բանից, ինչը գիտենք, որ ճիշտ է, մեկ այլ բանի պատճառով, ինչը դեռևս չենք հասկանում:

Մենք կարող ենք հետաքրքրվողներին հիշեցնել, որ Ջոզեֆը միայնակ չէր հրեշտակների այցելության ժամանակ:

Մորմոնի Գրքի վկաները գրել են. «Մենք հայտարարում ենք զգաստամիտ խոսքերով, որ Աստծո մի հրեշտակ երկնքից իջավ ներքև, և … մենք նայեցինք ու տեսանք թիթեղները»:18 Մենք կարող ենք մեջբերում անել նաև շատ ուրիշներից:19

Անկեղծ հետաքրքրվողը պետք է վերականգնված ավետարանի տարածվելը տեսնի որպես Մարգարեի միջոցով կատարված Տիրոջ աշխատանքի պտուղ:

Այժմ ողջ աշխարհում կան ավելի քան 29000 ժողովատներ և ավետարանն ուսուցանող 88000 միսիոներներ: Միլիոնավոր Վերջին Օրերի Սրբեր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, բարեխիղճ կյանք վարել, հոգ տանել աղքատների համար և իրենց ժամանակն ու տաղանդները նվիրաբերել՝ օգնելով մյուսներին:

Հիսուսն ասաց.

«Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել: …

Իրանց պտուղներիցը ճանաչեցեք նորանց»:20

Այս բացատրությունները համոզիչ են, սակայն իր ճշմարտության որոնումներում անկեղծ հետաքրքրվողը չպետք է բացառապես ապավինի դրանց:

Յուրաքանչյուր հավատացյալ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության և էության վերաբերյալ հոգևոր հաստատման կարիքն ունի: Սա ճիշտ է բոլոր սերունդների համար: Հոգևոր հարցերը արժանի են Աստծուց տրված հոգևոր պատասխանների:

Վերջերս գնացել էի Միացյալ Նահանգների Արևելյան ափ և մի վերադարձած միսիոներ պատմեց ինձ իր ընկերոջ մասին, ով հիասթափություն էր ապրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ստացած տեղեկության արդյունքում: Նրանք զրուցել էին մի քանի անգամ, և քննարկումների արդյունքում այդ վերադարձած միսիոները կարծես ինքն էլ որոշ կասկածներ ուներ:

Թեպետ հույս ունեի, որ նա կամրացներ իր ընկերոջը, բայց մտահոգվեցի նրա անձնական վկայության համար: Եղբայրներ և քույրեր, ուզում եմ իմ զգուշացնող խոսքն ուղղել ձեզ՝ չեք կարող օգնել մյուսներին, եթե ձեր հավատքը բավականաչափ ամուր չէ:

Մի քանի շաբաթ առաջ ես նստեցի Հարավային Աֆրիկա թռչող ինքնաթիռը: Բորտուղեկցորդուհին մեր ուշադրությունը հրավիրեց անվտանգության վերաբերյալ տեսանյութի վրա: «Քիչ հավանական է,- զգուշացվեցինք մենք,- բայց եթե սրահում ճնշումը փոփոխվի, ձեր նստատեղերի վերևում գտնվող վահանակները կբացվեն և դուրս կգան թթվածնային դիմակներ: Այդ պահին, ձգվեք և դիմակը մոտեցրեք ձեզ: Դիմակը հագեք ձեր քթի և բերանի վրա: Ռեզինե ժապավենը հագցրեք ձեր գլխի վրա և անհրաժեշտության դեպքում ուղղեք դիմակը»: Ապա տրվեց այս զգուշացումը. «Նախքան մյուսներին օգնելը, հավաստիացեք, որ ճիշտ եք հագել ձեր դիմակը»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկչի Երկրորդ Գալստին: Կես ճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: Այժմ է ձեր հոգևոր թթվածնի դիմակը հագնելու ժամանակը, որպեսզի պատրաստ լինեք օգնելու ճշմարտությունը որոնողներին:21

Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայությունը մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ստանալ: Այն կարող է գալ, երբ ծնկի իջած աղոթեք և խնդրեք Աստծուն, որ հաստատի, որ նա ճշմարիտ մարգարե էր: Այն կարող է գալ, երբ դուք կարդաք Մարգարեի Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Վկայությունը կարող է կաթիլ առ կաթիլ նստել ձեր հոգու վրա, երբ կրկին ու կրկին կարդաք Մորմոնի Գիրքը: Այն կարող է գալ, երբ դուք ձեր վկայությունը բերեք Մարգարեի մասին կամ երբ կանգնեք տաճարում և հասկանաք, որ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ սուրբ կնքման զորությունը վերականգնվեց երկրի վրա:22 Հավատքով և անկեղծ միտումով ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին կզորանա: Կողքից ձեզ վրա անընդհատ ընկնող ջրային փուչիկներից դուք կարող եք երբեմն թրջվել, բայց դրանք երբեք, երբեք չպետք է հանգցնեն ձեր հավատքի բոցկլտացող կրակը:

Երիտասարդներին, ովքեր լսում են ինձ այսօր կամ հետագայում կկարդան այս խոսքերը, ես հատուկ կոչ եմ անում՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին անձնական վկայություն ձեռք բերեք: Թող որ ձեր ձայնն օգնի իրագործել Մարգարեի մասին բարի խոսելու վերաբերյալ Մորոնիի մարգարեական խոսքերը: Ահա երկու գաղափար. Առաջինը, Մորմոնի գրքում գտեք սուրբ գրության հատվածներ, որոնք զգում եք և գիտեք, որ բացարձակապես ճիշտ են: Այնուհետև կիսվեք դրանով ընտանիքի և ընկերների հետ՝ ընտանեկան երեկոյի, սեմինարիայի և Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց ձեր դասարաններում, հաստատելով, որ Ջոզեֆը գործիք էր Աստծո ձեռքում: Հաջորդը, կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը Թանկագին Մարգարիտում կամ այժմ 158 լեզուներով թարգմանված այս բրոշյուրում: Կարող եք այն գտնել առցանց LDS.org-ում կամ խնդրել միսիոներներից: Դա Ջոզեֆի վկայությունն է այն մասին, ինչ իրականում տեղի է ունեցել: Հաճախ կարդացեք այն: Կարող եք ձեր ձայնով ձայնագրել Ջոզեֆ Սմիթի վկայությունը, պարբերաբար լսել այն և կիսվել դրանով ընկերների հետ: Մարգարեի վկայությունը ձեր ձայնով լսելը կօգնի բերել վկայությունը, որ դուք փնտրում եք:

Նկար
Photos of Joseph Smith pamphlet for Elder Andersen's talk in Nov. 2014

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը այժմ 158 լեզուներով:

Առջևում հրաշալի օրեր են: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Այս մեծ աշխատանքը … կշարունակի առաջ գնալ՝ կյանքեր փոխելով և օրհնելով: … Ողջ աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը: Անկախ նրանից ինչ կլինի, այս հրաշալի գործն առաջ կգնա»:23

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ մեր Փրկիչն ու Քավիչը: Նա ընտրեց մի սուրբ ու արդար մարդ, որպեսզի առաջնորդի Իր ավետարանի լրիվության Վերականգնումը: Նա ընտրեց Ջոզեֆ Սմիթին:

Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթն ազնիվ և առաքինի մարդ էր, Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ: Հայր Աստվածը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան: Աստծո պարգևով և զորությամբ նա թարգմանեց Մորմոնի Գիրքը:

Մեր հասարակության մեջ մահվան վարագույրից այն կողմ մենք հստակ կհասկանանք Մարգարե Ջոզեֆ Սմիթի սուրբ կոչումը և աստվածային առաքելությունը: Այդ ոչ այնքան էլ հեռու օրը, դուք, ես և «միլիոնավոր մարդիկ կրկին պիտի ճանաչեն Եղբայր Ջոզեֆին»:24 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33

  2. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.29–46:

  3. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.23

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 135.1:

  5. Տես Գործք ԻԶ.24:

  6. Տես Մատթեոս ԺԱ.19, Հովհ. Ժ.20:

  7. Վարդապետություն և Ուխտեր 122.1–2

  8. Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և մեզ ետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով» («Եկեք, միացեք մեզ», Լիահոնա, նոյ. 2013, 23): Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Սա աստվածային աշխատանք է՝ ընթացքի մեջ, որի նշաններն ու օրհնությունները առատորեն դրսևորվում են ամեն ուղղությամբ, ուստի, խնդրում եմ, պետք չէ չափազանց անհանգստանալ, երբ ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրել, հասկանալ և լուծել: Խնդիրներ կան և կլինեն: Այս եկեղեցում, այն, ինչ մենք գիտենք, միշտ ավելի կարևոր է նրանից, ինչ մենք չգիտենք» («Հավատում եմ, Տեր», Լիահոնա, մայիս 2013, 94):

  9. Հակոբոս Ա.5, տես նաև Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–13:

  10. Դանիել Թայլերը հիշում էր. «Եղբայր Իսահակ Բեհունինը և ես [այցելեցինք Մարգարեին] իր տանը: Զրուցում էինք նրա հալածանքների մասին: Նա կրկնում էր ուխտադուրժների կողմից ասված կեղծ, անհամատեղելի և հակասական խոսքերը: … Նա նաև ասաց, թե ինչպես էին պաշտոնյաներից շատերը, ովքեր … պատրաստ էին իրեն կյանքից զրկել, երբ ինքը բանտարկված էր, իր հանդեպ վերաբերմունքը փոխել [իրեն ավելի լավ ճանաչելուց հետո] …

    … Եղբայր Բեհունինը նշեց. «Եթե ես այս Եկեղեցուց հեռանայի, այդ մարդկանց պես չէի վարվի. Ես կգնայի մի հեռավոր վայր, որտեղ մորմոնիզմի մասին երբեք չէին լսել, այնտեղ բնակություն կհաստատեի, և ոչ ոք երբեք չէր իմանա, որ ես ինչ-որ բան գիտեի այդ մասին»:

    [Ջոզեֆն] անմիջապես պատասխանեց. «Եղբայր Բեհունին, դուք չգիտեք, թե ինչ կանեիք: Անկասկած, այդ մարդիկ ձեզ նման են մտածել: Նախքան այս Եկեղեցուն միանալը դուք գտնվում էիք չեզոք գոտում: … Այս Եկեղեցուն միանալով դուք հաշվառվեցիք ծառայելու Աստծուն: Այդպիսով, դուք հեռացաք չեզոք գոտուց և այլևս չեք կարող վերադառնալ այնտեղ: Եթե լքեք Տիրոջը, որին համաձայնել եք ծառայել, դա կլինի չարի դրդմամբ, և դուք կշարժվեք նրա թելադրանքով և կդառնաք նրա ծառան» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 324):

  11. Neal A. Maxwell, “All Hell Is Moved” (Brigham Young University devotional, Nov. 8, 1977), 3; speeches.byu.edu.

  12. Մատթեոս Ե.44:

  13. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 83, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 135.3:

  14. Տես Richard N. Ostling, “Challenging Mormonism’s Roots,” Time, May 20, 1985, 44.

  15. Տես Ostling, “Challenging Mormonism’s Roots,” 44, տես նաև Gordon B. Hinckley, “Lord, Increase Our Faith,” Ensign, Nov. 1987, 52, Նիլ Լ. Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Լիահոնա, նոյ. 2012, 41:

  16. Տես Richard E. Turley Jr., Victims: The LDS Church and the Mark Hofmann Case (1992):

  17. Russell M. Nelson, “Truth—and More,Ensign, Jan. 1986, 71.

  18. «Երեք Վկաների Վկայությունը», Մորմոնի Գիրք:

  19. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.71, ծանոթագրություն. տես նաև Վարդապետություն և Ուխտեր 76.23:

  20. Մատթեոս Է.18, 20:

  21. Նախագահ Հենրի Բ. Այրինգը, կասկածներ ունեցող մարդկանց մասին խոսելիս ասել է. «Նրանց հանդեպ ձեր սիրո շնորհիվ դուք գուցե որոշեք փորձել նրանց տալ այն, ինչ խնդրում են: Գուցե գայթակղվեք նրանց հետ գնալ իրենց կասկածների միջով, հույս ունենալով, որ կարող եք ապացույց կամ պատճառաբանություն գտնել նրանց կասկածները փարատելու համար: Կասկածամիտ մարդիկ հաճախ ցանկանում են խոսել կասկածի տեղիք տված փաստերի կամ ապացույցների մասին, և թե որքան ցավ է այն պատճառում: …

    Ձեր և ինձ համար ավելի լավ կլինի, եթե երկար չկենտրոնանանք այն ամենի վրա, ինչը մեր ուսանողները համարում են իրենց կասկածների աղբյուր: … Նրանց խնդիրը կայանում է ոչ թե նրանում, ինչն, իրենց կարծիքով, տեսնում են, այլ նրանում, ինչն իրենք չեն կարողանում տեսնել: … Լավ կլինի, եթե զրույցի նյութը որքան հնարավոր է շուտ փոխենք այն ամենին, ինչը վերաբերում է սրտին, սրտի փոփոխությանը, որը բացում է հոգևոր աչքերը» (“‘And Thus We See’: Helping a Student in a Moment of Doubt” [address to Church Educational System religious educators, Feb. 5, 1993], 3, 4; si.lds.org):

  22. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Տարիներ առաջ, երբ ես տասներկու տարեկանում կարգվեցի սարկավագ, հայրս, ով մեր ցցի նախագահն էր, ինձ առաջին անգամ տարավ ցցի քահանայության ժողովին: … [Բացման օրհներգն էր «Գովք մարդուն»:] Նրանք երգում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, և այդ պահին սիրտս պարուրվեց սիրով և հավատքով այս ժամանակաշրջանի այդ հզոր Մարգարեի հանդեպ: … Այդ ժամանակ, Սուրբ Հոգու զորությամբ ես իմացա, որ Ջոզեֆ Սմիթը իրոք Աստծո մարգարե էր» (“Praise to the Man,” Tambuli, Jan. 1984, 1, 2):

  23. Թոմաս Ս. Մոնսոն, «Կրկին հավաքվելով», Լիահոնա, մայիս 2012, 4:

  24. «Փառք տանք մարգարեին», Hymns, no. 27: