2014
Աստծո հունձքը
Օգոստոս 2014


Առաջին Նախագահության ուղերձ, օգոստոս 2014

Աստծո հունձքը

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Քրիստա անունով մի կին աշխատում էր սերմերի խանութում: Նրան դուր էր գալիս իր աշխատանքը: Դա մի մեծ հրաշք էր, երբ իր վաճառած յուրաքանչյուր փոքրիկ սերմ կարող էր վերածվել զարմանահրաշ մի բանի` գազարի, կաղամբի կամ նույնիսկ մի հզոր կաղնու ծառի:

Քրիստային դուր էր գալիս նստել իր համակարգչի դիմաց՝ պատվերներ ընդունելով և հարցերին պատասխանելով: Բայց մի օր նա բողոք ստացավ, որը շփոթեցրեց նրան:

«Սերմերը չեն ծլում»,- ասաց հաճախորդը: «Ես գնել եմ դրանք երկու ամիս առաջ և մինչև հիմա փոփոխություն չկա»:

«Դուք ցանե՞լ եք դրանք բերրի հողում ու տվե՞լ եք բավականաչափ ջուր և արևի լույս»,- հարցրեց Քրիստան:

«Ոչ, բայց ես արել եմ իմ մասը»,- պատասխանեց հաճախորդը: «Ես գնել եմ սերմերը: Վերջիվերջո, դրանք երաշխավորված են աճելու»:

«Բայց չե՞ք ցանել դրանք»:

«Ոչ: Այդ դեպքում ես կկեղտոտեի իմ ձեռքերը»:

Քրիստան մտածեց այս մասին ու որոշեց, որ անհրաժեշտ է պատրաստել սերմերը ցանելու ուղեցույց: Նա որոշեց, թե որն է լինելու առաջին ուղենիշը. «Դուք պետք է հետևեք սերմերը ցանելու ցուցումներին, որպեսզի դրանք աճեն: Դուք չէք կարող դրանք պահարանում դնել և սպասել, թե երբ կաճեն»:

Շատ չէր անցել, երբ մեկուրիշ բողոք ապշեցրեց նրան:

«Սերմերը չեն ծլում»,- ասաց հաճախորդը:

«Դուք դրանք ցանե՞լ եք բերրի հողում,- ասաց Քրիստան: -Դրանց համապատասխան չափով ջուր ու արևի լույս տվե՞լ եք»:

«Օ, իհարկե»,- պնդեց հաճախորդը: «Ես արել եմ այդ ամենը – հենց այնպես, ինչպես գրված է տուփի վրա: Բայց դրանք չեն ծլում»:

«Ամենևին ոչինչ չեղա՞վ: Ծիլեր չարձակեցի՞ն»:

«Ոչ մի բան չեղավ»,- ասաց հաճախորդը: «Ես ցանեցի դրանք հենց այնպես, ինչպես որ ասված էր: Հույս ունեի, որ ճաշին լոլիկ կունենայի: Հիմա շատ հուսահատված եմ»:

«Մեկ րոպե»,- ասաց Քրիստան: «Դուք ասում եք, որ սերմերն այսօ՞ր եք ցանել»:

«Մի՛ եղեք ծիծաղելի»,- ասաց հաճախորդը: «Ես դրանք մի շաբաթ առաջ եմ ցանել: Ես չէի ակնկալում լոլիկներ տեսնել հենց առաջին օրը. ես համբերատար եմ: Թույլ տվեք ասեմ, որ այդ ժամանակից մինչև հիմա շատ անգամ ջրել ու սպասել եմ»:

Քրիստան հասկացավ, որ պետք է ավելացներ ևս մեկ ուղենիշ. «Այս սերմերը ենթարկվում են կենսաբանական օրենքներին: Եթե դուք ցանում եք սերմերն առավոտյան ու այդ շաբաթվա ընթացքում ակնկալում եք լոլիկ ճաշակել, դուք կհուսահատվեք: Դուք պետք է համբերատար լինեք և սպասեք, մինչև որ բնությունն իր գործը կատարի ձեզ համար»:

Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ Քրիստան ևս մեկ բողոք ստացավ:

«Ես շատ հուսախաբված եմ ձեր սերմերից»,- սկսեց հաճախորդը: «Ես դրանք ցանել եմ հենց այնպես, ինչպես խորհուրդ է տրված տուփի վրա: Ես ջրել եմ դրանք, հավաստիացել եմ, որ ստանում են արևի լույս, և սպասել եմ մինչև որ վերջապես տվել են իրենց բերքը»:

«Կարծես, դուք ամեն ինչ ճիշտ եք արել»,- ասաց Քրիստան:

«Այդ ամենը շատ հրաշալի է»,- ասաց հաճախորդը: «Սակայն իմ ստացածը ցուկկինի էր»:

«Իմ գրառումները ցույց են տալիս, որ հենց դրանք են եղել ձեր պատվիրած սերմերը»,- պատասխանեց Քրիստան:

«Բայց ես ցուկկինի չեմ ուզում. ես դդում եմ ուզում»:

«Չեմ հասկանում»:

«Ես սերմերն իմ դդմիկների հողակտորում ցանեցի՝ նույն հողում, որն անցած տարի դդմիկներ էր տալիս: Ես ամեն օր գովաբանում էի սածիլներին` ասելով նրանց, թե ինչպիսի գեղեցիկ դդմիկներ են նրանք դառնալու: Բայց մեծ, կլոր, նարնջագույն դդմիկների փոխարեն ես ստացա երկար, կանաչ ցուկկինի: Տոննաներով»:

Այդ ժամանակ Քրիստան հասկացավ, որ ուղեցույցը կարող էր բավական չլինել և որ անհրաժեշտ էր մի սկզբունք գրել. «Բերքը կախված է ձեր ցանած սերմից ու ժամանակից»:

Հունձքի օրենքը

Պողոս Առաքյալն ուսուցանել է Աստծո հունձքի վերաբերյալ.

«Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ: Որովհետև ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ.

Իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կհնձէ. և Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կհնձէ:

Եւ չձանձրանանք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք` եթէ չթուլանանք» (Գաղատացիս 6.7–9):

Վերջին ժամանակներում Տերն այս անփոփոխ օրենքի վերաբերյալ մեզ տվել է լրացուցիչ իմաստություն ու պատկերացում.

«Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները,–

Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈւ 130.20–21):

Ինչ ցանենք, այն էլ կհնձենք:

Տիրոջ հունձքն աներևակայելիորեն փառահեղ է: Նրանց, ովքեր հարգում են Նրան, Իր լիառատ օրհնությունները գալիս են «լավ չափով` թափ տրուած շարժուած լիփ լիքը. … որովհետև այն չափովը որ չափէք, նորանով կչափուիձեզ» (Ղուկաս 6.38):

Ինչպես երկրային սերմերը, այդպես էլ երկնքի շատ օրհնություններ պահանջում են համբերություն: Մենք չենք կարող մեր կրոնը դնել պահարանում և ակնկալել, որ հնձելու ենք հոգևոր օրհնություններ: Բայց եթե մենք սերմանենք ու սնուցենք ավետարանի չափանիշները մեր ամենօրյա ընտանեկան կյանքում, կա մեծ հավանականություն, որ մեր երեխաները կմեծանան` տալով մեծ արժեք ունեցող հոգևոր պտուղ իրենց և իրենց սերունդների համար:

Աստծո պատասխանները մեր աղոթքներին միշտ չէ, որ անմիջապես են գալիս. երբեմն թվում է դրանք ամենևին էլ չեն գալիս, բայց Աստված գիտի ինչն է լավ Իր զավակների համար: Անշուշտ, մի օր մենք ավելի պարզ կտեսնենք, և այդ օրը մենք կճանաչենք երկնքի բարությունն ու առատաձեռնությունը:

Միևնույն ժամանակ, մեր նպատակն ու մեծ ուրախությունն է քայլել մեր Ուսուցչի ու Փրկչի հետքերով և ապրել լավ ու մաքուր կյանքով, որպեսզի Աստծո անգին օրհնությունների խոստացված ու թանկագին հունձքը կարողանա լինել մերը:

Ինչ ցանենք, այն էլ կհնձենք:

Սա է երկնքի օրենքը:

Սա է Աստծո հունձքի օրենքը:

Ուսուցանում այս ուղերձից

Նրանց հետ, ում այցելում եք, քննարկեք, թե ինչպես է Աստծո հունձքի օրենքն առնչվում հարաբերություններին, դարձի գալուն ու վկայության կամ կարիերայի ու կրթական նպատակներին: Դուք կարող եք կարդալ և քննարկել այս օրենքին վերաբերող սուրբ գրության հատվածներ, ինչպիսիք են` Առակաց 11.18; Բ Կորնթացիս 9.6; և Ալմա 32: Խրախուսեք նրանց վերանայել նախորդ նպատակներն ու սահմանել նոր նպատակներ` արդար արդյունքների հասնելու համար: Օգնեք նրանց մշակել մի ծրագիր և հետևողականորեն գործել ըստ դրա` իրենց երկարաժամկետ նպատակին հասնելու համար: