2014
Աստծո ուխտյալ դուստրերը
Նոյեմբեր 2014


Աստծո ուխտյալ դուստրերը

Երբ Աստծո դուստրերը կենտրոնանում են տաճարի և իրենց սուրբ ուխտերի վրա, Աստված կարողանում է օրհնություններ ուղարկել անձնական և զորավոր միջոցներով:

Սիրելի քույրեր, ես մեծ սիրով ողջունում եմ ձեզ: Այժմ որտեղ էլ որ գտնվեք աշխարհում, հուսով եմ անձնապես զգում եք Տիրոջ սերը և Հոգին վկայում է ձեր սրտին այս հրաշալի երգչախմբի կողմից կատարված երգի ուղերձը: Ես իմ վկայության ձայնն եմ միացնում նրանց ասելով՝ Գիտեմ ապրում է Փրկիչն իմ և Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին:

Այս երեկո մենք հավաքվել ենք որպես Աստծո ուխտյալ դուստրեր: Մեր տարիքը, հանգամանքները և անհատականությունը չեն կարող տարանջատել մեզ, որովհետև նախևառաջ մենք Նրանն ենք: Մենք ուխտ ենք կապել միշտ հիշել Նրա Որդուն:

Անհատական այդ ուխտի զորությունը տպավորվեց սրտիս մեջ երեք շաբաթ առաջ, երբ ես ներկա էի մի մկրտության ծառայության: Այնտեղ իմ առաջ նստած էին ութ հրաշալի երեխաներ, ովքեր ակնածալից կեցվածքով սպասում էին, քանի որ վերջապես իրենց հատուկ օրը եկել էր: Բայց երբ նայեցի նրանց պայծառ դեմքերին, տեսա ոչ թե պարզապես երեխաների խումբ, այլ տեսա նրանց, իմ կարծիքով, այնպես ինչպես Տերն անհատապես կտեսներ: Ես տեսա Էմմային, Սոֆիային, Իանին, Լոգանին, Ադենին, Վիլիամին, Սոֆիին և Միքիային: Յուրաքանչյուր մկրտության ուխտը կապվեց մեկ առ մեկ: Յուրաքանչյուրը ճերմակ հագուստով պատրաստ էր և իր ութամյա ողջ սրտով փափագում էր իր առաջին ուխտը կապել Աստծո հետ:

Մտքով գնացեք ետ և հիշեք ձեր մկրտության օրը: Կարևոր չէ կհիշեք շատ բաներ, թե որոշ մանրամասներ միայն, փորձեք այժմ զգալ անհատապես կապած այդ ուխտի կարևորությունը: Տրվեց ձեր անունը, դուք ընկղմվեցիք ջրում և ջրից դուրս եկաք որպես Աստծո դուստր, ուխտյալ դուստր, պատրաստակամ կոչվելու Նրա Որդու անունով, խոստանալով հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները:

Աստծո հետ կապած ուխտերի օգնությամբ իմանում ենք՝ իրականում ով ենք մենք: Դրանք մեզ կապում են Նրա հետ անհատական ձևով, որի շնորհիվ մենք զգում ենք մեր արժեքը Նրա աչքում և մեր տեղը Նրա արքայությունում: Ճիշտ է, մենք լիովին չենք գիտակցում, թե ինչպես, բայց Նա ճանաչում և սիրում է մեզ անհատապես: Միայն մտածեք՝ մեզանից յուրաքանչյուրը նման տեղ է զբաղեցնում Նրա սրտում: Նրա ցանկությունն է, որ մենք ընտրենք այն ուղին, որը մեզ ետ կտանի տուն՝ Նրա մոտ:

Մկրտության ուխտը կարևոր և էական լինելով հանդերձ միայն սկիզբն է, դուռ, որը մեր առաջ բացում է հավերժական կյանքի ուղին: Այնուհետև մեր ճանապարհին պետք է կապենք տաճարային ուխտեր և ստանանք քահանայության ծեսեր: Ինչպես Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն է հիշեցնում մեզ. «Կանգնելով մկրտության ջրերում՝ մենք տաճարին ենք նայում»:1

Ոչ միայն ուխտեր կապելով, այլև դրանք հավատարմորեն պահելով ենք մենք պատրաստվում հավերժական կյանք ստանալուն: Դա է մեր հույսը, մեր նպատակը և մեր ուրախությունը:

Ես ուխտերի զորության ականատեսն եմ եղել՝ նայելով իմ արդար ծնողներին, ովքեր սիրում էին ավետարանը և ապրում դրանով: Ես արտոնված եմ եղել իմ սիրելի մայրիկի մեջ հստակ տեսնել Աստծո ուխտյալ դստեր ամենօրյա որոշումները: Անգամ լինելով աղջիկ, նրա որոշումներն արտացոլում էին իր առաջնահերթությունները և բնորոշում նրան որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ: Ես տեսել եմ խաղաղություն, զորություն և պաշտպանություն, որ եկել են նրա կյանք՝ իր կյանքի ճանապարհին սուրբ ուխտեր կապելու և պահելու արդյունքում: Այս երկրի վրա նրա կյանքն արտացոլեց առ Փրկիչ նրա սերը և Նրան հետևելու իր ցանկությունը: Օ՜, որքան եմ ցանկանում հետևել նրա օրինակին:

Ծնողներս անսովոր ձևով են սկսել իրենց համատեղ կյանքը: 1936 թվականն էր: Նրանք հանդիպում էին և մտածում էին ամուսնանալու մասին, երբ հայրս նամակ ստացավ Հարավային Աֆրիկայում որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու մասին: Նամակում ասվում էր, որ եթե նա արժանի էր և ծառայելու ցանկություն ուներ, պետք է հանդիպեր իր եպիսկոպոսի հետ: Արդեն իսկ հասկացաք, որ այդ օրերին միսիոներ կանչվելու գործընթացը շատ տարբեր էր: Հայրս նամակը ցույց տվեց իր սիրելի Հելենին, և նրանք որոշեցին, որ անկասկած նա պետք է ծառայեր:

Նախքան նրա մեկնելը՝ երկու շաբաթ շարունակ մայրս և հայրս ամեն օր ճաշում էին Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնի մոտ գտնվող Հիշատակի պուրակում: Իրենց հանդիպումներից մեկի ժամանակ մայրս, ով ծոմի և աղոթքի միջոցով ուղղություն էր փնտրել, ասաց իր սիրելի Քլերոնին, որ եթե նա դեռ ցանկանում էր, կարող էին նախքան նրա մեկնելն ամուսնանալ: Եկեղեցու վաղ օրերին, միսիոներական ծառայության կանչված տղամարդիկ երբեմն տանն էին թողնում իրենց կանանց և ընտանիքը: Այդպես եղավ նաև մայրիկիս և հայրիկիս դեպքում: Իր քահանայության ղեկավարների թույլտվությամբ, նախքան հայրիկիս միսիա մեկնելը, ծնողներս որոշեցին ամուսնանալ:

Սոլթ Լեյքի Տաճարում մայրս ստացավ իր օժտումը և ապա նրանք ամուսնացան ժամանակի և հավերժության համար՝ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից: Ամեն ինչ անցավ շատ համեստ: Չկային այդ առիթը նշանավորող լուսանկարներ, գեղեցիկ հարսանեկան զգեստ, ծաղիկներ և հյուրասիրություն: Նրանց ուշադրությունը կենտրոնացած էր միայն տաճարի և իրենց ուխտերի վրա: Նրանց համար ուխտերն ամեն ինչ էին: Ամուսնությունից վեց օր անց, արտասվալից ցտեսություն հայտնելով, հայրս մեկնեց Հարավային Աֆրիկա:

Բայց նրանց ամուսնությունն ավելին էր, քան խորը սերը միմյանց հանդեպ: Նրանք նաև սիրում էին Տիրոջը և ցանկանում էին ծառայել Նրան: Իրենց կապած տաճարային սրբազան ուխտերը ուժ ու զորություն էին տալիս հաղթահարելու բաժանման երկու տարիները: Նրանք ունեին կյանքի նպատակի հավերժական հեռանկար և խոստացված օրհնություններ, որոնք գալիս են նրանց, ովքեր հավատարիմ են իրենց ուխտերին: Այդ բոլոր օրհնությունները գերազանցեցին նրանց կարճատև զոհաբերությունն ու բաժանումը:

Ճիշտ է, այդ կերպ ամուսնական կյանք սկսելը հեշտ չէր, բայց կյանքը ցույց տվեց, որ դա հավերժական ընտանիք հիմնելու կատարյալ եղանակ էր: Երեխաներ ծնվեցին, և մենք գիտեինք, ինչն էր առավել կարևոր մեր ծնողների համար: Դա սերն էր առ Տերը և նրանց անսասան նվիրվածությունն իրենց կապած ուխտերին: Թեպետ ծնողներս մահացել են, նրանց արդարակյաց օրինակը մինչ օրս օրհնում է մեր ընտանիքը:

Նրանց կյանքի օրինակն արտացոլվում է Քույր Լինդա Կ. Բըրթընի խոսքերում. «Լինի ներկայում, թե ապագայում, տունն ամրացնելու լավագույն եղանակը ուխտերը պահելն է»:2

Նրանց դժվարությունների և փորձությունների օրերը չավարտվեցին: Հայրիկիս միսիայից վերադառնալուց երեք տարի անց, Երկրորդ Համաշխարհայինը մոլեգնեց, և շատերի պես նա զինվորագրվեց: Նա տնից հեռու գտնվեց ևս չորս տարի, ծառայելով նավատորմում՝ Խաղաղ օվկիանոսում տեղակայված ռազմանավերի վրա:

Ծնողներիս համար կրկին բաժանվելու դժվար ժամանակ էր: Բայց մայրիկիս համար այդ միայնակ, անհանգիստ և անորոշ օրերը նաև նշանավորվեցին Հոգու հուշումներով, որոնք փոթորկի պահին շշնջում էին հավերժական խոստումների, սփոփանքի և խաղաղության խոսքեր:

Չնայած իր կրած դժվարություններին, մայրս ապրում էր երջանիկ, ուրախ, սիրով ու ծառայությամբ լի հարուստ կյանք: Առ Փրկիչ նրա սերն արտացոլվում էր իր ապրելակերպում: Նա հրաշալի կերպով կապված էր երկնքի հետ և օժտված էր իր շրջապատում բոլորին սիրելու և օրհնելու պարգևով և ունակությամբ: Առ Աստված նրա հավատքը և Տիրոջ խոստումների հանդեպ նրա հույսն արտացոլվում են տաճարի վերաբերյալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքում, երբ նա ասել է. «Ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան ծանր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ, այդ օրհնությունները ստանալու համար»:3

Իր կյանքի բոլոր օրերում, մայրս ամրացավ և օրհնվեց Տիրոջ հանդեպ ունեցած իր սիրով և հավատարմորեն կապած ու պահած ուխտերով:

Անկասկած ձեր պատմության մանրամասները կտարբերվեն նրա պատմությունից: Բայց նրա կյանքից վերցված սկզբունքները վերաբերում են մեզ բոլորիս: Երբ Աստծո դուստրերը կենտրոնանում են տաճարի և իրենց սուրբ ուխտերի վրա, Աստված կարողանում է օրհնություններ ուղարկել անձնական և զորավոր միջոցներով: Ինչպես մայրիկիս օրինակն է եղել ինձ համար, հավատալու և ուխտերը պահելու ձեր ընտրությունը հավատքի հարուստ ժառանգություն կթողնի ձեր հետնորդներին: Ուրեմն, սիրելի քույրեր, ինչպե՞ս կարող են տաճարային ուխտերի զորությունն ու օրհնությունները հասանելի լինել մեզ: Ի՞նչ կարող ենք անել այժմ այդ օրհնություններին պատրաստվելու համար:

Ճամփորդելիս ես հասկացա, որ կան տարբեր տարիքի և տարբեր պայմաններում ապրող քույրեր, որոնց կյանքը պատասխանում է այս հարցերին:

Ես հանդիպեցի Մերիին իր ծննդյան ութամյակից հետո: Շատերի պես նա ոգևորությամբ է կատարում ընտանիքի պատմությունը և տաճարային աշխատանքի համար նվիրաբերել է ավելի քան 1000 անուն: Մերին այժմ պատրաստվում է 12 տարեկանը լրանալուն պես տաճար գնալ:

Բրիաննան 13 տարեկան է և սիրում է կատարել ընտանիքի պատմության և տաճարային աշխատանք: Նա ընդունել է Երեց Նիլ Լ. Անդերսենի տաճարային մարտահրավերը:4 Նա տաճարային աշխատանքի համար հարյուրավոր անուններ է պատրաստել և մկրտություններ կատարելու համար բացի իրենից ընդգրկել է իր ընտանիքի և ընկերների անունները: Այս սրբազան աշխատանքում Բրիաննայի սիրտը դարձել է ոչ միայն դեպի իր երկրային ծնողները, այլև՝ իր Երկնային Հայրը:

Թեպետ Անֆիսան մշտազբաղ երիտասարդ չափահաս է, ով աշխատում և միաժամանակ սովորում է, նա դեռևս ամեն շաբաթ տաճար այցելելու համար ժամանակ է գտնում: Տիրոջ տանը ծառայելով նա հայտնություն է փնտրում և խաղաղություն գտնում:

Կատյան, մի սիրելի քույր Ուկրաինայից, խորապես սիրում է տաճարը: Նախքան Կիևի տաճարի կառուցումը, նա և իր ճյուղից շատերը զոհաբերում էին՝ տարին մեկ անգամ ավտոբուստով 36 ժամ ճամփորդելով դեպի Գերմանիայի տաճար: Այդ նվիրյալ Սրբերը ճամփորդության ընթացքում աղոթում էին, ուսումնասիրում էին սուրբ գրությունները, երգում էին օրհներգեր և քննարկում ավետարանը: Կատյան ինձ ասաց. «Երբ մենք վերջապես հասանք տաճար, մենք պատրաստ էինք ընդունել այն, ինչ Տերը կտար մեզ»:

Եթե ուզում ենք ստանալ բոլոր օրհնությունները, որ Աստված այնքան առատորեն առաջարկում է, մեր երկրային ճանապարհը պետք է տանի դեպի տաճար: Տաճարները Աստծո սիրո արտահայտությունն են: Նա բոլորիս հրավիրում է գալ, սովորել Իր մասին, զգալ Իր սերը, և ստանալ Իր հետ հավերժական կյանք ապրելու համար անհրաժեշտ քահանայության ծեսերը: Յուրաքանչյուր ուխտ կապվում է մեկ առ մեկ: Սրտի յուրաքանչյուր հզոր փոփոխություն կարևոր է Տիրոջ համար: Եվ այդ ամենը մեծ փոփոխություն կառաջացնի ձեր մեջ: Քանզի երբ գնում ենք Նրա սուրբ տուն, մենք կարող ենք լինել «[Նրա] զորությամբ զինված, … [Նրա] անունը մեզ վրա, … [Նրա] փառքը … [մեր] շուրջը, և [Նրա] հրեշտակները կպահպանեն [մեզ]»:5

Ես կիսվում եմ ձեզ հետ իմ հաստատուն վկայությամբ, որ մեր սիրելի Երկնային Հայրն ապրում է: Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ իրականանում է ամեն հույս, ամեն խոստում և տաճարային ամեն օրհնություն: Թող որ հավատք ունենանք վստահելու Նրան և Նրա ուխտերին, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Դեյվիդ Ա. Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Լիահոնա, մայիս 2009, 98:

  2. Լինդա Կ. Բըրթըն, «Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար», Լիահոնա, մայիս 2014, 123:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ տաճար՝ փարոս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 92:

  4. Տես templechallenge.lds.org.

  5. Վարդապետություն և Ուխտեր 109.22: