2013
Աշխարհն այսօր ռահվիրաների կարիք ունի
Հուլիս 2013


Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2013

Աշխարհն այսօր ռահվիրաների կարիք ունի

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Շատերի համար 1847թ. ռահվիրաների գաղթը չսկսվեց Նավույում, Կիրթլենդում, Հեռավոր Արևմուտքում կամ Նյու Յորքում, այլ, ավելի շուտ, սկսվեց հեռավոր Անգլիայում, Շոտլանդիայում, Սկանդինավիայում կամ Գերմանիայում: Փոքր երեխաները չէին կարող ամբողջովին ըմբռնել այն եռանդուն հավատքը, որը մղում էր իրենց ծնողներին ետևում թողնել ընտանիքին, ընկերներին, հարմարավետությունը և ապահովությունը:

Մի փոքրիկ կարող էր հարցնել. «Մայրի´կ, ինչու՞ ենք հեռանում տնից: Ու՞ր ենք գնում»:

«Ե´կ այստեղ, թանկագի՛նս. մենք գնում ենք Սիոն` մեր Աստծո քաղաքը»:

Տան ապահովության և Սիոնի խոստումի միջև կանգնած էին վիթխարի Ատլանտյան օվկիանոսի բորբոքված ու նենգ ջրերը: Ո՞վ կարող է նկարագրել այն վախը, որը հափշտակել էր մարդկային սիրտը այդ վտանգավոր անցումների ժամանակ: Առաջ ընթանալով Հոգու մեղմ շշունջներով, պաշտպանվելով պարզ, բայց հաստատուն հավատքով` այդ ռահվիրա Սրբերը վստահում էին Աստծուն, և սկսեցին իրենց նավագնացությունը:

Նրանք վերջապես հասան Նավու, միայն որպեսզի նորից դեմ առ դեմ դուրս գան ճանապարհի դժվարություններին: Երեսպակե և ապարե գերեզմանաքարերը թողնում էին գերեզմանների հետքեր Նավույից դեպի Սոլթ Լեյք Սիթի ողջ ճանապարհին: Այսպիսին էր գինը, որ որոշ ռահվիրաներ վճարեցին: Նրանց մարմինները հողին են հանձնված խաղաղությամբ, բայց նրանց անուններն ապրում են հավիտյան:

Հոգնած ցլերը խճողում էին, սայլակների անիվները` ճռճռում, խիզախ տղամարդիկ` ծանր աշխատում, պատերազմի թմբուկները` հնչում և դաշտագայլերը` ոռնում: Բայց հավատքով ոգեշնչված և փոթորկից քշված ռահվիրաներն առաջ էին ընթանում: Հաճա՛խ էին երգում նրանք.

Եկեք, Սրբեր, ոչնչից չերկնչենք,

Ուրախ առաջ գնանք:

Թեև ճամփան դժվարագույն կարծենք`

Օրհնություն կստանանք: …

Լավ է, լավ ամեն բան:1

Այս ռահվիրաները հիշում էին Տիրոջ խոսքերը. «Իմ ժողովուրդը պետք է փորձվի բոլոր բաներում, որ կարողանա պատրաստվել այն փառքն ընդունելուն, որը ես ունեմ նրանց համար, այսինքն` Սիոնի փառքը»:2

Ժամանակի ընթացքը մթագնում է մեր հիշողությունը և նվազեցնում է մեր գնահատականը նրանց նկատմամբ, ովքեր քայլել են ցավի ճանապարհով` հետևում թողնելով անանուն գերեզմանների արցունքով դրոշմված հետք: Բայց ի՞նչ կասեք այսօրվա մարտահրավերների մասին: Չկա՞ն անցնելու քարքարոտ ճանապարհներ, բարձրանալու խորդուբորդ լեռներ, անցնելու անդունդներ, այրելու հետքեր, ծանծաղուտով անցնելու գետեր: Կամ կա՞ հենց ներկայումս այդ ռահվիրա ոգու անհրաժեշտությունը, որ ուղեկցի մեզ հեռու այն վտանգներից, որ սպառնում են կուլ տալ մեզ, և առաջնորդի մեզ դեպի ապահովության Սիոն:

Տասնամյակների ընթացքում` երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, բարոյականության չափանիշները կրկին ու կրկին նվազում են: Հանցագործությունը արագ վեր է բարձրանում, պարկեշտությունը` ներքև գլորվում: Շատերը աղետի ալեկոծվող, վիթխարի նավի վրա են` փնտրելով պահի տպավորությունները, մինչ զոհաբերում են հավերժության ուրախությունը: Այսպիսով, մենք կորցնում ենք խաղաղությունը:

Մենք մոռանում ենք, թե ինչպես հույներն ու հռոմեացիները հրաշալիորեն իշխում էին վայրագ աշխարհում, և ինչպես այդ հաղթանակը ավարտվեց, ինչպես անգործությունը և մեղմությունը վերջապես հաղթեցին նրանց` տանելով դեպի իրենց կործանումը: Ի վերջո, ազատությունից առավել, նրանք ուզում էին անվտանգություն և հարմարավետ կյանք, իսկ նրանք կորցրեցին ողջ հանգստությունը, անվտանգությունը և ազատությունը:

Տեղի մի՛ տվեք Սատանայի գայթակղություններին, այլ ամուր կանգնեք ճշմարտության համար: Հոգու չհագեցած ծարավը չի բավարարվի զգացմունքների ցնցող տպավորության և չարիքի մեջ ուրախության անվերջ փնտրտուքով: Չարիքը երբեք չի տանում դեպի առաքինություն: Ատելությունը երբեք չի խթանում սեր: Վախկոտությունը երբեք չի տալիս խիզախություն: Կասկածը երբեք չի ոգեշնչում հավատք:

Ոմանք դժվարանում են տանել այն հիմարների ծաղրը և տհաճ դիտողությունները, ովքեր ծաղրում են մաքրաբարոյությունը, ազնվությունը և Աստծո պատվիրաններին հնազանդվելը: Բայց աշխարհը միշտ նվազեցրել է չափանիշներին հարելու կարևորությունը: Երբ Նոյին հանձնարարվեց կառուցել տապան, հիմար ժողովուրդը նայեց անամպ երկնքին և հետո ծաղր ու ծանակ արեց, մինչև որ անձրևն եկավ:

Պե՞տք է, որ կրկին ու կրկին սովորենք նման արժեքավոր դասեր: Ժամանակները փոխվում են, բայց ճշմարտությունը համառում է: Երբ մենք ձախողվում ենք օգուտ քաղել անցյալի փորձառություններից, մենք դատապարտվում ենք կրկնելու դրանք իրենց ողջ կսկիծով, տառապանքով ու տանջանքով: Չու՞նենք մենք արդյոք իմաստություն, որպեսզի հնազանդվենք Նրան, ով գիտի ավարտն ի սկզբանե` մեր Տիրոջը, ով կազմել է փրկության ծրագիրը, քան այն օձին, ով արհամարհեց դրա գեղեցկությունը:

Բառարանը ռահվիրա բառը սահմանում է որպես մեկը, ով գնում է առջևից` պատրաստելով կամ բացելով ճանապարհ մյուսների համար, որպեսզի հետևեն: 3: Կարո՞ղ ենք ինչ-որ կերպով ցուցաբերել այն խիզախությունը և նպատակի հաստատակամությունը, որ բնութագրում էր նախորդ սերունդների ռահվիրաներին: Դու և ես կարո՞ղ ենք, իրականում, լինել ռահվիրաներ:

Գիտեմ, որ կարող ենք: Օ՜, աշխարհը որքան ռահվիրաների կարիք ունի այսօր:

Ուսուցանում այս ուղերձից

Սուրբ գրությունները բացատրում են, որ տնային ուսուցիչները պետք է «զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ» (ՎևՈւ 20.59): Խորհեք` ուշադրություն դարձնելով զգուշացումներին և հրավերքներին, որ պարունակվում են Նախագահ Մոնսոնի ուղերձում նրանց համար, ում այցելում եք: Դուք, գուցե, ցանկանաք նրանց հետ քննարկել արդար օրինակները ճանաչելու և դրանց հետևելու, խաբեություններից խուսափելու և ուրիշների սխալներից սովորելու ուղիները: Հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, թե ինչպես նրանք կարող են լինել ռահվիրաներ այսօր:

Երեխաները կարող են հաճույքով ավելին սովորել ռահվիրաների մասին` կարդալով Հետքերով շարքը այս թողարկման 62-րդ էջում: