2012
Վերագտնել Սուրբ Ծննդյան Հոգին
Դեկտեմբեր 2012


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2012

Վերագտնել Սուրբ Ծննդյան Հոգին

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Տարիներ առաջ, որպես երիտասարդ երեց, ես կանչվել էի այլ երեցների հետ միասին Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոց՝ հիվանդ երեխաներին օրհնություն տալու համար: Երբ ներս էինք մտնում, մենք նկատեցինք վառ լույսերով մի հաճելի տոնածառ և տեսանք դրա տակ դրված զգուշությամբ փաթաթված կապոցներ: Այնուհետև մենք անցանք միջանցքներով, որտեղ փոքրիկ տղաներն ու աղջիկները՝ ոմանց ձեռքը կամ ոտքը գիպսի մեջ դրված, ուրիշները վատառողջ վիճակում, որ, հավանաբար, դեռ երկար պետք է բուժվեին, ողջունեցին մեզ ժպտացող դեմքերով:

Մի դեռատի, շատ հիվանդ փոքրիկ տղա ձայն տվեց ինձ. «Ի՞նչ է Ձեր անունը»:

Ես ասացի նրան իմ անունը, և նա հարցնեց. «Դուք ինձ օրհնություն կտա՞ք»:

Օրհնությունը տրվեց, և երբ մենք շրջվեցինք, որ հեռանայինք նրա անկողնու մոտից, նա ասաց. «Շատ շնորհակալություն»:

Մենք մի քանի քայլ արեցինք, հետո ես լսեցի նրան կանչելիս. «Օ՝հ, Եղբայր Մոնսոն, շնորհավոր ձեր Սուրբ Ծնունդը»: Այնուհետև մի մեծ ժպիտ փայլեց նրա դեմքով մեկ:

Այդ տղան ուներ Սուրբ Ծննդյան հոգին: Սուրբ Ծննդյան հոգին մի բան է, որը ես հուսով եմ, որ բոլորս էլ կունենանք մեր սրտերում և կյանքում, ոչ միայն այս ժամանակաշրջանում, այլ ամբողջ տարվա ընթացքում:

Երբ մենք ունենք Սուրբ Ծննդյան հոգին, մենք հիշում ենք Նրան, ում ծնունդը մենք նշում ենք տարվա այս եղանակին. «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը» (Ղուկաս Բ.11):

Մեր օրերում նվերներ տալու հոգին մեծ դեր է խաղում Սուրբ Ծնունդը նշելու ժամանակ: Մտածում եմ, որ մենք կարող ենք օգուտ քաղել, եթե հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչ նվեր Տերը կցանկանար, որ ես տայի Նրան կամ ուրիշներին տարվա այս թանկագին ժամանակ:

Կարող եմ ես առաջարկել, որ մեր Երկնային Հայրը կցանկանար, որ մեզանից յուրաքանչյուրը տար Իրեն և Իր Որդուն հնազանդության նվերը: Ես նաև զգում եմ, որ Նա կխնդրեր մեզ նվիրաբերել մեր անձը և չլինել եսասեր կամ ագահ կամ անհաշտ, ինչպես Նրա թանկագին Որդին է խորհուրդ տալիս Մորմոնի Գրքում.

«Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, ով ունի հակառակության հոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

Ահա, սա իմ վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն» (3 Նեփի 11.29–30):

Ժամանակների լրության այս հրաշալի տնտեսության մեջ սիրելու և մեզանից բաժին հանելու հնարավորություններն իսկապես անսահման են, սակայն դրանք նաև անցողիկ են: Այսօր կան սրտեր, որ պետք է ուրախնան, բարի խոսքեր, որ պետք է ասվեն, գործեր, որ պետք է արվեն, և հոգիներ, որ պետք է փրկվեն:

Մեկը, ով ուներ խանդավառ մտքեր Սուրբ Ծննդյան հոգու հետ կապված, գրել է.

Ես Սուրբ Ծննդյան Հոգին եմ:

Ես մտնում եմ աղքատ տուն, պատճառ դառնալով, որ դալուկ դեմքով երեխաները մեծ բացեն իրենց աչքերը՝ հաճելի զարմանքով:

Ես պատճառ եմ հանդիսանում, որ դժբախտի պրկված ձեռքերը հանգստանան և, այդպիսով, մի վառ կետ եմ նկարում նրա հոգում:

Ես պատճառ եմ հանդիսանում, որ տարեցը վերագտնի իր երիտասարդությունը և ուրախ ծիծաղի, ինչպես հնում:

Ես ռոմանտիկ պատմությունները կենդանի եմ պահում մանկության սրտում և լուսավորում եմ քունը հրաշքներով հյուսված երազներով:

Ես պատճառ եմ հանդիսանում, որ ցանկության ոտքերը լի զամբյուղներով հեռանան մութ սանդուղքներով, իրենց ետևում թողնելով աշխարհի բարությամբ ապշահար սրտեր:

Ես պատճառ եմ հանդիսանում, որ անառակը մի պահ կանգ առնի իր զեխ ու շռայլ ճանապարհին և ուղարկում եմ մեծ սիրո մի փոքրիկ խորհրդանիշ, որն առաջ է բերում ուրախության արցունքներ. արցունքներ, որոնք լվանում են վշտի դժվար պահերը:

Ես մտնում եմ մութ բանտախցերը, հիշեցնելով վախեցած մարդկությանը, թե ինչ կարող էր լինել և ցույց տալով լավ օրերը, որոնք դեռ պիտի գան:

Ես մեղմորեն գալիս եմ վշտահար, լուռ, դժգույն տունը, և շուրթերը, որոնք չափազանց թույլ են խոսելու համար, պարզապես լուռ դողում են՝ երախտագիտություն արտահայտելով:

Հազարավոր եղանակներով ես պատճառ եմ հանդիսանում, որ հոգնաբեկ աշխարհը վեր նայի Աստծուն և մի ակնթարթ մոռանա աննշան ու թշվառ բաները:

Ես Սուրբ Ծննդյան Հոգին եմ:1

Թող որ մեզանից յուրաքանչյուրը կրկին վերագտնի Սուրբ Ծննդյան հոգին՝ Քրիստոսի Հոգին:

Հղում

  1. E. C. Baird, “Christmas Spirit,” in James S. Hewitt, ed., Illustrations Unlimited (1988), 81.

Ուսուցանում այս ուղերձից

Երբ դուք ընտանիքի հետ կիսվեք Նախագահ Մոնսոնի ուղերձով, կարող եք շեշտել այն հարցը, որը նա տվեց այն բանի վերաբերյալ, թե ինչ նվերներ Տերը կցանկանար, որ մենք տայինք Իրեն կամ ուրիշներին այս ժամանակ: Խրախուսեք ընտանիքի անդամներին գրի առնել իրենց մտքերն ու գաղափարները (կամ փոքր երեխաներին՝ նկար նկարել) այն մասին, թե ինչպես «կրկին գտնել Սուրբ Ծննդկան հոգին՝ Քրիստոսի Հոգին»: