2014
Ծառայություն և հավերժական կյանք
մարտ 2014


Առաջին Նախագահության Ուղերձ, մարտ 2014

Ծառայություն և հավերժական կյանք

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Փրկիչն ինքնամոռաց ծառայության մեր օրինակն է: Նրա կատարյալ կյանքը նվիրված էր Երկնային Հորն ու Իր Հոր բոլոր զավակներին ծառայելուն: Հոր և Որդու միասնական նպատակն է մեզ բոլորիս անմահություն պարգևել ու հավերժական կյանքի օրհնությունները տալ (տես Մովսես 1.39):

Հավերժական կյանքին որակավորվելու համար մենք պետք է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փոխվենք` կրկին ծնվենք և մաքրվենք մեղքից: Ութ տարեկանից ցածր երեխաներն, այնուամենայնիվ, առանց մեղքի են և փրկվում են Քավության միջոցով (տես Մոսիա 3.16, 21; Մորոնի 8.10–12):

Մեզ բոլորիս համար, ովքեր հասնում են պատասխանատվության տարիքի, կա մի հրաշալի ծրագիր, որը մեզ թույլ է տալիս մաքրվել մեղքից և նախապատրաստվել հավերժական կյանքի համար: Այդ նախապատրաստությունը սկսվում է քահանայության իշխանության կողմից մկրտությամբ և Սուրբ Հոգու ստացումով: Այնուհետև մենք պետք է միշտ հիշենք Փրկչին և պահենք այն պատվիրանները, որ Նա տվել է մեզ:

Բենյամին թագավորը Մորմոնի Գրքում հայտնեց իր ժողովրդին այն ուրախության մասին, որը գալիս է մեղքի ներման զգացումից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այնուհետև նա ուսուցանեց, որ որպեսզի շարունակեն ներվել իրենց մեղքերից, նրանք պետք է ուսուցանեն իրենց երեխաներին ծառայել մեկը մյուսին, և նրանք հնարավորինս պետք է առատաձեռն լինեն` իրենց շրջապատող մարդկանց ժամանակավոր և հոգևոր կարիքները հոգալու համար (տես Մոսիա 4.11–16):

Նա նաև ուսուցանեց. «Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Հիսուսը ման էր գալիս Իր ավետարանն ուսուցանելով և բարիք անելով (տես Գործք Առաքելոց 10.38): Նա բուժում էր հիվանդներին: Իր զորությամբ Նա կերակրում էր հազարավորների, երբ նրանք սոված էին կամ առանց ուտելիքի (տես Մատթէոս 14.14–21; Յովհանէս 6.2–13): Իր Հարությունից հետո Նա կերակրեց Իր Առաքյալներից մի քանիսին, երբ նրանք Գալիլեայի ծովի եզրին էին (տես Յովհաննէս 21.12–13): Ամերիկաներում Նա բուժեց հիվանդներին և օրհնեց երեխաներին մեկ առ մեկ (տես 3 Նեփի 17.7–9, 21):

Հակոբոս Առաքյալը մեզ ուսուցանել է, թե ինչպես է ուրիշներին ծառայելու ցանկությունը բխում մեր երախտագիտությունից այն ամենի համար, ինչ Տերն արել է մեզ համար.

«Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուավ և նորանում կացավ, նա մոռացուկ լսող չեղավ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է: …

Սուրբ և անարատ կրօնասիրութիվնն Աստուծոյ և Հօր առաջին սա է. որբերին և այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, իր անձն աշխարհքից անարատ պահել» (Հակոբոս 1.25, 27):

Ձեր մաքրվելու հավաստիացումներից մեկը հանուն Փրկչի ուրիշներին ծառայելու ձեր աճող ցանկությունն է: Տնային և այցելությամբ ուսուցանումը դառնում է ավելի շատ ուրախություն և ավելի քիչ որպես պատասխանատվություն: Դուք ավելի հաճախ եք կամավոր ծառայում տեղական դպրոցում կամ օգնում հոգ տանել ձեր համայնքի կարիքավորների մասին: Թեև դուք գուցե քիչ գումար ունեք, որպեսզի տաք նրանց, ովքեր ավելի քիչ ունեն, դուք կցանկանայիք ավելի շատ ունենալ, որպեսզի կարողանայիք ավելի շատ տալ (տես Մոսիա 4.24): Դուք ավելի շատ եք ցանկանում ծառայել ձեր երեխաներին և ցույց տալ նրանց ինչպես ծառայել ուրիշներին:

Երբ ձեր էությունը փոխվում է, դուք առանց ճանաչվելու ավելի մեծ ծառայություն կատարելու ցանկություն կզգաք: Ես ճանաչում եմ Փրկչի հետևորդների, ովքեր տվել են գումարի և ծառայության մեծ նվերներ այն վճռականությամբ, որ ոչ ոք, բացի Աստծուց և իրենց երեխաներից, չի իմանա այդ մասին: Աստված ընդունել է իրենց ծառայությունը` օրհնելով նրանց այս կյանքում, և Նա կօրհնի նրանց գալիք հավերժական կյանքում (տես Մատթէոս 6.1–4; 3 Նեփի 13.1–4):

Երբ պահել եք ուրիշներին ծառայելու պատվիրանը (տես Մատթէոս 22.39), դուք ունեցել եք հպարտության զգացումի փոփոխություն: Փրկիչն ուղղեց Իր Առաքյալներին, երբ նրանք մրցում էին, թե ով է լինելու նրանցից ամենամեծը: Նա ասաց.

«Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցեք, որովհետև մէկն է ձեր Ուսուցիչը` Քրիստոսը:

Եվ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի» (Մատթէոս 23.10–11):

Փրկիչն ուսուցանում է մեզ, թե ինչպես կարող ենք սովորել ծառայել ուրիշներին: Նա ծառայեց կատարելապես, և մենք պետք է սովորենք ծառայել այնպես, ինչպես Նա սովորեց` տող առ տող (տես ՎևՈւ 93.12–13): Մեր մատուցած ծառայության միջոցով մենք կարող ենք ավելի շատ նմանվել Նրան: Մենք կաղոթենք մեր սրտի ողջ եռանդով, որպեսզի սիրենք մեր թշնամիներին այնպես, ինչպես Նա է սիրում նրանց (տես Մատթէոս 5.43–44; Մորոնի 7.48): Այնուհետև մենք վերջապես կկարողանանք պատրաստ լինել Նրա և մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքին:

Ես խոստանում եմ, որ մենք կարող ենք ավելի կատարելապես ծառայել, եթե հետևենք Փրկչի ուսմունքներին ու օրինակին:

Ուսուցանում այս ուղերձից

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը խրախուսել է մեզ աղոթել ծառայելու հնարավորությունների համար. «Ձեր ամենօրյա առավոտյան աղոթքում խնդրեք Երկնային Հորը առաջնորդել ձեզ, որպեսզի գտնեք Իր թանկագին զավակներից որևէ մեկին ծառայելու հնարավորություն: Ապա զբաղվեք ձեր գործերով, … փնտրելով որևէ մեկին, որ օգնեք» («Եռանդուն ներգրավված», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 31): Նրանց, ում ուսուցանում եք, կարող եք հրավիրել նպատակ սահմանել, որպեսզի ամեն առավոտ աղոթեն ծառայելու հնարավորությունների համար և այնուհետև հետամուտ լինեն դրան ողջ օրվա ընթաքում: