2014
Ծառ տնկելու լավագույն ժամանակը
Հունվար 2014


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2014

Ծառ տնկելու լավագույն ժամանակը

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Հին Հռոմում Յանուսը սկզբնավորության աստվածն էր: Նրան հաճախ նկարում էին երկու դեմքով` մեկը հետ նայելիս դեպի անցյալը, մյուսը առաջ նայելիս դեպի ապագան: Որոշ լեզուներ Հունվար ամիսն անվանում են նրա անվամբ, որովհետև տարվա սկիզբը համարվում էր մտածելու և ծրագրեր կազմելու ժամանակը:

Հազարավոր տարիներ անց, բազմաթիվ մշակույթներ ողջ աշխարհում շարունակում են նոր տարում որոշումներ ընդունելու ավանդույթը: Իհարկե, որոշումներ կայացնելը հեշտ է, դրանք իրականացնելն ամենևին այլ բան է:

Մի մարդ, ով Ամանորյա որոշումների մի երկար ցուցակ էր կազմել, բավականին գոհ էր իր առաջընթացով: Նա մտածում էր. «Մինչև հիմա չեմ շեղվել իմ դիետայից, հավասարակշռությունս չեմ կորցրել, հետևել եմ իմ բյուջեին և երբևէ չեմ բողոքել հարևանի շան համար: Բայց այսօր հունվարի երկուսն է, և զարթեցուցիչը հենց նոր հնչեց: Ժամանակն է, որ անկողնուց վեր կենամ: Հրաշք կլինի բնավորության այս գիծը պահելը»:

Նորից սկսել

Մի աներևակայելիորեն հուսադրող բան կա նոր սկզբի մեջ: Կարծում եմ, եղել է պահ, երբ մենք բոլորս ցանկացել ենք նորից սկսել մաքուր էջից:

Ինձ դուր է գալիս մաքուր կոշտ սկավառակ ունեցող նոր համակարգիչ ստանալը: Որոշ ժամանակ այն կատարելապես է աշխատում: Բայց մինչ օրերն ու շաբաթներն անցնում են, և ավելի ու ավելի շատ ծրագրեր են տեղադրվում (մի քանիսը միտումնավոր, մյուսները` ոչ այդքան), վերջիվերջո, համակարգիչը սկսում է ծանրանալ, և այն, ինչ սովորաբար արագ և արդյունավետ էր անում, դառնում է դանդաղ: Երբեմն այն չի աշխատում բոլորովին: Նույնիսկ այն միացնելը կարող է խնդիր դառնալ, քանի որ կոշտ սկավառակը աղտոտվում է տարատեսակ քաոսից և էլեկտրոնային աղբից: Լինում են պահեր, երբ միակ ապավենը լինում է վերաձևաչափելը համակարգիչը և նորից սկսելը:

Մարդկային էակները նույն կերպով կարող են աղտոտվել վախից, կասկածներից և ծանր մեղքից: Սխալները, որ մենք արել ենք (կամա, թե ակամա), կարող են ծանրանալ մեզ վրա մինչև այն պահը, երբ դժվար է թվում անել այն, ինչ գիտենք, որ պետք է անենք:

Մեղքի դեպքում կա մի հիանալի վերաձևաչափման գործընթաց՝ ապաշխարություն անվանումով, որը մեզ թույլ է տալիս մաքրել մեր ներսի կոշտ սկավառակներն այն աղտոտումից, որը ծանրացնում էր մեր սրտերը: Հիսուս Քրիստոսի հրաշալի և կարեկցող Քավության միջոցով ավետարանը մեզ ցույց է տալիս մեր հոգիները մեղքի բծերից մաքրելու և մեկ անգամ ևս նորացվելու, մաքուր, ինչպես անմեղ երեխա դառնալու ճանապարհը:

Սակայն, երբեմն մնացած բաները մեզ դանդաղեցնում են և հետ են պահում` առաջացնելով անարդյունավետ մտքեր ու գործողություններ, որոնք դժվարացնում են սկսելու գործընթացը:

Հայտնաբերել լավագույնը, որ կա մեր մեջ

Նպատակներ սահմանելն արժեքավոր նախաձեռնություն է: Մենք գիտենք, որ մեր Երկնային Հայրն ունի նպատակներ, որովհետև Նա ասել է մեզ, որ Իր գործն ու փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Մեր անձնական նպատակները կարող են հայտնաբերել լավագույնը, որ կա մեր մեջ: Սակայն մի բան, որը շեղում է մեր ջանքերը որոշումներ կայացնելիս և իրականացնելիս, դա հապաղելն է: Մենք երբեմն ուշացնում ենք սկսելը` սպասելով ճիշտ պահին` նոր տարվա առաջին օրվան, ամռան սկզբին, երբ մենք կկանչվենք որպես եպիսկոպոս կամ Սփոփող Միության նախագահ, երբ երեխաները դպրոց կգնան, երբ մենք թոշակի կանցնենք:

Ձեր արդար նապատակների ուղղությամբ շարժվելու համար հրավերքի կարիք չունեք: Պետք չէ սպասել թույլտվության, որպեսզի դառնաք այն անձնավորությունը, որը նախատեսված եք դառնալ: Պետք չէ սպասել հրավերի, որպեսզի ծառայեք Եկեղեցում:

Երբեմն մենք կարող ենք վատնել մեր կյանքի տարիները` սպասելով, թե երբ կընտրվենք (տես ՎևՈւ 121.34–36): Բայց դա կեղծ նախադրյալ է: Դուք արդեն ընտրված եք:

Երբեմն իմ կյանքում ես անքուն գիշերներ եմ անցկացրել` աշխատելով հաղթահարել խնդիրներ, անհանգստություններ կամ անձնական վշտեր: Բայց որքան էլ մութ լինի գիշերը, հետևյալ միտքն ինձ միշտ խրախուսում է. առավոտյան արևը կբարձրանա:

Ամեն նոր օրվա հետ նոր արշալույս է գալիս ոչ միայն երկրի համար, այլ նաև մեզ համար: Եվ նոր օրվա հետ գալիս է նոր սկիզբ` կրկին սկսելու հնարավորություն:

Ի՞նչ կլինի, եթե ձախողվենք:

Երբեմն վախն է, որ մեզ հետ է պահում: Մենք, գուցե, վախենանք, որ մեզ չի հաջողվի հաջողության հասնել, որ մենք գուցե շփոթվենք, որ հաջողությունը, գուցե, մեզ փոխի, կամ գուցե այն փոխի մարդկանց, ում սիրում ենք:

Եվ այսպիսով, մենք սպասում ենք: Կամ հանձնվում:

Եվս մեկ բան, որ պետք է հիշենք նպատակներ սահմանելիս՝ մենք անկասկած կսխալվենք կարճ ժամանակահատվածում: Բայց հուսահատվելու փոխարեն մենք կարող ենք ուժեղանալ, որովհետև այս հասկացողությունը հեռացնում է հենց այս պահին կատարյալ լինելու ճնշումը: Այն, ի սկզբանե, ընդունում է, որ կլինի ժամանակ, որ մենք կձախողվենք: Հենց սկզբից սա գիտենալը հեռացնում է ձախողման զարմանքն ու հուսահատությունը:

Երբ մենք մոտենում ենք մեր նպատակներին այս ձևով, ձախողումը մեզ չի սահմանափակում: Հիշե՛ք, նույնիսկ, եթե մենք չկարողանանք անմիջապես հասնել մեր ամենակարևոր, ամենացանկալի նպատակին, մենք կունենանք առաջընթաց այն ճանապարհին, որը տանում է դեպի դրան:

Եվ դա էական է. դա շատ բան է նշանակում:

Նույնիսկ, եթե մենք ձախողվենք` շատ մոտ լինելով ավարտի եզրագծին, ճանապարհը շարունակելը մեզ ավելի կբարձրացնի, քան մենք նախկինում էինք:

Սկսելու լավագույն ժամանակը հիմա է

Հին ասացվածքն ասում է, «Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր: Երկրորդ լավագույն ժամանակը հիմա է»:

Մի հետաքրքիր ու հուսադրող բան կա հիմա բառի հետ կապված: Մի զորացնող բան կա այն փաստի մեջ, որ եթե մենք ընտրենք որոշել հիմա, մենք կարող ենք առաջ շարժվել հենց այս պահին:

Հիմա լավագույն ժամանակն է սկսել դառնալ այն անձնավորությունը, որ վերջիվերջո, ուզում ենք դառնալ. ոչ միայն այս պահից սկսած 20 տարի շարունակ, այլ նաև ողջ հավերժության համար:

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Ուխդորֆը բացատրեց, որ երբ մենք ձախողվում ենք հասնել մեր նպպատակներին, «մենք ուժեղանում ենք: … Նույնիսկ եթե մենք ձախողվենք` շատ մոտ լինելով ավարտի եզրագծին, ճանապարհը շարունակելը մեզ ավելի կբարձրացնի, քան մենք նախկինում էինք»: Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք ավելի շատ են սովորել ընթացքից, քան ստացված արդյունքից, ինչպես օրինակ դպրոցն ավարտելիս կամ ինչ-որ պարգև ստանալիս: